Ալեքսանդր Շիրվանզադե

Ալինա

I

Այս անգամ իմ կովկասյան վաղեմի բարեկամ բժիշկ Տիգրան Ախուրյանը սովորականից ավելի էր տրամադրված զրույց անելու:

Սրճարանը, ուր մենք նստած էինք, լի էր հաճախորդներով, բայց մենք ունեինք մի անկյուն, որ հեռու էր աղմուկներից ու իրարանցումից: Բացի այդ, երկուսս էլ վաղուց արդեն ընտելացել էինք Փարիզի փոթորկալի կյանքին և այլևս անուշադիր էինք դեպի այն բոլոր ունայնությունները, որ այնքան շփոթեցնում ու ներվայնացնում են յուրաքանչյուր նորեկի,մանավանդ, երբ այդ նորեկը եվրոպացի չէ: Գիտեինք առանձնապես լատինական արվարձանի ներկված ու շպարված հյուրիների շինծու ժպիտների, հանդուգն քրքիջների և թափանցիկ ակնարկների իսկական արժեքը: Եվ սիրում էինք նրանց:

Ալեքսանդր, ասաց բժիշկը, գարեջրի դատարկ բաժակը հրելով մի կողմ, ես այսօր տրամադիր եմ գլուխս մի փոքր տաքացնելու: Կընկերանա՞ս ինձ:

Հաճույքով, պատասխանեցի ես, որ նույնպես զգում էի պահանջ մշուշապատ տրամադրությունս մի քիչ զվարթացնելու:

Նա հրամայեց անցնող սպասավորին բերել մեզ համար աբսենտ:

Ասա, խնդրեմ, դու ինչպե՞ս ես ըմբռնում սեր ասված բանը, հարցրեց նա հանկարծ, իր հուժկու բազուկները դնելով մարմարյա սեղանի վրա և իր խոշոր ու խելացի աչքերիխուզարկու հայացքն ուղղելով ուղիղ իմ աչքերի բիբերին:

Ասում եմ հանկարծ, որովհետև հարցն ինձ համար միանգամայն անսպասելի էր: Մի մարդու կողմից, որ մեր քսանամյա ծանոթության և այնքան հաճախ հանդիպումներիընթացքում երբեք չէր խոսել սիրո մասին: Չնայելով, որ նրա կյանքը լի էր արկածներով: Երբ ընկերական շրջաններում խոսք էր բացվում կանանց վերաբերմամբ, բժիշկԱխուրյանը լռում էր, նա թողնում էր, որ շաղակրատեն ուրիշները, որ նրանից շատ բաներ կարող էին լսել ու շատ բաներ սովորել երևի, որպես կյանքի փորձառություն ունեցող մեկը, գիտեր, որ սովորաբար այն մարդիկ են շատ խոսում կանանց մասին, որոնք քիչ են արժանացել կամ բնավ չեն արժանացել նրանց ուշադրությանը:

Չեմ հիշում ինչ պատասխանեցի բժշկի հարցին, հիշում եմ միայն, որ նա ներողամտաբար ժպտաց:

Լսիր՛ ասաց նա, մի քանի վայրկյան մտածելուց հետո, այսօր ես ուզում եմ պատմել քեզ իմ կյանքից մի դեպք, որի նմանը չեմ կարծում, թե պատահած լինի ինձնից մի քիչ ավելի խելոք որևէ մեկի կյանքում: Կամենա՞ս լսել:

Մեծ հաճույքով, շտապեցի արտասանել ես ամենայն անկեղծությամբ, վասնզի գիտեի, որ բժիշկ Ախուրյանի պատմվածքը չի կարող լինել անհետաքրքրական, քանի որ նա յուր դիմացինին չձանձրացնելու չափ խելոք է:

Նա համեմեց աբսենտը շաքարով, խառնեց ջրի հետ, խմեց մի քանի ումպ և այսպես սկսեց իր պատմվածքը.

Անցքը պատահել է վաղուց, այն ժամանակ, երբ ես հազիվ տասնուինը տարեկան էի, ես նոր էի ավարտել գիմնազիական դասընթացս և պատրաստվում էի ուղևորվել մայրաքաղաք` համալսարան մտնելու: Գավառացի պատանի էի, մարմնապես առողջ ու կայտառ, ինչպես երկու տարեկան մի հորթ, ու բարոյապես տակավին անապական,ինչպես գառնուկ: Չնայելով, որ Թիֆլիսն ու իմ վաղաժամ փչացած դասընկերները բավական զորավոր էին ինձ ևս փչացնելու համար. Կի՛ն: Օօ՛, բնավ չէի մտածել նրա մասին:Սե՞ր կամ սիրահարությո՞ւն: Գաղափար անգամ չունեի այդ երգերի մասին:

Նախքան Կովկասից հեռանալը ես պարտավոր էի գնալ Գողթան գավառ՝ ծնողներիս հրաժեշտ տալու համար: Բայց ճակատագրի մի գաղտնի հրամանով ճամփորդությունս հետաձգեցի մինչև օգոստոսի վերջը, երևի, որպեսզի պատահեր իմ կյանքում այն, ինչ որ պատահեց: Նույն ճակատագրի թելադրությամբ էր, որ որոշեցի կացարանս փոխել:Փնտրեցի և առաջին իսկ օրը գտա մի բավական ընդարձակ, մաքուր և լուսավոր սենյակ, քաղաքի ոչ այնքան ետ ընկած փողոցներից մեկում: Տանտիրուհիս մի բարեսիտ այրի էր,ազգով ռուս: Նրա ամուսինը պետական ինչ-որ հիմնարկության մեջ աննշան պաշտոնյա էր եղել և նոր էր մեռել, թողնելով երկու որբեր:

Տեղափոխվելուս հետևյալ օրը մի բան գրավեց ուշադրությունս: Դա ոչ այնքան մեծ, երկու կամ, ճիշտն ասած, երեք հարկանի մի տուն էր, որի թե՛ վարի ու թե՛ վերի դռներն ուլուսամուտները գոց էին: Մռայլ ու տխուր էր այդ տան տպավորությունը: Չնայելով, որ ո՛չ խարխուլ էր և ո՛չ նույնիսկ այնքան հին, որքան աջ ու ձախի տները: Նրա փակ լուսամուտների փեղկերն ու ապակիները ծածկված էին փոշու թանձր շերտերով:

Այս հանգամանքը ցույց էր տալիս, որ տունը ամայի է և վաղուց: Վերին հարկի դռներին փակցված էր մի կտոր թուղթ: Ըստ երևույթին դա հայտագիր էր, թե տունը վարձով է տրվում: Ասում եմ ըստ երևույթին, որովհետև անձրևներից և արեգակից նրա գրությունը ջնջվել էր ու անհետացել: Այդ դռները փողոցի մակերեսից բաժանված էին միայն հինգ, թե վեց աստիճան ունեցող մի քարե սանդղքով: Օրը մեկ կամ երկու անցորդ բարձրանում էր այդ սանդղքով և փորձում կարդալ հայտագիրը: Եվ ամենքը հեռանում էին մի տեսակ տարակուսանքով: Երևի զարմանում էին, որ տանտերը նեղություն չի կրում ջնջված հայտագիրը վերանորոգելու: Միևնույն ժամանակ ես նկատում էի, որ հարևան տան ներքինհարկում արհեստանոց ունեցող կոշկակարը անխուսափելիորեն մոտենում է յուրաքանչյուրին, որ փորձել է կարդալ հայտագիրը, և խորհրդավոր դեմքով ինչ-որ շշնջում նրա ականջին: Նկատում էի, որ մարդը, կոշկակարին լսելուց հետո, մի տեսակ երկյուղած հայացք է ձգում տան վրա ու հեռանում, գլուխը երերելով:

Այդ կոշկակարը մի նիհար, փոքրահասակ մարդ էր, ալեխառը, ցանցառ մորուսով և ծխախոտի ծխից դեղնած բեղերով: Չգիտեմ նա ծո՞ւյլ էր, թե՞ գործ քիչ ուներ, օրվա մեծ մասը նստած էր իր արհեստանոցի առջև և նայում էր անցորդներին կամավոր լրտեսի զննող հայացքով: Թվում էր, որ ուրիշների կյանքը նրան ավելի է հետաքրքրում, քան իր երեք մանկահասակ զավակների վիճակը, չկային ամբողջ փողոցում ավելի աղքատ հագնված և ավելի անմաքուր երեխաներ, քան այդ մանուկները: Օրը մինչև երեկո նրանք գոռգոռում էին, լալիս, ծիծաղում և անցորդների ետևից քարեր ձգում:

Պոլինա Նիկոլաևնա, դարձա ես մի օր տանտիրուհուս, այդ դիմացի տունն ո՞ւմ է պատկանում:

Այրիի դեմքը մռայլվեց, և նա, հառսչելով, արտասանեց,

Չեմ ճանաչում, չեմ էլ տեսել: Ասում են շատ հարուստ մի իշխան է:

Ինչո՞ւ ամայի է այդ տունը:

Որովհետև ոչ ոք չի կարող նրան վարձել:

Պատճա՞ռը:

Պատճառը, որ նա անիծված է:

Անիծվա՞ծ, գոչեցի ես հետաքրքրությամբ:

Այո, վեց տարի է նա դատարկ է, և ոչ մի մարդ չի համարձակվում այնտեղ ոտք դնել:

Եվ տանտիրուհիս պատմեց հետևյալը.

Ութ տարի առաջ այդ տանը բնակվելիս է եղել իր ընտանիքով մի վաճառական: Ձմեռը նրա չորս զավակներից երկուսը հիվանդացել են բկացավով ու մեռել, վաճառականը, իր կնոջն ու մյուս զավակներին, տխուր հիշողությունից ազատելու համար, տեղափոխվել է ուրիշ տուն: Եկել է մի ուրիշ ընտանիք: Այս անգամ մի հրեա ժամագործ իր կնոջ ու երկու փոքրիկների հետ: Նույն ձմեռվա վերջին այդ փոքրիկներն էլ հիվանդացել են ու մեռել: Ճիշտ այդ միջոցին մեռել է նույն տան վարի հարկում կենող մրգավաճառի միակ զավակը ինը տարեկան մի սիրուն տղա: Թե՛ հրեան և թե՛ մրգավաճառը թողել են այդ անբախտ տունը ու տեղափոխվել ուրիշ տեղ: Վերջապես, հետևյալ աշնանը տան վերին հարկը վարձել է մի վրացի քահանա:

Այդ այն ժամանակն էր, շարունակեց տանտիրուհիս, երբ մենք էլ նոր տեղափոխվել էինք այս բնակարանը: Ամուսինս դեռ կենդանի էր: Վրացի քահանան ծեր մարդ չէր,բայց այնքան նիհար էր ու այնքան վտիտ, որ կարծես, եթե փչես, վար կընկնի: Նա ուներ երեք փոքրիկներ, մեկը մյուսից հազիվ մի տարով մեծ: Արի տես, որ այդ խեղճ երեխաներն էլ հիվանդացան հաջորդ ձմեռը ու նրանք էլ մեռան՝ մեկը մյուսի ետևից, մի շաբաթվա մեջ: Ա՛հ, պարոն, երբեք չեմ մոռանալ այդ օրը: Մենք կարծում էինք, որ քահանան ու իր կինն էլ կխելագարվեն, այնքան դառն էր նրանց վիշտը: Բայց չխելագարվեցին ու չմեռան էլ: Օօ՛, չեմ մոռանալ մանավանդ այն օրը, երբ նրանք տեղափոխվում էին այդ տնից: Ես ահա, այն լուսամուտի մոտ կանգնած, մտիկ էի անում: Բոլոր հարևանները փողոց էին թափվել: Երբ տան կահ-կարասին բարձեցին սայլի վրա, վերջացրին, դուրս եկավ քահանան իր կնոջ հետ: Վշտից էր, թե կատաղությունից երկուսի էլ աչքերը վառվել էին կրակի պես: Քահանան դողդոջող ոտքերով իջավ սանդուղքից, կանգնեց, փողոցի մեջտեղում, երեսը դարձրեց այդ տանը, աջ ձեռը բարձրացրեց վեր ու բարձր ձայնով արտասանեց.

«Անիծվի՛ս դու, ով չար ոգիների բույն, անիծվի քո տերը, անիծվի քո շինողը: Անիծում եմ քեզ, թող երբեք, երբեք մարդկային ձայն չլսվի քո պատերի մեջ: Թող քո տերն էլ թշվառանա, ինչպես ես թշվառացա»:

Ասում են, շարունակեց տանտիրուհիս, հառաչելով, նույն ձմեռն իսկ իշխանի կինը և հինգ զավակներից երկուսը մեռան: Ահա, պարոն, այդ ժամանակից դես ամայի է այդ տունը և ոչ ոք, ոչ ոք չի ուզում նրան վարձել: Եվ ով ուզում է վարձել, չգիտենալով, որ տունն անիծված է, ահա այն կոշկակարը նախազգուշացնում է նրան, պատմելով ամեն բան:

Այժմ նա հավատացնում է ամենքին, որ իբր թե գիշերներն ինչ-որ ձայներ է լսում այդ տնից, և իբր թե այնտեղ ինչ-որ չար ոգիներ են ապաստանել... Ո՞վ գիտե...

Երբ տանտիրուհիս հեռացավ, ես զգացի մի տարօրինակ թախիծ: Այդպես, ուրեմն, այդ թշվառ տան վրա ծանրացած է անեծք: Եվ ինչո՞ւ: Գուցե միայն այն պարզ պատճառով, որ վաճառականի զավակները բկացավով մեռնելուց հետո, տգիտաբար մոռացել են տունը ախտահանության ենթարկելու, նույնն են արել և հրեա ժամագործի զավակները մեռնելուց հետո: Ես կարեկցեցի թշվառ տանը՝ որպես մի շնչավոր էակի և այդ օրից իմ սիրտը լեցվում էր դառնությամբ ամեն անգամ, երբ հայացքս ընկնում էր նրա վրա: Նրա փակ լուսամուտները թվում էին ինձ դագաղի մեջ հանգչող մեռելի կոպեր, այնքան ծանր էր տպավորությունս:

Բայց մի օր բացվեցին այդ փակ աչքերը, և ահա ինչպես, շարունակեց բժիշկ Ախուրյանը, խմելով աբսենտի վերջին կաթիլները: Իրիկնադեմ էր: Ես նստած էի լուսամուտիս առջև և կարդում էի նոր լույս տեսած մի ռուսերեն վեպ: Գլուխս բարձրացնելով՝ քարե սանդուղքի վրա տեսա մի բարձրահասակ մարդ: Նա աշխատում էր դեղնած թղթի կտորը կարդալ: Իհարկե, ոչինչ չկարողացավ որոշել և սանդուղքից իջավ: Ես տեսա նրա դեմքը, և հետաքրքրությունս շարժվեց: Դա տարօրինակորեն դժգույն և տարօրինակորեն անշարժ ու սառը մի կերպարանք էր: Նրա ուղղագիծ, երկայնաձև քիթը խնամքով կրճատած շիկավուն և կարծես քիչ ճերմակած ընչացքը, մաքուր սափրած կզակը, նրա քայլվածքը, ձևերը և, վերջապես, անըստգյուտ եվրոպական տարազի հագուստը ոչ մի նմանություն չունեին տեղական տիպերի հետ: Երևում էր, որ օտարերկրացի է և նորեկ:

Նա նայեց սառը հայացքով աջ ու ձախ, ըստ երևույթին, փնտրելով մեկին, որից տեղեկություններ կարողանար ստանալ այդ տան մասին: Ճիշտ այդ պահին մոտեցավ նրան անխուսափելի կոշկակարը և հաղորդեց այն, ինչ որ հաղորդում էր ամենքին: Տունը վարձով է տրվում, բայց անիծված է:

Ես կարծում էի, հարկավ, որ բարձրահասակ անծանոթը անմիջապես կհեռանա անիծյալ տնից մյուսների պես: Պատահեց հակառակը, թվաց ինձ, որ նա հետաքրքրվեց կոշկակարի խոսքերով և պահանջեց մանրամասնություններ. Հետո նա, վճռական մի շարժում անելով, ինչ-որ պատվիրեց կոշկակարին, որը դժգոհ դեմքով հեռացավ. Մի քանի վայրկյան անցած բարձրահասակ մարդուն մոտեցավ մեր փողոցի գավթապահներից մեկը, որին հանձնված էր անիծյալ տան հսկողությունը: Բարձրահասակ մարդը ձեռով մի դրական շարժում արավ: Գավթապահը առաջնորդեց նրան դեպի քարե սանդուղքը, բաց արավ իր գրպանից դուրս բերած մի բանալիով անիծյալ տան վերին հարկի դռները, և երկուսն էլ մտան այնտեղ: Մի քանի րոպե անցած՝ նրանք դուրս եկան, և ես տեսա, որ բարձրահասակ մարդը տվեց գավթապահին մի բուռ թղթադրամ և ինչ-որ պատվերներ ու հեռացավ հանդարտ քայլելով:

Պարզ էր, որ նա վարձեց բնակարանը: Արդարև, հետևյալ օրը վաղ առավոտյան վերի հարկի լուսամուտները բացվեցին: Ես նկատեցի, որ գավթապահը մի ուրիշ մարդու հետ սենյակները մաքրում են: Նույն օրը իրիկնադեմին անիծյալ տան առջև կանգնեցին երկու ծանր բեռնավորված սայլեր: Կահ-կարասի էին և խոհանոցի իրեր: Բոլորն էլ նոր գնված.Սայլերը դատարկվեցին, իրերը ներս տարվեցին, իրիկնադեմին դռների առջև կանգ առավ մի փակ կառք, նրա միջից դուրս եկավ նախ բարձրահասակ տղամարդը, հետո պարզ հագնված մի կին, ապա նրանց օգնությամբ երեսը թանձր քողով ծածկված մի ուրիշ կին, որ արագ քայլերով, գրեթե վազելով բարձրացավ քարե սանդղքով և մտավ տուն:

Այս բոլորը կատարվում էր այնպիսի լռությամբ ու խորհրդավորությամբ, որ ես հետաքրքրվում էի ավելի ու ավելի:

Հաջորդ առավոտ լուսամուտները մի երկու ժամ ևս բաց մնացին, այնուհետև նորեն փակվեցին ճիշտ այնպես, ինչպես առաջ, ես նորեն սկսեցի կարեկցել անիծյալ տանը: Կարծես դա մի մեռյալ էր, որ մի վայրկյան բաց արավ իր աչքերը, նայեց շուրջը, ծանր հառաչեց և նորեն մտավ իր սավանի մեջ:

II

Բժիշկ Ախուրյանը հառաչեց և սպասավորին հրամայեց մի-մի բաժին ևս աբսենտ բերել: Եվ, մի քանի անգամ ծխախոտի ծուխը ուժգին կլանելով, շարունակեց.

Երեկոյին տանտիրուհիս մտավ սենյակս ու ասաց:

Դուք գիտե՞ք, որ անիծյսլ տան վերին հարկը վարձել են:

Գիտեմ: Ովքե՞ր են վարձողները:

Չեմ կարող ասել: Կոշկակարի կինը զարմացած է: Նա ասում է, որ երբ իր ամուսինը այդ բարձրահասակ մարդուն հայտնել է, թե տունն անիծված է, նա ասել է, «Ինձ էլ իսկ և իսկ մի այդպիսի կացարան է հարկավոր»:

Եվ իսկույն վարձել է, առանց գինը սակարկելու:

Տարօրինակ է, չէ՞, հարցրի ես:

Այո, շատ տարօրինակ է:

Չե՞ք կարող, արդյոք, իմանալ, թե ով է այդ բարձրահասակ տղամարդը:

Կոշկակարի կինը, երևի, շուտով կտեղեկանա ու ինձ էլ կասե, նա ինքն էլ շատ հետաքրքրված է:

Սպասավորը բերեց աբսենտը: Բժիշկը մի քանի վայրկյան զբաղվեց նրա պատրաստությամբ և, մի փոքր խմելով ասաց.

Այժմ սկսվում է իմ պատմվածքը: Բայց թերևս դու արդեն իմ հառաջաբանից ձանձրացել ես:

Օօ, ոչ, ընդհակառակը, ես պատրաստ եմ լսել քեզ թեկուզ մինչև կեսգիշեր, գոչեցի ես ամենայն անկեղծությամբ, որովհետև իրավ որ նրա պատմվածքն ինձ հետաքրքրել էր:

Դյուրին չէ ինձ համար պատմել այդ բոլորը, բայց քանի որ սկսել եմ, պիտի ավարտեմ: Կաշխատեմ չերկարացնել: Այդպես, ուրեմն, մեռյալ բնակարանը նորեն մեռավ, մի պահ աչքերը բանալուց հետո: Ամբողջ մի շաբաթ նայում էի փակ լուսամուտներին, սպասելով, որ ահա-ահա պիտի բացվե մեկն ու մեկը նրանցից: Ոչ մի շարժում, ոչ մի նշան: Կարծես այդ բարձրահասակ տղամարդը, այդ սևազգեստ կինը, այդ ծառաները, վերջապես այդ սայլերն ու կահ-կարասին օդերևույթ էին, որ մի վայրկյան հայտնվեցին և չքացան անհետք:Կարծես քահանայի անեծքը գցեց նրանց անդունդը:

Վերջապես մի օր, առավոտյան մոտ տասը ժամին երբ ես հագնվում էի տնից դուրս գալու, դիմացի դռները բացվեցին և փողոց ելավ բարձրահասակ տղամարդը: Նա նայեց լուսամուտներին և, ըստ երևույթին, գոհ մնաց, որ նրանք փակ են: Հետո դարձյալ նույն զննող հայացքը ձգեց աջ ու ձախ և համր քայլերով գնաց չգիտեմ ուր:

Առաջին անգամն էր նա մի շաբաթվա ընթացքում տնից դուրս գալիս: Գոնե ես առաջին անգամն էի նրան տեսնում:

Նույն վայրկյանին, երբ ես ուզում էի սենյակից դուրս գալ, հանկարծ լուսամուտներից մեկի փեղկերը բացվեցին, և այնտեղ հայտնվեց մի երիտասարդ կին սև զգեստով, կրծքի վրամի խոշոր դեղին վարդ: Ձեռքը հենելով փեղկերից մեկի եզրին, նա ձգեց յուր հայացքը դեպի փողոց և մնաց անշարժ: Ես ակամա ցնցվեցի, նայելով այդ կնոջը, և մնացի բևեռված իմ տեղում: Միջահասակ էր նա, նազելի կազմվածքով, նրա մութ սև մազերը թանձր խուրձերով արձակված էին կիսով չափ բաց ուսերի վրա: Մի բարակ մանիշակագույն ժապավեն հարդարում էր այդ մազերը բարձր ճակատից վեր: Մի ուրիշ սևագույն ժապավեն գրկել էր նրա կարապյա սպիտակ պարանոցը: Նրա բաց գույնի խոշոր աչքերը նուրբ ունքերի տակից նայում էին դեպի անորոշ տարածություն: Նայում էին անշարժ, անթարթ, անկիրք՝ որպես արձան: Տարօրինակ էր այն աչքերի փայլը: Թվում էր, որ երբևէ ինչ-որ սարսափելի տեսիլ ահ է ազդել նրանց բիբերի վրա և այդ ահը այն ժամանակից դրոշմվել է այնտեղ առմիշտ, ինչպես լույսը՝ լուսանկարչական ապակու վրա:

Սքանչելի էր լուսամուտի շրջանակում այդ պատկերը ինձ համար, և այսօր ես կարող եմ նրան համեմատել միայն Մուռիլլոյի ստեղծագործության հետ: Ես ուրախ էի, որ կինն ինձ չի նկատում և կարող եմ անարգել հիանալ նրանով, ինչպես գեղարվեստական մի անզուգական գործով, բայց, ավաղ, տեսարանն երկար չտևեց: Կինը համր քայլերով հեռացավ լուսամուտից, ինչ-որ կանացի ձեռքեր փակեցին թե՛ ապակյա և թե՛ փայտյա փեղկերը: Անիծյալ տունը, որ պիտի օրհնվեր այդ վայրկյանից, նորեն կուրացավ:

Տեսարանը կրկնվեց և՛ հետևյալ, և՛ երրորդ, և՛ չորրորդ օրը, գրեթե նույն ժամին և միշտ բարձրահասակ տղամարդը տնից դուրս գալուց հետո: Եվ ոչ մի անգամ այդ կինը չնայեց իմ կողմը: Նրա ծովի նման ընդարձակ հայացքը միշտ ուղղված էր դեպի անորոշ տարածություն: Թվում էր, որ նրա մտքերը հեռու են, շատ հեռու ոչ միայն շրջակայքից, այլև այս աշխարհից:

Այդ պահից արդեն ես զրկվեցի հանգստությունից, քնից, ախորժակից: Ես կորցրի իմ վաղ երիտասարդական զվարթությունը, մոռացա իմ գրքերը, համալսարանը, ընկերներիս,ծնողներիս անգամ, ամենքին ու ամեն ինչ:

Միակ առարկան իմ խոհերի ու երազների դարձավ այդ խորհրդավոր էակը: Անկողնից վեր կենալով ես առավոտները վազում էի դեպի լուսամուտ, նստում այնտեղ ժամանակից շատ առաջ և հայացքս ձգում անիծյալ տան լուսամուտներին: Անիծյալ: Ո՛չ, այլևս ինձ համար նա անիծյալ չէր, այլևս ես էի, որ անիծում էի նրա անիծողին:

Մի քանի օր լուսամուտը չբացվեց: Ես տանջվում էի կատարելապես: Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով չէի մտածում: Գլուխս չէր գործում: Զգում էի միայն, որ իմ վարմունքը տղայականէ, անմիտ, անհաշիվ, որ ծիծաղելի է այդպես հանկարծակի հափշտակվել մի էակով, որի վայրկենական հայացքին չէի արժացանել տակավին և որի ձայնի մի հնչյունն անգամ չէի լսել: Ես նմանվում էի այն մոլեռանդ հավատացյալին, որի հոգեկան աչքերի առջև մի վայրկյան բաց էին արել վարագույրի ծայրը, ցույց տվել դրախտը և իսկույն վարագույրն իջեցրել, նա տանջվում է և կատաղում, առանց մտածելու արժանի՞ էր, արդյոք, այդ դրախտը վայելելու: Սքանչելի պատկերը դարձել էր ինձ համար մի անխուսափելի ու անխորտակելի ուրվական, որ հալածում էր ինձ ցերեկն արթուն, գիշերը՝ երազումս: Թվում էր ինձ, որ ես ընկելեմ մի ոսկե օղակի մեջ և զգում էի, որ այդ օղակն օր-օրի և ժամ-ժամի վրա սեղմում է ավելի ու ավելի և սեղմում կոկորդս ավելի ու ավելի:

Բժիշկը խմեց երկրորդ բաժակի և վերջին կաթիլն ու շարունակեց.

Մարդու նախազգացումներն երբեմն այնպես ճշտորեն իրականանում են, որ կամա-ակամա ուզում ես հավատալ, թե կա մի գազանի ուժ, որ ղեկավարում է մեր ճակատագիրը: Մի առավոտ լվացվելուց հետո, երբ երեսս սրբում էի, հանկարծ օդի մեջ մի ակնթարթ նկարվեց այդ կինը, ճիշտ այնպես, ինչպես էկրանի վրա մի պատկեր: Ես զգացի, որ իսկույն ևեթ նա պիտի երևա լուսամուտի մեջ և այս անգամ պիտի նայե ինձ. շտապով հագնվեցի, նստեցի լուսամուտիս քով, առջևս դնելով մի գիրք, ինչպես անում էի միշտ: Ես չէի տեսել բարձրահասակ սւղամարդի դուրս գնալը, բայց և այնպես համոզված էի, որ խորհրդավոր էակը պիտի անմիջապես երևար: Եվ իրավ, նա երևաց դարձյալ նույն հագուստով, դարձյալ դեղին վարդը կրծքի վրա: Այս անգամ նա վերցրեց մի աթոռ, նստեց, աջ արմունկը դրեց լուսամուտի հատակի վրա, գլուխը հենեց ձեռքի վրա և նույն անշարժ հայացքը հառեց հեռու: Ի՞նչ էր կորցրել նա այնտեղ կամ ի՞նչ էր փնտրում: Թվում էր շատ բան, թվում էր և ոչինչ, այնքան պաղ էր նրա հայացքը և այնքան, միևնույն ժամանակ, խոր:

Ես այլևս չէի աշխատում որսալ նրա հայացքը, նա ինքը պիտի նայեր ինձ: Ես այն ինքնագոհներից չէի, որոնք այնքան մեծ համարում ունեին իրենց մասին, որ երևակայում են, թե ոչ մի կին չի կարող իրենց մոտով անցնել անտարբեր: Բայց այնքան էլ տկար չէի, որ ինձ, համարեի ոչնչություն: Ես հավակնություն չունեի արժանանալ այդ կնոջ լուրջ ուշադրությանը: Արդեն նա այնքան բարձր էր իմ աչքում, այնքան հեռու ինձնից, որքան մի պայծառ, աստղ, մի չնչին մոլորակից, նայում էի նրան և սքանչանում նրա սքանչելի գեղեցկությամբ: Եվ օրհնում էի մտքումս բնության հանճարը, որ կարողացել էր ստեղծագործել մի այդպիսի հրաշալիք իմ անիմաստ, խելառ տվայտանքների համար:

Բայց ո՞ւմն է, արդյոք, այդ ստեղծագործությունը, ո՞վ է վայելում այս աստվածային գեղեցկությունը, մի՞թե այդ բարձրահասակ տղամարդը ժանտ կերպարանքով, եթե այդպես է,եթե նրանք ամուսիններ են, թող անիծվե կյանքը, որ տալիս է այդ տեսակ անարդարություններ…

Երջանիկ և սարսափելի վայրկյան… նա նայեց ինձ... ժպտաց... բայց ինչ տարօրինակ, ինչ անհասկանալի ու անգուշակելի ժպիտ, նա ինձ ուրախացրեց և վախեցրեց: Դա մի սքանչելի ժպիտ էր, բայց անիմաստ: Փայլեցին նրա կապտագույն աչքերը, բայց պաղ, ինչպես փիրուզաներ: Ես ցնցվեցի, թվաց ինձ, որ այդ կապարյա՝ անշարժ հայացքը թափանցեց ամբողջ էությունս, ինչպես հանկարծ ակի փչած մի սառն ու սուր հով: Բայց մի սառնություն էր դա, որ այրեց հոգիս: Ես այլայլվեցի, չկարողացա իմանալ հարկավո՞ր է ժպիտին ժպիտով պատասխանել, թե՞ ոչ: Գլուխս թեքեցի կրծքիս ու ձևացրի, թե կարդում եմ առջևս դրած գիրքը: Սիրտս ուժգին տրոփում էր, ես դողում էի ինչպես մի վեհերաս մանուկ, որին բռնել Էին գողության միջոցին: Այլևս ուժ չունեի այն կողմը նայելու: Իսկ երբ նայեցի, նա արդեն չքացել էր, թեև լուսամուտը դեռ բաց էր...

Իմ պատանեկան անարատ երևակայությունն արդեն բարձրացրել էր այդ խորհրդավոր էակին եթերը, և բոլոր խոհերը, բոլոր զգացումները թռչում էին դեպի նա: Ես ոչինչ չէի նշմարում շուրջս, ոչինչ չէի զգում, ո՛չ վշտերը մարդկային, ո՛չ ուրախությունները: Աշխարհը և համայն տիեզերքն ինձ համար ամփոփված էին նրա մեջ: Նրանով էի միայն ապրում, նրանով շնչում: Ես մի ագահ էի, որ հանկարծակի գտել էի մի գաղտնի գանձ և դողում էի նրա մասին: Նա ինքը չի կարող այդ գանձը վերցնել, բայց չի էլ ուզում, որ մի ուրիշը գիտենա նրա տեղը, վախենալով միգուցե հափշտակեն նրան: Խոսել նրա մասին որևէ մեկի հետ ես համարում էի և՛ հանցանք, և՛ տխմարություն: Հանցանք, որովհետև մարդիկ, մանավանդ իմ մտերիմ ընկերները կարող էին այս կամ այն ակնարկով վիրավորել իմ սրբությունը: Տխմարություն, որովհետև ես կարող էի դառնալ ծաղրելի հենց միայն, այն պարզ պատճառով, որ խելագարի պես սիրահարվել էի մի կնոջ վրա, որի ով և ինչ լինելը տակավին չգիտեի և որի հետ մի բառ անգամ չէի փոխանակել:

Եվ այսպես, ինքս իմ մեջ ամփոփված տառապում էի, լուռ, անտրտունջ և անհաշիվ:

Ի՞նչ է պատահել ձեզ, որ միշտ նստած եք տանը, հարցնում էր տանտիրուհիս, այդ բարի կինը:

Զբաղված եմ, դասեր եմ պատրաստում, ասում են համալսարանը շուտով բացվելու է, ստում էի անամոթաբար ես, որ չէի էլ մտածում ուսման մասին:

Նույն պատասխանն էի տալիս և՛ իմ ընկերներին ու ծանոթներին, երբ պատահում էր, որ սենյակիցս դուրս էի գալիս որևէ ստիպողական գործով:

III

Իսկ նա ամեն օր երևում էր լուսամուտի առջև սև զգեստով և միշտ մի դեղին վարդ կրծքի վրա:

Մի անգամ ես չկարողացա զսպել ինձ և բարևեցի նրան գլխի թեթև շարժումով, երբ նրա հայացքին հանդիպեցի: Ոչ մի պատասխան և ոչ մի նշան գոհունակության կամ դժկամության այդ փղոսկրի գույն ունեցող դեմքի վրա, այդ երկնագույն աչքերի մեջ: Նա միայն նայում էր ինձ իր անշարժ, պաղ հայացքով և, կարծես, չէր տեսնում: Ես զղջացի հանդգնությանս համար, նախատելով ինքս ինձ, և ամոթահար հեռացա լուսամուտից: Միևնույն ժամանակ զգացի ինձ չափազանց վիրավորված այնպես, ինչպես կարող էր վիրավորվել իմ հասակի մի պատանի մի կնոջ անուշադրությունից:

Նստած էի գրասեղանիս քով և աշխատում էի զբաղվել որևէ բանով, գրելով, կարդալով, իմ տխմար զգացումները գեթ մի քանի վայրկյան մոռանալու համար: Ես չէի կարողանում: Գրիչս չէր շարժվում գրելու, բառերը կարդալիս խառնվում էին իրարու՝ մրջյունների պես:

Հանկարծ լսեցի դաշնամուրի ձայն, նայեցի դեմուդեմ, նա չկար լուսամուտի մոտ: Պարզ էր, որ նվագողը նա է, երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ: Ի՞նչ էր նվագում– չգիտեմ: Ամբողջ եղանակը բաղկացած էր երեք անփոփոխ նոտաներից, որ կրկնվում էին մի անգամ բարձր, մյուս անգամ ցածր, հիվանդոտ, ներվային, սիրտ, մորմոքող նոտաներ, որ այնուհետև կրկնվում էին ամեն օր մի քանի անգամ: Այսօր էլ հիշում եմ այդ նոտաները և միշտ պիտի հիշեմ, մինչև մահ: Իմ մեջ հղացավ մի չար կասկած, որ վայրկենաբար տակնուվրա արավ իմ էությունը: Այդպես չեն նվագում առողջ մարդիկ -լինեն վարպետներ, թե աշակերտներ: Այդ երեք անփոփոխ նոտաների մեջ կա ինչ-որ անձկություն, անբացատրելի, անըմբռնելի թախիծ հիվանդ հոգու:

Մի օր տանտիրուհիս, եռող սամովարը դնելով սեղանիս վրա. կանգ առավ և, ձեռքերը կրծքի վրա խաչաձև միացնելով, նայեց ինձ մայրական կշտամբանքով:

Ինչո՞ւ եք այդպես նայում ինձ, Պոլինա Նիկոլաևնա, հարցրի ես ժպտալով:

Մի՞թե փոխվել եմ:

Շատ, դուք անճանաչելի եք դարձել: Մենակ ես չեմ ասողը, իմ երեխաներն էլ ու հարևաններն էլ նկատել են:

Բայց ես առողջ եմ, Պոլինա Նիկոլաևնա, բոլորովին առողջ: Կամենաք, ես մի ձեռով ձեզ կբարձրացնեմ:

Եվ, իրավ, ես պատրաստ էի նրան գրկել ու բարձրացնել, այնքան համակրելի էր, այնքան մայրական այդ կնոջ հայացքը:

Տա աստված, որ ես սխալվեմ, ասաց նա հառաչելով, պահպանեցեք ձեզ ձեր ծնողների համար:

Որպեսզի խոսակցության նյութը փոխեմ, հարցրի.

Ի՞նչ նորություն կա մեր հարևանության մեջ:

Նորությունն այն է, որ կոշկակարի կինը գավթապահից իմացել է ովքեր են մեր դեմուդեմի հարևանները:

Ինձ էլ այդ էր հարկավոր:

Այո՞ արտասանեցի ես, ձևանալով անտարբեր:

Այո:

Ովքե՞ր են:

Մարդ ու կին, ամուսիններ:

Մի՞թե, գոչեցի ես, այլևս չկարողանալով զսպել թե՛ հետաքրքրությունս և թե՛ դառնությունս:

Այո, և զավակներ չունեն:

Հետո՞:

Նրանք տեղացիներ չեն: Եկել են Ղրիմի կողմերից:

Ինչպե՞ս է նրանց ազգանունը:

Սպասեք միտս բերեմ. Ազովսկի, այո՛, այո, Ազովսկի...

Ուրեմն, ռուսնե՞ր են:

Ոչ, հայեր են: Գավթապահն ասում է, նրանց անցագրում գրած է Հայ լուսավորչականներ:

Ասում եք նո՞ր են եկել Թիֆլիս:

Մի քանի ամիս է: Առաջ իջևանել են հյուրանոցում, հետո բնակարան են վարձել: Կահ-կարասին էլ այսաեղ են գնել:

Էհ, ուրիշ ինչ գիտեք, հարցրի ես կեղծ հեգնան քով, իբր թե այրիի հաղորդածներն ինձ համար շատ էլ հետաքրքրական չեն:

Առայժմ ոչինչ: Բայց դուք ուշադրություն դարձրեք ձեր վրա, այդպես չի կարելի, սիրտս ցավում է ձեր ծնողների համար:

Շնորհակալ եմ, Պաինա Նիկոլաևնա, անկեղծ շնորհակալ եմ: Բայց մի հոգաք իմ մասին, ես երկաթյա առողջություն ունիմ:

Արդարև, տկար է հոգիս, իսկ մարմնով ես զգում էի ինձ բոլորովին առողջ:

Այրին, գլուխը խորհրդավոր երերելով, հեռացավ:

Պարզ էր ինձ համար, որ նա իբրև ոչ հիմար կին գուշակում էր իմ հոգեկան դրությունը, գիտեր ում համար և ինչու եմ նստում տանը, և ով է իմ փոփոխության պատճառը: Պարզ էր նաև,ո ր դիտմամբ շեշտեց, թե սևազգեստ կինն ամուսնացած է:

Ես չեմ նկարագրիլ, թե այդ լուրն ինչ տպավարություն գործեց ինձ վրա, կասեմ միայն, որ դա ինձ համար իսկ որ մի հարված էր: Մի հարված. որ, սակայն, չսթափեցրեց ինձ, այլ ընդհակառակը ավելի սաստկացրեց իմ ներքին հուրը: Այդ վայրկյանից ես ատեցի բարձրահասակ ադամորդին: Ատեցի իմ պատանեկան հոգու ամբողջ թափով: Ինչո՞ւ, ո՞ր իրավունքով, ո՞վ եմ ես, այս մասին ես չէի մտածում: Թող այդ մարդը լիներ առաքինիների մեջ ամենաառաքինին, արժանավորներից արժանավորագույնը, նա այդ կնոջ ամուսինն էր, ուրեմն և ոխերիմ հակառակորդս, որին պատրաստ էի այդ պահին ոչնչացնել առանց երկար մտածելու: Անշուշտ այդ մարդը մի ժանտ բռնակալ է, որ գերել է գեղեցիկներից գեղեցկագույնին և պահում է նրան իր իշխանության ներքո գրեթե շղթայակապ: Անշուշտ ասիական խանդից կուրացած մի եսամոլ է, որ տանջում է նրան հանուն իր եսի, սյլապես ի՞նչ են նշանակում այդ մշտապես փակ լուսամուտները, որոնցից միայն մեկն է բացվում, այն էլ օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ, այն էլ, երբ բռնակալը տանը չէ: Այլապես ի՞նչ է նշանակում, որ այդ կինն երբեք տնից դուրս չի գալիս և օր-օրի վրա, իմ աչքերի առջև դժգունանում է ու նիհարում և օր-օրի վրա խոշորանում են նրա գեղեցիկ աչքերի բիբերը, և լայնանում նրանց տակերի կապույտները: Ուրիշ ինչպե՞ս թարգմանել այդ երեք անփոփոխ նոտաները, որ այժմ հնչում են ամեն օր այնքան միապաղաղ այնքան վշաահար: Աստված իմ, ես կարող եմ ցնորվել այդ տարօրինակ հնչյուններից: Նրանք գալիս են մի քայքայված հոգու խորքերից և զարկում են իմ օր-օրի վրա նրբացող ու զգայնացող ներվերին ասեղների պես: Ախ, գիտե արդյոք այդ կինը, որ եթե ոչինչ էլ չլիներ, միայն այդ խելագար հնչյունները բավական են ինձ տանջելու համար: Գիտե՞, որ ես երբեմն պատրաստ եմ դուրս բերել գլուխս լուսամուտից և գոռալ. բավական է, անողոք էակ, բավական է, ես չեմ կարող լսել այդ խելառ հնչյունները:

Բժիշկը դարձյալ կանգ առավ, ձեռի ներվային շարժումով տրորեց գլխի թանձր կարճ խուզած ալեխառը մազերը և շրթունքները սեղմեց ատամներով՝ իր հուզմունքը չափավորելու համար: Այդ պահին նա ամբողջովին ձուլված էր իր անցյալի հետ: Նա վառեց մի նոր ծխախոտ և շարունակեց,

Առավոտ էր: Գրասեղանիս քով նստած նամակ էի գրում ծնողներիս: Բավական ժամանակ էր մոռացել էի խեղճերին: Գրում էի, բայց ուշ ու միտքս անիծյալ տան կողմն էր: Սպասում էի անհամբեր բարձրահասակ մարդու դուրս գալուն: Քրոնոմետրի ճշտությամբ նա ամեն օր դուրս էր գալիս տնից առավոտյան տասը ժամին և վերադառնում էր երեք ժամին: Ահա այդ ժամանակամիջոցներին էր, որ լուսամուտը բացվում էր, և այնտեղ երևում էր նրա սևազգեստ կինը:

Այդ օրն էլ տղամարդը դուրս եկավ ճիշտ իր ժամանակին, բայց կինը չերևաց մի ամբողջ ժամ, չերևաց մինչև կեսօր: Ես սկսեցի անհանգստանալ: Միգուցե նա հիվա՞նդ է կամ այդ բռնակալը խլել է նրանից այդ չնչին ազատությունն էլ: Մի՞թե ես այլևս չպիտի տեսնեմ նրան: Այդ անկարելի է, ես կցնորվեմ: Եվ, իրավ, եթե մեկն ինձ տեսներ գողտուկ, թե ինչպես հուզված, այլայլված ետ ու առաջ եմ քայլում իմ վոոքրիկ սենյակում վանդակ ձգված վագրի պես, անշուշտ, ինձ կհամարեր խելագար: Կարծես ես արդեն տիրացել էի այդ կնոջը և այժմ կատաղում էի, որ նրան խլում են ինձնից:

Վերջապես, սենյակս թվաց ինձ նեղ: Ես խեղդվում էի օդի պակասությունից: Վճռեցի դուրս գալ, մանավանդ որ ծնողներիս գրված նամակս պիտի ձգեի պոստարկղ: Բայց հազիվ դուրս էի եկել փողոց, հանկարծ նվիրական լուսամուտը բացվեց, և տիկինը երևաց այնտեղ մի ծրար ձեռում: Ես գդակս բնազդաբար վերցրի և բարևեցի նրան, դարձյալ չգիտեմ ինչ իրավունքով: Այս անգամ նա գլուխը թեթևակի շարժեց և, ով զսրմանք, ծրարը մեկնեց դեպի ինձ: Մինչ ես, անասելի շփոթված, չգիտեի ինչ անել, նա ծրարը ձգեց փողոց և ինքն անհետացավ:

Ես, աջ ու ձախ նայելով, գողովի վազեցի և ծրարը վերցրի: Բարեբախտաբար, ոչ ոք այդ չնկատեց: Պարզ էր ինձ համար, որ ծրարն ինձ է ուղղված: Բայց նայեցի նրան, անունս չկար վրեն: Շտապով վերադարձա սենյակս, պատռեցի ծրարը: Սիրտս ուժգին բաբախում էր, ձեռքերս դողում էին ուրախությունից և անհայտությունից:

Ընդամենը մի էջից բաղկացած մի գրություն էր դա ռուսերեն: Նա ինձ չէր ուղղված, նա ոչ ոքի չէր ուղղված: Կարդացի, ոչինչ չհասկացա: Նախ դա մի տարօրինակ ձեռագիր էր, տառերն անհավասար, տողերն անկանոն, մի բառ փոքրիկ, հազիվ նկատելի տառերով, մյուսը գլխատառերով:

Ապագայում, երբ ես իբրև բժիշկ պարապում էի Մոսկվայի կլինիկայում, այնտեղ, հոգեկան հիվանդների բաժնում շատ եմ տեսել համանման ձեռագիրներ բոլորովին գրագետ և կրթված մարդկանց ձեռքով գրված:

Երեք տող միայն պարզ էին գրված և, ըստ երևույթին, ունեին իմաստ: Այսօր էլ հիշում եմ բառ առ բառ այդ տողերը. «Վոլդեմարը սիրեց Ալինային, Ալինան ասաց չի կարելի: Գազանը տեսավ, կատաղեց, սպանեց, սպանեց, սպանեց»:

Ի՞նչ էին նշանակում այդ տողերը հարկավ չհասկացա: Բայց այլևս ինձ համար պարզ էր մի բան. այդ խորհրդավոր կինը հոգեպես հիվանդ է, և ինքս ինձ նախատեցի, որ նոր եմ միայն գուշակում: Այո, այդ ապակյա հայացքը խոշոր աչքերի, այդ անիմաստ ժպիտները, այդ փակ լուսամուտները, այդ թախծալի միապաղաղ կրկնվող երեք նոտաները, այդ բարձրահասակ տղամարդի մռայլությունը մի՞թե այդքանը բավական չէր:

Ես նամակը թաքցրի գրասեղանիս մեջ և ամեն օր նայում էի նրան: Այսօր էլ ես նրան պահում եմ, իբրև հիշատակ իմ խելառ տվայտանքների, իմ անքուն գիշերների, անհուն արցունքների: Ոչ, իբրև մի սրբություն-սրբոց, որովհետև այդպիսի կրակոտ սեր այլևս չպիտի կրկնվեր իմ կյանքում: Հարկավ, եթե իմ բանականությունը չլիներ արթուն, եթե ես ունենայի մտածելու և վերլուծելու ուժ, այդ նամակը կարդալուց հետո իսկույն կսթափվեի իմ ցնորքներից և կաշխատեի հանգցնել կրծքիս տակ օր-օրի վրա ավելի ու ավելի բորբոքվող հուրը: Չէ՞ որ ինքնասպանություն է երազել մի կնոջ մասին, որի գոյությունը երազ է: Մի կնոջ, որ բնության դաժան ձեռքով պոկվել է երկրից և այրվում է ցնորքների բովում: Բայց, զարմանալի բան, այդ պահից ես այդ կնոջը սիրեցի կրկնակի սիրով: Գուցե՞ դա մի դեռահաս հոգու կարեկցությունն էր դեպի մի թշվառ: Չգիտեմ:

Հետևյալ օրը տանտիրուհիս եկավ որոշյալ ժամին սենյակս կարգի բերելու: Ես անքնությունից այնքան թույլ էի, որ խնդրեցի նրան թողնել ինձ այդ օրը հանգիստ: Նա նայեց ինձ տխուր հայացքով ու ասաց.

Գիտեմ, որ տկար եք, բայց հետաքրքրական լուր ունեմ ձեզ հայտնելու:

Ի՞նչ է պատահել:

Մեր դեմուդեմի կինը ցնորված է:

Մի՞թե, արտասանեցի ես, իբր թե անտարբեր:

Այո՛: Ուզո՞ւմ եք պատմեմ ինչիցն է ցնորվել: Կոշկակարի կինն ամեն բան իմացել է Ազովսկիների աղախինից:

Պատմեցեք, նույն անտարբերությամբ ասացի ես: Տանտիրուհիս նստեց գրասեղանիս քով և յուր հագուստի թևերը ցած բերեց, որ ծածկե աշխատանքից կոշտացած և կրակից կարմրած բազուկները:

Եվ պատմեց:

IV

Ութ տարի է, որ Ազովսկիներն ամուսնացած են: Մարդու անունն է Սրափիոն, կնոջ անունը` Ալինա: Մարդը հարուստ կալվածատեր է, ունեն հորից ժառանգած մի քանի հազար դեսյատին վարելահորղեր Բեսարաբիայի նահանգում:

Ամուսնանալու ժամանակ նա եղել է գրագունյան գնդի սպա: Ալինան հետևակ զորքի մի չքավոր փոխ-գնդապետի աղջիկ է, շատ լավ կրթված: Սրափիոնը ամուսնացել էր նրա հետ, հափշտակված նրա աննման գեղեցկությունով: Իսկ Ալինան տվել էր իր համաձայնությունը, զիջանելով ծնողներին, որոնք փափագել են անպատճառ հարուստ փեսա ունենալ: Նրանք ուզեցել են, որ իրենց միակ դուստրը լավ ապրուստ ունենա, անձամբ զգալով, թե ինչ ասել է չքավորություն: Ալինան չի սիրել Սրափիոնին: Չի սիրել և ուրիշ ոչ ոքի:

Լավ թե վատ Ազովսկիները չորս տարի ապրել են հաշտ, հանգիստ ու անվրդով: Ալինան հետզհետե ընտելացել է չսիրած ամուսնու կենակցությանը, ճիշտ այնպես, ինչպես ընտելանում է հարյուրից իննսունինը աշխարհի բոլոր կանանց: Մարդիկ, որ միշտ ուրիշների կյանքի մասին աչքերով են դատում, կարծել են, թե չկա նրանցից ավելի երջանիկ զույգ: Եվ շատ կանայք նախանձել են Ալինային, ու շատ տղամարդիկ նախանձել են Սրափիոնին: Չորս տարվա, ընթացքում նրանք ունեցել են առաջին տարին իսկ ծնված մի երեխա: Նա մեռել է երկուսուկես տարեկան հասակում՝ ուղեղի բորբոքումից: Ծնողների վիշտն ավելի ամրացրել է ամուսնական կապը, բայց Ալինան դարձյալ չի սիրել ամուսնուն: Իսկ Սրափիոնը քանի գնացել այնքան ու այնքան ավելի է սիրել Ալինային: Երեխայի մահն է, ազդել, թե ինչ, Ալինան սկսել է ձանձրանալ կյանքից: Սիրահարված ամուսինն ամեն կերպ աշխատել է, փարատել նրա թախիծը, բայց զուր: Ո՛չ ճանապարհորդությունները Եվրոպայում, ո՛չ թանկարժեք, համաշխարհային կուրորտները, ո՛չ թատրոն, ո՛չ երաժշտություն, շքեղ զգեստներ, երեկույթներ, պարանհանդեսներ, ոչինչ չի օգնել: Ալինան դարձել է օր-օրի վրա ավելի ու ավելի թախծոտ, մռայլ: Ծնողների հանկարծակի մահը մեկը մյուսից երկու ամիս չանցած՝ կրկնապատկել է նրա վիշտը:

Եվ ահա այդ ժամանակ, այսինքն՝ մի աշնան սկզբին, Պետերբուբգից Ղրիմ է գալիս Սրափիոնի նախկին բարեկամներից մեկի որդին: Քսանուհինգ տարեկան մի երիտասարդ գանգուր, շիկագույն մազերով, ուրախ ու գվարթ: Այցելում է Ազովսկիներին, ծանոթանում է Ալինայի հետ, մի քանի անգամ զբոսնում է նրա հետ. և ահա նա հափշտակված է: Հափշտակվո՞ւմ է, արդյոք, Ալինան ևս լրջորեն մինչև այսօր պարզված չէ: Բայց նրա թախիծը մեղմանում է: Նա հաշտվում է կյանքի հետ, նա նորեն մերձենում է աշխարհին:

Սրափիոնը, նկատում, է այս: Սկզբում ուրախանում է, տեսնելով կնոջ վերակենդանանալը: Բայց հետո սկսում է կասկածել ու խանդել և հետևում է Ալինային: Մի օր նա չի կարողանում իրեն զսպել և իր բարեկամի որդուն ընդունում է ոչ սիրալիր: Ալինան նրան հանդիմանում է, ասելով, որ իր համար ոչ մի բան այնքան ատելի չէ, որքան կոպտությունը: Այս հանդիմանությունն ավելի է գրգռում Սրափիոնի կասկածներն ու նա ասում է.

Այո, ես վաղուց եմ նկատել, որ դու անտարբեր չես դեպի այդ երիտասարդը:

Ալինան ազնվությամբ և համարձակ պատասխանում է.

Չեմ թաքցնիլ, Սպիրիդոնովն ինձ դուր է գալիս, բայց ես երբեք չեմ մոռանալ, որ քո ամուսինն եմ:

Սրափիոնը մի պահ հավատում է նրան, մինչև անգամ ներումն է խնդրում Ալինայից: Բայց միայն մի պահ: Շուտով չար կասկածները պաշարում են նրան այնպես, որ նա սկսում է կորցնել իր զգացումների ու մտքի հավասարակշռությունը:

Վերջապես, մի օր տուն վերադառնալով, նա տեսնում է, որ Ալինան դաշնամուրի քով նստած նվագում է, իսկ Սպիրիդոնովը երգում է: Երկուսն էլ այնքան հափշտակված են լինում, որ չեն նկատում նրա սալոն մտնելը: Նա կատաղում է, բայց կարողանում է զսպել իրեն: Միայն առանց հյուրին բարևելու, լուռ անցնում է յուր առանձնասենյակը:

Ալինան շարունակում է երգել, կամենալով թե՛ հյուրից թաքցնել ամուսնու խանդոտությունը և՛ թե ամուսնուն ցույց տալ, որ չկա իր արածի մեջ ոչ մի հանցանք, որ դա մի անմեղ զվարճություն է երկու երիտասարդ էակների համար, որ պաշտում են երաժշտությունն ու երգը:

Բայց ամուսինն այլ կերպ է հասկանում Ալինայի վարմունքը: Նա կարծում է, որ դա մի հանդուգն արհամարհանք է դեպի իր համեմատական ծերությունը: Արհամարհանք քսանուերեք տարեկան մի կնոջ դեպի քառասունութ երկու տարեկան տղամարդը: Արհամարհանք մի երրորդ անձնավորության, այն էլ մի երիտասարդի ներկայությամբ և գուցե նրա պատճառով իսկ նա դուրս է գալիս իր առանձնասենյակից գրգռված ու գունատ: Նա չի կարողանում յուր խանդը զսպել և հուզված ձայնով ասում է.

Ալինա, բավական է:

Ալինան ժպտում է, մի փոքր ևս նվագում է և հետո միայն ծածկում է դաշնամուրը հանգիստ, անվրդով: Իսկ երիտասարդը նույնպես ժպտում է: Այդ ժպիտը նրա թարմ, գեղեցիկ, գրեթե պատանեկան անմազ երեսի վրա նետի պես ցցվում է Սրափիոնի գրգռված սրտի մեջ: Բորբոքվում է նրա խանդը: Նա ասում է անորոշ.

Ես ուրախ եմ և ցավում եմ, որ դուք իմ բարեկամի որդին եք:

Ինչո՞ւ համար:

Հենց այնպես:

Բայց ես ձեզ հասկանում եմ, ասում է երիտասարդը, շատ բարի ես կկատարեմ ձեր սրտի գաղտնի ցանկությունը:

Եվ, դառնալով Ալինային, ավելացնում է.

Տիկին, ներեցեք, ես այլևս չեմ կարող անհանգստացնել ձեր հարգելի ամուսնուն, որ իմ հոր բարեկամն է:

Եվ այդ օրից Սպիրիդոնովը դադարում է այցելել Ազովսկիներին:

Այս բոլորը տեսնում է ու լսում Ազովսկիների աղախինը, որի խոսքերով և պատմում է ինձ տանտիրուհիս:

Սակայն Ալինան չի ընդհատում ծանոթությունը Սպիրիդոնովի հետ. շարունակում է տեսնվել դրսերում: Սրափիոնը չի բողոքում, խոստովանելով, որ իրոք ինքը կոպիտ վարվեց իր բարեկամի որդու հետ:

Ալինան ասում է.

Քանի որ գիտեիր քո խանդոտ բնավորությունը՝ չպիտի ամուսնանայիր:

Ես սիրում եմ քեզ:

Ես չեմ հավատում այն սիրույն, որ այդպես կասկածոտ է:

Լավ, հաշտվենք:

Հաշտվիր առաջ բարեկամիդ որդու հետ, ներողություն խնդրիր, հետո:

Այդ ես չեմ կարող անել:

Իսկ ես չեմ կարող քո անտեղի կասկածների համար զրկել ինձ ազատությունից:

Մի օր Սրափիոնը հանդիպում է Ալինային քաղաքի մի զբոսավայրում Սպիրիդոնովի հետ, մի ծառի ստվերի տակ նստած: Նա չի կարողանում զսպել իր խանդը և կարճատև բացակայության ժամանակ վիրավորում է երիտասարդին: Սպիրիդոնովը նրան հրավիրում է մենամարտության, մյուս օրն ևեթ ուղարկելով Սրափիոնին երկու սպա: Բայց մենամարտությունից առաջ նա ուղարկում է մի նամակ Ալինային` մի փունջ վարդերի հետ: Նա գրում է.

Տիկին, ասում են, որ դեղին, վարդը ատելության նշան է: Բայց ես միշտ գերադասել եմ այս գույնը բոլոր գույներից: Այսօր որոշվում է իմ ճակատագիրը: Գուցե ես գնամ հավիտենություն անդառնալի: Թող այս վարդերը լինեն իմ մաքուր սիրո վերջին նշանը: Մնացեք բարով…

Նամակը փնջի հետ բերում է մի շքեղ հագնված աղախին և գաղտնի հանձնում է Ալինային:

Իրիկնադեմին Սրափիոնը տուն է վերադառնում անսովոր հուզված:

Ալինան նրա դեմքից արդեն գուշակում է կատարված դրաման: Նա ոչինչ չի ասում, նայում է լուռ իր ամուսնու երեսին և անցնում իր բուդուարը: Ամբողջ գիշեր նա դուրս չի գալիս այնտեղից: Աղախինը մի քանի անգամ մտնում է նրա մոտ զանզազն պատրվակներով և ամեն անգամ տեսնում է Ալինային անշարժ նստած ու աչքերը հառած դեղին վարդերի փնջին:

Այդ պահին Ալինան ընդհատում է իր բոլոր կապերն աշխարհի հետ: Օրը մինչև երեկո իր սենյակում փակված` նա ոչ մի տեղ չի գնում և ոչ ոքի չի ուզում ընդունել: Ո՛չ ամոթից, այլ վշտից:

Աղախինն ասում է, որ նա մի ամիս շարունակ կրկնում էր.

Դու սպանեցիր մի անմեղի, դու չունեիր իրավունք ձեռք բարձրացնելու այն խեղճ տղայի վրա: Ի՞նչ է պատասխան պիտի տաս աստծուն:

Իմ խիղճը հանգիստ է, մի պատվասեր ամուսին չէր կարող ուրիշ կերպ վարվել,-պատասխանում է ամեն անգամ Սրափիոնը:

Ո՛չ, ո՛չ քո խիղճը չի կարող հանգիստ լինել, որովհետև ես անմեղ եմ: Այդ երիտասարդի այունը գիշեր-ցերեկ աչքերիս առջև է: Ես նրա մահվան ակամա պատճառն եմ, աստված ինձ է պատժելու:

Եվ զրկվում է Ալինան քնից, հանգստությունից, ախորժակից: Եվ ատելով ամուսնուն, սկսում է ատել ամենքին: Եվ դատապարտելով ամուսնուն, դատապարտում է ինքն իրեն էլ: Գիշերները աղախինը լսում է նրա երկարատև հիսթերիկան, նրա սուր գոռոցները:

Հեռո՛ւ ինձնից. Մի մոտենար, ես քո ձեռքերի վրա անմեղ արյուն եմ տեսնում:

Եվ ոչինչ չի ազդու նրա վրա ո՛չ բժիշկների խնամքը, ո՛չ ամուսնու աղերսանքները, ո՛չ խանդավառ սերը, ո՛չ զղջումը: Այո նա զղջու է գուցե անկեղծ, գուցե հավատալով Ալինայի մաքրությանը, բայց զուր: Օր-օրի վրա Ալինայի հոգին քայքայվում է…

Փոքրիկ նահանգական քաղաքում, եղելությունն իրարու պատմում են աղավաղված: Չհաստատված լուրերը հաղորդվում են իբրև փաստեր: Զրպարտությունը, որ գեղեցիկ կանանց անխուսափելի ուղեկիցն է, հալածում է Ալինային դեռ մենամարտությունից շատ առաջ: Այժմ չար լեզուների բոլոր կապանքները լուծվում են, իսկ նա անտարբեր էր դեպի հասարակական կարծիքը: Նա ամփոփվել է ինքն իր մեջ, նա հեռու է, շատ հեռու դրսի աշխարհից: Նրա լսելիքին չի հասնում ոչ մի ձայն այնտեղից: դեղին վարդերի փունջը վաղուց է թառամել, բայց նա մի գեղեցիկ վազայի մեջ շարունակում է զարդարել Ալինայի դաշնամուրը: Օրը հարյուր անգամ նա մոտենում է այդ փնջին և յուր քնքուշ մատներով շոշափում է թորշոմած վարդերը, որոնց տերևները մեկիկ-մեկիկ պոկվելով ընկնում են վար և անհետանում: Վերջը, մի ժամանակվա սքանչելի ծաղիկներից մնում են նրանց չորացած ձողիկները; Այն ժամանակ Ալինան հրամայում է իր հավատարիմ աղախնուն, որ սիրում էր նրան լավագույն քրոջ սիրով, ամեն օր ամեն օր գնել մի-մի դեղին վարդ: Եվ ահա այդ խորհրդավոր վարդն է, որ այսօր էլ զարդարում է Ալինայի կուրծքը:

Սրափիոնը վճռում է վերցնել Ալինային և հեռանալ անծանոթ երկրներ: Տունը հանձնում է խոհարարի հսկողությանը, իսկ աղախինը Ալինայի ցանկությամբ ուղեկցում է նրան: Նրանք գնում են նախ Մոսկվա, ապա Եվրոպա: Սակայն ոչ մի փոփոխություն Ալինայի հոգեկան կացության մեջ, ոչ մի ժպիտ նրա դեմքի վրա: Բժիշկները միաձայն ասում են.

Պարոն, ձեր ամուսնուն անդորրություն է հարկավոր: Նրա ականջներին չպիտի հասնե ոչ մի աղմուկ:

Մի քանի նշանավոր պրոֆեսորներ խորհուրդ են տալիս Ալինային տեղավորել հոգեկան հիվանդների սանատորիայում:

Երբեք, երբեք, ասում է Սրափիոնը, զարմանալի համառությամբ չկամենալով բաժանվել իր սիրեցյալից:

Նրանք վերադառնում են արտասահմանից, և Սրափիոնն ամեն ջանք գործ է դնում տալ Ալինային անպայման հանգստություն: Եվ դրա համար նա վճռում է տեղափոխվել Թիֆլիս, ուր Ազովսկիները չունեն ոչ մի ծանոթություն: Նա դեռ հույս ունե, որ Ալինան կառողջանա տանը...

Այս բոլորը պատմեց ինձ տանտիրուհիս այնպես զգացված, որ կարծես ինքը Ալինայի մերձավորներից մեկն էր: Ես զգացի, որ իմ մեջ զարգանում է այնպիսի ատելություն դեպի այդ բարձրահասակ տղամարդը, որի նմանը կարելի է զգալ միայն դեպի որդեսպանը: Այլևս նա իմ աչքում մի հրեշ էր, որին կործանելը ես կհամարեի բարություն և արդարություն: Ինձ համար Ալինան մի մարմնացած տանջանք էր, իսկ այդ մարդը՝ միակ նրա հեղինակը:

Ես սիրեցի Ալինային կրկնակի սիրով: Ես զգացի, որ այլևս իմ հոգին հավիտյան շաղկապված է այդ հիվանդ հոգու հետ, որ այլևս ոչ մի գերբնական զորություն չի կարող ինձ բաժանել նրանից՝ առանց իմ սրտից մի արյունաշաղախ կտոր պոկելու: Զգացի նույնպես, որ իմ դրությունը ողբերգական լինելով հանդերձ, երեխայական է ու ծիծաղելի: Ողբերգական ինձ համար, ծիծաղելի ուրիշների համար: Սիրում էի մեկին, որ իրապես գոյություն չուներ այս աշխարհում, որ մի ուրվական էր, մի ծանր երազ: Տանջվում էի մեկի համար, որ ոչ ոքի տանջանքը հասկանալ ու զգալ չէր կարող, որովհետև նա ինքն էր մարմնացած տանջանք: Բժիշկ Ախուրյանը մի անգամ ևս լռեց:

Մեր շուրջն այժմ տիրում էր համեմատական հանդարտություն: Սրճարանը գրեթե դատարկվել էր: Հաճախորդներն անցել էին սեղանատուն: Պարիզը ճաշում էր. միակ ժամը օրվա ընթացքում, երբ խլացուցիչ աղմուկը մեղմանում է քիչ թե շատ:

Բժիշկը նայեց ժամացույցին ու ասաց.

Օօ, արդեն ուշ է: Կարծեմ ես շատ երկարացրի:

Լսում եմ ձեզ ավելի մեծ հետաքրքրությամբ, ասացի ես առանց կեղծելու:

Արդեն մոտենում եմ վերջին, արտասանեց բժիշկը և վառեց մի նոր ծխախոտ:

V

Այսպես, ուրեմն, շարունակեց նա, ես սիրում էի անսահման մի ցնորվածի և ինքս մերձ էի խելագարության: Աստված իմ, գեթ մի անգամ տեսնեի նրան մոտիկից, գեթ մի անգամ լսեի նրա ձայնը: Գուցե հիասթափվեի ու արթնանայի մղձավանջից: Կամ ո՞վ գիտե, գուցե կարողանայի նրա քայքայված հոգու մեջ գտնել մի առողջ թել, շոշափեի նրան իմ սիրո ջերմությամբ: Ո՞վ գիտե, գուցե դեռ կա միջոց նրան փրկելու: Ինչո՞ւ այդ բռնակալը չի թողնում ոչ ոքի մոտենալ նրան: Մի՞թե չի հասկանում եսամոլը, որ իր տեսքն ավելի բարդացնում է Ալինայի վիշտը, ուրեմն և ավելի զորեղացնում նրա հիվանդությունր: Մի՞թե չի ըմբռնում, որ վիրավորի վերքն ավելի է կսկծում, երբ նրա աչքերի առջև է դաշույնը: Չի՞ պատահել, որ տարիներով ցնորվածի բանականությունը վերադարձել է հանկարծակի, անսպասելի մի որևէ երջանիկ պատահարից, հոգեկան մի ցնցումից: Այո, այո, շատ է պատահել, ես կարդացել եմ բժշկական գրքերում, լսել եմ պսիխիատրներից:

Այս էր միակ առանցքը, որի շուրջը պտտում էին բոլոր իմ մտքերը, բոլոր իմ զգացումները, ոչ միայն արթուն ժամանակ, այլև գիշերային երազներից մեջ:

Բայց, ավաղ, ճակատագիրն ինձ չէր վիճակել տեսնել նրան մոտիկից, խոսել նրա հետ...

Լսեցե՛ք: Մի օր բարձրահասակ մարդը, տանից դուրս եկավ, բայց լուսամուտը չբացվեց: Նա չբացվեց և հետևյալ օրերը, իսկ երրորդ օրն արդեն վաղ առավոտից բացվեցին բոլոր լուսամուտնեը:

Առաջին անգամ ամբողջ չորս ամսվա ընթացքում, ես նկատեցի անիծյալ բնակարանում ինչ-որ անսովոր իրարանցում:

Աղախինը շտապ-շտապ անցնում էր սենյակից սենյակ: Մերթ ընդ մերթ այս կամ այն լուսամուտի մոտ էրևում էր բարձրահասակ տղամարդը իր մշտական մռայլ ու անշարժ դեմքով: Իսկ Ալինան չէր երևում:

Դռների առջև կանգ առավ մի կառք:

Մի անծանոթ մարդ իջավ կառքից շտապով և մտավ Ազովսկիների բնակարանը:

Իսկ Ալինան չկար: Ես սկսեցի անհանգստանալ, այնքան արդեն սովորել էի ամեն օր տեսնել նրան և ամեն օր հիանալ նրանով ու ամեն օր օրհնել կյանքը:

Որովհետև տանտիրուհիս արդեն գիտեր ամեն բան և իմ կողմից այլևս տմարդություն ու հիմարություն կլիներ կեղծել այդ բարի ու ազնիվ կնոջ առջև, ուստի, երբ մտավ իմ սենյակը, իմ առաջին խոսքը եղավ.

Պոլինա Նիկոլոևնա, ի՞նչ է պատահել Ազովսկիների բնակարանում:

Ալինան հիվանդ է, պատասխանեց այրին հակիրճ:

Հիվա՞նդ, գոչեցի ես գրեթե սարսափելով:

Այո, արդեն երեք օր է: Աղախինն ասաց: Չտեսա՞ք, որ բժիշկ եկավ: Այսօր կքնսոլիում է նշանակված:

Ահա թե ինչ: Ալինան հիվանդ է: Նա, իմ երազների առարկան: Եվ ես չեմ կարող ամեն րոպե, ամեն վայրկյան իմանալ նրա դրությունը: Չեմ կարող մանավանդ տեսնել նրան: Եվ նա չպիտի գիտենա, չպիտի զգա, թե կա մեկը, որ պատրաստ է իր տասնուինը տարեկան կյանքը զոհել նրա համար առանց մի վայրկյան տատանվելու և առանց որևէ ակնկալության, ինչպես մի մոլեռանդ հավատացյալ, որ խարույկն է նետվում հանուն իր հավատի:

Պոլինա Նիկոլաևնա, դուք սիրո՞ւմ եք ինձ:

Թող վկա լինի ինքն աստված:

Պոլինա Նիկոլաևնա, հո գիտեմ, որ ձեզ հայտնի է ամեն բան:

Հայտնի է, արտասանեց այրին, հառաչելով:

Գիտեմ, որ ձեզ հայտնի են իմ տանջանքները:

Քանի՛-քանի անգամ այս պատերի ետևից ես լսել եմ ձեր դառը հեկեկանքները: Սիրտս է մորմոքվում, տեսնելով, թե ինչպես եք չորանում ոտքի վրա:

Այդ թողնենք, Պոլինա Նիկոլաևնա, այդ ոչինչ; Հարցն Ալինայի մասին է: Նրա կյանքն է թանկ ինձ համար և ոչ իմը, Պոլինա Նիկոլաևնա, մի խնդիր ունեմ ձեզ, բարի եղեք կատարելու:

Հրամայեցե՛ք:

Գնացեք այո րոպեին Ալինայի մոտ:

Ինչո՞ւ:

Մի լուր բերելու ինձ համար: Ես ուզում եմ իմանալ որքան վտանգավոր է Ալինայի հիվանդությունը, Պոլինա Նիկոլաևնա, խնդրում եմ:

Բայց ես ծանոթ չեմ նրանց հետ: Նրանք կարող են ին ձ չընդունել: Մինչև օրս դեռ ոչ ոք ոտ չի դրել նրանց տունը:

Ոչինչ, կարելի է: Հարևաններ եք: Ասացեք, թե մեզանում ընդունված է:

Չգիտեմ, կաշխատեմ մի բան իմանալ,-ասաց տանտիրուհիս անորոշ ու դուրս գնաց:

Հինգ կառքեր իրար ետևից, կարճ ընդմիջումներով, կանգնեցիր անիծյալ տան առջև: Բժիշկներն էին, երկուսը ծեր, երեքը երիտասարդ: Այն ժամանակ ես մեծ հավատ ունեի դեպի բժշկականությունը, և յուրաքանչյուր բժիշկ ինձ համար մի տեսակ կախարդ էր ամենազոր: Ահա ինչու, նայելով այդ մարդկանց լուրջ ու հանգիստ դեմքերին, կազդուրվեցի: Ահ, մտածեցի ես, նրանք կառողջացնեն Ալինային ինչ հիվանդություն ևս ունենա: Նրանք կփրկեն նույնիսկ նրա հիվանդ հոգին: Եվ ես կտեսնեմ իմ սևազգեստին առողջ թե՛ մարմնապես և թե՛ հոգեպես իր ամբողջ գեղեցկությամբ:

Խորհրդակցությունը տևեց երկար, երկար: Սրտի ուժգին տրոփյունով էի սպասում բժիշկների դուրս գալուն, հուսալով նրանց դեմքերի արտահայտությունից գուշակել Ալինայի վիճակը: Եվ մի վայրկյան անգամ չհեռացա իմ լուսամուտից:

Վերջապես նրանք դուրս եկան ամենքը միասին:

Բոլորի դեմքերն ուրախ էին, մանավանդ ծերունի բժիշկների: Խոսում էին բարձր ձայնով բոլորովին ուրիշ բաների մասին և բարձր ձայնով էլ ծիծաղում: Ահ, մտածեցի ես, այդ լավ նշան է: Ալինայի կյանքին վտանգ չի սպառնում, այլապես այդ մարդիկ այդպես ուրախ ու զվարթ չէին դուրս գալ նրա մոտից: Հետո երբ ես ինքս բժիշկ դարձա, այո, հետո միայն հասկացա, թե մեր արհեստը նույնն է, ինչ որ քահանայի արհեստը: Ժամանակի ընթացքում նա կոպտացնում է մեր սրտերը և դարձնում մեզ անտարբեր դեպի մահը: Քանի-քանի անգամ ես իմ պացիենտների մահճակալներից հեռացել եմ ժպիտն երեսիս, տրամադրությունս անփոփոխ, այն ժամանակ իսկ, երբ զգացել եմ մահվան գարշելի հոտը:

Լուսամուտներից մեկի առջև երևաց Սրափիոն Ազովսկին: Ոչ մի փոփոխություն նրա մշտական անշարժ դեմքի վրա, ո՛չ ուրախ, ո՛չ տխուր: Կարծես քար էր այդ մարդը:

Երևաց աղախինը նույնպես ոչ մի փոփոխություն: Այս ավելի կազդուրեց ինձ: Ահա ինչու երբ տանտիրուհիս երևաց դռների մեջ, ես ասացի.

Դատարկ բան է. Ալինան լուրջ հիվանդ չէ: Տեսա՞ք նրան:

Գնացի, բայց տեսնել չկարողացա:

Ինչո՞ւ:

Ամաչեցի ներս մտնել: Աղախինին հարցրի, տեղեկացա:

Նա կանգ առավ, հառաչեց:

Ի՞նչ են որոշել բժիշկները, գոչեցի ես:

Աղախինը չգիտե: Ինչ-որ դեղ են սրսկել Ալինայի մարմնի մեջ: Նա շատ թույլ է և շուտ-շուտ ուշաթափվում է: Դարմանող բժշկին պատվիրել են այս գիշեր չհեռանալ հիվանդի մոտից: Նա գնաց, երեկոյան կգա: Աղախինը լաց է լինում: Նա շարունակ կրկնում է. «Չգիտեք, չգիտեք որքան բարի տիրուհի էր նա այդ դժբախտությունից առաջ: Ոչ ոքի աշխարհի երեսին այնքան չեմ սիրել, որքան նրան»:

Չքացավ իմ լավատեսությունը, թուլացան իմ հույսերը: Զգացի, որ Ալինայի դրությունը լուրջ է: Եվ ուժասպառ ընկա աթոռի վրա: Արտասուքը վաղուց էր խեղդում կոկորդս: Այլևս չկարողացա զսպել նրան և տվեցի ազատություն իմ մանկական խելառ հեկեկանքներին:

Բարի, զգայնասիրտ տանտիրուհիս մոտեցավ ինձ հանդարտ քայլերով և սկսեց մխիթարել:

Իմ հեկեկանքների միջից լսում էի նրա հատ-հատ խոսքերը.

Լավ, Ալինան չի մեռնիլ: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ, զավակս: Ահ, խելագար: Ո՞վ է այդ կինը քեզ համար, քո ի՞նչն է: Մի անգամ էլ հետը չես խոսել: Լավ, լավ, երեխա մի լինիր, հանգստացիր: Ամոթ է, վերջապես, ի՞նչ կասեն, եթե լսեն մարդիկ, Աստված իմ, նա գժվում է, ես ինչ անեմ: Այ զարմանալի տղա: Նա գրկել էր իմ գլուխն ու շոյում էր նրան ձեռքերով: Ահ, որքան քնքուշ էին, որքան մայրական այդ աշխատավոր կոշտացած ձեռքերն ինձ համար այդ պահին և որքան կփափագեի, որ նրանք անվերջ շոյեն իմ գլուխը: Զգում էի իմ խելառությունը, զգում էի իմ ծիծաղելի լինելը, բայց չէի ամաչում այդ օտար ու օտարոտի կնոջից:

Նկարագրե՞մ արդյոք, թե ինչպես անցկացրի այդ երեկոն, այդ գիշերը, հետևյալ օրը, հետևյալ գիշերը, ամբողջ տասնուչորս օր: Օհ, անմոռանալի օրեր: Անքուն էի հարկավ, թեև տանտիրուհուս չանհանգստացնելու համար լամպարս հանգցնում էի: Տասնուչորս գիշերներ յուրաքանչյուր կես ժամ դուրս էի գալիս փողոց, կանգնում էի փակ լուսամուտի տակ, շունչս զսպած, ականջ էի դնում դեպի Ազովսկիների բնակարանը: Չէ՞ որ մահը մեծ մասամբ գիշերն է այցելում մարդկանց: Ես մտածում էի, եթե Ալիսան մեռնե, կլսեմ նրա հավատարիմ աղախնի հեկեկանքները: Նրա ամուսնուց հեկեկանք չէի սպասում:

Եվ ոչ մի ձայն, ոչ մի շշուկ անգամ ամբողջ տասնուչորս գիշեր: Իսկ ցերեկները տանտիրուհուս միապաղաղ կրկնությունը.

Ալինայի դրությունն անփոփոխ է:

Առանձնապես անհանգիստ էի վերջին գիշերը, որ ամբողջովին անցկացրի փողոցում: Լուսին չկար, անամպ, հստակ երկնակամարի վրա պսպղում էին աստղերն այնքան ուրախ, այնքան զվարթ, որքան տխուր ու մռայլ էր իմ հոգին: Մի՞թե նրանք բոլորը միասին արժեին Ալինայի կյանքի մի ժամին, մի շնչին նագամ: Ահ, թող կորչե ամբողջ տիեզերքը, միայն թե ապրե Ալինան:

Ալինա, Ալինա, Ալինա, արտասանում, էին. գիշերային լռության մեջ իմ բորբոքված շրթունքները:

Եվ ոչ մի ձայն, ոչ մի շշուկ:

Վերջապես, ուժերս. դավաճանեցին ինձ: Լուսաբացին հագուստով պառկեցի անկողնակալիս վրա ու նիրհեցի: Տասնուչորս գիշեր գրեթե չէի քնել և նիրհեցի այն ժամին, երբ պիտի արթուն լինեի:

Դուք քնա՞ծ եք, լսեցի ես հանկարծ տանտիրուհուս ձայնը և աչքերս բաց արի:

Նա կանգնած գլխիս մոտ ձեռքերը կրծքի վրա ծալած:

Ի՞նչ է պատահել,-գոչեցի ես, ոտքի թռչելով:

Ալինան, մեռավ:

Ես ոչինչ չասացի: Մի թույլ ճիչ ակամա դուրս թռավ իմ կրծքից, և ես ուժասպառ նստեցի անկողնակալիս վրա ու գլուխս թեքեցի կրծքիս:

Տանտիրուհիս ավելացրեց.

Քահանայի անեծքը…

Մի ժամ անցած անիծյալ բնակարանում երևացին անծանոթ դեմքեր: Այլևս բոլոր լուսամուտները բաց էին: Խոհարարն ու աղախինը շտապ-շաապ կարգի էին բերում կահ-կարասին: Մի ծերունի քահանա դուրս եկավ համր քայլերով ու հեռացավ: Անշուշտ նա հաղորդություն էր տվել Ալինային: Աղախինը լալիս էր: Մի անգամ միայն Ալինայի ամուսինը երևաց լուսամուտներից մեկի առջև, նայեց մի քանի վայրկյան դեպի փողոց ու հեռացավ: Աստվա՛ծ իմ ոչ մի փոփոխություն այդ դեղնագույն անշարժ դեմքի վրա: Նույն քարացած հայացքը` ոսկրոտ ճակատի տակից:

Բժիշկ Ախուրյանը դարձյալ լռեց: Ես լսում էի նրա պատմվածքի վերջին: Բայց նա լուռ էր և արտասովոր հայացքով նայում էր հեռու ու հեռու:

Դուք գնացի՞ք նրա թաղմանը,-հարցրի ես նրա ծանր լռությունը ընդհատելու համար:

Ալինային չթաղեցին:

Ինչպե՞ս:

Այդ մարդը նրա դիակը զմռսել տվեց և տարավ իր ծննդվայրը, Ղրիմ: Նա մինչև անգամ նրա անշունչ մարմնից չէր ուզում բաժանվել: Ես գնացի նրա հուղարկավորությանը: Ոչ ոք չէր ուղեկցում նրա դագաղը, բացի մի քանի քահանաներից, ինձնից, խոհարարից, աղախնից, կոշկակարից` իր կնոջ հետ և տանտիրուհուցուս: Ո՞վ էր ճանաչում Ալինային: Ես տեսա նրան մոտիկից: Միակ տեսակցությունն իմ առաջին և միակ իսկական սիրո, որ ունեցա: Ես ձգեցի նրա դագաղի վրա դեղին վարդերի մի փունջ: Ահ, որքան նրա դեմքի գույնը նման էր այդ վարդերին: Նրան հագցրել էին իր մշտական մետաքսյա սև զգեստը: Չկար նրա կրծքի վրա սովորական դեղին վարդը: Ես զգացի, որ ամուսինն է պոկել այդ վարդը նրա կրծքից: Զգացի, որովհետև, երբ ես իմ փունջը ձգեցի դագաղի վրա, նա, կարծես մի տեսակ ցնցվեց, նայեց ինձ մռայլ հայացքով: Նա մի շարժում արավ դեպի դագաղը, կարծես, փունջը դեն ձգելու նպատակով, բայց կանգ առավ, երեստ դարձնելով ինձնից: Իսկ նա դագաղի ապակու միջից ժպտաց ինձ: Այն անշարժ, այն ծով ու հեռավոր ժպիտով, որ ես առաջին անգամ տեսա նրա դեմքի վրա: Այդ ժպիտն այսօր էլ իմ ընկերն է, իմ երկրորդ էությունը, որ միայն գերեզման պիտի հետևե ինձ և ով՛ գիտե, գուցե գերեզմանից էլ դեն: Գիտե՞ք, ես շատ եմ ապրել, շատ եմ մտածել ու զգացել այս երեսուն տարվա ընթացքում: Սիրել եմ, սիրվել, ճանաչել եմ կանանց և եկել այն համոզունքին, որ մի և միմիայն մի անգամ եմ սիրել: Բարեկա՛մս, սեր չէ այն, ինչ որ մարդիկ սովոր են անվանել սեր, այսինքն՝ շոշափելին, առարկայականը: Բարեկամս, սեր չէ կինը, որի հետ խոսում ենք, բացատրվում, վիճում, կռվում, հաշտվում, նորեն կռվելու ու նորեն հաշտվելու համար: Սեր չէ կինը, որին գրկում ենք, համբուրում, պաշտում, որպեսզի վայելենք և վայելում ենք, որպեսզի ապականենք: Ոչ, դա սեր չէ: Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել նրան: Սերը հավիտենական է, անջնջելի, անմոռանալի, բայց անճաշակելի: Նա մի շող է, որ չի մարում, բայց և չի որսվում ինչպես թռչուն, մի գաղափար, որը չի հնանում, բայց և չի գործադրվում ինչպես մարմնավոր վայելքի միջոց, մի միտք, որ չի մաշվում, բայց և չի յուրացվում և մարմնանում: Սոսկալի է նրա պահանջը, բայց և հաճելի, օօ, անսահման հաճելի և անսահման թունավոր-պայքարել, երբեք չհաղթելու և ձգտել, երբեք չհասնելու համար: Նա դրամա չէ, որ ունի հանգույց, ընթացք ու վախճան: Նա մի տրագեդիա է առանց միջարարների ու առանց դադարների: Նա ունե միայն սկիզբ և երբեք վախճան, միայն ծնունդ և երբեք մահ…

Իսկական սերն Ալինա է, ավարտեց բժիշկ Ախուրյանը և ոտքի կանգնեց: Ես վերջացրի:

Յատուկ Երաժշտություն
Ջութակի կոնցերտ ռե մինոր
Արամ Խաչատրյան

Ջութակի կոնցերտ ռե մինոր

Պատշգամբում
Պատշգամբում
Խաղա առցանց