Ակսել Բակունց

Խոնարհ աղջիկը

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում Էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել Էր ձիերի մուգ կապույտ վիզը։

Արահետն օձապտույտ ոլորվում Էր։ Ինչքան հեռանում Էինք գյուղից, այնքան ավելի խտանում Էր անտառը, հանդիպում Էինք հաստաբուն ծառերի, որոնց ճյուղերն իրար Էին խառնվել և կախվել արահետի վրա։ Հաճախ Էինք կռանում թամբից, գրկում ձիու վիզը, որպեսզի կախ ընկած ճյուղերը չքերծեին մեր դեմքը, և փշերը չծակծկեին։

Լուռ Էինք։ Ես մտրակի ծայրով զարկում Էի ծառերի տերևներին, պոկում տերևները կամ թափահարում ծառի կախ ընկած ճյուղերը, և գիշերվա ցողը անձրևի նման թափվում Էր ձիու վրա, ինձ վրա։

Ընկերս կամաց սուլում Էր մի երգ և ձիու քայլերի համեմատ թամբի վրա օրորվում։

Այս կածանով տասներկու տարի առաջ գնացի Ձորագյուղ, ասաց ընկերս։ Թվում Էր, թե ինքն իրեն Էր խոսում։

Նայեցի նրան։ Ժպտում Էր. կարծես միտն Էր ընկել մի դեպք, որին ականատես են եղել արահետը և հին անտառը։

Ես հարցրի, թե ո՞ր քամին էր նրան շպրտել հեռու ձորերում ընկած այն գյուղը։

Հենց այդ օրը բանտից նոր էի դուրս եկել։ Տասնյոթ-տասնութ տարեկան երիտասարդ էի։ Անքան եռանդ ունեի աշխատելու և այնպիսի կորով... Եթե մնացած լինե՜ր այդ երիտասարդությունը։

Արահետը վերջացավ և անտառի խորքում խառնվեց ավելի լայն ու փափուկ ճանապարհի, որ գալիս էր գետերի հովիտներից։ Ձիերը կանգ առան, խոր շնչեցին և ապա շարունակեցին քայլերը։

Գիտեմ, երբեմն մարդու հիշողության մեջ մի դեպք այնպես է մեխվում, որ տասնյակ տարիներ հետո էլ հիշում ես նույնքան պայծառ, ասես երեկ ես տեսել։ Մարդ մոռանում է անունը, տեղն ու տարին, թե երբ է տեսել այդ գլուխը, աչքերը. մոռանում է մանրամասնությունները, սակայն մնում են միայն գլուխը, աչքերը. կարծես մինչև մահ գերեզման անջնջելի պիտի մնա այդ առաջին տպավորությունը:

Նա ինձ չթողեց, որ հարցնեի այդ դեպքի և նրա անջնջելի տպավորության մասին, որ այդ րոպեին լույս էր տալիս նրա հիշողության մեջ, ինչպես արևի ոսկե շողը՝ ձառերի մթնում։

Շատ պարզ հիշում եմ այն օրերը, երբ որոշեցի Ձորագյուղ գնալ։ Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանակ չերևալ այնտեղ։ Ես սիրով ընդունեցի բարեկամիս առաջարկը` ուսուցիչ լինել այդ հեռու գյուղում։ Երկու միտք ինձ ոգևորում էր։ Նախ` որ ոչ մի աչք չի հետևի, հետքերս չի փնտրի, և երկրորդ` գյուղում պիտի աշխատեի։

Երբ որ դպրոցների տեսուչն ինձ պատմեց Ձորագյուղի մասին, թե տեղն անառիկ է, օդը լավ, կողքին մթին անտառներ կան, որտեղ առատ է որսը, ես իսկույն համաձայնեցի։ Կարծեմ նույն օրն էլ ճանապարհ ընկա։

...Ձմռան սկիզբն էր, ձյունը նոր էր եկել: Գիշերը հասանք այս արահետին և բաժանվեցինք անտառի գլխավոր ճանապարհից: Լուսնյակի տակ ձյունը շափաղ էր տալիս, սպիտակ մարմար էր, որի մեջ արտացոլում էին ծառերի սև բները։ Ձորագյուղի ձիապանը արահետի գլխից մատը մեկնեց ներքևի ձորը.

Հրեն է՜, մեր գյուղը։

Ձյունի սպիտակության վրա վերևից ես նշմարեցի փոքրիկ սև կետեր։ Գյուղի տներն էին, խոտերի և աթարի դեզերը։ Մի տան պատուհանից ճրագի սպիտակ լույս էր երևում, կարծես այդ մթին ստվերների մեջ մոլորվել էր մի մանրիկ աստղ։ Մի քիչ իջանք լանջով, և լսելի եղավ շների զրնգան հաչոցը, որ անտառում արձագանք էր տալիս, ինչպես կացնի զարկերը։

էն մեր Բողարի ձայնն է, ասաց ձիապանը։ Ձին էլ կարծես հասկացավ, որ գյուղի մոտ է, որ Բողարն է հաչում, և քայլերն արագացրեց։

Իսկ ինձ թվում էր, թե գնում եմ շատ հեռու երկիր, որի մասին հեքիաթի պես պատմում էր աշխարհագրության դասատուն։ Մանուկները հաճախ ցնորում են հեռավոր երկրների մասին, ուր կարմրամորթ մարդիկ են ապրում, ծառերի վրա՝ գույնզգույն փետուրներով թռչուններ: Եվ երբ նրանք տնից հեռանում են, նրանց թվում է, թե շատ մոտ է ցնորքի այդ աշխարհը։

Ես էլ այդպես էի մտածում, թեև արդեն պատանի էի: Երևի անտառն էր այդպես տրամադրում, ձմեռային գիշերվա վեհությունը, քարաժայռերի անձև կերպարանքը և այն անորոշ ձայները, որ գալիս էին ձորերից ու անտառից։ Գուցե և հոգնածությունն էր մշուշել իմ գիտակցությունը։ Չեմ հիշում, միայն գիտեմ, որ առաջին անգամ Ձորագյուղ գալը դարձավ իմ կյանքի լավ գիշերներից մեկը։

Ձիապանն ինձ տարավ իրենց տունը։ Ինչպե՜ս անուշ մրափեցի թոնրի մոտ, քուրսու վրա: Բավական ուշ աչքս կիսաբաց արի ու նայեցի երդիկին։ Ձմռան գիշերից մի քիչ դեռ կար։ Ես նորից փաթաթվեցի վերմակի մեջ, ոտքերս կախեցի տաք մոխրի վրա, և քնի ու երազի սահմանում օրորվեց գիշերվա անիրական աշխարհը։

Ամաչեցի, երբ աչքերս բաց արի։ Վաղուց զարթնել էին մյուսները և սպասում էին ինձ, որպեսզի թոնիրը վառեն։

Դուրս եկա. բակից տեսա գյուղը, գիշերվա մեր ճանապարհը։ Հավաբնի մոտ Բողարը հաչեց ինձ վրա։ Նրա հաչոցն այլևս ահավոր արձագանք չուներ և ոչ էլ կախված ժայռերն էին տձև։ Ձյունի վրա, կտուրների կարասների վրա շողում էր ձմեռվա նարնջագույն արևը, երդիկներից ծուխ էր բարձրանում։

Ինձ նույն օրն էլ տեղավորեցին մի տան մեջ, որտեղ և պիտի ապրեի։ Տան տերը՝ Օհան ապերը, նահապետական բարքով մարդ էր։ Հիմա մեր գյուղերում նրա նման մարդիկ այլևս չկան։ Ձմեռը նստում էր բուխարու մոտ, չոր փայտը դարսում կողքին։ Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ և պատմություններ անում շահի ժամանակից, անցած, գնացած օրերից, որսից և անտառից: Իսկ եթե ոչ ոք չէր լսում նրան, մենակությունից թե ձանձրույթից, բուխարու առաջ բաց էր անում շարականի գիրքը:

Տանը չորս հոգի էինք: Ես, Օհան ապերը, նրա պառավ կինը և տասը տարեկան Աշոտը, որ հավատարիմ ընկերս էր, երբ գնում էինք դպրոց, որովհետև շները ինձ վարժ չէին, հաչում էին կտուրներից և հետևի ոտքերով մաղում ինձ վրա:

Դպրոցը գյուղի ծայրին էր, բլրակի վրա: Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր: Մի ընդարձակ սենյակ էր, փայտե հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատից՝ գրատախտակը: Անսվաղ պատերին ուրիշ ոչ մի զարդ չկար: Պատուհաններին ապակու տեղ խմորով փակցրել էին յուղած թուղթ:

Միակ ժամացույցն ինձ մոտ էր: Մի օր բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ընկա սառույցի վրա, գրպանիս մեջ ժամացույցը փշրվեց և մինչև տարվա վերջը մնացի առանց ժամացույցի: Արև օրերին ստվերով էինք ժամ որոշում, թխպած ժամանակ՝ երբ հոգնեինք:

Երկու շաբաթ հետո քառասունի չափ իմ աշակերտներին անունով էի կանչում, շատերի տունը գիտեի, ոմանց ծնողներին ճանաչում Էի։ ժիր երեխաներ Էին, բոց աչքերով, և այնքան արագ ընտելացանք իրար:

Օրապահի զանգին ես իջնում էի տան սանդուղքով, բլրակի գլխին չհասած տեսնում էի դպրոցի առջև խմբված երեխաներին։ Խմբով Էլ ներս Էինք մտնում։

Դասերից հետո ես համարյա միշտ տանն Էի։ Օհան ապերը գնում Էր գոմը՝ տավարին ապուռ տալու։ Աշոտը մարագից քթոցով դարման էր կրում, պառավը վառում էր օջախը կամ լվանում ընթրիքի ձավարը։ ՕՀան ապոր չոր ցախերը դարսում էի բուխարիկում, պառկում կրակի առաջ և նայում, թե ինչպես են մոխրանում փայտի կտորները, ինչպես կրակի լեզվակները կայծերը թռցնում էին երդիկով։

Մութն ընկնելուց գալիս էին Աշոտն ու Օհան ապերը, տրեխները հանում ու նստում կրակի մոտ։ Եվ մինչև պառավը ձավարի ճաշը եփեր, Օհան ապերը սկսում էր մի հին պատմություն, որի վերջը լսելու համար ես և Աշոտը երբեմն խանգարում էինք նրա քունը։

Հա, որտե՞ղ մնացի, – արթնանում էր և, մինչև մենք հիշեցնեինք գանգատվում էր.

Պառավել եմ, քունս շուտ է տանում: Եվ շարունակում էր կիսատ պատմությունը։

***

Ես ուշադիր լսում էի ընկերոջս, և թեպետ ծառերը դարձյալ ճյուղերը կախել էին ճանապարհի վրա, բայց այլևս մտրակով չէի պոկում նրանց տերևները։ Արևը բավական բարձրացել էր, ցողի կաթիլները գոլորշիացել էին։

Ձորագյուղում մի որսորդ կա, վիզը ծուռ Անտոն են ասում։ Հիմա էլ մնում է, թեպետ բավականին ծեր է։ Նրա աչքերը լավ չեն տեսնում, դրա համար էլ որսի չի գնում։

Նրա մասին Օհան ապերը շատ էր պատմում։ Անտոնը մի անգամ անտառում արջի հետ է կոխ կացել, արջը ջարդել է նրա հրացանը, կռացել է, որ գերանը վերցնի Անտոնին խփելու, բայց նա սպանել է արջին։ Օհան ամին պատմում էր, թե ինչպես է նա բնում աղվեսին բռնել։

Իրեն որ տեսնես կզարմանաս։ Լղար, բոյը կարճ, վիզն էլ ծուռ։ Կարծես որ բամփես, տափին կփակչի, - ասում եր Օհան ապերը նրա մասին:

Ես մտքումս դրել էի նրա հետ որսի գնալ, թեև մինչ այդ որս քիչ էի արել: Պառավը խոստացավ խնդրել հարևանի կայծքարով հրացանը:

Հենց հաջորդ կիրակի, առավոտ կանուխ, երբ երդիկներից դեռ նոր էր բարձրանում ծուխը, ես և Անտոնը բռնեցինք անտառի ճանապարհը: Այդ օրը ես չորս անգամ կրակեցի: Կրակոցից ծառի ճղներից ձյուն թափվեց, բայց իմ վառոդը չխանձեց ոչ մի աղվեսի մորթի:

Անտոնը սիրտ էր տալիս, թե առաջին անգամ այդ էլ շատ է: Բայց ես տեսնում էի նրա ծաղկատար դեմքի խորամանկ ժպիտը: Ինքը մի ծեր աղվես սպանեց և երկու մոշահավ: Ծեր աղվեսն այնքան չարչարեց մեզ:

Անտոնը կրակեց, մուխի մեջ ես տեսա, թե ինչպես աղվեսը գլորվեց: Վրա վազեցինք, աղվեսն ատամները կրճտացրեց, փոչը կախեց ետևի ոտքերի արանքը և փախավ: Ձյունի վրա մնացին նրա հետքերը և արյան շիթեր: Մի քանի տեղ ուժասպառ ընկել էր, արյունն ավելի շատ էր հոսել, և ձյունի վրա թափվել էին մորթու մազերը:

Աղվեսին փնտրելու ժամանակ Անտոնը մի մոշահավ էլ սպանեց: Միասին վազեցինք դեպի այն կողմը, և փոսի մեջ տեսանք ծեր աղվեսին, որ կծկվել, կուչ էր եկել ու դունչը մոտեցրել էր վերքին: Երևում էր, որ լիզել է վերքի արյունը: Անտոնը աղվեսին ուսովը գցեց, ես մոշահավերը վերցրեցի, և մենք վերադարձանք:

Ութ-տաս տարեկան մի տղա ցախ էր դարսում ձյունի վրա մեկնած պարանին: Մի քիչ հեռու կանգնել էր մի աղջիկ՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին: Նրանք մեզ ավելի վաղ էին տեսել և կանգնած նայում էին:

Ահա այդ դեմքն էր, որ մեխվել էր հիշողությանս մեջ, թեև այն օրից անցել էր տասներկու տարի և այն էլ ի՜նչ տարիներ:

Ընկերս լռեց. ես նրա դեմքին տեսա երանության նույն ժպիտը, ինչպես առաջին անգամ, երբ մենք դեռ բարձրանում էինք արահետով:

Ասես աչքի առաջ, ձյունոտ անտառում տեսնում էր աղջկան, ձեռքին չոր ցախը:

Տեսա ու կանգնեցի, - դանդաղ շարունակեց նա,- և թեպետ Անտոնն ասաց ում աղջիկն է, ասաց, որ ցախի են եկել, բայց ես նրան չէի լսում: Հիշում եմ, որ մի անգամ էլ, երբ բացուտն անցանք և իջնում էինք գյուղի կալերի վրա, ետ նայեցի: Գլուխը խոնհարեց ու փշրեց ձեռքի ճյուղը:

Մեր տան պատշգամբից ես տեսա աղջկան՝ ցախը շալակին: Մեր տան հետքերով իջան կալերի վրա: Մոխրագույն շորեր ուներ, գլխին՝ տանը գործած բրդե շալ: Ես պատշգամբից նայում էի այն կողմ, իսկ Օհան ապերը հարցնում էր մոշահավերի մասին, Աշոտը նրանց փետուրներն էր պոկում, և ես կցկտուր պատասխան էի տալիս և աչքի տակով հետևում, թե ո´ր տունը պիտի մտնի ցախով աղջիկը:

Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մյուս օրն իմացա, որ նրա փոքր քույրը սովորում է դպրոցում:

Հենց այդ օրից էլ գլխին կարմիր շոր կապած աղջիկը, որ մինչ այդ իմ քառասուն աշակերտներից մեկն էր, բոլորից ջոկվեց և իմ աչքում դարձավ այն կետը, որի շուրջը պտտվում էր իմ ներքին աշխարհը:

Ուզում էի իմանալ աղջկա անունը: Հորինեցի մի դաս, երբ աշակերտները պատմում էին իրենց ընտանիքի անդամների մասին: Եվ որովհետև նրանք երկու քույր էին, դժվար չէր իմանալ, որ անտառում տեսած աղջկա անունը Խոնարհ էր: Մյուս աշակերտներն էլ մատ բարձրացրին իրենց տան մասին պատմելու և զարմացան, երբ ես գրատախտակին գրեցի գումարման նոր վարժություն:

Խոնարհ, Խոնարհ... Նայում էի գրատախտակի թվերին, աչքերիս առաջ բրդե շալով աղջկա գլուխը, ոտքերը ձյունի մեջ և ձյունի ճերմակության վրա օձի պես սև պարանը:

Այդ դեմքը մերթ սուզվում էր անդունդը, որը սովորական էր դառնում, հիշում էի, որ անտառում մի ծեր աղվես ենք սպանել, երկու մոշահավ: Մեկ էլ դեմքը մոտենում էր, կանգնում էր աչքիս առաջ և ես ճգնում էի իմանալու՝ ժպտա՞ց աղջիկը, երբ ետ նայեցի, թե՞ միայն ինձ թվաց:

Անտոնի հետ մի անգամ էլ որսի գնացի: Բացուտին երբ հասանք, ես մոտեցա այն գերանին, որի մոտ կանգնել էր աղջիկը: Որսորդն իմ հետևից կանչեց, թե ճանապարհը աջ է ծռվում: Գերանի մոտ ձյունը ծածկել էր աղջկա հետքերը: Ոչինչ չէր երևում: Միայն ծառի տակ ընկած էր մի չոր շյուղ: Կռացա վերցրի:

Վերադարձին եկանք գյուղի ծուռումուռ փողոցներով, որպեսզի անցնենք նրանց տան առաջով: Այն թաղի շները հաչոցով ինձ վրա վազեցին: Բայց և այնպես կիսաբաց դռնից նրան տեսա բակում՝ գրկին մի խուրձ խոտ: Ինձ տեսավ՝ դեմքն իսկույն մյուս կողմ դարձրեց, տուն մտավ: Ես նկատեցի, թե ինչպես կարմրեց նրա դեմքը:

Այդ օրն այնքան ուրախ էի: Օհան ապերն էլ նկատեց իմ ուրախությունը և ծիծաղելով ասաց, թե վիզը ծուռ Անտոնի հետ անտառում երևի մի օյին ենք սարքել: Ընթրիքից հետո բուխարու մոտ երբ նա ննջեց, ես արագ թերթեցի նրա շարականի գիրքը, բրդե թելը ուրիշ թերթի արանքում դրի, որպեսզի առավոտյան Օհան ապերը զարմանա, թե ե՞րբ կիսեց շարականի հաստ գիրքը, կարդա ու կասկածով նայի մեկ ինձ, մեկ՝ Աշոտին:

Ձմեռվա ընթացքում Խոնարհին երկու անգամ տեսա: Մի ամիս հիվանդ էր և առողջացավ բարեկենդանի տոներից առաջ: Ես շատ անգամ էի նրա մասին հարցնում նրա քրոջից: Եվ ամեն անգամ տարբեր պատրվակով, հեռվից հեռու, շատ անգամ իբր թե պատահաբար, մեջ բերելով ուրիշ խոսք:

Դժվար էր միշտ պատրվակ գտնելը: Հիշում եմ, երբ երեք օր տեղեկություն չունեի, քաշվում էի հարցնել: Հանկարծ փոքրիկ աղջիկը գնար և տանն ասեր... Չորրորդ օրը սովորականից շուտ եկա դպրոց: Քույրը դեռ չէր եկել: Կանգնել էի մուտքի դռան մոտ: Աշակերտները վառարանի մոտ տաքանում էին: Աչքս բլրակին էր: Հանկարծ երևաց քույրը, ինձ տեսավ և կարծեց, թե հանդիմանելու եմ ուշանալու համար: Աղջիկը քայլերը արագացրեց և ինձ երբ հասավ՝ շնչակտուր ասաց.

Խոնարհն արդեն վեր է կացել...

Հետո ես իմացա, որ նա դեռ չորս օր պառկել է: Աղջիկը սուտ էր ասել:

Բարեկենդանի մի օր Խոնարհին տեսա: Մեր դիմացի կտրան աղջիկները խաղում էին, իրար ձյունով տալիս և երգեր ասում: Շատերի ձեռքին խնձոր կար: Նրանք նոր շորերով էին՝ կարմիր, կապույտ, կանաչ: Նրանց մեջ էր Խոնարհը. նրա հագին երկար զոլերով կարմիր չիթ էր: Ձեռքերը պահել էր գոգնոցի տակ, կանգնել էր կտուրի ծայրին և նայում էր ավելի փոքրահասակ աղջիկներին, որոնք զվարթ ծիծաղով իրար հրմշտում էին և վազվզում կտուրների վրա:

Պատշգամբից ես նրան գունատ տեսա և մի քիչ նիհար: Նոր շորերի մեջ նա երևաց ավելի բարձրահասակ, մեջքը բարակ: Կապույտ գոգնոցի թելերը մեջքին հանգույց էր արել: Պատահմամբ նայեց պատշգամբի կողմը, տեսավ ինձ, հեռացավ կտուրից և խառնվեց աղջիկների խմբին:

Նորից տեսա Խոնարհի սպիտակ դեմքը, մանրիկ աչքերը: Կարմիր շորերով այդ աղջիկը ինձ թված որպես մի բարձրահասակ երեխա՝ գլխին նույն բրդե շալը, ինչ որ առաջ: Տուն մտա, նրան չխանգարելու համար, որովհետև մյուս աղջիկները քչփչացին, փոքրահասակներից մի քանիսը, որոնք դպրոցում սովորում էին, գոգնոցով իրենց դեմքը ծածկեցին և պահվեցին ինձանից:

***

Անտառն արդեն վերջացել էր և սկսել լեռնային փարթամ մարգագետինը, որի հատուկտոր թփերը ապացույց էին, թե ժամանակին մարգագետնի սևահողում աճել է կաղին:

Կանաչների միջով հոսում էր գետակը, որի ակունքները անտառի մթին ձորերի աղբյուրներն էին: Դրա համար էլ գետակի երեսին, կանաչ խոտերի հետ լողում էին չոր տերևներ:

Ձիերը հոգնել էին: Լեռնային կանաչը գրավիչ էր և´ մեզ, և´ հոգնած ձիերի համար:

Իջնենք, ձիերը թող հանգստանան, - ասաց ընկերս: Ձիերը լեզվով դուրս հրեցին սանձի երկաթները և ագահությամբ պոկեցին խոտը: Մենք պառկեցինք գետակի ափին, խոտի վրա:

Օհան ապերը գրքեր շատ ուներ, հին գրքեր: Մի կիրակի պատշգամբում նստած կարդում էի նրա հին գրքերից մեկը, կարծեմ Հուստինյանոս թագավորի մասին: Ձյունը դեռ չէր հալվել, բայց արևի ջերմությունը արդեն զգացվում էր, որ գարունը հեռու չէ: Այդպիսի օրերին կատուն էլ է հեռանում թոնրի տաք քարից և աչքը փակած պառկում արևի տակ:

Մեկը բարձրանում էր սանդուղքով: Գլուխս վեր հանեցի: Գիրքը ձեռքիս դողաց: Կողքիս կանգնել էր Խոնարհը և մատներով խաղում էր գոգնոցի եզրի հետ: Երբեք նա ինձ այդքան մոտ չէր կանգնել, դրանից էր, որ գրքի տառերը շեղվեցին, և գիրքը դողաց:

Հայրս խնդրում է ճաշի գաս մեր տունը:

Ինքս էլ չգիտեմ, թե ինչու, պատճառ բռնեցի գիրքը, ասեցի, որ չեմ կարող գալ: Խոնարհը ձեռքի արագ շարժումով գիրքս ծալեց, և ես դեռ ուշքի չեկած, բակից կրկնեց հոր խնդրանքը:

Չգնացի, բայց գիրքն էլ բաց չարի: Անելիքս չգիտեի:

Փորձեցի տետրակներն ուղղել, չկարողացա: Օհան ապերը եկավ և մինչև իրիկուն միասին էինք: Այդ օրը ես նրա հետ գոմը գնացի՝ կովերին խոտ ու դարման տալու:

Չգիտեմ, ամեն տարի Ձորագյուղում գարունն այնքա՜ն սիրուն է, ինչպես այն տարին: Քարերն էլ էին շնչում գարնան բույրը: Անտառի հազարավոր լորենիների հոտը գիշեր-ցերեկ գյուղի վրան էր: Երբ դասերից հետո պառկում էի անտառում, լորենիների տակ, գլուխս պտտվում էր:

Ձորակներում հիմա էլ կան այգիներ: Գարնանը ուռել և հասել էին խնձորենու բողբոջները: Հարկավոր էր մի շաբաթ տաք եղանակ, որպեսզի բացվեին խնձորենու ծաղիկների կարմիր թերթիկները և ձորակները բուրեին: Հեռվից ծաղկած ծառերի սպիտակ ճյուղերը երևում էին ձյունով ծածկված, ասես գարունը ձյուն էր թափել ծառերի վրա, գունավոր և հոտավետ փաթիլներով ձյուն:

Գյուղի փողոցներից արևը գոլորշիացնում էր աղբաջուրը, կովերը ջրի գնալիս շլանում էին արևի լույսից, մռնչում էին արջառները, հոտոտում, դես ու դեն վազում և ոտքով փորում թաց գետինը: Եվ ինչ դժկամությամբ էին նրանք ներս մտնում գոմի ցածր դռնակներից:

Գարնան օրերը հիշեցնում էին ինձ, որ շուտով մայիս է: Դպրոցն արձակելուց հետո նույն ճանապարհով պիտի վերադառնամ և էլ երբե´ք, երբե´ք չպիտի տեսնեմ Ձորագյուղը:

Նրանց տուն չգնալու համար փոշմանել էի: Մի օր էլ փողոցում մայրը հանդիմանեց, որ հրավերը չեմ ընդունել: Ես ուզում էի, որ մեկ էլ կանչեր, թեկուզ մի թեթև ակնարկ աներ:

Այն ժամանակ սովորություն կար տարեվերջին դպրոցում կազմակերպելու հանդես: Ես էլ էի պատրաստվում, աշակերտները սովորում էին երգ և ոտանավոր: Հետո մեծահասակ աշակերտները տախտակներ բերին, տներից հավաքեցին գորգ ու կարպետ և սարքեցին բեմ: Աշակերտներին պատվիրել էի, որ շատ մարդու կանչեն: Եվ ամեն անգամ աչքս նրա քրոջ կողմն էր:

Կիրակին եկավ: Գուցե և ոչ մի տարի այս օրը այնքան բազմություն չէր հավաքվել գյուղի դպրոցում: Բաց պատուհաններով գարունը այգիներից բերում էր ծառերի բույրը, դպրոցի կտուրի տակ սարյակները բնից բույն էին թռչում աշխույժ ճռվողույնով: Նրանք էլ էին զուգվել և այնպես փայլում էին սարյակների սև փետուրները:

Բազմության մեջ ես միայն մի գլուխ էի տեսնում և այս անգամ առանց շալի, մազերը կիսած և խնամքով սանրած: Եվ ի՜նչ բարակ էին նրա շրթունքները:

Ընդմիջումից հետո հանդեսի երկրորդ մասը պիտի սկսվեր մի բանաստեղծությամբ, որ արտասանելու էր նրա քույրը: Կարպետը շարժվեց, բեմի ետևում երևաց Խոնարհը, իր գլխի սանրով կոկեց քրոջ մազերը:

Մանկան զիլ ձայնով և համարձակ փոքրիկը ինչ-որ բան էր ասում: Բազմությունը լուռ լսում էր: Չէի լսում ես: Կողքիս Խոնարհն էր: Նրա աչքերում ուրախության ժպիտ կար: Աչքերը փայլում էին սարյակի փետուրների նման սև: Ձեռքը բռնեցի:

Խոնարհս... - Ձայնս դողաց:

Թո´ղ,- ասաց ու ձեռքը մեկնեց քրոջը, որ ավարտել էր արտասանությունը և որի դեմքը անսովոր հաճույքից կարմիր էր: Դահլիճում ծափահարում էին. ոմանք անսովոր ձայներով, նույնիսկ ձեռնափայտի շարժումով գոհունակությունն էին հայտնում:

Քիչ հետո հանդեսը վերջացավ: Ինձ թվաց, թե հանդեսը տխուր անցավ և պղտորվեց գարնան օրը: Ականջիս տակ նրա խոսքն էր՝ թո´ղ: Ձեռքիս էի նայում և ուզում էի ստուգել ՝ բռնե՞լ եմ արդյոք նրա ձեռքը: Ինչո՞ւ այդքան ջերմ էին նրա մատները:

Հանդեսից հետո Խոնարհին մի քանի անգամ տեսա: Պատահմամբ իմացա նրանց այգու ճանապարհը: Դասերից հետո գնում էի ձորը, պառկում Օհան ապոր այգու կապույտ քարին, որից վերև ցանկապատի կողքով նա պիտի վերադառնար իրենց այգուց: Ոչ մի խոսք չէի կարող նրան ասել, թեկուզ մի քանի անգամ տեսա ցանկապատի հետև: Հայրը գնում էր առջևից չոր ցախի կապը մեջքին, աղջիկը նրա հետևից, ջրամանն ու հացի շորը թևի տակ: Հետո գիրք էի առնում, բայց չէի թերթում ոչ մի էջ, որովհետև ամեն ոտնաձայնին նայում էի ճանապարհին:

Մի անգամ միայն ցանկապատի հետևից ինձ նայեց և ժպտաց: Թվաց, թե հացի շորը դիտմամբ վեր գցեց, որ կռանա և մի քիչ ավելի կանգնի: Գուցե այդպես չէր, գուցե իրոք շորը սահեց, ընկավ: Նույն աչքերն էին, ինչպես բարեկենդանի օրը կտուրի վրա: Նրա աչքերի մեջ մանկական արտահայտություն կար թեև տասնհինգ տարեկան էր, և ամուր կոճկած զգեստի տակ երևում էր հասուն կուրծքը:

Ընկերս լռեց: Ձեռքով տրորեց ճակատն ու աչքերը, ասես ուզում էր հեռացնի այն դեմքը, որ հին տարիներից ժպտում էր այդքան պայծառ:

Գարնան ջինջ երկնքի վրայով սահում էր մի սպիտակ ամպ, ասես արար աշխարհին հպարտությամբ ցույց էր տալիս, որ անհաս բարձունքում լողանում է արևի շողերի մեջ:

Եկավ և վերջին օրը: Դպրոցն արդեն արձակել էի. աշակերտներին բաժանել էի հին տետրակները, վերադառնալու պատրաստություն էի տեսնում: Օհան ապերը առավոտը շարական չէր կարդում: Վաղ լուսաբացին նա գնում էր այգի, կամ վարուցանքի հոգսի հետևից էր:

Հրաժեշտը դժվար էր: Տանն ընտելացել էին ինձ, ես դառել էի մտերիմ մարդ և´ Օհան ապոր, և´ Աշոտի, և´ պառավ նանի համար: Բակում ձիապանը բարձում էր իրերս, նանին պայուսակի մեջ դարսում էր գաթա և ճանապարհի պաշարը:

Խոնարհին մի քանի օր չէի տեսել: Ինձ թվում էր, թե ես նրան էլ չեմ տեսնելու: Եվ մի անգամ էլ տեսնելու պահանջը ինձ ստիպեց արագ-արագ անցնել գյուղի փողոցներով, մի վայրկյան կանգ առնել նրանց տան առաջ և բաց դռնով նայել բակին:

Խոնարհին բակում չտեսա: Փողոցում մարդ չկար, բոլորն աշխատանքի էին, արտերում սկսվել էր քաղհանը, այս ու այն սարալանջին լսվում էր հորովելի ձայնը: Մի տեղ աշունքվա մուգ կանաչ արտերն էին, մի տեղ գարնան սև ցելը:

Օհան ապերը մի քանի խրատներ կարդաց: Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: Նանին ձիապանին պատվիրում էր ինձ տանել և զգուշ մնալ, որ պայուսակը չընկնի, միևնույն ժամանակ գոգնոցով սրբում էր թափվող արցունքը:

Անցանք փոքրիկ ձորակը, աղբյուրը և ուռենու հաստ նովը, որ ձմեռը կովերը ջուր էին խմում: Ահա և Օհան ապոր այգու դռնակը: Արագ բարձրացա ձորակով, դռնակը բաց արի, մոտեցա այգու կապույտ քարին, ցանկապատի հետևը մարդ չկար: Այգում խաղաղություն էր, ծաղկաթափ էին ծառերը և բողբոջների փոխարեն նշմարվում էին կանաչ ու մանրիկ պտուղները:

Դպրոցի մոտ երեխաները խմբվել էին: Նրանք ինձ տեսան ու իջան բլրակով: Որպիսի՜ միամիտ պարզությամբ նրանք ինձ բարի ճանապարհ ասեցին: Մի քանիսը ծաղիկներ էին բերել: Հենց որ մեկը մեկնեց ծաղիկը, մյուսներն էլ հետևեցին օրինակին:

Աղջիկներից ոմանք լաց եղան: Նրանք և´ ժպտում էին, և´ ժպիտի հետ սրբում արցունքը, որ ծորում էր աղբյուրի պես: Լաց էր լինում և Խոնարհի քույրը:

Մեկը՝ թե "Ուսուցիչ, մեզ չմոռանաս": Լավ հիշում եմ Ճուտիկին, որ միշտ դպրոց էր գալիս հոր մեծ փափախը գլխին և երկար հնամաշ տրեխներով: Որբ էր Ճուտիկը, լռիկ-մռիկ մի երեխա, որին բոլորը սիրում էին: Խմբի մեջ Ճուտիկն էլ էր: Մյուսների պես նա մոտեցավ ձեռք տալու, տրեխի ծայրերն իրար դիպան, քիչ մնաց ընկներ: Ճուտիկը փաթաթվեց ծնկներիս: Մեծ փափախի տակից տեսա նրա խելոք աչքերը: Եվ այնքան խեղճություն կար Ճուտիկի աչքերում:

Ձիապանի կանչն ինձ հիշեցրեց, որ ժամանակն է հրաժեշտ տալու: Մանուկները մի անգամ էլ ձեռք տվին: Կռացա և համբուրեցի Ճուտիկի ճակատը, ինչպես Օհան ապերը՝ իմ ճակատը: Իմ աչքերում արցունք երևաց, արցունքի միջից մի անգամ էլ տեսա այգու դռնակը, դպրոցի ներկած թիթեղները: Հետո ծառերը ամեն ինչ ծածկեցին:

Քայլում էի ձիապանի հետևից: Մինչև զառիվայրի սկիզբը ճանապարհն անցնում էի փոքրիկ տափարակով: Կանաչ արտերում քաղհան էին առնում: Մի քիչ վերև, սարալանջին, եզները դանդաղ քաշում էին արորը, և հանգստացած հողը շրջում ակոսի մեջ: Արտերում կանաչի մեջ երևում էին կարմիր կապույտ ծաղիկներ: Բացվում էր պուտը:

Սպիտակ քարի մոտ, գոգաձև ընկած երկարադարձ արտերում քաղհան անող կանանց մեջ տեսա Խոնարհին: Մեր հայացքները իրար հանդիպեցին, և ես նրա աչքերում ժպիտ չտեսա: Ի՞նչ էր ասում. նրա համար դժվա՞ր էր, որ ես հեռանում եմ Ձորագյուղից, չէ՞ որ ինձ ոչինչ, ոչինչ չէր ասել այդ խոնարհ աղջիկը: Հագին նույն գորշ զգեստն էր, ինչպես առաջին անգամ անտառում: Արտի մեջ կանգնել էր, ձեռքին քաղհան բիրը, կարմիր պուտ և մոլախոտի մի կապ:

Ոչինչ չասացի, հեռացա: Արահետով բարձրանալիս միշտ ետ էի նայում: Կռացած կանայք կանաչին ընկած թռչունների էին նման: Եվ այդ երամից մեկը, գորշ շորերով մի աղջիկ, ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին: Ձորի գլխին կանգնեցի, և երբ աղջիկը մի անգամ էլ բարձրացավ, նայեց իմ կողմը, ձեռքով արի: Խոնարհն իսկույն կռացավ արտի վրա: Ես արագացրի քայլերս ձիապանին հասնելու:

Երբ ընկերս լռեց, ինձ թվաց, թե գետակը նույն հանգով է պատմում, խոսում է նույն կերպ, ինչպես նա, որ մեջքին ընկած փակ աչքերը երկնքին, անգիր ասում էր մի ծանոթ պատմություն, գրված Օհան ապոր հին գրքերում:

Վեր կացա, թուլացրի ձիու թամբի կապերը: Ձիերը հագեցել էին կանաչից և մեզ նման մեկնվել էին գարնան արևի տակ:

Հետո տասներկու տարի... Եվ ի՜նչ տարիներ: Կռիվ, քաղց, երկրներ ու քաղաքներ, հազարավոր դեմքեր տարբեր ցեղից, անցքեր՝ մեկը քաղցր, մյուսը դառը հիշողության հետ կապված... Եվ նրանց մեջ Խոնարհի դեմքը, ցանկապատի փշերի արանքից երկու մանրիկ աչքեր, որպես սև ձիթապտուղ, և բարա՜կ կարմիր շրթունքներ:

Հանկարծ ընկերս կողքի դարձավ, վիզը ձգեց իմ կողմ: Նրա աչքերն ավելի մեծացան:

Գիտես, որ Խոնարհին տեսա:

Ե՞րբ:

Երեկ: Վերին գյուղում: Դու քնել էիր, դպրոցի բակում հավաքվել էին գյուղացիները: Խոսում էին հողի մասին, գանգատվում էին, որ հողը առաջվա բերքը չի տալիս: Այս տարվա ժանտախտից էին խոսում: Շատ կովեր են սատկել, ոմանք ցել անելու եզ չունեն: Հետո ինձ մոտեցավ մի կին, ցնցոտիների մեջ, ոտերը բոբիկ, ոտքերի կաշին ճաքճքած: Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա: Նրանք մերթ ինձ էին նայում, մերթ մորը:

Կինն արցունքն աչքերին չորս փութ ցորեն էր խնդրում, մինչև հունձը:

Հետո մի ճար լինի,- ասաց:Ամուսինն անցյալ տարի է մեռել: Ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը: Իսկ տանն ուրիշ աշխատող չկար:

Ես ճանաչեցի Խոնարհին... Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլի: Ես ճանաչեցի Խոնարհին... Բայց չգիտեմ, նա ինձ ճանաչե՞ց, թե ոչ:

...Անխոս նայեցինք ձիերին և անցանք գետակը: Արևն արդեն դեպի մայրամուտ էր կախվել:

Յատուկ Երաժշտություն
Oրորոցային
Ալեքսանդր Սպենդիարյան

Oրորոցային

Ծնողական
Ծնողական
Խաղա առցանց