Ակսել Բակունց

Իվան բեյը

Գավառական մի քաղաք. լայն և ուղիղ փողոցներ, կանաչ խոտ մայթերի վրա, տների առաջ բոստաններ և բարձր, ստվերախիտ ծառեր, որոնց շվաքի տակ իրիկվա հովին նստում են հարևան կանայք, զրուցում, մինչև նախիրը հանդից գա, կիթ անեն, թեյ գցեն ու թեյից հետո խաղան նարդի, հետո՝ խոր քուն, մինչև լուսաբաց, մինչև նոր կիթ։

Մի քաղաք, ուր այսօր երեկվա պես է, վաղն էլ դժվար թե մի բան լինի։ Մի խուլ անկյուն, ուր ավտո տարին մի անգամ է գալիս, փողոցներում մարդ էլ չկա, որ անցնելիս դիպչես։

Լեն ու արձակ, տան կարած վերմակի պես, իրա քեֆին քաշվել է սարերի հետև, միտք էլ չունի մեծ քաղաքին միանալու։ Զարթնում է արևի հետ, մի քիչ շարժվում և երեկոյան նարդուց հետո քուն մտնում։

Այդ փոքր քաղաքում մի խուլ փողոց... տասներկու տուն։ Իրար լավ գիտեն, հարևանի աքլորն էլ են ճանաչում ու գիտեն, թե դրկիցն այսօր ճաշին ինչ է եփել, կամ ինչպես երեկ նրանց տանը մի բաժակ ընկավ, կոտրվեց։

Այդ խուլ փողոցում՝ դարձյալ կանաչ խոտ, ցածլիկ տներ, պատերի տակ բանջար վայրի, ցերեկվա տոթին հաճելի շվաքարան՝ նախիրից փախած հորթերի համար։

Մի պատյան, որի մեջ քաշվում է խխունջը, հենց որ անդուրեկան մի ինչ է շոշափում։

* * *

Իվան բեյի տունը այդ խուլ փողոցի տներից մինն է։ Տան այգին է, փողոցից քարե պատով բաժանված։ Եվ ամեն տարի այգում ու բոստանում փարթամորեն հասնում են արևածաղիկն ու գլուխ սոխը, խնձորն ու սերկևիլը, վայրի խաղողի ճյուղերը, ջղերի պես, փաթաթվում են պատին, կախվում փողոցի վրա։

Ամռան զով երեկոյան Իվան բեյը սիրում էր նստել դարբասի առաջ, քարի վրա և թազբեհի հատիկների հետ խաղալ, մինչև որ տնից ձեն տային, թե սամովարը սառչում է կամ մի հարևան գար, Իվան բեյի հետ նարդի խաղար։

Հե՜յ գիտի ժամանակ։ Ասես երազ էր, իսկի չէր եղել։ Ի՜նչ մարդիկ էին գալիս Իվան բեյի տունը, նրա այգում ինչ քեֆեր են արել, քանի պրիստավ է լեզգինկա պարել խանչալով կամ գինու շիշը գլխին։

Իվան բեյի այգում մի տանձենի կա, բունը ճեղքված։ Տարիների ընթացքում այդ ճեղքվածի շուրջբոլորն ուռել է, հաստացել նեգրի պռոշի պես և սպի կազմել։

Երմոլով պրիստավն էր, թրով ծառը ճղեց,− կասեր Իվան բեյը ու դանդաղ, ծերի դողդոջ ձայնով, ծոր տալով կպատմեր, թե Երմոլով պրիստավն ութ շուն էր պահում, լավ որսկան էր, կնիկն էլ թաթար էր, համեղ խմորեղեն էր պատրաստում։

Հերիք էր հիշողության տուտը բացվեր, կծիկը վերք չուներ։ Ետ կտար, ամեն մի հանգույցի մի պատմություն կաներ ու գլուխը կերերար, աչքերում հին օրերի կարոտը կփայլեր մեղմ, լուսաբացին հալվող աստղի պես։

Տունն էլ էր հին։ Սանդուղքի գերանները փտել էին, տախտակները տեղ-տեղ վայր թափել, ինչպես Իվան բեյի ատամները ժանգոտ, տան սյուների վրա տեղ-տեղ բորբոսը բույն էր դրել։

Սանդուղքով բարձրանալը դժվար էր։ Իվան բեյի ոտքերում առաջվա ուժն էլ չկար։

Հին տանը երկուսով էին ապրում՝ ինքը և պառավ կինը, որ միշտ թոնթորում էր իր վիճակից, ամեն օր ամուսնու երեսով էր տալիս, թե ինչ է շաքարավազ չի բերում, որ ինքը մուրաբա եփի։ Ցավն ավելի էր շատանում, երբ պահարանի դարակների վրա դարսած պնակներն ու մուրաբի դատարկ ամաններն էր տեսնում։

Ծաղկում էր կեռասը, բալը, կարմրին էր տալիս կեռասը, հետո բալն էր սևանում, իսկ իրենք կարոտ էին մնում մուրաբի։ Հարևանի ժիր մանուկներն էին պլոկում Իվան բեյի ընդարձակ այգին, օգտվում նրա բարիքներից և գրպան ու ծոց պտուղներով լցնում, ծլկվում մի ապահով տեղ։ Երբեմն էլ ճղակոտոր էին անում մի ծառ, պտուղ քաղում, իսկ ճյուղը թողնում ընկած, մորթած անասունի պես։

Իվան բեյը տուն էր գալիս, կինը լացակումած կոտրած ճյուղն էր ցույց տալիս և ասում, որ գանգատ տա... Իվան բեյը նայում էր, երերում գլուխը, սուս անում։

Հե՜յ գիտի ժամանակ։ Առաջ ծիտն իր թևով կվախենար Իվան բեյի ծառից մի կեռաս կտցելու։

Այսպես էր մտածում Իվան բեյը, մտքի ծովն ընկնում, լող տալիս դեպի ետ, տասնյակ տարիներ ետ, երբ պրիստավի գրագիր էր, կանցելարի շեմքով ներս մտնելիս գետնին պպզած գյուղացիք պիտի ոտքի կանգնեին, մինչև գոտկատեղ խոնարհ գլուխ տային։

Իսկ ինքը հազում էր խրոխտ, աչքերն աջ ու ձախ ման ածում, տեսնի թե ի՞նչ նոր մարդ է եկել, կամ ո՞վ է երեկվա խոսք տված փեշքեշը բերել։ Նայում էր ու կանցելարի դուռը բաց անելիս, դռան շեմքին արձանի պես կանգնած ծառային ամեն օր հարց անում.

− Ակո՛փ, օթաղս լավ ես սրբե՞լ, տես հա՛․․․

Ու մատը թափ էր տալիս։ Իսկ Հակոբը մեջքն ավելի էր դեմ անում պատին, ձգվում, վիզը երկարում հնդուհավի պես և աչքերը առաստաղին գցելով ասում.

− Հրամել ես, աղա, քո ուզածն ա...

Այդ էր վերհիշում Իվան բեյը դարբասի քարին նստած ժամանակ։ Թազբեհի հատիկների միալար ձայները ասես զանգերի ծանոթ ղողանջներ էին՝ հարազա՜տ ու հին։

Փողոցում, իրիկվա դեմ քամին էր սուրում մեղմ, իրար էին քսվում տերևները վայրի խաղողի․ մի հաճելի խշշոց կար իրիկվա կիսամաթինւ Ւվան բեյր կիսախուփ էր անում աչքերը, այդ ձայնին ունկնդրում։ Այնքան մոտիկ, այնպես հարազատ էին թվում օրերը, որ անցան Երազ էր, ասես չէր եղել...

* * *

− Իվա՜ն, դե եկ էլի, սամովարը սառավ,− ձայն էր տալիս կինը ներսից։

Իվան բեյը տնքալով վեր էր կենում տեղից, թազբեհը պահում գրպանում և դարբասով ներս մանում։ Ամեն իրիկուն դարբասի երկաթ կապն ինքն էր գցում ու մի քար էլ դռան դեմ անում։ Առաջ հեշտ էր քարը տեղից ժաժ տալ. կռներում ուժ կար, տանը ծառա կար։

Դարբասն ամրացնելուց հետո պարտեզի դռան պիտի նայեր ու տեսներ, թե պառավը չի՞ մոռացել հավաբունը ծածկել։ Հետո տնքալով բարձրանում էր գերանները փտած սանդուղքով, նստում սեղանի առաջ և դեղնած, կաշին կուչ եկած ձեռքերով պինդ բռնում տաք բաժակը։

Իվան բեյը մի փոքրիկ կտոր շաքար էր դնում լեզվի վրա և ծպացնելով թեյը կում կում խմում, կում անելիս գլուխը բարձրացնում, իջեցնում:

Իսկ կինը միշտ թոնթորում էր, թե էլ առաջվա թեյը չկա, կամ միսն է լղար, կամ էլի մուրաբի պատմությունն անում։

Թեյից հետո Իվան բեյը սովորություն ուներ հին ժուռնալներ նայելու։ Եվ անպատճառ ակնոցը պիտի դներ քթի ծերին ու պատկերին նայեր ակնոցի վրայից:

− Այ թե հա՜,− ասում էր երբեմն, նրա փոքրիկ, ջրակալած աչքերը ժպտում էին, մատը դողալով դնում էր նկարի վրա և պառավին ցույց տալիս այն, ինչ հազար անգամ տեսել էին միասին։ Հետո շրջում էր նկարը, մի ուրիշը բաց անում և էլի ուրախացած ասում.

− Ա պառավ, մի տես է՜...

Հետո պառավը ժուռնալն իր տեղն էր դնում, իսկ Իվան բեյը հանվում էր քնելու։ Բայց առաջվա քունն էլ չկար. անկողնում տապակ-տապակ էր գալիս, օֆ անում, մի կողքից մյուսը դառնում ու հանկարծ, միտը մի բան ընկնելուց, պառավին զարթնեցնում էր, ասում թե.

− Էգուց իմ պալտոնիս էն կոճակը կարի, այ պառավ։

Իվան բեյի վերարկուն...

Օձիքը մաշված, վրան մի մատ չորացած քրտինք ու կեղտ, որ փայլում էր մոմած հատակի պես։ Իվան բեյը վերարկուն ուսին էր գցում, կամ մի թևը հագնում, իսկ մյուս ազատ թևով վերարկուի տակ էլի թազբեհի հատիկները գլորում։

Այդ տեսքով թևը ջարդած սագի էր նման Իվան բեյը, մի պառավ սագի, որ լնգլնգալեն է գնում ու կախ ընկած թևը գետնի վրայով քարշ տալիս։

Քսան տարուց ավել էր, որ այդ վերարկուն նրա ուսին էր: Պարգև էր ստացել իր վաղեմի ծանոթից: Այնքան պսպղան կոճակ կար վրան և այնպես լավ էր սազում այդ վերարկուն Իվան բեյին։ Երբ թագավորը գահընկեց եղավ, Իվան բեյը գոմի մի անկյունում թաղեց արքայական նկարները և իր պղնձյա կոճակներն էլ մի ամանի մեջ լցրեց ու թաղեց նկարների հետ:

Այն օրվանից նա սովորույթ էր դարձրել վերարկուի մի թևը հագնել, իսկ մյուս ձեռքով վերարկուի տակ թազբեհի հատիկների հետ խաղալ:

* * *

Իվան բեյը ծառայում էր։

Ո՞վ էր, խղճացել էր նրան և տեղ տվել մի հիմնարկի արխիվում: Նրա պաշտոնն էր արխիվը կանոնավոր պահել:

Հիմնարկում առավոտյան նրանից կանուխ եկող չկար: Ամեն առավոտ նա իր ձեռքով պիտի սրբեր թանաքամանը, գրչածայրը մաքրեր թղթով, ապա շտկեր աթոռն ու փալասի կտորը, որ աթոռի վրա էր դնում, տեղն ավելի փափուկ լինելու համար։

Հետո սկսվում էր Իվան բեյի աշխատանքը։ Եթե մեկը նայեր նրան, անշուշտ կմտածեր, թե Իվան բեյը սովորական մի գործավար չէ, որ համարագրում է արխիվը հին, այլ ուսյալ գիտնական, որ դեղնած, մգլոտած թղթերի մեջ փնտրում է վաղուց մոռացված վավերագրեր։

Իվան բեյի ձեռագիրը...

Ասես ավետարան արտագրող, մաքրակրոն դպիրի գիր էր, դպիր, որ դարեր առաջ խուցի կիսախավարում արտագրել է, ծաղկանկարել, համոզված, որ գալ սերունդը փոշեպատ մատյանի մեջ որոնելու է դարերի մոռացված անցուդարձը։

Սակայն Իվան բեյը գալ սերունդի համար չէր սովորել գեղեցիկ և վայելուչ գրել։ Տասնյակ տարիների ընթացքում նա այն համոզմանն էր եկել, որ վայելուչ դիմումը շատ ավելի ուժ ունի, քան նույն դիմումը մի քիչ անփույթ գրած։

Ամբողջ քաղաքում Իվան բեյի ձեռագիրը հայտնի էր։ Ինքն էլ միշտ սիրում էր պատմել, թե ինչպես բարձրաստիճան մի պաշտոնյա մեջքն էր շփել և խոստացել պարգև՝ գեղեցիկ գրելու համար։

− Առաջվա գիրն էլ չկա, այ կնիկ,− գանգատվում էր Իվան բեյը,– ձեռքս հիմա դողում է, ես էլ չեմ իմ գրածին հավան։

Աշխատանքի ժամանակ, երբ հին թղթերն էր համարագրում, Իվան բեյը երբեմն ինքն իրեն ժպտում էր, ակնոցը շտկում և թուղթն ավելի մոտեցնում աչքերին։ Դողում էին ձեռքերը, աշնան տերևի պես երերում էր թուղթը հին, իսկ Իվան բեյի գլուխը հանդարտ շարժումով դառնում էր մեկ աջ, մեկ ձախ։

Ժպտում էր Իվան բեյը երանության ժպիտով, աչքերը փայլում էին ակնոցի ճաքած ապակու հետև, միտքը թև առած թռչում էր դեպի ետ, երբ Իվան բեյի վերարկուն դեռ նոր էր, կոհակները պղնձափայլ, ձայնը խրոխտ:

Նա ժպտում էր, որովհետև արխիվի թուղթը հին հանկարծ հիշեցնում էր վաղուց մոռացված մի պատմություն: Նայում էր ստորագրության, թվականին, մի պահ դեն դնում թուղթը և թողնում, որ մտքերը տաշեղի պես լողան հիշողության ծովում։

Եվ այդ օրը նա ուրախ էր տուն դառնում, ճաշի ժամանակ էլ պատմում պառավին.

− Մի՞տդ է, էն տարին մի ռևիզոր եկավ... Դու էլ ասում էիր, թե ինչ աղոթասեր մարդ ա...

− Էն, որ արաղ խմելուց առաջ խաչակնքում էր երեսին,– ավելացնում էր կինը և հիշողության ուժ տալիս։ Ու նրա մտքի առաջ, քարվանի պես անցնում էին ծանոթ դեմքեր՝ կոկարգով, մեծ բեղերով, ակնոցավոր և առանց ակնոց, քեֆ սիրող, որսկան, ձիարշավի սիրահար։ Պառավի մաշված միտքը կառչում էր մեկին, փոշին թափ տալիս, մոտեցնում աչքերին, ավելի լավ զննում։

− Էն, որ մի գիշեր մեր բալկոնից քիչ մնաց ընկներ...

− Հա՛, հա՛, խմել էր, ուշունց էր տալիս օրհնածը...− ասում էր Իվան բեյը և երանության ժպիտը դեմքին խաղում էր, մայր մտնող արևի պես։

Պատմում էր Իվան բեյը, որ այդ օրը արխիվի թղթերի մեջ նրա գրածն է կարդացել, ուղղած գավառապետին, մի թուրքի տուգանելու մասին։

− Գրագիրն էլ էն ժամանակ Սարգիս աղան էր։

Հետո զրույցը խորանում էր, և եթե մի բան նրան չսթափեցներ, Իվան բեյը չէր էլ նկատի, որ խոսում է։

Այդպիսի դեպքերում կինն էր նրան սթափեցնում, էլի դժգոհում, որ մսի հետ ոսկոր շատ են տվել, կամ թե հավաբունի տախտակը կոտրվել է, պետք է նորոգել։

Իվան բեյի մտքի թելը կտրվում էր, չքանում էր հինը, անիմաստ հայացքով նայում էր ապուրին՝ կարծես ուզում էր ստուգի, թե իրոք մսի հետ ոսկոր շատ են դրել։ Մի քանի անգամ գդալով ապուրն էր խառնում և մի բան ասած լինելու համար դառնում էր կնոջը. − Ա կնիկ, կերակուրն էսօր աղի է...

Սակայն այդ չէր մտքինը։ Այդ ավելորդ խոսք էր, հենց այնպես։

Մռայլվում էր Իվան բեյի դեմքը, ասես թունդ հարբելուց հեաո քնել էր խոր, ինչպես առաջ, և զարթնել թթված դեմքով։

Առաջ վա՜յ եթե մեկն այդ ժամանակ նրան խնդիրք աներ։ Քիթ ու մռութը կծռմռեր, կխոսեր կոշտ ու բարձրաձայն, իսկ դիմացինը՝ մի գյուղացի անօգ, գլխաբաց, գդակը թևի տակ, կկռանար, գլուխ կտար ձեռքերը կրծքին, ինչպես պառավ կանայք են կանգնում գյուղի եկեղեցու սևացած խաչքարի առաջ։

Մռայլվում էր դեմքը և էլի հին հարցն էր տալիս իրեն, ծանոթ հարցը, որ կրծում էր նրա ուղեղը, ինչպես որդն է կրծում տերևը կաղամբի։

Ինչպես եղավ, որ աշխարհը այսպես փոխվեց, ո՞ւր գնացին երջանիկ օրերը երբեմնի, երբ սանգուղում զրնգում էր ոսկին, ամեն օր գառ ու յուղ էր ընծա ստանում գյուղերից, քայլերը հաստատ էին, կեցվածքը հպարտ։

Ի՞նչպես եղավ... Հարցնում էր, ճգնում շաղկապել երբեմնին՝ գառ ու յուղով, այսօրվա ոսկրոտ մսի հետ, բայց թելը կտրվում էր, ծայրերը ձեռքից բաց ընկնում։

Եվ Իվան բեյին այնպես էր թվում, թե երբեմնին է երազ, բայց միտն էր բերում արխիվում տեսած թուղթը դեղնած, մգլոտած ու հաշիվ չէր կարողանում տալ ինքն իրեն, թե ինչու առաջ, այն լի օրերին իր մտքով երբեք չէր անցնում այսօրվա օրը։

Մի կասկած օձի պես աննկատ սողում էր, սրտի մեջ կծիկ դառնում, մի ծանր կասկած, թե խանգարված է միտքը իր, մաշվել է մեքենան, շարժումները անկանոն են, ընդհատ։ Խառնվել է գլխում հին ու նորը, միտքը սառել է ձյունի տակ մնացած դդումի պես, էլ երբեք չպիտի իմանա, թե ինչ է բերում օրը վաղվա։

Սոսկում էր Իվան բեյը իր մտքից ահավոր, կծկվում էր, կուչ գալիս ինչպես հավը հավաքից հեաո, առնում էր ուսին հնամաշ վերարկուն, գլուխը կախում էր կրծքին, աչքերը կիսախուփ անում և ակնապիշ նալում մի կետի։

Այդ օրերին նա հնամաշ ժուռնալին էլ չէր նայում։

* * *

− Մամա՛, ավթանաբիլ...

Եվ փոքրիկ ու փայլուն ավտոն, փափուկ անիվների վրա վի արև առավոտ սահեց քաղաքի փողոցով, կանչեց զիլ և կանչեց անսովոր։ Ծառի շվաքի տակ նստած հորթերը կիտ արին, պոչը կես բարձրացրած փախան քաղաքի փողոցներով։

Ավտոն դեսուդեն վազեց, նորից կանչեց և ոչ ոք գարաժի դռները չբացեց, որովհետև գավառական քաղաքում գարաժ դեռ չկա։ Նորից ետ եկավ, կանգնեց ծառի շվաքի տակ, ուր հորթերն էին նստած, փրթփրթաց դժգոհ ու շունչը կտրեց։

Ասես ռումբ էր, որ հեռվից մեկը շպրտեց փոքրիկ քաղաքի վրա։ Ռումբ պայթեց և աղմուկի անսովոր ականջները գավառական ցնցում զգացին, պատուհանի վարագույրները ետ քաշեցին սահող ավտոն տեսնելու, մանուկները դուրս թափվեցին և ճղրտոցով ուրախ՝ ավտոյի հետևից սկսեցին վազվզել։

− Մամա՛, ավթանաբիլը...

Կարմրաթուշ մի մանուկ էր, առավոտվա մածունը շուրթերին, ոտաբոբիկ ու գլխաբաց, որ մոր փեշից բռնած փողոց էր քաշում և կանչում։

Իսկ մաման, որ տասը ծին է անցրել և լիմոնի սմքած կճեպ դարձել, մաման, որ իր օրում ավտո դեռ տեսած չէր, շատ էլ չէր վռազում, թանով էր խառնում։

− Ավթանաբիլը չի փախչի, կտեսնենք...

Մի մեծ դիպված էր ավտոյի գալը: Իզուր էր շոֆերը մանուկներին դեն քշում. մի քիչ հետո նրանց խիտ շարքերը օղակաձև սեղմվում էին ավտոյի շուրջը, իսկ մի քանիսն էլ մատով դիպչում էին ավտոյին ու էլի ետ փախչում։

Մի մեծ դիպված էր ավտոյի գալը։ Խոսում էին հազար ու մի առասպել, բերնե-բերան լուրեր էին պտտում և այդ ամենը ավտոյի շուրջը, որ քնել էր ծառի շվաքի տակ։

Ավելի շատ խոսք ու զրույց կար գրասենյակներում, ուր գրագիրը տեղացի ալարկոտ շարժումով չորրորդ անգամ նույն գրությունն էր մուծում մտից մատյան և նոր թուղթ ծալում ուղարկելու «համաձայն մակագրության»:

Մանր շահերի, բամբասանքի, քարացած ըմբռնումի ի՜նչ մեծ աղբակույտ կար գանգերում երբեմնի սրատամ գայլերի, որոնք թև առան իսկույն, շարժվեցին և պատի ճեղքում սմքած մլեկի պես արյան հոտ առան, կենդանացան։

Դող, ներքին դող զգացին նրանք, ովքեր ճահճուտում այդ խուլ գոմեշի փնչոցով պառկել էին ապահով և ցեցի պես կրծում էին հիմքերը նոր շինության:

Մի պահեստապետ, ստորակետի պես կախ բեղերով, որ ամսավերջի զեկուցման մեջ գրում էր, թե «չորացել է այսքան փութ, մկները կերել են այսքան փութ և թափվել է այսքան», մի գիրուկ նախկին, որ հազիվ էր մագլցել հիմնարկի պատից և տաքուկ անկյուն պատրաստել, ինչպես նապաստակը ձմեռելուց առաջ, մի հաշվապահ, որ մայր մատյանի լուսանցքում սովորույթ ուներ «Տիգրանին տվի հիսուն կոպեկ», «բրինձի համար առա մի մանեթ», «ևս առա մի մանեթ», «ձեռաց տվի Ն-ին մի մանեթ» և այլն.− պահեստապետը բեղավոր, նախկինը գիրուկ, հաշվապահը «ևս տվի» խառնվել էին իրար։ Սիրտ էր, որ տրոփում էր, մտքեր էին, որ խառնվում էին։ Երեկ էլ արև էր, մյուս օրն էլ... բայց ոչ մի ավտո չեկավ և ով էր սպասում, թե պիտի գան։

Ավտոն երեք հոգու բերավ, երեք սովորական մարդու, աչք ու ունքով, շարժ ու ձևով հասարակ։ Նրանցից մեկը, երբ իջավ ավտոյից, շուրջկալ արած մանուկներից մեկին առավ և նստեցրեց կաշվե բարձին։

Այդ էլ տարածվեց քաղաքում ռադիոյից էլ արագ, հավելումով ձրի, որ երեխին գրկողը գթառատ է, քաղցրաբարո:

* * *

Իվան բեյն էլ իմացավ, որ ավտոն մարդիկ է բերել։

Ծառան էր, հիմնարկի ծառան, որ կուլան ջրով լի դրեց սեղանի վրա և Իվան բեյին ասաց շշուկով.

− Քննիչներ են եկել...

Իվան բեյը նախ չհասկացավ, նայեց ծառային, որ ժպտում էր խորամանկ, ակնոցը շտկեց ու նորից հարցրեց։

Լուրը նրա վրա սկզբում չազդեց։ Նա շարունակեց համարագրել և դարսել թղթերն ըստ «գործի», բայց հանկարծ մտաբերեց, որ քննիչներ են եկել։

Նա փորձեց վանել այդ միտքը, նույնիսկ ժպտաց, որովհետև էլի աչքովն ընկավ մի ծանոթ գիր, բայց այս անգամ ժպիտը շուտ հալվեց և դեմքի վրա քարացավ մի բութ արտահայտություն։

Նոր միտքը էլի եկավ, աներես ճանճի պես թառեց գլխի կատարի վրա և էլ պոկ չեկավ, տիզի պես կառչեց մորթուն։

Գրելիս սխալվեց, ուրիշ երես պիտի բաց աներ։ Այդ ավելի շփոթեց նրան, ձեռքը շփեց ճակատին և շփեց լորձունքի պես սառը քրտինքը ճակատի։ Իվան բեյը վեր կացավ, աթոռը շտկեց, փալասի կտորն ավելի ուղղեց, գրիչն էլի ձեռքն առավ։ Նա զգաց, որ քիմքը չորանում է, լեզուն շարժեց բերանում, շրթունքները շարժեց, բայց դարձյալ չկարողացավ հավաքել իրեն։

Այդ օրը նա չորս գրություն միայն համարագրեց։ Ամեն մի գրության վրա ժամերով կախում էր գլուխը, թերթում, իբր թե կարդում է (նա չէր ուզում ընկերներին իր հուզմունքը մատնել) և ապա դեն դնում։

Նույն օրը, ճաշից առաջ դուռը բացվեց և նորեկ երեք հոգին ներս մտան, բարևեցին և անցան վարիչի մոտ։ Իվան բեյը փորձեց ոտի կանգնել, բայց չկարողացավ, ծնկները դողացին և նստեց։

Երեք հոգուց և ոչ մեկը չտեսավ Իվան բեյի ջրակալած աչքերը, որ ակնոցի ճաքած ապակիների հետևից նայում էին նրանց, մինչև դուռը ծածկեցին։

Փայտե վանդակների հետև, անկյունում, ուր ջրի կուլան էր և ավելը, նստել էր Իվան բեյը իր սեղանի առաջ, ուժը կորցրած թղթերի հետ, որպես թևը ջարդած թռչուն։

Տուն գնալուց առաջ տեղկոմը հայտարարեց, որ երեկոյան ժամը 6-ին բոլորը հավաքվեն։

* * *

Իվան բեյը չճաշեց էլ:

Նստել էր պատշգամբում, նայում էր բակին, ուր հավերն էին քուջուջ անում, բակում բուսած խնձորենուն, որ պտուղի ծանրությունից ճղերն էր կքել։ Նայում էր, բայց միտքը բակից ու պարտեզից հեռու էր թռչում։

Երբ կինը հարցրեց նրան, թե ովքեր են եկողները, Իվան բեյը չկարողացավ իսկույն պատասխանել, նայեց կնոջը, կարկամեց և լեզուն թոլորվելով պատասխան տվավ։

− Այ մարդ, վրադ գույն չկա,− ասավ կինը։− Հերվա մուրաբից մի քիչ կա, ուզում ես մուրաբով չայ...

Իվան բեյը ավելի երկյուղեց, մեջքն ասես ասեղներով ծակծկեցին։ Հետո ինքն իրեն սիրտ տվավ, նույնիսկ ձեռքերը շփեց։

Հանկարծ որդուն մտաբերեց, միակ որդուն, որ փախել էր սպիտակների հետ և տարին մի նամակ էլ չէր գրում։ Իվան բեյի սրտում հույսը փայլեց մի հատիկ շողի պես, հույսը տկար, թե լավ օրեր էլ կգան, որդին կդառնա ետ, կփոխվի աշխարհը, էլի հին ճամփով կերթա ջուրը առաջվա: Հույսը առկայծեց մի պահ, մարվող խարույկի պես, ջերմություն տվավ ու հանգավ։

Սառնություն զգաց Իվան բեյը, մարմինը փշաքաղվել էր: Վերարկուն ուզեց, կոլոլվեց վերարկուի մեջ և անմիտ հայացքով էլի նայեց բակի խնձորենուն, կիսակարմիր խնձորենուն:

Մտածում էր. մտքերը ցրիվ ոստոստում էին, ինչպես ճնճղուկները ցանկապատի վրա. չէր կարողանում կապակցել իրար:

Ժողով պիտի լինի, գուցե հարց ու փորձ անեն, հին արածները երեսով տան, բանտարկեն, տանեն ուրիշ քաղաք, պաշտոնից արձակեն:

Ուրիշ քաղաք տանելու մասին մտածելիս քիչ մնաց լաց լիներ: Նա գլուխը թեքեց խոհանոցի կողմը, ուր կինը տնքալով սամավարն էր տաքացնում Իվան բեյին հերվա մուրաբով չայ տալու։ Այդպես նայում է հորթը այն դռնակին, որով մայրը պիտի գա: Այդքան խեղճություն կար նրա հայացքում և այնպես թշվառ զգաց իրեն Իվան բեյը:

− Մի վեր կաց, բախչեն գնա, քամին տա, աչք ունքդ բացվի,− կինն էր ասաց Իվան բեյին,− ի՞նչ ես միտք անում, տղադ սաղ լինի...

− Հե՛չ, ասում եմ տես ինչքան խնձոր կա ծառի վրա,− շփոթված ասաց Իվան բեյը և մտքում ավելացրեց,− ո՞վ է այսքանն ուտելու...

Եվ խարխուլ սանդուղքներով վար իջավ, մի քանի անիմաստ քայլեր արավ բակում ու մոտեցավ մառանի դռան։ Սանդուղքով իջնելիս նա ուզում էր հավաբնի կոտրած տախտակը տեսնել, բայց մառանի դռան մոտեցավ, դուռը թեթև հրեց ու ներս մտավ:

Ինքն էլ զարմացավ հանկարծ, թե ինչու է առանց ճրագ մառանը մտել, դատարկ մառանը, ուր գերանների վրա սարդերը ոստայն են հյուսել: Մի քիչ էլ կանգնեց ու մառանից դուրս եկավ։

Պարտեզի դուռը բանալիս նա հիշեց, որ մառանի աջ անկյան մոտ հողի տակ մի փոքրիկ տուփ է թաղել, միջին լուսանկարներ՝ որդու և իր հին մեծավորների, էպոլետով ու շքանշանով մեծավորների, թղթադրամ և պղնձե կոճակներ փայլուն: Նա մեկ էլ ուզեց ետ դառնա, բայց կինը վերից ձայն տվավ, թե.

− Էն քաղցր սալորից մի բուռ քաղի, չայի հետ լավ է լինում։

Իվան բեյը սալորենուն մոտեցավ, ցածլիկ ճյուղից մի քանի հատ սալոր պոկեց: Հանկարծ աչքին ընկավ ծառը, բունը ճեղքած, որ Երմոլով պրիստավը թրով խփել էր: Սալորենին դեռ չկար այն ժամանակ, տեղը մի հին կոճղ էր:

Սազանդարը դրմբացնում էր դհոլ ու զուռնա, քոռ Աթան համ թառ էր ածում, համ բլբուլի պես կլկլացնում, Երմոլովի կնիկն էլ նստել էր կոճղի վրա, քահ քահ ծիծաղում էր, իսկ մարդը գինու կուլան ձեռքին պարում էր կանաչի վրա:

Երմոլովի կինը կռացավ, թեքվեց Իվան բեյի վրա, քիչ էր մնում ընկնի, իսկ Իվան բեյը երբ ուզեց պահել նրան, տեսավ Երմոլովի կնոջ սպիտակ կուրծքը, ոնց որ ճերմակ խմորի երկու գունդ։

Պարեցին մինչև կես գիշեր, Երմոլովը բոյով մին մեկնվել էր կանաչի վրա, իսկ Իվան բեյը ձիաճանճի պես պոկ չէր գալիս նրա կնոջից, բլբլացնում էր լեզվով և ուզում էր իրիկվա կիսամութին մի անգամ էլ տեսնել այն, ինչ պատահմամբ աչքին ընկավ։

Այդ նույն գիշեր Իվան բեյի կնիկը թոնթորաց, կռիվ սարքեց, չեկավ նրա մոտ։ Եվ Իվան բեյը մենակ քնեց ընկուզենու լայնարձակ մահճակալի վրա:

− Սամովարը սառավ, Իվան,− կանչեց կինը պատշգամբից։

Իվան բեյը վեր ելավ սանդուղքով խարխուլ, ձեռքին մի քանի սալոր։ Եվ երբ կինը հարցրեց, թե ինչու քիչ է բերել, Իվան բեյը շփոթված պատասխանեց.

− Լավերը չկային...

Ժողովի մասին Իվան բեյը կնոջը ոչինչ չէր ասել: Գործից գալուց ուզեց ասի, բայց փոշմանեց։ Կնիկ է, ի՞նչ պիտի հասկանա ժողովից:

Թեյ խմելու ժամանակ, երբ կինը հերվա մուրաբան մեծ գդալով էր լցնում բաժակի մեջ, Իվան բեյի սիրտը կակղեց և նա որոշեց հայտնել։

− Ժամի 6-ին ժողով են մեզ կանչել էն նոր եկած քննիչները,− ասաց և ունքերի տակից հայացքն ուղղեց կնոջը, ասես ուզում էր իմանալ, թե լուրը նրա վրա ինչպես պիտի ազդի։

− Դե ասի կանչված ես էլի, դրա համար ես ախորժակ պահում,− պատասխանեց կինը։

Այդ միտքը հանկարծ հավանական թվաց նրան։ Գուցե, ժողով չէ, այլ ընթրիք։ Առաջ ընդունված ձև էր. գուցե տեղկոմն էր սխալվում։

Բայց ներքին հրճվանքը կարճատև եղավ։ Ընթրիք չպիտի լիներ։ Եթե լիներ, ծառան կասեր Իվան բեյին։

− Երևի մի բան կա, որ...− և բաժակը թեյի ետ տվավ։

Ժամանակից շուտ նա պատրաստվեց ժողով գնալու։

− Այ կնիկ, ասում եմ պալտոս չհագնեմ, էն անտեր կոճակների տեղերը երևում են,− ասաց նա գնալուց առաջ։

− Բան չկա, գնա, կմրսես առանց պալտո։

Եվ Իվան բեյը դուրս եկավ դարբասից, վերարկուն ուսերին, մի թևը կախ, ձեռքին թազբեհը անբաժան։

* * *

Դեռ ոչ ոք չէր եկել։ Միայն ծառան էր ավլում։

− Ի՞նչ շուտ ես եկել, Իվան բեյ,− ասաց նա։

− Մի քիչ գործ ունեմ, եկել եմ վերջացնեմ,− պատասխանեց Իվան բեյը, իր սեղանին մոտեցավ, գզրոցը քաշեց, որ գրիչը հանի։ Բայց ծառան չհավատաց և ժպտաց խորամանկ։

Քիչ հետո մեկ-մեկ սկսեցին հավաքվել։ Վեցից անց էր, որ ցերեկվա պես դուռը բացվեց և վարիչի հետ միասին երեք հոգին ներս մտան։

Իվան բեյը նայեց նրանց, բայց նրանք դարձյալ չտեսան նրան, փայտե ցանկապատի հետևում, իր սեղանի առաջ։

Երեք հոգին առանձնացան մի սենյակում։ Քիչ հետո նրանք կանչեցին տեղկոմի նախագահին և խնդրեցին մեկ-մեկ ներս կանչել հիմնարկի աշխատակիցներին։

Ամենից առաջ կանչեցին գլխավոր հաշվապահին։ Տասը րոպե չանցած նա դուրս եկավ, քափ քրտինքի մեջ, ասես բաղնիք էր գնացել։ Դռան առաջ սպասողները շրջապատեցին նրան։ Գլխավոր հաշվապահը մի խոսք միայն ասեց.

− Խիստ են քննում, մինչև յոթը պորտը:

Ասաց ու հեռացավ։

Իվան բեյն էլ լսեց այդ։ Ի՞նչ են հարցնելու իրեն, գիտե՞ն արդյոք, թե ինչ է արել ինքը անցյալում, ի՞նչ պատասխան պիտի տա։ Թիկնել էր պատին, մերթ մի ոտի վրա էր հենվում, մերթ՝ մյուս։

Հերթը Իվան բեյին հասավ։ Տեղկոմի նախագահը դուռը բացեց և երբ Իվան բեյը ներս մտավ, վերարկուն ուսին, երեք զույգ աչքեր ժպիտով նայեցին նրան։ Աթոռ առաջարկեցին։

− Ոչինչ, կկանգնեմ,− ասաց Իվան բեյը և նոր միայն զգաց, որ վերարկուն ավելորդ ծանրություն է։ Հանկարծ մեկը հարցրեց, թե ծեծե՞լ է գյուղացուն այնքան, որ նա հիվանդանա և անկողին մտնի։ Հարցրեց և ուղիղ Իվան բեյի աչքերին նայեց։

Իվան բեյը կմկմաց, լեզուն կարծես սառել էր, չէր շարժվում։ Հետո մի ուրիշը հարցրեց, թե քանի տարեկան է, և մինչև կպատասխաներ, ակնոցը կուղղեր,− մյուսը, որ ամենից ջահելն էր, ասաց.

− Ազատ եք, կարող եք գնալ ձեր տուն և հանգստանալ։

* * *

Իվան բեյին կրճատեցին: Այդ մասին հայտնեցին նրան հենց նույն իրիկուն:

Նա չկարողացավ ոչինչ ասել և դանդաղ քայլերն ուղղեց դեպի տուն: Հեռվից նայողը կկարծեր, թե Իվան բեյը հարբած էր։

Ավտոն, որ գիշերը մնաց ծառի տակ, որովհետև գավառական քաղաքում դեռ գարաժ չկա, հաջորդ առավոտ նորից կանչեց զիլ, փրթփրթաց, ոնց որ ձին էր վրնջում հեծվորին սպասելիս և երբ երեք հոգին տեղավորվեցին ավտոյի մեջ, մեկ էլ կանչեց զիլ, մնաս բարով ասաց քաղաքին և փափուկ անիվների վրա սուրաց արագ։

Մանուկը կարմրաթուշ, որ առավոտյան մածուն էր ուտում, նորից կանչեց ուրախ:

− Մամա՛, ավթանաբիլը...

* * *

Ավտոյի առավոտյան կանչը Իվան բեյն էլ լսեց, ցնցվեց և մնաց անշարժ, քարացածի պես: Հեռացող ավտոն իր հետ անվերադարձ տարավ աասնյակ տարիների մի պատմություն, հեղեղի պես ավերեց այն, ինչ առօրյա էր և հաստարմատ, որպես դարավոր կաղնի։

Իվան բեյը գիշերը չէր քնել։

Ժողովից տուն եկավ՝ գունատված, ջրատար։ Մի քանի ժամում ասես ավելի էր ծերացել, կռացել։ Պատմեց, ինչ ասել էին։

Պառավը փորձեց հուսադրել, նույնիսկ երեքի եկած ճամփան նզովեց և ավելացրեց.

-Հողեմ դրանց գլուխը, միշտ հո աշխարհն էս ճամփով չի գնալու։

Բայց Իվան բեյի մոտ չազդեց այդ։ Եթե սրտի խորքում, որպես ապահով թաքստոց, պահել էր մի միտք և առանձնության մեջ շոյել այն, թե աշխարհն այս ճամփով միշտ չի գնալու,− այժմ այդ միտքն էլ էր չքացել, հալվել գարնան ձյունի պես։

Էլ ոչինչ չկա վաղվա համար, կտրվեց թելը այնքան սովորական օրերի:

Նստել էր Իվան բեյը անկողնի ծայրին, աչքերը հառել հատակին։ Եվ միտք էլ չէր անում, որովհետև դատարկ էր ոչ միայն վաղը, այլ այսօր, դատարկ էր և գանգի խոռոչում, սրտի մեջ, չկար մի շող անգամ, որ լուսավորեր խավարը թանձր։

Նստել էր և թազբեհի դեղին հատիկներն էր համարում։

Չքնեց մինչև լույս։

Մեկ մտածում էր գնալ, խնդրել, գուցե մեղքանան, բայց երբ հիշում էր երիտասարդին, որ ժպտալով հարցրեց, թե ինչպես է ծեծել մի գյուղացու...

Մտքի առաջ բացվեց մի էջը հին օրերի։ Սևացած և անսվաղ պատեր, ծալքատեղում մի քանի ձեռք կեղտոտ տեղաշոր, անկյունում կոծկած կճուճներ և սենյակի մեջտեղ քուրսին՝ կարկատած թաղիքով ծածկած: Ոտաբոբիկ, պորտը բաց, անլվա մանուկներ կուչ են եկել տան անկյունում, իսկ փափախի մորթին ցրիվ եկած մի գյուղացի գալարվում է Իվան բեյի մտրակի հարվածների տակ, ցավից մեջքը ծռմռատում, բառաչում մորթվող անասունի պես։ Երեխաների վայնասուն, վախից չռած աչքեր, որ նայում էին անկյունից, և մտրակի ձայնը, կտրուկ և խիստ։

Վերմակի տակ տապակվում էր Իվան բեյը, շուռ ու մուռ գալիս, բայց քուն չէր գալիս աչքին։

Մութի մեջ աչքին մտրակի հարվածի տակ ծռմռատող գյուղացին էր երևում, մանուկները՝ անպաշտպան գառներ, իսկ սենյակի կիսամութ անկյունից երիտասարդն էր ժպտում։

Մինչև լուսաբաց իր ապրած տարիները հազար անգամ վերհիշեց, արարքն անարդար, երդումները սուտ, կեղծիքները անհամար։

Փոքրիկ գիշերալամպը լույս էր տալիս աղոտ և նրա աչքին երևում էին կարկառած ձեռքեր, որոնք մեկնվում էին, ձգվում դեպի Իվան բեյը, կոկորդը դուրս ընկած։ Շուռ էր գալիս մյուս կողքին, չքանում էին տեսիլքները վառ, աչքերը խուփ էր անում և դարձյալ անկյուններից կիսամութ ձգվում էին բազուկներ՝ մաշված, դեղնամորթ։

Վեր կացավ երկու անգամ, վերարկուն ուսին գցեց և շապկանց դուրս եկավ պատշգամբ։

Քնել էր քաղաքը հոգնած, տներում լույս չէր երևում, ոտնաձայն չէր լսվում փողոցներում։ Միայն Իվան բեյն էր կես գիշերին արթուն պահակի պես հսկում քնած քաղաքին։

* * *

Օրերն անցան։ Իվան բեյը էլ գործի չէր գնում։ Առավոտյան թեյից հետո նստում էր պատուհանի առաջ և նայում աշխատանքի գնացող պաշտոնյաներին, որոնք թղթերի մի-մի կապոց կռան տակին գործի էին շտապում։

Իվան բեյը նայում էր նրանց հետևից, նախանձում սրտի խորքից։ Օրվա ընթացքում, նրա համար ամենից ծանր րոպեներն էին առավոտն ու ճաշվա երեքը, երբ գործից տուն էին դառնում իր ընկերները նախկին։

Ցերեկով փողոց դուրս չէր գալիս, աշխատում էր ոչ ոքի չհանդիպել։ Երբեմն, երբ ծառան ծրարները թևի տակ, անցնում էր պատշգամբի տակով դեպի փոստը, Իվան բեյը ներս էր կանչում նրան, մի թաս արաղ տալիս կամ թեյի կանչում և հարցուփորձ անում, թե ինչ կա այնտեղ, ով է նստում իր սեղանի առաջ, ինչ նորություն կա։

Երբ մութն իջնում էր, փողոցում երթևեկը դադարում, Իվան բեյը դուրս էր գալիս փողոց և զգույշ քայլերով մոտենում հիմնարկի դռան, կանգնում դռան առաջ և հենց որ ոտնաձայն էր լսում, շտապում էր մի տեղ պահվել կամ տուն վերադառնալ։

Իզուր էր վիզը երկարում, որ տեսնի շենքի ներսը, սենյակը ծանոթ և սեղանը անկյունի մոտ, ջրի կուլան և ավելը կողքին։ Մի հատիկ ճրագը, որ կախված էր առաստաղից, շատ թույլ էր լուսավորում:

* * *

Ձմեռն եկավ, ձմռան հետ էլ ցրտերն եկան։ Իվան բեյի տան կտուրը ձյունի հաստ շերտի տակ թաղվել էր, ծառերի ճյուղերին ձյուն էր նստել, կտուրի անկյուններից սառուցե լուլաներ էին կախվել։ Թիթեղյա վառարանից ծուխը բարակ ելնում էր, հալվում ցուրտ օդի մեջ։

Մրսում էր Իվան բեյը։ Վառարանի մոտ նստած՝ վերարկուն ուսերից չէր հանում։ Շատ քիչ էր շուկա գնում, գնալիս էլ մի քանի օրվա պաշար միանգամից էր առնում...

Եվ օրերով դարբասի կապը գցած էր մնում, ներս ու դուրս անող չկար։ Առավոտյան սրբում էր սանդուղքների ձյունը։ Հավերին էր կուտ տալիս, պառավն էլ ջրի էր գնում և հետո գալիս թեյ գցում։

Իվան բեյը շաքարի մի փոքր կտորով մի քանի օր էր թեյ խմում: Եկամուտ չուներ, ունեցածը սպառվում էր, հարկավոր էր խնայել, ձիգ տալ, մինչև մի լավ օր։

Բայց քանի գնում լավ օրվա հույսը հալվում էր, խողովակից ելնող ծուխի պես։ Եվ երբ մտածում էր այդ մասին, նրան թվում էր, թե սենյակն ավելի ցուրտ է, կռանում էր վառարանի վրա, փայտի նոր կտորներ դնում և կոլոլվում վերարկուի մեջ։ Վառարանի մեջ փայտը ճարճատում էր, բոցը թրթռում էր կարմիր լեզվակներով։ Իվան բեյը մտքի ծովն էր ընկնում, փորփորում մարած հուշերը, անցած ճամփին ետ նայում, երանի տալիս։

Պառավն էր, որ էլ չէր թոնթորում առաջվա պես։ Նրան պահողը, խոսեցնողը պառավն էր, որ օրնիբուն շարժման մեջ էր։ Լվանում էր ափսեները, որ իսկի չէին էլ գործածվում, սանդուղն էր քրքրում, պահարանի շորերը դարսում, ուտելիքի հոգս քաշում։

Իվան բեյին երբեք այնքան հարազատ չէր թվացել իր կինը, այնպես մտերիմ չէր եղել, ինչպես այդ ձմռան։ Երեխա էր դարձել, մի երեխա, որ մոր փեշից է բռնում և մոր գրկում էլ քնում։ Երբեմն ինքը զարմանում էր, թե ինչու մինչ այդ չի մոտեցել պառավին այդպես, սրտին այնքան մոտ չի եղել։

Պառավն աշխատում էր նրան միշտ մի բանով զբաղեցնել, հին ժուռնալներ էր բերում, կամ թե բրինձ էր տալիս ջոկելու։ Իվան բեյը խոնարհ երեխայի պես նստում էր վառարանի մոտ, սինու մեջ լցրած բրինձը մատով մեկ-մեկ ջոկում։

Ձմռան երկար գիշերներին, երբ ձյունամրրիկը սուլոցով ուժգին զարկում էր պատուհանի ապակիներին և գայլի պես ոռնում բուխարիկի անցքում, Իվան բեյը երկյուղ էր զգում և ցուրտ, գլուխը կոխում էր հաստ վերմակի տակ, կծիկ դառնում և աշխատում ասել, թե ինչպես է ոռնում ձմռան քամին։

− Այ պառավ, մեջքդ ծածկի,− ասում էր վերմակի տակ և ավելի մոտենում պառավին։

Ժամերով քունը չէր տանում։ Աչքերը կիսախուփ, վերմակի տակ կծիկ դառած, Իվան բեյի մաշված միտքը շարունակում էր աշխատել։ Հին օրերի դեպքերը թազբեհի հատիկների պես մեկ-մեկ դարսվում էին իրար վրա։

Ցերեկով նա եթե սրտնեղում էր, թղթի մի կտորի վրա լրագրից կամ հին ժուռնալից արտագրություն էր անում, գրածը դարսում, համարակալում, ճիշտ առաջվա պես։ Սակայն երբ սթափվում էր և զգում, որ այդ միայն ժամանակի համար է, սիրտը կոտրվում էր, հեռանում էր սեղանից և էլի ձեռքերը թիթեղյա վառարանին մոտեցնում։

Հին ծանոթներից երբեմն այցելության էին գալիս։ Բայց ամեն անգամ, երբ ծանոթը դուրս էր գնում և Իվան բեյը մնում էր մենակ իր մտքերի հետ, սիրտը տակն ու վրա էր լինում, ալեկոծվում էր լճի մակերեսը, որի վրա տեղ-տեղ ջրախոտերը արդեն ճահիճ էին գոյացրել։

Չկամ էր ընդունում եկողին, նրանք էլ հաճախ չէին գալիս։

* * *

Ձմռան մի գիշեր էլ պառավը մեռավ։ Հիվանդ չէր, միայն քնելուց առաջ սրտի ծակոցից էր գանգատվում։

Իվան բեյը ուշք չդարձրեց, որովհետև պառավն այդ հիվանդությունը վաղուց ուներ և շատ անգամ էր սիրտը բռնում, տնքում։

Առավոտը կանուխ վեր կացավ Իվան բեյը, հավերին կուտ տվավ, եկավ, որ պառավին զարթնեցնի։

− Վեր է՜, այ պառավ,− ասաց ու թեթև շարժեց։

Հանկարծ աչքին ընկավ պառավի դեմքը և աչքերը բաց, ապակու անկենդան փայլով։ Իվան բեյը հասկացավ, ցավից կանչեց զիլ և ընկավ պառավի դիակի մոտ։

Ծանոթ ու հարևան հավաքվեցին և ձմռան մի ցուրտ օր, երբ նոր եկած ձյունը պսպղում էր արևի տակ, որպես ասեղի ծայրեր և ճռճռում՝ նոր գնած կոշիկի պես, պառավին թաղելու տարան։

Ցուրտ էր, տերտերը շտապում էր։ Սառել էր գետինը, գերեզմանն էլ խոր չէին փորել։

Երբ դագաղն իջեցրին և ձյունախառն հողը բահով փոսի մեջ լցրին, Իվան բեյը, որ գլխաբաց կանգնել էր և լցվող փոսին էր նայում, մտածեց, թե ինչքան ցուրտ է լինելու պառավի համար։ Ավելի կուչ եկավ վերարկուի մեջ, արցունքները գլորվեցին այտերի վրայով։

− Մի բուռն հող էլ դու լցրու, Իվան բեյ,− ասաց տերտերը։

Իվան բեյը կռացավ, որ հող վերցնի։ Այնքան դժվար թվաց նրան այդ։ Մի պահ կանգնեց, հողը բռան մեջ, ասես չէր ուզում գերեզմանին լցնել։

− Անհաղորդ մեռավ,− ասաց հարևան մի կին, գոգնոցի ծայրով կարմրած աչքերը սրբելով։

Տուն վերադարձան։ Ճամփին տերտերը հին պատմություն էր անում, բայց իվան բեյը չէր լսում, մտքերը ետ էին, թարմ հողաբլուրի շուրջը։ Գլխաբաց էր և չէր նկատում այդ։ Գլխաբաց էլ տուն եկավ։

Հարևանի կանայք մնացին մինչև իրիկուն։ Նրանցից մեկը վառարանը վառեց, իրիկվա համար փայտ դարսեց, մյուսը ինքնաեռը տաքացրեց։

Իվան բեյը անպաշտպան մանկան խեղճ հայացքով մեկ սրան էր նայում, մեկ նրան։ Անճարության կար նրա դեմքի վյրա, կսկիծոտ մի հարց.

− Ես ո՞ւր մնացի...

Երբ կանայք հեռացան, քիչ հետո էլ տերտերը գնաց և գնալուց առաջ Իվան բեյին ասաց, թե ինչ լավ թեյաման ունես և որ ինքը փող չի ուզում,– երբ տերտերը սանդուղքի ձյունը ճռճռացնելով գնաց և իր հետևից էլ դարբասի դուռը ծածկեց,− Իվան բեյին այնպես թվաց, թե դարբասի դռան հետ փակվեց և ամեն ինչ։

Պարապ զգաց, անասելի դատարկություն սրտի մեջ, կսկիծ, որ մրմուռ ունի։

Հանգավ վառարանի կրակը, մարեց և լույսի ճրագը։ Մութի մեջ, անկողնու վրա, հին վերարկուով կոլոլված պառկեց Իվան բեյը, գլուխը թաղեց բարձի մեջ։

Էլի քամի էր փողոցում, քամին ձյուն էր շպրտում և պատուհանի ապակիները զնգում էին կամացուկ։ Կոշմարի պես ծանր էր սենյակի խավարը Իվան բեյի համար և մի միտք չէր հեռանում գլխից․

− Ինչքա՜ն ցուրտ է պառավի համար...

Եվ ոչ ոք չlսեց Իվան բեյի զսպած հեծկլտանքը ձմռան ցուրտ գիշերին։

* * *

Ծանր օրեր էին Իվան բեյի համար։ Ձմեռվա կարճ ցերեկն անցնում էր մի կերպ և երբ իրիկուն էր դառնում, մութի հետ էլ երկյուղն էր իջնում Իվան բեյի սրտին։

Երբեմն վառարան չէր վառվում․․․ իրիկնանալու պես տեղաշորի մեջ էր մտնում, որ քնի։ Բայց քունը չէր գալիս աչքին, գլուխն էլ վերմակի տակից չէր հանում՝ սենյակի մութը չտեսնելու համար։

Մրսում էր Իվան բեյը, կծիկ էր դառնում առաջվա պես, բայց էլ պառավը չկար, որ մոտենար նրան և ասեր առաջվա պես.

− Կմրսես, ա՛յ պառավ...

Հարևաններն էին օգնում։ Մեկը մի բաժակ կաթ էր ուղարկում, մյուսը մի աման տաք կերակուր։ Երբեմն հարևանի երեխան գալիս էր փայտ կտրատում վառարանի համար կամ ջուր բերում։

Իվան բեյը ոչինչ չէր ասում, կարծես չէր էլ տեսնում եկող գնացwղին։

Նստում էր առաջվա տեղը, վառարանի կողքին, գլուխը կախում վառարանի մոտ։

Գնացող եկողից մեկն էլ, հարևանի մի կին, մի օր կամացուկ հայտնեց իր ծանոթներին, թե Իվան բեյը ցնդվածի պես է դառել։ Ժպտում է ինքն իրեն, ձեռքերը մոտեցնում է սառը վառարանին և շփում իրար։

Մյուսն էլ լսել էր, որ Իվան բեյը խոսում է ինքն իր հետ։ Մեկն էլ ավելացրեց, թե ինքը տեսել է Իվան բեյին իր նախկին հիմնարկի դռան առաջ գլխաբաց կանգնած։

Իվան բեյը ժամերով վառարանից չէր հեռանում։ Ցուրտ սենյակն էր, թե սովորույթը հին, որ մեխում էր նրան աթոռին, վերարկուն ուսին, թազբեհն էլ ձեռքին։

Մի իրիկուն էլ, երբ փողոցի անցուդարձը դադար էր առել, կողպ էին արդեն դարբասները, երբ սառած ապակիների հետևից կաթնանման լույս էին տալիս ճրագները, Իվան բեյը իջավ բակ, դեսուդեն խլշած նայեց, ասես մարդու ստվեր էր փնտրում բակում կամ լսում, թե մարդ կա՞ արդյոք այգում և փողոցում։

Հետո կամացուկ մոտեցավ և դարբասի դռները բացեց։ Մի քիչ կանգնեց փողոցում, դարձյալ նայեց չորս կողմ և ժպտաց ինքն իրեն։

Տարօրինակ էր այդ ժպիտը․ զարզանդ կար դեմքին, աչքերի մեջ մի անիմաստ փայլ։ Ժպտաց, մտածեց, ծռմռատեց շրթունքները, ատամները կրճտաց և արագ քայլերով իջավ փողոցով։

Գողի պես էր գնում, պատի տակով։ Մի ոտնաձայն կամ խշշոց լսելիս հենվում էր պատին, անշարժ մնում, մինչև վտանգն անցներ։

Քիչ հետո նա իր պաշտոնատան դռան առաջ էր։ Վիզը երկարացրեց և փողոցից տեսավ ներսի ճրագը, որ առաստաղից էր կախված։

Ապա վճռական մոտեցավ և դռանը զարկեց բռունցքով՝ մեկ, երկու, հետո սկսեց դուռը թափահարել։ Դողում էր ամբողջ մարմնով, բայց ցուրտ չէր զգում։ Նրան թվում էր, թե բազուկների մեջ ուժ կա անչափ, ասես ուզում էր կրնկահան անի դուռը։

Աղմուկի վրա ծառան ներսից ձայն տվավ և դուռը կիսաբաց արավ։

− Ակո՛փ, լա՞վ ես սրբել,− հարցրեց Իվան բեյը և դուռը հրեց։

Ծաոան ճանաչեց նրան և դուռը նորից կողպեց։ Եվ դռան հետևից կանչեց վախից դողացող ձայնով.

−Իվան բեյ, գնա՛ քնիր, գնա՛․․․

Էլի կանգնեց մի պահ, հետո սկսեց նորից ծեծել, խոսել ինքն իրեն։ Մեկ էլ վերարկուն, որ ընկել էր ձյունի վրա, ուսին գցեց, ճղրտաց, հեռացավ արագ։ Ծառան մինչև վերջ էլ չէր հավատում, թե այդ ձայնը Իվան բեյինն էր, այնպես զիլ էր, խռպոտ։

Իվան բեյը արագ վազելուց քրտնել էր։ Ներս մտավ, դարբասի դուռը կողպեց ու սանդուղքով վեր բարձրացավ։ Բայց մեկ էլ հանկարծ ետ դարձավ, իջավ բակը և էլի սկսեց ուշադիր լսել, թե ոտնաձայն չկա՞ այգում, ստվեր չի՞ երևում։

Մեկ էլ ետ նայեց և նրա աչքին ընկավ մառանի բաց դուռը։ Իվան բեյը ներս մտավ և մառանի մութի մեջ պատեպատ ընկնելուց հետո հասավ անկյունին, կռացավ, նստեց, ձեռքերով շոշափեց գետինը, հռհռաց և սկսեց փորել գետինը։

Նա չէր փորում։ Չանգռտում էր մատներով, եղունգներով։ Մութի մեջ տնքում էր, թնչում և չանգռում։ Հանկարծ մատները մի կոշտ բանի դեմ առան։ Իվան բեյը մի վայրկյան մնաց, հետո սկսեց ավելի արագ փորել։ Նրա ձեռքը խրվեց մի փոքրիկ կճուճի մեջ։ Ձգեց և հանեց կճուճը, մութի մեջ զրնգաց կճուճը և պղնձե կոճակները փայլուն բզեզների պես դեսուդեն շաղ եկան։

Իվան բեյը կոճակները հավաքեց բռի մեջ, մոտեցրեց աչքին, որ ավելի լավ տեսնի, մատներով շոշափեց։ Սիրտը բաբախում էր արագ, սարը մի շնչով վեր ելնողի պես։

Քրտինքի կաթիլները գլորվում էին ճակատից, քրտինք էր դուրս գալիս և վաղուց չլվացված մազերի միջից։ Ռունգները լայնացել էին, շնչում էր հևիհև։

Կանգնել էր մառանի անկյունում, բուռը լի պղնձե կոհակներին էր նայում, որոնք մութի մեջ փայլում էին պսպղան։

* * *

Առավոտյան, երբ հարևանի տղան կաթ էր բերել Իվան բեյի համար, դարբասը փակ գտավ։ Ծեծեց մի քանի անգամ, հետո կաթը ետ տարավ։

− Էսօր Իվան բեյը շատ է քնել,− ասաց։

Մյուս առավոտ մեկը պատով իջավ և դարբասի դուռը բացեց։

Իվան բեյի վերարկուն ընկած էր մառանի դռան առաջ։ Գիշերվա քամին ձյուն էր լցրել սենյակի բաց դռնով։

Մառանի անկյունում սառած ընկած էր Իվան բեյը, մատներն արնոտ, չռած աչքերով։ Բռունցքի մեջ սեղմել էր պղնձե երկու կոճակ, կողքին՝ ջարդված կճուճի փշրանքներ, թղթի կտորներ, հին թղթադրամ։

Իսկ հավերը բնում քաղցից ու ցրտից կչկչում էին, կուտ ուզում։

1926

Յատուկ Երաժշտություն
Կարս
Տիգրան Համասյան

Կարս

Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903թ
Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903թ
Խաղա առցանց