Ակսել Բակունց

Ալպիական մանուշակ

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։

Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։

Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։ Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը։

Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են։ Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը։

Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր։

* * *

Արև մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերդը, ո՛չ նրա քարափը։

Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել՝ հավասարակշիռ մնալու, վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ, մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ամայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը։

Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կատարը։ Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները։ Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին՝ եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը։ Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։

Երբ հասան վրաններին, առաջին ձիավորը շարունակեց ճանապարհը։ Նա փնտրում էր հին ճանապարհը և չէր տեսնում վրանների առաջ, մոխրի մեջ խաղացող կիսամերկ երեխաներին, այծերին, որոնք զարմանքից վեր ու վար էին անում գլուխները։

Ֆետրե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։ Նրա ամբողջ հարստությունը ծոցի հաստ տետրն էր և սրածայր մատիտը։ Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը։

Առաջին ձիավորը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ։

Երբ նրանք հասան վրաններին, շները հարձակվեցին ձիավորների վրա։ Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը։ Մոխրի մեջ խաղացող երեխաները տեսան, թե ինչպես շները հաչելով վազեցին ձիերի վրա։ Երրորդ ձիավորն իզուր էր մտրակով փորձում շներին հեռացնել։ Շները հաչելով մինչև բերդի պարիսպները ուղեկից եղան ձիավորներին, հետո իրար հետ խաղալով վերադարձան։

Կաքավաբերդի քարերն ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ։ Նա մոտենում էր այս ու այն քարին, կռանում, նայում, չափում, ինչ-որ գրում, ոտքով փորում հողի փլվածքը, բաց անում հողի տակ թաղված տաշած քարի ծայրը։ Նա բարձրացավ պարսպի վրա, գլուխը դուրս հանեց բուրգի դիտարանից և բարձր կանչեց, երբ բուրգի անկյունում, քարի վրա, տեսավ փորագիր խոսքեր։

Երրորդ ձիավորը,– որ ձիերի սանձերն արձակել ու պարսպի մոտ նստած ծխում էր – հնագետի կանչից վեր թռավ։ Նրան թվաց, թե օձը խայթեց ակնոցավոր մարդուն։

Ֆետրե գլխարկով մարդը նկարեց պարիսպների փլվածքը, սրածայր բուրգը և պատերի հետքերը։ Բերդի մուտքը նկարելիս, մատիտը մի պահ ձեռքին մնաց, որովհետև նրա ոտնաձայնից մի անգղ կռնչյունով թռավ բնից, պտույտներ արեց բերդի գլխին։ Նրա ձայնին մյուսներն էլ հավաքվեցին։

Ձիերը, անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան։ Եվ երբ հնագետը բուրգի ծայրից կանչեց, թե ինքը գտել է Բակուր իշխանի դամբանը, նկարիչը չհասկացավ նրա խոսքը։ Աչքն անգղների պտույտի հետ էին, նրանց թևերի հզոր շարժումի, կեռ ու արնագույն կտուցների հետ։ Ի՜նչ ահեղ թափ կար նրանց պտույտում։ Մի պահ մատիտը ձեռքին մնաց և չնկատեց, թե ինչպես գլխարկը սահեց և ընկավ քարի վրա։

Վրաններից մի մարդ, մանգաղը գոտու մեջ խրած, գլուխը փաթաթած կեղտոտ թաշկինակով, մահակին հենվելով բարձրացավ բերդի քարափով և մոտեցավ ձիերի մոտ նստած պահակին։ Մարդը տեսավ ակնոցավորին մի քար տեղահան անելիս։ Եվ երբ պահակին հարցրեց, թե ովքե՞ր են եկվորները, ի՞նչ են փնտրում բերդի ավերակներում, պահակը նախ հանկարծակիի եկավ և պատասխանեց, որ գրքերում գրած է, թե Կաքավաբերդի գլխին կարասի մեջ թաղված են ոսկե գանձեր։

Հնձվորը միտք արեց, ուսը քորեց և դարձավ դեպի ձորը՝ հնձելու կորեկի արտը։ Ու գնում էր ինքն իրեն խոսելով։ Ի՜նչ կլիներ, եթե ինքը գտներ գանձը։ Քանի անգամ է նա նստել հենց այն քարի վրա, որ տեղահան արեց ակնոցավորը։ Եթե իմանար, ապա գանձերը կլինեին նրա արխալուղի գրպանում։ Քանի՜ կով կառներ...

Միտք էր անում հնձվորը, երբ նկատեց, որ կորեկի արտի կողքին է։ Նա չուխան շպրտեց, չուխայի հետ էլ ավելորդ մտքերը, մանգաղով զարկեց մի կապ կորեկ ու կտրեց։

Բերդի քարերի մոտ բուսել էր ալպիական մանուշակ, ծաղիկը՝ ծիրանի գույն։ Հնագետը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ։ Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ։

Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ։ Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը։

Ֆետրե գլխարկով մարդը երբ նկարեց այն ամենը, ինչ հարկավոր էր հնագետին, տետրի նոր էջի վրա նկարեց և պարսպի մի մասը, ատամնաձև քարերի արանքում, քարե արծվի բույնը, պարսպի ոտների տակ՝ ալպիական մանուշակներ։

* * *

Կեսօրից անց նրանք բերդից իջան։ Հնագետը մի անգամ էլ պտույտ արեց բերդի չորս կողմը, տետրում մի բան նշանակեց և ապա արագ քայլերով հասավ ձիերին։

Այս անգամ ամենից առաջ գնում էր երրորդ ձիավորը։ Եթե հնագետի գլխում Բակուր իշխանն էր և մատենագրի մագաղաթը, նկարիչը հիշում էր մանուշակները, և լսում Բասուտա գետի խուլ աղմուկը, երրորդ ձիավորի աչքի առաջ թարմ լավաշներ էին, պանիր ու մածուն։

Նա հենց առաջին վրանի մոտ ձիերն արձակեց, սանձով կապեց ձիերի ոտքը ու ներս մտավ վրանի նեղլիկ դռնից։ Քաղցած ձիերն ագահությամբ մռութները կախեցին թարմ կանաչի վրա։

Վրանի մուտքի առաջ, օջախի կողքին, մի փոքրիկ տղա մոխրի մեջ սունկ էր խորովում։ Անծանոթ մարդկանց ներս գալը նրան զարմացրեց, չիմացավ սունկը թողնի կրակի վրա՞, վազի մոր հետևի՞ց, թե՞ սունկն էլ հետը տանի։ Երբ վրանի մոտ նա լսեց մոր բոբիկ ոտքերի ձայնը, զգեստի խշշոցը, տղան սիրտ առավ, խորոված մի սունկ հանեց մոխրից և դրեց օջախի քարին։

Մայրը ներս մտավ, գլխի շորը մի քիչ իջեցրեց աչքերի վրա, մոտեցավ և վրանի անկյունում դարսած ծալքից երկու բարձ մեկնեց հյուրերին։

Երրորդ ձիավորը հնագետի պայուսակից կոնսերվ հանեց։

Մենք սոված ենք, քույրիկ։ Թե մածուն ունես, տո՛ւր, համ էլ թեյ գցիր։ Շաքար ունենք... ասավ նա։

Կինը մոտեցավ օջախին, տղայի սունկերը դեն դրեց, կռացավ ու փչեց մխացող աթարներին։ Նրա գլխի շորը ետ ընկավ, ֆետրե գլխարկով մարդը տեսավ կնոջ սպիտակ ճակատը, սև մազերը և նույնքան սև աչքերը։

Նրա հայացքը սևեռած մնաց մխացող օջախին, մոխրի մոտ չոքած կնոջը։ Ո՞րտեղ էր տեսել նա նման մի դեմք, բարձր, սպիտակ ճակատ և մուգ մանիշակագույն աչքեր։ Երբ կինը վեր կացավ, եռոտանի կասկարան բերեց օջախի վրա դնելու, հանեց ծխից սևացած թեյամանը, նկարիչը շատ մոտ տեսավ նրա աչքերը և մոխրի փոշին ունքերի վրա, մազերի վրա։

Ինչքա՜ն շատ ժամանակ էր անցել այն օրից։ Եվ մի՞թե հնարավոր է այդքան նման երկու դեմք, նույնիսկ նույն շրթունքները։ Կաքավաբերդի կնոջ դեմքն արևը մի քիչ այրել էր։ Բայց աչքերի ձևը նույնն էր, ինչ որ մյուս կնոջ, որ դարձյալ բարակ մեջքով էր և բարձրահասակ։

Կինը թեյի պատրաստություն էր տեսնում, անխոս և արագ շարժումներով։ Ամեն անգամ, երբ նա կռանում էր, բարձրանում կամ բոբիկ ոտքերով քայլում էր խսիրի վրա, զրնգում էին նրա թևերի արծաթագույն սուրմաները, փոքրիկ զանգակների ձայն հանում։ Խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները։

Այն կինն էլ ուներ խշխշան շորեր, հագնում էր գորշ գույնի վերարկու, սև թավիշե գլխարկ, որի երկար քորոցը նարնջագույն գլուխ ուներ։ Հեռու էր, շատ հեռու։ Գուցե Բասուտա գետը ուրիշ գետի հետ խառնվելով հասնում է այն ծովին, որի ափին, ավազի վրա, մի օր նստել էին՝ կինը և նկարիչը։

Պահակը բաց արեց կոնսերվի երկրորդ տուփը։ Հնագետը սփռոցից ու պղնձե ամաններից գլուխը չէր բարձրացնում։ Տղան սունկը կերավ և աչքերը սևեռեց կոնսերվի փայլուն տուփին, սպասելով, որ դատարկեն։ Մարդը տեսավ նրա հայացքը և կոնսերվի տուփը մեկնեց տղային։

Տղան տուփը թափահարեց, վրանի առաջ պառկած շունը կուլ տվավ մսի կտորները և լիզեց քիմքերը։ Ապա դատարկ տուփը ձեռքին նա վազեց երեխաների մոտ, նրանց ցույց տալու սպիտակ թիթեղյա տուփը, որ չտեսած նորություն էր այդ քարափների վրա։

Կինը նստել էր օջախի առաջ, հաճախ բարձրացնում էր թեյամանի կափարիչը և նայում տաքացող ջրին։ Նա խառնում էր կրակը, աթարներն իրար մոտ քաշում և երբ ծուխն ամպի պես բարձրանում էր ու դուրս գալիս վրանի եղեգնյա պատերի արանքով, կինը, աչքերը մուխից պահելու համար, ձեռքը բռնում էր ճակատին։

Ֆետրե գլխարկով մարդուն օջախի մոտ նստած կինը, որի երկար զգեստի տակ պարզ երևում էին նրա ծնկները, թվում էր քրմուհի՝ եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող։

Այն կինը երբեք բոբիկ ոտքերով չի՛ քայլել, չի՛ նստել մխացող աթարի առաջ։ Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ։

Հետո ուրիշ օրեր եկան։ Այնքան պատահական եղավ ճամփաբաժանը և այնպես պարզ։ Մտքի մեջ մնացին մի զույգ մանիշակագույն աչքեր, գորշ գույնի վերարկու և հովանոցի ծայրը, որով կինը ավազի վրա խոստումներ էր գրում և ավերում։

Թեյամանի մեջ ջուրը եռաց, կափարիչը ձայն հանեց։ Կինը կողովից հանեց պնակները և ծաղկավոր բաժակները շարեց սփռոցի վրա։ Երբ նա կռացավ սփռոցի վրա, թիկունքից ծամը թեքվեց, կախվեց ուսն ի վար։ Ծովափի կինը կարճ խուզած մազեր ուներ և սպիտակ պարանոց, որի բարակ մորթու տակ երևում էին կապույտ երակները։ Տղան դատարկ տուփը ձեռքին ներս վազեց։ Վրանի դռնից մի խումբ մանուկներ զարմանքով նայում էին խսրի վրա նստած հյուրերին։ Որքան մեծ եղավ տղայի ուրախությունը, երբ նա ստացավ երկրորդ տուփը։ Այս անգամ նա դուրս չվազեց, այլ նստեց խսիրի վրա, մայրը նրա համար ևս թեյ լցրեց, իսկ ֆետրե գլխարկով մարդը շաքարի մի մեծ կտոր գցեց տղայի բաժակը։

Տղան զարմացավ և երբ շաքարից պղպջակներ բարձրացան թեյի երեսը, նա մատը կոխեց բաժակի մեջ՝ շաքարը բերանը տանելու։ Թեկուզ տաք թեյը վառեց մատը, բայց ծպտուն չհանեց։ Այնքան համեղ էր կիսահալ շաքարը։ Հնագետը քթի տակ ծիծաղեց, ինչ-որ բան հիշեց մարդու նախնական օրերից։ Կինը նորից ջուր լցրեց թեյամանի մեջ և ուրախ ժպտաց երեխայի չարաճճի արարքի վրա։

Ֆետրե գլխարկով մարդը տեսավ այդ ժպիտը, ինչքա՜ն ծանոթ էր... Երևի նույն դեմք ունեցող մարդիկ նույն կերպ են ժպտում։ Կնոջ վերին շրթունքը աննկատ դողդողաց, ժպիտից շրթունքները կարմրեցին, որպես արնագույն մեխակի թերթեր, ժպիտից աչքերը փայլեցին։

Հանկարծ նա ծոցից հանեց տետրը, թերթեց քարերի և քանդակների նկարներ, թերթեց և քարե արծվի բույնը պարսպի գլխին ու սպիտակ թղթի վրա մատիտի արագ շարժումով նկարեց կնոջը՝ օջախի մոտ նստած, աչքերը օջախի քարին։ Ծանոթ էին դիմագծերը, միտքն այնքան էր աշխատել նրա վրա տարիներ առաջ։ Փակ աչքերով էլ նա տեսնում էր կնոջ պրոֆիլը։

Միայն տղան տեսավ մոր նկարն սպիտակ թղթի վրա։ Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը։

Քիչ հետո ձիերը վրանի առաջ էին։ Երրորդ ձիավորը ձիերի գլխին հագցնում էր սանձերը, պնդացնում թամբի կաշվե կապերը։ Եվ երբ պայուսակը կապեց թամբին, մոտեցավ մնաս բարով ասելու օջախի մոտ նստած կնոջը։ Կինը տեղից վեր կացավ, գլխի շորն արագ իջեցրեց ճակատին և մատների ծայրով բռնեց երրորդ ձիավորի մեկնած ձեռքը։ Մյուսներն էլ հետևեցին նրա օրինակին։ Այս անգամ կինը ձեռքը կրծքին սեղմեց և խոնարհեց գլուխը։ Ֆետրե գլխարկով մարդը տղային տվեց արծաթ դրամ ու շոյեց նրա մազերը։

Ձիերն իջնում էին Կաքավաբերդի քարափով դեպի Բասուտա ձորը։ Ձիերի սանձից բռնած իջնում էին երեք հոգի, որոնցից ամեն մեկը մտքերի մեջ հյուսում էր իր նախշը։ Ճանապարհի երկու եզրին բուսել էին ալպիական մանուշակներ։ Ֆետրե գլխարկով մարդը կռացավ, պոկեց մեկը և դրեց տետրի այն թերթի արանքը, որի վրա նկարված էր եռոտանին և այն բարակիրան կինը։

Ձիերի սմբակի տակից քարեր էին թռչում, քարերն աղմուկով գլորվում էին ձորը։ Ծով կար նրա մտքում և այդ ծովը ափ էր շպրտում մերթ սև թավիշե գլխարկով մի գլուխ, մազերը կարճ կտրած, մերթ երկարազգեստ մի կնոջ, թիկունքին երկար ծամեր, մերթ քարե քանդակներ, կիսավեր պարիսպներ, նրանց հիմքի մոտ ալպիական ծիրանագույն մանուշակներ...

* * *

Իրիկնացավ։

Նույն ճանապարհով վրանների կողմն էր բարձրանում մի մարդ, գոտկում՝ պողպատե փայլուն մանգաղը։ Բեզարած էր մարդը, ամբողջ օրը հնձել էր կարճ ցողունով կորեկ և մեջքը ցավում էր։ Դրա համար էլ դանդաղ էր բարձրանում, մահակը դեմ տալիս քարին, երբեմն կանգնում շունչ առնելու։ Երբ կանգ էր առնում, նրա կորացած ծնկները դողում էին։

Հնձվորը ցերեկվա մարդն էր, որին երրորդ ձիավորը պատմել էր բերդի գանձերի մասին։ Իր արտից նա տեսավ ձիավորներին և նրան թվաց, թե ձիու թամբին կապած պայուսակներում հենց այն գանձերն են, որ հարյուր տարիներ մնացել են քարի տակ, որի վրա ինքը շարունակ նստել է, երբ բերդի ավերակներում պահում էր այծ ու ոչխար։ Այդ մի՞տքն էր նրան զայրացրել, թե՞ հոգնությունը, մարդը մռայլ էր, որպես իրիկնապահին անտառում որսի դուրս եկող սոված արջը։

Նա հասավ առաջին վրանին, ոտքով զարկեց շանը, որ պոչը շարժելով առաջ էր վազել տիրոջը դիմավորելու, ապա գոտուց մանգաղը հանեց, շպրտեց մի անկյուն, փայտը դրեց օջախի մոտ և լուռ նստեց խսիրի վրա։

Օջախը մխում էր։ Թեյամանում եռում էր տաք թեյը։ Ծալքատեղում՝ բարձի վրա, երկու կտոր շաքար կար։ Հնձվորը դեռ տրեխները չէր հանել և գուլպաներից թափ չէր տվել կորեկի փնջերը, երբ սուրմաների զնգոցով, երկար զգեստի ծալքերն իրար քսելով, ներս մտավ նրա կինը, կնոջ փեշից կախված տղան՝ կոնսերվի երկու դատարկ տուփ ձեռքին։

Տղան դեպի հայրը վազեց, տուփերը ցույց տալու։ Հայրը հասկացավ, որ ձիավորները նստել են իր խսիրի վրա։ Տղան ցույց տվեց և արծաթ դրամը, որ տվել էր նրան մի բարի քեռի։

Հայրը ոտքով դեն հրեց որդուն էլ, դատարկ տուփերն էլ։

Գլորվեցին տուփերը, տղան էլ գլորվեց։ Ապա տղան ցատկեց և վազեց տուփերի հետևից։ Երկու տուփը ձեռքին նա փաթաթվեց մոր փեշերին և սկսեց լալ։ Հայրը ձայնը մեղմացրեց, տղային կանչեց, խնդրեց նրա արծաթ դրամը։ Տղան արցունքների միջից ժպտալով մոտեցավ հորը, դրամը բռի մեջ։ Ապա նա պատմեց, թե հյուրի ծոցում կար մի փայլուն իր, մեջը սպիտակ թերթեր։ Արծաթ տվող մարդը մոր պատկերը հանեց թերթի վրա և դրեց ծոցը։

Խանդը կայծակի պես փայլատակեց մռայլ հնձվորի սրտում։ Աչքերը լայնացան, նա գունատվեց։ Մայրը նայեց տղային, հրդեհվեց դեմքը, հայրը տեսավ կնոջ դեմքի կարմիրը։ Այդ ամենը կատարվեց մի վայրկյանում։ Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման ոստյուն արեց, նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը և մահակն անասելի թափով իջավ կնոջ թիկունքին։

Սուրմաները զրնգացին, ցնցվեցին կնոջ երկար ծամերը։ Եռոտանու վրա դրած թեյամանը թեքվեց։ Մահակի ջարդված ծայրը թռավ ծալքի վրա։ Կինը աղաղակ չհանեց, այլ ցավից գալարվեց։ Նա ձեռքը թիկունքին տարավ, ապա դուրս եկավ վրանի դռանը անձայն հեկեկալու։

Տղան դատարկ տուփերը ձեռքին հետևեց նրան և պահվեց մոր փեշի տակ։ Մարդը մի քիչ էլ դժգոհեց, ապա կերավ կորեկ հացը և փափախը գլխի տակ, մեկնվեց խսիրի վրա։

Հետո Կաքավաբերդի գլխին լռություն իջավ։ Օջախներում հանգավ կրակը, եղավ խավար գիշեր։ Գազանների ահից շները կուչ եկան վրանների առաջ։ Ոչխարը պառկեց կանաչի վրա։ Խսիրի վրա մեկնվեց և կինը, թաղիքի տակ ծածկելով տղային։

Կաքավաբերդի գլխից ամպը խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա, մամուռների վրա և մակաղած ոչխարների բրդի վրա նստեց գիշերային խոնավությունը։ Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա։

Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ...


1925-1927

Յատուկ Երաժշտություն
Այզորների երգը
Գեորգի Գյուրջիև

Այզորների երգը