Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք։
Երիտասարդ մը կարծելու չէ, որ հաճելի է, այլ կարծելու է, ինչ որ ճշմարտություն է, որպեսզի ուրիշները իր վրա չխնդացնե։
Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է։ Ցավալի է, որ գիտունի գրչով լուծելիք խնդիրները դերձակի մկրատով կը կտրին շատ անգամ։
Գիտությունը ժամացույցի կը նմանի, զայն բանցնելու համար միշտ լարել է պետք։
Չկա մեկը, որ գիտություն վաճառող կատարյալ տգետի մը ըսե. «Բարեկամ, դուք բան մը չեք գիտեր, քանի մը բարեկամներեդ քանի մը խոսք սորված եք և զանոնք կը կրկնեք միշտ, դուք այդ ընկերության մեջ խոսք առնելու իրավունք չունիք, հրամեցեք սենյակեն դուրս»։
Օրենքները հաստատողները այրերն են, իսկ բարքեր հաստատողները կիներն են։
Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորության չառնվիր։
Մեծ անվանց ներքև հաճախ պզտիկ բաներ կպահվին։
Ով շողոքորթություն… Ամեն տարիք կսիրե քեզ։
Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ է՝ կը տեսնվին, երբ ամպոտ է՝ չեն տեսնվիր։
Դժբախտաբար մեր ազգին մէջ շատերու բարձրանալու գաղտնիքը բնական օրէնքով միայն կը լուծւի. Ծանրերը միշտ գետնաքարշ կը մնան ու թեթևները վեր կելնեն։
Ոսկեղեն դարուն մեջ կաթին քիչ մը ջուր կխառնէին, տասնըիններորդ դարուն մեջ ջուրին քիչ մը կաթ կխառնին։
Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ... իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք լույս... անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր...
Մեծապատիվ մուրացկաններ, Ընտիր երկեր, Հատոր Ա, 1954, Երևան, էջ 396
Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ։
Ընտիր երկեր, Հատոր Բ, 1955, Երևան, էջ 35
Թող ազգային բանաստեղծներ Եփրատն ու Տիգրիսն Հայաստանի երկու աչեր ներկայացնեն և լան, թո՛ղ պ. Չուխաճյանին ալ եղանակներ հորինել տան և եղանակով լան. ես, պարոններ, ես կծիծաղիմ և ծիծաղելու համար ո՛չ եղանակի կարոտություն ունիմ և ոչ դաշնակի։ Թերություններու վրա լալն թերություններու մեծագույնն է. խեղճության վրա արտասուք թափելն ապացուցանել է թե արյուն չունինք թափելու։ Արտասուքը մանուկներու և կիներու (մեծ մանուկներու) բաժին է. կաղաչեմ, մի դպիք անոնց բաժինին։
Հոսհոսի ձեռատետր, Ընտիր երկեր, Հատոր Ա, 1954, Երևան, էջ 455
Պատմություն․ ետևիդ նայիլ, առջևդ տեսնել։
Ճշմարտությունն խոսիլն դժվար է, լսելն՝ ավելի դժվար, իսկ զայն հասկցնելն՝ ամենեն ավելի դժվար։
Անանկ ժամանակի մը մեջ կապրինք, որ քաղաքավարությունը և շողոքորթությունը նույնանիշ բառեր եղած են։
Մեծ պաշտոնյա ես. ավելորդ է ըսել, թե մեծ խաբեբա ես։
Գովեստն, մանավանդ չափազանցն, այնքան ախորժելի է, որ առյուծն կզիջանի ընդունել զայն նույնիսկ ճանճե մը։
Պարտություն խոստովանիլը՝ հայտնապես քաջերու գործ է։
Ծուլությունը անողորմ խորթ մոր մը կընմանի, որ յուր զավակունքը անոթության մեջ կը թողու։
Ինչ որ բերանի համար քաղցր է, սրտի համար դառը կըլլա։
Աղքատության դռնեն ալ երջանկություն կմտնի, եթե քիչ մը ծռի։
Դարերուն մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է։
Սխալն ճանչնալն խելացություն է, իսկ զայն խոստովանիլը՝ մեծ քաջություն։
Աշխարհիս վրա չկա այնքան ոչինչ ծիծաղելի, որքան այն ծիծաղն է, որուն մեջ արդարությունն կըպակասի։
Մարդս որչափ ալ երջանիկ ըլլա, դարձյալ իր վիճակեն դժգոհ կըլլա։
Ատոնք սուտ խոսալներուն լեզուն կըկտրեին. եթե այս սովորությունը նորեն մտնե, քիչ մարդ պիտի տեսնենք, որ բերնին մեջ լեզու ունենան։