Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը (1892-1975) և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1894-1982) զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները 1828 թվականին գաղթել էին Պարսկահայաստանի Սալմաստ գավառից։ Բանաստեղծի նախնիների ազգանվանը իր իսկ վկայությամբ «սերնդեսերունդ կպած է եղել «Տեր»-ը, որ հոգևոր դասի տիտղոսն էր»։ Նրանք գրագետ մարդիկ էին, որ ուսանել էին Գևորգյան ճեմարանում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։
Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։Պարույր Սևակը մեծություն էր անգամ մանուկ հասակում։
Հինգ տարեկան էր Պարույրը և, առանց դպրոց գնալու, արդեն կարդում ու գրում էր։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին.․․»։
Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։
Կրթություն
1939 թվականից Պարույր Ղազարյանը դարձել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության բաժնի ուսանող (մինչև 1945)։ Ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1955), որտեղ և դասախոսել է (1955-1959)։ 1946 թվականին ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ հին գրականություն մասնագիտությամբ։ Նույն այս տարիներից էլ սկսվել է նրա աշխատանքային գործունեությունը։ 1945-1946 թվականներին որպես գյուղական երիտասարդության բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթում, 1946-1947 թվականներին որպես մամուլի բաժնի ավագ ռեֆերենտ՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1949-1951 թվականներին վարել է «Գրական թերթի» պոեզիայի բաժինը։ 1963-1971 թվականներին եղել է ավագ գիտաշխատող ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966–1971 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։
Գրական գործունեություն
Առաջին բանաստեղծությունը թղթին է հանձնել Ի. Տուրգենևի «Առաջին սեր» պատմվածքի հերոսուհու՝ Զինաիդայի կերպարի ներշնչանքով։ Այս տարիներին էլ նա երազում է գրող դառնալու մասին, և դպրոցում Պարույր Արեգունի ստորագրությամբ հրապարակում է իր առաջին բանաստեղծությունները։ Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թվականից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954) բանաստեղծությունների ժողովածուները։ 1957 թվականին լույս է տեսել Պարույր Սևակի «Նորից քեզ հետ», որում ընդգրկված ստեղծագործությունները գրվել են 1946-1956 թվականներին։
Սևակի սիրո ապրումը զգում և վերարտադրում է ոչ թե մեկ-երկու տարածված վիճակների մեջ (սիրո արբեցում, մերժված, անպատասխան, անհասանելի սիրուց առաջացած տառապանք), այլև՝ բացահայտում տվյալ զգացմունքի բոլոր հատկանշական կողմերը։ Սերը նրա քնարական հերոսի համար ոչ միայն ոգեղենացված մի պահ է, այլև՝ հոգևերո կենսագրություն։ Այդ իսկ պատճառով այդ զգացողության վերապրման գերիշխող վիճակների կողքին իրենց տեղն ունեն նաև բավարարված սերը, սիրո խաղը, սիրո ձանձրույթը, անսեր սերը, օտար սերը։
Դավիթ Գասպարյան
Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական-փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935 թվականին։ Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջ»-ների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերջաբանը, որը խորհրդանշում է հայություն-հայ երգ-Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ պոեմի պատմության մեջ։
Առանձնակի նշանակություն ունեն Սևակի նաև մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական-հայասիրական շնչով ու փիլիսոփայական ներսուզումներով․ առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը հայտնագործողի դերը, երկրորդը ձոնվել է Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի հիշատակին։
Սևակն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ (Գրիգոր Նարեկացի, Սիամանթո, Եղիշե Չարենց) ավանդված կառուցվածքները համադրելով ամերիկյան (Ու. Ուիթմեն), եվրոպական (Պ. Էլուար) և ռուսական (Վ. Մայակովսկի) բանաստեղծության կառուցվածքների հետ։ Նման համադրության առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու–բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։ «Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին նա հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական-վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ջատագով։
Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են նրա գրականագիտական-բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը, որտեղ Սևակը լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և թափանցելով Սայաթ-Նովայի տաղերի էության մեջ՝ վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։
Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են Սևակի մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (Երկ․ ժող․, 1976, հ․ 6)։ Դրանցում հանդես գալով «նաղլա–հեքիաթային», նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ՝ Սևակի արդի բանաստեղծության զարգացման ուղին համարում է մարդկային հոգու խորությունները թափանցող («ներանձավային»), «ոգեղենացած շնչի», բազմաձայնական լայն հնարավորություններով և իմացականությամբ հագեցած չափածոն։ Բանաստեղծության տեսության վերաբերյալ Սևակի առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտական շրջանառության մեջ։
․․․Իմ կյանքի լավագույն տասնամյակը անցավ ինքնամաքառման մեջ․ ամեն ինչ գնաց երկու բանի վրա։ Նախ՝ դիմանալու։ Դիմացա, բայց ի՞նչ գնով։ Իմ տասը տարվա աշխատանքը մնաց ու մնում է գզրոցում․ իր ժամանակին՝ չէր կարելի, իսկ հիմա չարժի։ Այդ տարիներին ես հասկացա, որ մի բան մտածել և այլ բաներ ասելը անբարոյականության վատթարագույն տեսակն է, ինչպես որ հարկադրաբար սիրելն էլ վատթարագույն շնականությունն է․․․
Թարգմանություններ
Բանաստեղծի գրական ժառանգության մեջ զգալի տեղ է գրավում թարգմանական աշխատանքը։ Սևակը թարգմանել է Ադամ Միցկևիչի (պոեմներ), Ալեքսանդր Պուշկինի, Խ. Բոտևի, Միխայիլ Լերմոնտովի («Դևը», պոեմ), Յա․ Կուպալայի, Յա․ Ռայնիսի, Սերգեյ Եսենինի, Վալերի Բրյուսովի, Ի. Աբաշիձեի, Վլադիմիր Մայակովսկու («Վարտիքավոր ամպը»), Էդուարդաս Մեժելայտիսի («Մարդը», 1965, ժողովածու), հունգար («Հունգար բանաստեղծներ», 1968, ժողովածու) և այլ բանաստեղծների գործերից։ Սևակի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, վրացերեն, ադրբեջաներեն, չեխերեն, հունգարերեն, իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն և այլն։ Սևակը գրել է նաև «Մեսրոպ Մաշտոց» (1962, «Հայֆիլմ»), «Սայաթ–Նովա» (1965, «Հայֆիլմ») փաստագրական կինոնկարների սցենարները։ Ընտրվել է ՍՍՀՄ VII գումարման Գերագույն սովետի դեպուտատ։
Մահ
Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքենան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։
Վարկածներ
Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի՝ Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է մեկներ Երևան՝ իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել՝ պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները՝ մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու նրա կինը։
Ըստ մեկ այլ վարկածի՝ գրողի մահը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով։