Ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանում՝ նկարչի ընտանիքում։ 1998 թվականին ընդունվել և 2008 թվականին ավարտել է մայրաքաղաքի Յ. Լեփսիուսի անվան թիվ 88 միջնակարգ դպրոցը։ 2009 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ։ 2013-2015 թթ. սովորել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Համաշխարհային գրականություն և գրականության տեսություն» մագիստրոսական ծրագրով։ 2013 և 2014 թվականներին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ արժանացել է Ստեփան Ալաջաջյանի անվան կրթաթոշակի։ 2015-ից նույն ֆակուլտետի ասպիրանտ է։
Գրիգի պատմվածքները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում, անթոլոգիաներում («Գրեթերթ», «Գրական թերթ», «Ցոլքեր», «Անդին», «Նորք», «Երիտասարդ գրողների անթոլոգիա», «ԳՐԵգիրք», «Կայարան», «Հայ ժամանակակից գրականության ՔՐԵՍՏՈՄԱՏԻԱ, 8-րդ և 9-րդ դասարաններ », «Արձակ դաշտեր։ ՀԳՄ անդամ գրողների պատմվածքների անթոլոգիա», «ԻՆՔՆԱԳԻՐ X», «Дружба народов», «Литературная Армения», «Armenien berättar: Berg under bar himmel », «Vom Baby, das den Mond verschluckte» և այլն), հրապարակվել են նաև էլեկտրոնային գրական հարթակներում։ 2015 թվականին «Անտարես» հրատարակչության «XXI. արդի հայ արձակ» մատենաշարով լույս է տեսել «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն, որը բազմիցս վերահրատարակվել է։ 2019 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից լույս է տեսել Գրիգի երկրորդ՝ «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» գիրքը, վերահրատարակվել է 2021-ին։