Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Տերյան

Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում

Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում
Երեկոն վառեց լույսեր դժգունակ.
Մութը հյուսում է տրտմության ժանյակ,
Ծաղիկներն անուշ բույր են բուրվառում.
Իմ սիրտը տրտո՜ւմ, իմ սիրտը մենա՜կ...
Մեռած լուսնյակը, մենակ ու աղոտ,
Սփռում է շուրջը իր շողերը ցուրտ.
Հավետ լռում է մի տխուր խորհուրդ,
Վառվում է հավետ մի անանց կարոտ
Սի՛րտ իմ ցնորող, սի՛րտ իմ անհագուրդ...
Տխուր ու մենակ լուսնյակն է վառվում,
Իմ սիրտն է լալիս մենակ ու ցավոտ.
Լուսնյակն արևի ըստվերն է աղոտ,
Արևի ցոլքն է լուսնյակը տրտում.
Փառքիդ ստվե՛րն է իմ կյանքը կարոտ։

1907