Խաղաղության ռադիո
Նորի՜ց զրնգում է հոգիս,
Դղրդում է անսանձ ահով։
Զգում եմ՝ կուտակվում է նորից
Փոթորիկը կյանքի ու մահու։
Նորից
Աշխարհի բոլոր կողմերում
Դեպի խյուսիս, արևմուտք, արևելք
Ահաձայն զրնգում է մի երգ
Ու թռչում է հեռու։
Նվագվում է նորից
Բյուրավոր սրտերի վրա
Մի անդարձ պարտության կսկիծ...
Բայց վառվում է նո՛ր մի քուրա։
Բոցկլտում է միլիոն աչքերում,
Սրտերում արևտենչ ու վառ,
Երկաթե, բրոնզե կրծքերում,
Կրծքերում կարմի՛ր մարմար։
Սրտից-սիրտ թռչում է մի ճիչ
Օրերում այս ահեղ ու խենթ
Հեծկլտում է հիվանդ մի քրքիջ,
Զառանցում է մի տենդ։
Իսկ նրանց աշխարհում ավեր,
Ինչպես մի ուղեղում հիվանդ,
Սնուցվում են արնոտ դավեր,
Արյունի կարոտ ու խանդ։
Լոնդոնից, Փարիզից, Պեկինից
Մինչև Պո, ու Բեռլին, ու Լիոն
Զառանցում է Նյու-Յորքը նորից
Ու տենդում է դեղին Տոկիոն...
Ու նրանց դաժան երազում
Թնդանոթը ճչում է բութ,
Գնդացիրը արյուն է հազում
Ու տանկերը սեղմում են անգութ։
Ու կապույտ ծովերի վրա
Զրահապատ նավերը մեծ
Նորի՜ց հորանջում են հիմա
Արյունռուշտ ձանձրույթից իրենց.
Բացել են բերանները լեն
Ու նրանց դեղին որկորից
Մռնչում է մահն հրեղեն
Նորից...
Իսկ մե՞նք, որ ելել ենք կռվի,
Մարտնչել ենք դարե՜ր ու դարե՜ր,
Հարբել ենք երազով հեռվի,
Երազել ենք կարմիր արև։
Երազել ենք հզոր աշխատանք
Միլիոնի, բյուրի, բոլորի,
Խնդությո՜ւն աշխարհից-աշխարհ,
Խենթությո՜ւն անմար հրի...
Մենք, որ բյուր երազներ ենք սնել
Օրերի աքսորում, բանտում,
Օրերում դժվար ու անել,
Մերկ, հոգնաբեկ, անտուն։
Մաշել ենք մկանները մեր,
Ձեռքերով մեր պողպատ ու քար
Փորփրել ենք միլիոն հանքեր
Դարերում անսահմա՜ն երկար...
Որ եղել ենք հին Աթենքում,
Կանգնեցրել ենք Մեմֆիսն ու Թեբեն,
Դարերից անցել ենք անքուն
Ու հարթել ենք կյանքի ճամփեն։
Ու հազար դարերի տենդում
Մեզ ծախել են նրանք ոսկով
Բայց հիմա եկել ենք խնդուն,
Ու հասել ենք հիմա Մոսկով։
Ծփծփում են հիմա հողմավար
Բանակները մեր բյուր,
Շառաչում են վարար,
Լեռնանում են, շաչում ամենուր։
Ձգվում են մկան առ մկան,
Ցանցում են աշխարհը հին,
Կեցե՜լ ենք հզոր, հաղթական,
Սպասում ենք վերջի՜ն կռվին։
Ասում ենք.– Ծառացե՛ք հիմա,
Եկե՛ք, ինչքան կաք կյանքում,
Սպասում ենք ձեզ անահ,
Սպասում ենք անքուն։
Երազում ենք բանակները ձեր սև,
Որ պիտի հորդեն նորից,
Որ քանդեն մեր ուղին լուսե,
Լուսավոր ուղին բոլորի։
Եկե՛ք, ինչքան կաք։ Եկե՛ք։
Մեր կրծքերը պողպատ են ու քար։
Այս օրվան սպասել ենք մենք
Դարերում անսահմա՜ն երկար...
Եկե՛ք, հեղեղե՛ք, հորդե՛ք,
Ծփացեք ոհակ առ ոհմակ,
Հյուսիսից մինչև արևելք
Տարածե՛ք ավերում ու մահ։
Ոսկեղեն արևի ներքո
Թող շողան ոսկի սվիններ,
Եկե՛ք, դարերի խորքից
Անընդհատ արշավող հոներ։
Դուք, որ միշտ մեր քրտինքն եք կերել
Ու հարբել քրտինքով մեր տոթ,
Եկե՛ք, թե կուզեք չլինել
Մեր վերջին կռվից հետո...
Մենք ասում ենք. Կա՛նք, կլինե՛նք,
Աշխարհում ինչքան կա դեռ արև,
Ինչքան կա աշխատանք ու երգ,
Մկաններ պողպատե, քարե։
Եկե՛ք Փարիզից, Լոնդոնից,
Նյու Յորքից, Բեռլինից եկե՛ք.
Սպասում ենք նորից, նորից
Մեր ճակատը հպա՜րտ է ու սեգ:
Սպասում ենք կռվին վերջին
Եվ գիտենք վերջին կռվում
Ձեր Պետքերը պիտի կորչին
Մեր երթի լուսավոր հեռվում։
Եվ ձեր խեղճ դիերի վրա
Մեր քրտինքը զուլալ, սրբազան
Կվառե խնդության մի քուրա,
Կկապե պայծա՜ռ ծիածան...
1921