Դու իմ գարնան առավոտ
Դու իմ գարնան առավոտ   ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՛տ, սրտիս մոտ   ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ   ինչպես կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ   ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ   ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ   ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա...
1920

