Տեսիլքներ
Մոխիրներու և փուլերու կույտին մեջտեղ,
Զոր միգամած շամանդաղով սուգը կ՚օծե,
Ի՜նչ տեսիլքներ սև հուշերով լեցված ահեղ,
Ի՜նչ երազներ, ի՜նչ պատրանքներ, հույսեր բոցեղ:
Հոն աճյունին տակ կ՚երևան շենքեր փարթամ,
Եվ պարտեզներ, և ցորեններ կուռ ոսկեգես,
Ճերմակ ձիով կտրիճներու ձևեր տարտամ
Աչքին առջև կը թևածեն ամպերու պես:
Հուսկ խավարը, մեծ չղջիկ մը թևատարած,
Կը սավառնի աչքիս առջև համայնակուլ
Դագաղ մըն է բոլոր աշխարհք և ես հառած
Աղջամուղջին, կը մաքառիմ. պայքար ամո՜ւլ...
Հյուսիսայգներ լուսափողփող ինձ կ՚երևան,
Արտևաններ կանանչ, կապույտ բըլուրներով.
Արծիվները բույնին մեջ են աներկեվան,
Հայրն ու որդին մոր գրկին մեջ՝ սիրագորով:
Հետո դեմքեր կը շառաչեն ու կը պայթին.
Մարդասպան սուր մը կը հածի ամենուրեք.
Հեծեծանքներ կը հաջորդեն խաղին, կայթին,
Ու լալյուններ, ցավի ճիչեր՝ գիշեր ցերեկ:
Ու կը տեսնեմ հեք կիներու թափոր մ՚ամբավ.
Սև լաչակով կուգան կ՚անցնին: Վա՜խ, թըշվառներ,
Անոթի են ու խոշտանգված, մերկ ու ծարավ,
Արյուն արցունք լալով կ՚իյնան հոն կիսամեռ:
Ուրիշ թափոր մըն ալ անվերջ և անըսպառ,
Մանուկներու ծով մ՚ալեկոծ փրփուր-փրփուր,
Զոր չար հով մը կը մտրակե անգըթաբար
Ու կը թափե մեծ անդունդին փոսը թափուր:
Հանկարծ շող մը կուռ խավարեն, բոցեղ, հըրթիռ,
Կը բեկբեկի, դուրս կը սուրա եթերին մեջ,
Ամեն կողմե կայծկլտուքներ, լույս և հայթիռ,
Բյուր փայլակներ կը նըշուլեն, հրդե՜հ անվերջ:
Ու կը տեսնեմ նորեն պարը զրկյալներուն.
Փարատած է հիմա մեգը անոնց ճակտին.
Ծիածան մը կը պըսակե զանոնք հեռուն,
Զըվարթ դեմքեր կը փողփողին ու կը ժպտին:
Արշալույսն է որ կը ծագի հորիզոնեն,
Անո՛ւշ արև, քու լույսիդ մեջ սուգը չ՚ապրիր,
Եվ դժբախտներն ու զրկյալներն ըզքեզ կ՚օրհնեն.
Արդարությո՛ւնն ես դուն հաղթող միշտ անխըտիր: