Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ակսել Բակունց

Օրանջիա

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

– Մանաս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի՞, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել...

– Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ, աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

Լսեցին, տեսան, բայց ծպտուն չհանեցին։ Վախենում էին Առաքելից. շշուկով պատմում էին, որ Առաքելը «ջանդարմի» հետ կապ ունի, գյուղում լրտեսություն է անում, մեծամեծ չինովնիկների աջ ձեռքն է։

Երբ Առաքելը հեռացավ, մի ծերունի շշուկով ասաց հարևանին.

– Առաքելը մատնիչ ա, հերն էլ էր էդպես, հորն ա քաշել։

Երկու տան մեջ թշնամությունը հնուց կար։

Ձորակում շինվող տունը սուր փշի պես Առաքելի աչքը մտավ։ Իր այգու ցանկապատի արանքից երբեմն նայում էր տան պատերին։ Մանասին, որ գլուխը շոր փաթաթած, վարպետին քար ու կիր էր տալիս։

Նայում էր Առաքելը ցանկապատի ետևից և ափսոսում, որ դագանակի ծայրը Մանասի ականջատակին չկպավ։ Բարձրանում էին տան պատերը, և պատերի հետ Առաքելի սրտում զայրույթն էր ծառս լինում, սանձարձակ ձիու պես։ Փափախի տակ մտքերը որդեր էին, լեշի վրա վխտացող զազիր որդեր։

Գնաց իր ծանոթ պրիստավի մոտ, նրա համար յուղ ու մեղր տարավ, պրիստավի տղի համար զատկին ճակատը ներկած գառ տարավ։

– Մանաս, տապ արա, Առաքելը պրիստավի տունը ջրի ճամփա է շինել։

Բայց Մանասի ջրաղացն էլի հերվա աղունն էր աղում։

– Հենց գիտեք, թե պրիստավից էլ մեծ մարդ չկա՞, իրա գեներալի դուռը կգնամ...

Առաքելը գնաց եկավ։ Օրանջիայի ձորակով գլուխը կախ անցավ, նոթերը կիտած։ Ոխ ուներ սրտում, աչքն էլ ուրիշ բան չէր տեսնում։

Մանասը տուն շինեց, կտուրը ծածկեց փայտով, չոր ցախով, կինն ու երեխան էլ հայրական հին տնից հանեց և արահետով անցավ, տեղավորվեց նոր տան մեջ։

Ասում են, որ հենց այդ օրերին պրիստավն իր մոտ է կանչում գյուղի մի քանի ազդեցիկ մարդկանց և մատը թափ տալով ասում.

– Հա՜, Առաքելին որ տանուտեր չեք ընտրել այս անգամ, էլ պրծնում չկա ձեզ։

Շատերն էլ ասում են, թե պրիստավը չի ասել, Առաքելի կողմնակից մարդիկն են այդ լուրը տարածել գյուղում։

Մանասը ձորակում բոստանատեղն էր փորում, երբ ականջովն ընկավ այդ։ Աչքի տակով նայեց գետնին, քարը մի պահ ձեռքին մնաց, քարը պատին դնելիս մտքում տպվեց, որ Առաքելը ոխը մի տեղից պիտի հանի։

Իրիկունը Մանասը դռան երկաթ կապին նայեց ու կնոջն ասաց.

– Ա՜յ կնիկ, մեզ մի շուն ա պետք, գյուղի ծերին ենք, ճամփի բերան։

...Ո՞վ էր՝ կանչեց, թե Առաքելը պիտի տանուտեր լինի։ Ժողովին մեկը կանչեց, հետո մի ուրիշ խումբ միացավ, վերջում որոշեցին կողմերի բաժանվել։

– Առաքելին ուզողը դեպի պատը,– կանչեց մեկը։ Մի խումբ քաշվեց դեպի պատը, հետո մի քանի հոգի միացան, և երբ գյուղի «իշխան» մարդիկ իրար բոթելով շարժվեցին դեպի Առաքելի պատը, ժողովուրդը հետևեց նրանց, աղի վրա գնացող ոչխարի պես։

Մանասի ոտքերը թուլացան, և ոտքերը քաշ տալով ինքն էլ գնաց բոլորի հետ, հոտից ետ ընկած կաղլիկ ոչխարի նման։

– Շեն կենա Առաքել քյոխվան,- ձայն տվին այս ու այն կողմից, փափախները գետնով տվողներ էլ եղան։

Մինչև հիմա էլ գյուղում պատմում են Առաքելի մասին։

– Յաման քյոխվա էր, ջանի կրակ էր։ Քանի՜ մարդ ա փչացել նրա ձեռքից։ Մի ձեռքը խանչալի կոթին էր, մինն էլ ղամչու։

Պատմում են, թե ինչպես Առաքելը գիշերով հանդ էր գնում։ Եթե տեսներ, որ մի ոչխար է ընկել իր կամ բարեկամի արտը, ոչխարն արտի մեջ մորթում էր։ Սարում, երբ լսում էին, թե Առաքել քյոխվան ման է գալիս, չոբաններն ահից ոչխարը մի վերստ էլ հեռու էին քշում։

Եվ պատմելիս ծերերից մինն ավելացնում է.

– Խեղճ Մանասն էլ նրա ձեռքով փչացա՜վ, տունն էլ ավերակ թողեց...

Մանասը երբեմն միտք էր անում, թե Առաքելը ոխը հանելու համար գնաց տանուտեր եղավ։ Մտածում էր, բայց մտքինը ոչ ոքի չէր ասում։ Իսկ եթե ազգ ու բարեկամ էլի ասում էին.

– Մանաս, տապ արա, թրի սուր ժամանակն է...

Մանասը փափախը գետնով տալ չէր ուզում, էլի իր հին ասածն էր կրկնում։

Բայց Առաքելը չէր էլ ցույց տալիս, թե ինքը հաշիվ ունի Մանասի հետ։ Այն օրից, երբ տանուտերի շղթան վզովն անցկացրեց, պղնձե կնիքն էլ գրպանը դրեց, Առաքելն այդ օրից ձևացնում էր այնպես, որ իբր թե Մանասին չի էլ տեսնում։

– Մանաս, զարթուն կաց, Առաքելը հանկարծ է քեզ նեղը գցելու...

... Երբ լուր եկավ, թե քաղաքներում գործադուլ կա, հեղափոխության է ընկել, Առաքելն ականջները խլշեց։ Նույն գիշեր Առաքելի ձիու սմբակների տակից կայծեր թռան։ Պրիստավը հուսադրեց նրան.

– Ձեր գործին կացեք, ժողովուրդ, տարին խառն ա, չլսեմ, չիմանամ, թե լոթի–վաթի մարդիկ են գալիս, գիշերով թաքուն ժողով անում։

Իր շվաքից խրտնեց, թե իրոք վտանգ կար գյուղում, երբ մի շաբաթ հետո Առաքելը նորից գնաց պրիստավի մոտ։

– Պրիստավն ապրած կենա, գյուղում էլ են երևում խառնակիչ մարդիկ, մի տասը հատ ղազախ թող հետս գա, գյուղում երևան մի անգամ, ժողովուրդը զարզանդի։

Պրիստավը բեղերը ոլորեց, բեղը փաթաթեց մատին և ձգեց մինչև աչքատակ, ասես աչքն էր ուզում կոխի։ Բեղերը ոլորելիս թշերն ուռեցրեց, զուռնա փչողի պես։

Առաքելը կազակների հետ դեռ գյուղը չհասած, բոլորն էլ գիտեին, որ գալիս են։ Այդ երեկո շատ տներում ճրագ չվառեցին, շատերը մինչև լույս աչք էլ չփակեցին։

– Էյ, պլստուն կազակ, ինչու՞ այդքան շատ խմեցիր Առաքելի տանը, արյունդ գլխիդ տվավ, տաքացար։ Մինաս, կինդ այդ օրը երանի լվացք չաներ և լվացքը չփռեր պատին։ Որովհետև դիմացի ցանկապատի արանքից Առաքելը կազակին մատով ցույց էր տալիս կնոջդ, որ լվացք էր փռում։ Կազակ, մոռացա՞ր միթե, որ Դունյաշայիդ երկրում ձորակներ չկան, ինչպես Օրանջիան, ցանկապատի հետև վերջին անգամ էիր պռոշներդ լիզում։

Մինչև այժմ էլ գյուղում, երբ պատմում են Օրանջիայի մասին, մի ականատես միշտ ավելացնում է.

– Սարքովի էր բոլորը, Առաքելը սատանի հունար ուներ...

– Մթնում էր, դռները կապում էինք, մտնում տները։ Լակում էին ղազախները, ընկնում քուչեքը։ Շաշկով էնքան հավի վիզ թռցրի՜ն...

– էն տարին իմ մի երինջս տարան, որ էլ ինչ ասեմ է՜, աչքերս էլ հետը տարան...

Այդ տարուց շատ բան են պատմում, երբ խոսք է վեր գալիս Օրանջիայի մասին։

Մանասն այդ օրն անտառ է գնացած լինում։ Հունձը վերջացել էր, կալի ժամանակն էր։

– Ի՜նչ էլ բերք կար էն տարին... Կտուրների վրա, պատերի տակ դեզեր էին...

Մթնել էր, մեկ էլ Օրանջիայից մի ծկլթոց եկավ, հավարի ձայն։

– Հենց էն ա, ականջս ծկլթոցին էր, մեկ էլ մի անգամ կրակեցին։ Կրակոցից ձորերը դընգացին։ Օրանջիայի ձորակը վառվում էր, ալավը երկինք էր հասնում։

Ամբողջ գյուղն էր այդ գիշերը թափվում ձորակը, բայց արդեն ուշ էր։ Խրճիթը, որի կտրին դեզեր կային, պատերի տակ թափված խուրձեր, խրճիթը վառվեց, նավթոտ փալասի պես։ Երբ լուսո դեմ կրակը հանդարտեց, խանձված ընկած էին Մանասի կինը, երեխան, կազակը։

– Է՜, ի՜նչ չարչարանք քաշեց գյուղը, քանի՜ մարդու ծեծեցին, ինչեր չարին... Մանասին տարան, ինչ ասես չարին... վիզ չառավ։ Հենց ասում էր, թե ես անմեղ եմ, ես չեմ ղազախին սպանել։ Ղազախներն էլ վկայել էին, որ Մանասն է սպանել։ Բա, էսպես բաներ...

Երբ Մանասին վագոն դրին դեպի հեռավոր տունդրաները, իզուր էր կայարանի ժխորի մեջ աչք ածում ծանոթ մեկին։ – Գնաց, էլ թե ինչ եղավ, տեղեկություն չկա...

... Հետո քամին սերմեր բերեց, և Մանասի տան ավերակների վրա ծաղկեց մասրենին։ Ամեն գարնան Օրանջիայում այնքա՜ն վարդեր են լինում, դեղին, սպիտակ։