Հիշենք
Հայկ ու Տիգրանին հիշենք միշտ, եղբարք,
Թափենք նոցանից հնության փոշին․
Նորանց հիշելով արդյոք մի նոր կյանք
Առնու Հայաստան նոցա խե՜ղճ այրին։
Կեցցե՛ հավիտյան այրին Հայաստան,
Նա՝ որ իր որդոց դեռ սրտի խորքում
Չունի հաստատուն մի ոտքի կայան,
Ու որդիքն պանդո՜ւխտ, իրենց բո՛ւն երկրում
Եղբա՛րք, բանը չէ անշոշափելի,
Միայն թե կամավ չկարծենք ցնորք․
Վաղո՜ւց մարմնացել ու տեսանելի
Դարձել է Հայոց լուծը անողոք։
Մեր հույսը սակայն մեր վրա լինի․
Այսինքն ազգի մեր ընդհանրության․
Աղքատ ու հարուստ տված թև թևի՝
Այսպես թե միայն կա ճար փրկության։
Կեցցե՛ Հայաստան, որ երազական
Եղել է այսօր իրոք և խոսքով,
Ոչինչ ավելի հնախոսական
Քան թե անխորհուրդ անուն դառնալով։
Ազատության իղձ շրթունքի վրա
Մի քանի մարդոց տեսնում ենք, այո՛,
Ովքե՞ր են դոքա, ո՞չ երդվյալ ծառա,
Որ օտար լուծին մնան միշտ հլու։
«Կը փշրե շղթան․․․ կերթա Հայաստան»․
Հա՛, հա, հա՛, այդ էր պակաս մնացել,
Որ նախանձահույզ դառնա հայության
Կատարելապես, բայց հետո ի՞նչ էլ։
«Կասե, եկել եմ, մայր իմ հարազատ,
Գիրկդ բաց որդուդ քո չվառական․
Համբուրում եմ քո փոշին անարատ․․․»
Հետո՞, մի ամբողջ գայլի շարական։
Հարավ հյուսիսից փոշի բարձրացավ․․․
Շառաչյուն զենքի․․․ մթնեցավ օրը,
Ղազազ, սարբազի գլուխն երևեցավ,
Մեր ազգասերը մտավ ծակուռը։
«Հը՜, Հայաստանը՜» թո՜ղ տեղը կենա,
Ասում է զգույշ մեր ազգասերը․
«Բահ ու հրացան, ի՞նչ եղան նոքա,
Թե՞ քշում էիր դու ուրջուները․․․»
Ես այդ ամենը անում եմ բերնով,
Կեցցե՛ սուրբ Մեսրոպ, որ մեզ գիր տվեց․
Հողեր եմ վարում հեռուից՝ խոսքով․
Հրացան իմ պեսը կուրծքին ե՞րբ սեղմեց․․․
Է՛լ Հայկ, Տիգրանին հիշենք մենք, եղբարք,
Նորոգենք նոցա փառքը սուրբ անվան,
Գուցե այս կերպով մի ստույգ նոր կյանք
Առնու խեղճ, այրի, մայրն Հայաստան։