Երկխոսություն ճակատագրի հետ
Նայում ես ինձ ու քմծիծաղ տալիս,
Ուզում ես ասել, որ ոչինչ էլ չի փոխվի:
Գիտեմ՝ դու քեզ հաղթած ես համարում,
Բայց դեռ խաղն ավարտված չէ
Ու ամեն պահի դու կարող ես ջախջախվել։
Այս ողջ տարիներին դու ջանք ու եռանդ
Չես խնայել կյանքս թունավորելու համար:
Այս ողջ տարիներին քո անմիջական ցուցումով
Ի վնաս ինձ են դասավորվել կյանքիս իրադարձությունները։
Այս ողջ տարիներին մարդկանց հանիրավի իմ դեմ ես հանել։
Դու արդեն պարտված ես, բայց հիմա չես հասկանում,
Դու այդպես էլ չգիտակցեցիր, որ անհնար է հաղթել
Այն մարդուն, ով գիտի իր կյանքի առաքելությունն ու
Սեր ունի սրտում ողջ մարդկության հանդեպ։
Պարզապես դու հիմա քո պարտությունը չես տեսնում,
Որովհետև անկարող ես տեսնել իրադարձությունների
Զարգացման օրինաչափությունների ներքին խմորումները։
Դու շարունակ դաշնակցել ես <<հավանականության տեսության>> հետ,
Որպեսզի ինձ ցավեցնես ու դառնացնես,
Բայց նա հիմա քո օգտին էլ չի կարող աշխատել
Մաթեմատիկական օրենքներն այլևս թույլ չեն տալիս։
Դու շատերին խաբել ես,
Թե նրանք կարող են քեզ կառավարել
Վերջիններս էլ հավատացել են ու քո ծուղակն ընկել։
Ես արդեն քեզ լավ ուսումնասիրել եմ
Իմացել քո էության գաղտնագրերը։
Միայն համառությունը և աշխատասիրությունը
Բավարար չեն քեզ հաղթելու համար
Ամենակարևորը մտքի ու վարքագծի մանիպուլացիան են,
Որոնցով պետք է խառնել խաղաքարտերդ,
Ամենակարևորն սկսածս գործը սիրելն ու այն
Ամեն գնով ավարտին հասցնելն է,
Ինչքան էլ դա անիրական թվա։
Դու պարտված ես,
Պարզապես փառքիցդ կուրացած՝
Չես տեսնում մոտալուդ տապալումդ։
Ես գիտեմ, թե ո՛րն է լինելու քո
Վերջին հուսահատ ու ստոր քայլը,
Բայց ես դրան էլ եմ պատրաստ։
Պատրաստ եմ դրան, քանի որ
Ապրածս տարիների փորձն ինձ սովորեցրել է
Թե ինչպես կարող եմ կյանքիս աղբը
Վերափոխել ադամանդի։
Սա արդեն քո երաշխավորված պարտությունն է։
Այնպես որ բավ է չարախնդաս
Ու քմծիծաղ տաս,
Այլ պարզապես ընդունի՛ր պարտությունդ
Ու գլուխ խոնարհի՛ր իմ առջև։
28․05․2025թ Մեղրի

