Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Նարեկ Սարգսյան

Խաբկանքի մեջ ապրողը

Երևանում ժամը 11:00-ի սահմաններում էր։ Կարենն արագ քայլելով շտապում էր սրճարան՝ հանդիպման։ Նա միջահասակ, անխնա մորուքով, թուխ մաշկով, հաստ ունքերով և սև աչքերով 35 տարեկան տղամարդ էր, ամուսնացած չէր, չուներ երեխաներ։

Ներս մտնելով սրճարան՝ տեսավ, որ իր նախկին համադասարանցի Արմենը սպասում էր իրեն՝ սեղաններից մեկում նստած։

Արմենը փոքրամարմին, միջահասակ, ակնոց կրող տղամարդ էր՝ հանգիստ ու համեստ բնավորությամբ։

-Բարև, ախպե՜րս, ո՞նց ես,-ոգևորված ու ուրախ ձայնով ասաց Կարենը։

-Լավ եմ, Կարեն, ջան, այդ ի՞նչ կա, որ ինձ հիշել ես, ախր երկար տարիներ ինձանով չես հետաքրքրվել, ի՞նչ ա պատահել, որ երեկ զանգեցիր ու ասացիր, որ հետս խոսելու բան ունես,-հետաքրքրությամբ հարցրեց Արմենը։

-Դե, ախպերս, նենց չի, որ այս տարիներին քեզ մոռացել էի, պարզապես գլուխս միշտ խառն էր ու չէր հարմարվում։

-Իսկ էսօր հարմարվե՞լ է։

-Հա, ախպե՛րս, ասցի քեզ հետ նստեմ, խոսամ, տենամ, ոնց ես, ի՞նչ ես անում, ինչո՞վ ես զբաղված,-ձայնին ու շարժուձևին անկեղծ արտահայտչականություն տալով՝ ասաց Կարենը։

-Կարե՛ն ջան, ես լավ եմ, գործերս հաջող են ընթանում։ Նրանց է մոտենում մատուցողուհին․

-Ի՞նչ եք ցանկանում պատվիրել։

-Ես մի բակալ պիվա, իսկ մեր ախպերը թող ինքն ասի։

-Ես մի բաժակ սուրճ կխմեմ,-ասաց Արմենը։

-Ախպեր, հետս չե՞ս ուզում խմել։

-Ոչ թե չեմ ուզում քեզ հետ խմել, այլ ես ընդհանրապես խմիչք չեմ օգտագործում։

-Տենում եմ, դու չես փոխվել, նույն Արմենն ես մնացել։

<<Տեսնես սա ինչի՞ համար ա ինձ կանչել, ո՞րն ա սրա փորացավը>>,-մտածում էր Արմենը։

-Արմե՛ն, դու հիմա ինչո՞վ ես զբաղված, ո՞րտեղ ես աշխատում։

-Ես մեքենայական ուսուցման ինժեներ եմ։

-Էդ ո՞րն ա,-զարմացած հարցրեց Կարենը։

-Ախր, որ հիմա քեզ բացատրեմ, չես հասկանա։

-Ինչի՞ ախպեր, ես էդքան չհասկացողի տպավորությու՞ն եմ թողնում,-անբարյացակամ ու դժգոհ տոնով ասաց Կարենը։

-Չէ, Կարեն ջան, պարզապես դա նեղ մասնագիտական ա, դու չես առնչվել։

-Իսկ դա կապ ունի չէ՞ մաթեմատիկայի ու բանաձևերի հետ, ախպեր։

-Իհարկե։

-Արմեն ջան, քեզ ուզում եմ մի բան հարցնել,-սիրաշահող ձայնի տոնով ու միմիկայով ասաց Կարենը։

-Հարցրու՛,-հետաքրքրությամբ ասաց Արմենը։

-Ախպեր, ո՞նց կարանք էդ քո մաթեմատիկական բանաձևերով ու խելքով, կազինոյում մեծ փողեր բռնենք։

<<Ա՜, փաստորեն սա ինձ դրա համար ա կանչել, ուզում ա ինձանից մարտավարություններ իմանա, թե ինչպես մեծ գումար աշխատի։ Ախր ես գիտեի, որ մի բան կա։ Սա հենց էնպես ինձ չէր կանչի ու կապիկություն չէր անի>>,-մտածեց Արմենը։

-Կարեն ջան, եթե էդպես լիներ, ես ինչու՞ եմ գնում աշխատանքի, եթե էդպիսի ձև կա։ Հենա կնստեմ ինձ համար գումարներ կաշխատեմ։

-Դե Արմեն, մարդ կա չի սիրում խաղալ։

-Կարեն ջան, իհարկե կազինոյում կան բազմաթիվ մարտավարություններ, որոնք ինչ որ կարճ ժամանակահատվածում արդյունք են ապահովում, բայց երկարատև ժամանակահատվածի կտրվածքով, միևնույնն է, մինուսով դուրս կգաս։ Էնպես որ չկա էնպիսի մարտավարություն կամ բանաձև, որ երկարատև կտրվածքով թույլ տար պլյուսով լինել։ Ի՞նչ ես կարծում, եթե էդպիսի մարտավարություններ լինեին, կազինոնները կշարունակե՞ին իրենց գործունեությունը։

-Ահա ձեր գարեջուրը և ձեր սուրճը,-զրույցն ընդհատեց մատուցողին, ով բերեց պատվերը։

-Քուրս, էս ինչու՞ էսքան ուշացրիր, բերանս չորացավ, տնաշեն,-դժգոհ ու կոպիտ տոնով հարցրեց Կարենը։

-Կներեք, բայց այսօր ես մենակ եմ աշխատում։ Ես պետք է հասցնեմ նաև մյուս սեղանների պատվերներ էլ կատարեմ,-փոքր ինչ ընկճված տոնով ասաց մատուցողին։

-Արա, բայց լավ ֆիգուրա ունի,-մատուցողուհու հետևից ուշադիր նայելով՝ ասաց Կարենը։

-Կարեն, անհարմար է, վերջացրու, կլսի։

-Էդ կարող ա դուրդ եկալ ա, ախպեր․․․

-Չէ, դուրս չի եկել, պարզապես նման անհամ բաներ չեմ սիրում։

-Լավ, ախպերս։ Բայց լսիր, սաղ յութուբը վիդեո ա էն մասին, որտեղ ասում են, թե ոնց կարելի ա մեծ գումարներ բռնել կազինոյում։ Դու էլ եկել ասում ես, որ տենց բան չկա, էդ ո՞նց ախպեր․․․ Լսիր, թե քո փայն ես ուզում, ասա՛, պայմանավորվենք․․

-Կարեն, ինձ քեզանից ոչինչ պետք չի։ Հարց ես տալիս, ես էլ պատասխանում եմ։

-Բայց ախպեր ո՞նց կարա տենց ձև չլինի, ախր ինտերնետում անընդհատ մարդկանց անուններ են տալիս, որ էսինչը մաթեմատիկական հաշվարկների միջոցով մեծ գումարներ ա շահել ու տենց բաներ,-ասաց Կարենը ագահաբար կոնծելով գարեջուրը։

-Լսիր Կարեն ջան,-հանգիստ տոնով ասաց Արմենը,-ինտերնետ շահումով խաղերում, դա լինի կազինո, թե սպորտային իրադարձությունների խաղադրույքներ, բուքմեյքերը կամ կազինոն կիրառում ա միջնորդավճար կամ այլ կերպ ասած մարժա, ինչը երկարատև ժամանակահատվածի կտրվածքով միշտ ապահովում ա բուքմեյքերի կամ կազինոյի առավելությունը։ Ավելի պարզ ասած՝ ի սկզբանե բուքմեյքերը կամ կազինոն ունեն մաթեմատիկական առավելություն։ Երկար ժամանակահատվածով խաղալու դեպքում այդ առավելությունն անպայման դրսևորվում ա, ու խաղացողը կորցնում ա իր գումարները։

-Ախպեր, հայերեն խոսա, ես քո ասածներից ոչ մի բան չհասկացա։

<<Հլը ես կռիսին նայիր, չի ուզում ասի։ Դե տակից էլ էսի կռիս ա եղել, չուզող։ Մոռացել ա դպրոցական անցյալը, որ ես իրեն պաշտպանում էի, որ տղերքը չտփեն, հիմի մարդ ա դառել>>,-մտածեց Կարենը։

-Կարեն, ըստ քեզ կազինոները ինչու՞ են աշխատում,-հարցրեց Արմենը։

-Դե էսի՞մ ախպեր, ուզում են մարդկանց զբաղեցնել,-պատասխանեց Կարենը՝ չհասկանալով, թե Արմենն այդ հարցն իրեն ի՞նչ նպատակով տվեց։

-Կարեն, հիմա ասա, թե ինչքան փող ես ուզում շահել ու ի՞նչի վրա ես մտադիր ծախսել,-հետաքրքրությամբ հարցրեց Արմենը։

-Դե ախպեր, ուզում եմ թունդ մաշնա առնել, մնացածն էլ ձեռքի ծախս, դե գիտես։ Մի խոսքով, ինչքան շատ գումար լինի, էնքան լավ։ Ոնց ասում են, շատություն թող անի, բայց քչություն չանի։

-Եթե մեքենա ես ուզում առնել, մի տեղ աշխատանքի տեղավորվի, վարկով վերցրու։ Էլ ի՞նչ ես սար ու ձոր ընկել։

-Ախպեր, չեմ ջոգում դու Մարսի՞ց ես իջել,- բարկացած արձագանքեց Կարենը,- խի դու չգիտե՞ս, որ նորմալ գործ չկա էս անտեր պետությունում։ Կարող ա գիտես իմ նման տղեն պիտի գնա բանվորություն անի կամ պահակություն անի։

-Լավ հասկանալի ա,-հազիվ ծիծաղը զսպելով՝ ասաց Արմենը։

-Դե որ հասկանալի ա, մյուս անգամ նման բաներ չասես, ախպեր։

-Կարեն, բա դուք ինչո՞վ եք ապրում։

-Դե ծնողներս թոշակ են ստանում, հերս էլ բացի թոշակից խանութում բեռ ա դատարկում։

-Պարզ ա։

-Ինչն ա՞ պարզ, այ ախպեր, դու ինչի չե՞ս ասում շահելու գաղտնիքը։

-Ախր այ Կարեն ջան, ոչ մի գաղտնիք էլ չկա։

-Բա էդ յութուբի վիդեոնները ըստ քեզ, սու՞տ ա, բա էդ հոդվածները գուգլում սու՞տ ա։ Լավ, ենթադրենք մեկը կարա սուտ գրի, բա մյու՞սները։ Ապեր, մենք լոխ չենք, որ չհասկանանք։ Ձևեր կան, ուղղակի դու չես ուզում ասել։

-Ինտերնետում շատ բան կարան գրեն ու շատ բանից խոսեն, բայց էդ չի նշանակում, որ ճիշտ ա։ Հետո էլ չի բացառվում, որ բուքմեյքները կամ կազինոյի տերերը կարող ա վճարած լինեն վլոգերներին, որ նման տեսակի վիդեոներ նկարեն։

-Վլոգերը ի՞նչ ա, մարդավարի խոսիր, բան հասկանամ։

-Վլոգերը վիդեո նկարահանողը և յութուբում տեղադրողն ա։ Հանկարծ զանգում են Կարենին․

-Ասա, ախպե՛րս,- պատասխանելով հեռախոսազանգին՝ ասաց Կարենը։

-Կա՛ր, յութուբում մի թունդ վիդեո եմ չարել, որտեղ ասվում ա, թե ո՞նց կարելի ա մեծ գումար շահել կազինոյում։ Ապեր, հրաշք վիդեո ա, ես արդեն էդ տեխնիկան փորձել եմ ու արդեն փող եմ շահել։ Դու ու՞ր ես հիմի։

-Սամո՛, հեսա գալիս եմ ձեր տուն, տա՞ննս ես չէ լինելու։

-Հա, ախպեր տանն եմ լինելու, ու՞ր պիտի գնամ, պիտի տանը նստեմ ու խաղամ էս նոր տեխնիկայով։

-Ու՜խ, ես քո ցավը տանեմ։ Դե լավ, ախպեր, հենց հիմի գալիս եմ,-ավարտելով հեռախոսազրույցը՝ Կարենը տեղից արագ վեր կացավ ու Արմենին առանց հրաժեշտ տալու՝ հեռացավ։

-Դուք նոր բան կցանկանա՞ք,-մոտեցավ մատուցողուհին Արմենին։

-Ոչ, շնորհակալ եմ։ Բերեք հաշիվը, խնդրում եմ։

-Շատ լավ։

Հաշիվը վճարելուց հետո Արմենը դուրս եկավ սրճարանից։ Կարենի հետ զրույցից տհաճ զգացողություններ էին արթնացել իր մեջ։ Երբ Կարենը նրան զանգահարել էր, թեև չէր ցանկացել հանդիպել , բայց և չէր կարողացել մերժել։

<<Ժամանակի ավելորդ կորուստ ունեցա էդ հիմարի հետ հանդիպելով>>,-մտածեց ու գնաց տուն։