Լոռվա ձորում
Մենք զառիվերն անց ենք կացել,
Մանր անձրևի փոշում կորած.
Ժայռի քերծեր մշուշներում
Ասես մարդիկ են մոլորած:
Ձորը լցված ճերմակ մեգով՝
Ծով է թվում լայն ու խորունկ,
Հայրս ձայնում է ձիերին,
Քաջալերում ու հորդորում:
Հայրս ձայնում է ձիերին
Ու կորչում է ձայնը ձորում:
Փուլ է գալիս ինչ-որ մի տեղ.
Մի հին քարափ շամանդաղում,
Քւ մանրաքար հեղեղ մի խուզ
Կարկըտում է բազմատրուի
Ու դանդաղում:
Համր ու հանդարտ նախիրը գորշ
Ամպասարից իջնում է ցած,
Տուն են դառնում կովերը վաղ
Մտամոլոր ու զարմացած,
Մեծաշարժում, խորհող ու լուռ,
Եվ աչքերով բարի բարի,
Սև ու խոշոր,
Եվ կողերի մետաքսը նուրբ
Ծածկած մանրիկ ջրափոշով:
Կուրծքը շաղոտ, պուլերն ամպոտ
Հպարտ, հանդարտ ու ինքնամփոփ:
Տուն են դառնում կովերը վաղ:
Ոլորվել է կածանը թեք
Ժայռի շրթին,
Դեմն ահավոր, մթնած ու խոր
Անդունդ անտակ,
Ծվարել է ժայռի փեշին
Մատուռ մի հին,
Կռացել են գլուխ գլխի
Երկու մթնած շիրմաքարեր
Գեղաքանդակ.
Ասես պատմում են իրարու
Վիշտը քարի.
Ու զարմանում այս անտարբեր
Կյանքի վրա և աշխարհի:
Մառախուղի ծվեններ են
Ծերպից կախված ծառի ճյուղին
Եվ սևակնած ինչ որ տեղից
Կաթնամշուշ լույսի թելեր.
Ու ոչ մի հետք ու հիշատակ
Ճերմակ ծովում կորած գյուղից.
Կենդանության ոչ մի նշան՝
Ասես թե վերջն է աշխարհի,
Միայն մոտիկ հաչոցն է շան
Հատիկ-հատիկ ընկնում քարին:
Ինչ եմ տեսել,
Ինչ եմ հիշում՝
Սև չափարի սուր փշերում
Նարգիզների կապույտ նազանք,
Թախիծ թաքուն.
Վեր խոյացող եղինջների
Ծայրեր սուր-սուր ու գոթական,
Բերդապատի ավերակում:
Կանաչները ճեղքից ելած
Հին դարերից սալահատակ.
Եվ լեգենդներ ճեղքերի մեջ,
Առասպելներ քարերի տակ:
Ահա շեկլիկ մի կտրավոր
Մի կավածեփ հողից հանած,
Միակնանի, թեքված ու կոր
Եվ կտուրին դեղնածաղիկ
Կտավատի արտ է ցանած.
Ու արտի մեջ կտրան ծերի
Կարմիր կետեր կակաչների:
Ներսում ծանր թասեր հնչեղ՝
Գրակալին ու թարեքին:
Ուլունք-ուլունք ուրցի փնջեր
Բուրումնաշաղ ու բարեծին.
Հյուսեր սոխի ու ավլուկի
Սեմին շարած.
Կոտեր, չափեր,
Խեղճ ու կրակ ցախի կապեր,
Դիպած կողքին ու ամբարած:
Եվ քաշելուց, քաշքշելուց,
Մեր թթենու ճյուղը կոտրած,
Որ կոտրած էլ կանաչում էր
Ու կոտրած էլ պտուղ տալիս:
Եվ իմ սրտում մի հին մորմոք,
Մանկական սուր մի ափսոսանք
Հավետ մնաց մղկտալիս,
Որ այդպես էլ կանաչում էր
Թևակոտոր,
Եվ այդպես էլ թևակոտոր
Պտուղ տալիս:
Ցոլցլում են երկնի ճերմակ
Միջակետները վերևում.
Չի հանձնվում օրը սակայն,
Ու մեր գյուղն է դեռ երևում:
Խեղճ ու կրակ թափած տներ
Բռով նետած հատիկի պես,
Արտերի նեղ կարկատաններ
Երկինք հասած լեռան կողին.
Եվ փշերի ծառաստանը
Մեր թիզ ու կես
Ցաք ու ցրիվ որբերի պես
Սրտապատառ կպած հողին:
Ինչն է այսպես հոգուս խորքում
Հին օրերի հետքով գալիս,
Ինչն է այսպես խոր մնացել
Նյարդերիս մեջ մղկտալիս
Ոգորումն է գուցե մեր հին
Արյանս մեջ հորձանք տալիս,
Թե մեծ նանի ջահրան է դեռ
Դնդնում ու անուշ լալիս:
Ճղակոտոր այգի՞ն ավեր,
Փլած պատը` ջրաղացի,
Պաղ ջուր պահող փարչը կավե,
Թե՛ թոնրատան բույրը հացի,
Թե՛ մշուշը ձորն ի բերան
Ծուփ-ծուփ լցված կաթի նման,
Թե կարտոլի մարգը ծաղկած
Սարին փռած չթի նման:
Առուն բարակ խեղտվեց խիճով,
Սագեր փախան ճերմակ ճիչով:
Եղինջը թեժ կունդիկ ուղի
Դունչը դաղեց.
Չալոն խեթեց կամակորին,
Եվ քթի տակ քմծիծաղեց.
Նանը թոնրից հաց է հանում,
Կուրծքը կապած խաչ ու գիրով:
Հարսը մոխիրն է թափ տալիս՝
Ասեղնագործ հին փեշկիրով:
Որ երկուսն էլ մտքում թաքուն
Հայրիկին են դեռ սպասում.
Ու երկուսն էլ թոնրի նման
Կրակով լի ու մոխրապատ,
Իրար ոչ մի խոսք չեն ասում:
Ո՞ւր եք հիմա հարազատներ,
Ո՞ր թփի տակ, Ո՞ր կանաչի,
Չեք տեսնում ինձ. գիտեմ հիմա,
Թե տեսնեք էլ չեք ճանաչի։
Ձյուն է եկել թավ ու խորին,
Եվ արև է արել նորից,
Նստել է խոր խրճիթը մեր,
Ինչպես տատը ճերմակ շալով:
Պատի տակին ցամաք մի տեղ,
Դունչը դրած զույգ թաթերին,
Քնել է մեր բարի Չալոն:
Իմաստուն է Չալոն մեր շատ,
Մեծահոգի, լուրջ ու հպարտ,
Նա փոքրերին ձեռ չի տալիս
Ու դռներին ման չի գալիս:
Սիրում է նա՝ մեզ բոլորիս
Եվ շատերին լավ ճանաչում,
Հաչում է նա լուսնի վրա,
Ստվերների,
Բայց արևի վրա երբեք
Նա չի հաչում։
ՏՆԱԿԸ
Ձյունե մուշտակ, սառցե գդակ,
Սառցե թփեր ծեփած քարին,
Կյանք ու կրակ սառույցի տակ
Եվ տաք հացի բույրը բարի:
Թախտ ու փոքրիկ մի մութաքա,
Ու մի գուլպա գործող նանի.
Դասագրքին գլուխ հակած
Խաժ ու գանգուր մի պատանի:
Ռադիոն լուրեր է հաղորդում
Ինչ-որ հեռու մի ավանից,
Ձայնակցում է նրան կամաց
Խշշոցը թեյամանի:
Դուրսը բուքն է սուլում վայրագ
Ու տանիքից թռչում տանիք.
Ու մի փոքրիկ կարմիր մեխակ
Ծիծաղում է պատուհանից:
Թողած հեռվում քաղաքների
Աղմուկը ծով,
Եկել եմ ու համրացել մեր
Այգու ափին.
Բռնկել է մեր թթենին
Ոսկե բոցով,
Շոգը անթարթ աչքի նման,
Ինձ է նայում
Սև քարափից:
Ու կաթում է վերջին թութը
Հատիկ-հատիկ.
Ու փլում է վերջին քարը
Ցանկապատի.
Ու թռչում է վերջին հավքը
Մեր տանիքից.
Կա՞ դեռ մեկը
Էն աղմկոտ ընտանիքից:
Չալոն հաչեց երկու բերան
Աչքը փակեց.
Դեղին հավը վիզը թեքեց՝
Որ լավ լսի...
Ասլան ապու փոքրիկ էջի
Բեռը հակեց.
Հորանջում է խրճիթը մեր,
Թևը կախած ու մեկուսի:
Նստած է դեռ
Իմ նանը ծեր,
Տերևաթափ թթենու տակ,
Պապենական ճախարակով
Իր մոխրագույն
Վիշտն է մանում:
Ես գնում եմ հին կածանով,
Մեկ դեպի վեր,
Մեկ դեպի վար,
Եվ չգիտեմ, թե նա հիմա
Ուր է տանում:
Եվ չգիտեմ երազ է սա,
Թե ինչ որ մի պատկեր է հին
ժայռի վրա արձանացած...
Թե՞ իմ ծնված օրից հետո
Անց են կացել անթիվ դարեր,
Թե՞ ես անհաս մի բարձունքից
Ընկել եմ ցած:
ԱՆՏԱՌՈՒՄ
Մենք մեծ խմբով
Մոլորվեցինք անտառում.
Մեր ոտքի տակ
Փտած խոտեր ու տերև.
Խոնավ ցուրտը
Հոգնած մեր դեմքն էր վառում,
Ու երկնի տեղ ժանեկավոր
Սև սատին էր մեր վերև:
Քայլում էինք օրորվելով
Մենք հոգնաբեկ ու մռայլ.
Ցուրտ մթությամբ լցված էին
Ծաղիկները գունագեղ.
Ոչ մի տաք շող,
Ու կենդանի ոչ մի փայլ.
Լույսի բեկոր,
Արևի թել` ոչ մի տեղ.
Քայլում էինք,
Մեզնից ոչ ոք չէր խոսում.
Քայլում էինք ծանր ու դանդաղ,
Ու երբեմն էլ լուռ չոքում:
Համր ցավն էր
Հոգնած մեր սիրտն ակոսում,
Անտառի պես, խոր անտառի
Ծանր խոհեր մեր հոգում:
Մեր ոտքի տակ
Ոչ մի կածան ու շավիղ.
Հոգնած էինք,
Այնպես հոգնած ու տկար,
Կարծում էինք
Դուրս ենք եկել աշխարհից,
Կարծում էինք
Կապույտ երկինք էլ չկա.
Եվ երբ հանկարծ
Լույսի կետեր շողացին,
Ու ժպտացին աջ ու ձախից
Երկինք, արև ու կրակ.
Մենք բոլորս լույսի կարոտ,
Լուսածին,
Թեթևացած շունչ քաշելով
Ծիծաղեցինք մեզ վրա՝
Ո՞ւր կարող էր
Կապույտ երկինքը գնալ.
Բնության մեջ
Չէր եղել ոչ մի շեղում,
Այդ մենք էինք
Մոլորված ու անհնար,
Երկինքը կար,
Եղել էր միշտ իր տեղում։
ՓՇԱՏԵՆԻ
Փշատենի,
Համեստ ու պարզ փշատենի,
Պտուղների խտությունից
Ճյյուղերը կախ
Փշատենի,
Սիրագորով ու սրտաշարժ
Փշատենի,
Դեղին ոսկի հատիկներով
Արծաթաշաղ:
Եթե մի օր ծաղկեիր դու
Ուրիշ կապույտ երկնքի տակ,
Եթե մի օր ձեռքը մարդու
Քեզ դուրս բերի
Ու ցույց տա մի փոքրիկ պատկեր
Իմ աշխարհից շռայլ ու տաք,
Թե ինչպես են ծաղիկները
Քարերի մեջ կոկոն բանում,
Թե ինչպես է փոքրիկ ճյուղը
Պտուղների մեծ բեռ տանում,
Թե ինչպես է անափ սիրուց
Լցվում կյանքն ու հարստանում,
Թե ինչպես է բուրում հողը
Իմ հեռավոր Հայաստանում:
Փշատենի,
Համեստ ու պարզ փշատենի,
Պտուղների խտությունից
Ճյուղերը կախ
Փշատենի,
Սիրագորով ու սրտաշարժ
Փշատենի,
Դեղին ոսկի հատիկներով
Արծաթաշաղ,
Ու տաք բույրով,
Այնպես բույրով փշատենի,
Որի խաղաղ ծփանքները՝
Տալու համար
Ո՛չ մի բարբառ,
Ո՛չ մի լեզու
Բառեր չունի:
Այնքան լեռնե՜ր են կուտակված,
Այնքան քարե՜ր, այնքան քարե՜ր,
Ասես դարերը անհամար
Այստեղ միայն քար են վառել:
Ե՛վ ծաղիկներ քարերի մեջ,
Ե՛վ պտուղներ արևակիր,
Դո՛ւ, քարքարոտ իմ տաք երկիր,
Սևահողից շռայլ ու պերճ:
Քարեր ծանր, սարեր ծանր,
Նեղ կածաններ վրադ քաշած,
Երազների ու իղձերի
Ծիածաններ վրադ քաշած:
Հողմերի մեջ դու մոլորած,
Փոքրի՜կ, փոքրիկ դու սրտի հուր.
Կրակի մեջ հունըդ փորած
Մի կաթիլ կյանք, մի կաթիլ ջուր:
Ի՞նչ անեմ ես բախտիդ համար
Որդիական խենթ իմ սիրով,
Ուրիշներին չտաքացնող,
Իրեն հալող սրտի հրով:
Սիրագորով քո երգերին
Մի բառ էլ ես ավելացնեմ,
Խոր իմաստուն քո գրքերին
Մի տառ էլ ես ավելացնեմ:
Ինչ որ ունի այրվող հոգիս
Տամ, նվիրեմ, բոլորը քեզ,
Հետո անթիվ քո քարերին
Մի քար էլ ես ավելացնեմ:
ՀՈՂԸ
Որքան անուշ բուրմունք ու համ,
Որքան հյութեր արևաքամ,
Բերք ու բարիք ու բարեկամ
Չոր թվացող այս հողի մեջ։
Որքան ներկեր ու նրբերանգ
Ծիլ ու ծաղիկ ոսկեբերան
Գույներ շքեղ ու հուրհրան
Սև թվացող այս հողի մեջ:
Որքան շջուկ խորհրդավոր,
Որքան մրմունջ անուշ անդորր,
Որքան աղմուկ անդընդախոր
Լուռ թվացող այս հողի մեջ:
Սիրտս նման է սև հողին
Սիրտս նման է չոր հողին
Սիրտս նման է լուռ հողին:
ԱՇՆԱՆԱՄՈՒՏ
Մտա այգին, իմ լավ այգին,
Բայց աշունն էր ինձնից առաջ
Դուռն իր բացել,
Ոսկեզօծվել էր ձիգ բարդին
Եվ ավելի գեղեցկացել:
Նայեցի իմ փշատենուն
Հպարտ ու հեզ,
Ու մասրենուն՝ կարմիր-դեղին
Հատիկներով խառն ու ցրիվ,
Այրվում էին ծառերն ասես
Ինչ-որ զսպված ներքին հրից:
Ես՝ այդքան վառ հուր չեմ տեսել,
Ո՛չ մի ամառ, ո՛չ մի գարուն:
Աշուն, ինչո՞ւ ես դու այդպես
Կրակներով լի աշխարհում,
Ոմանք ասում են քեզ հեռվից՝
Դալկացել է, կամ թե սառել,
Մինչդեռ հուրդ կրկնապատկած՝
Դու քո սրտի մեջ ես առել:
ՔԱՐՏԵԶԻ ԱՌԱՋ
Դու մի խաղողի տերև ես փռած
Այս մեծ, սրտաբաց քարտեզի վրա,
Արևի կեսը ափերիդ առած-
Այս մեծ, սրտաբաց քարտեզի վրա:
Դու հոգում պահած փշուր ես հողի,
Ուրախության ջինջ արցունքով ջրած,
Հատիկ ես քաղցրիկ ճաքած խաղողի
Այս լայն, սրտաբաց քարտեզի վրա:
Չէ, այգի ես դու մրգերով այրող,
Ճյուղք ու տերևով քո կանաչ-կրակ,
Արև ես, լույս ես, դու մայր ես ու հող,
Այս լայն, սրտաբաց քարտեզի վրա:
Մենք սիրատոչոր պահակներն ենք քո
Մեր կյանքն ու հոգին քեզ համար դրած,
Որ ծաղկես դու միշտ երջանիկ երգով,
Այս լայն սրտաբաց քարտեզի վրա:
ՇԵՆՔԸ
Հսկա մի շենք է ինձ նայում
Լայն փեղկերով աստղանկար,
Հերոսություն են վկայում
Ամեն փոքրիկ քանդակ ու քար:
Մոտենում է մի պատանի՝
Արևահամ միրգը ձեռին.
Ամենալավն, ասում է նա,
Խաղողներն են խոյակների:
Մոտենում է հաղթաբազուկ
Երիտասարդ մի հայկատիպ.
Սյուներն են լավ, ասում է նա,
Ու բազալտի պատերը պինդ:
Մոտենում է լուռ, մտախոհ
Մի ծերունի արծաթապատ,
Հայացքը հեզ, հանդարտ ու խոր
Իջեցնում է նա դեպի վար
Ու նայում է, նայում է լուռ
Այդ կառուցման հիմքին ամուր:
Զանգուն խփում է ափերին,
Խփում է նա ու խշխշում.
Այգիների համար քնած
Անքուն սիրո երգ է հուշում:
Մերթ կանգնում է, կանգնած մնում,
Մերթ պտույտ է տալիս տեղում,
Մերթ փրփրած ծառս է լինում՝
Հորդում է ողջն ու հեղեղում:
Հասկանում եմ քեզ, իմ Զանգու,
Խոսք չես գտնում երգիդ համար,
Սրտում շատ կա, քան թե հանգում,
Ու խփում ես քեզ քարե-քար:
Ուզում ես դու ամբողջ ուժով
Մեծ աշխարհին սիրտդ բանալ.
Եվ ուզում ես, և ուզում ես,
Որ քարն անգամ քեզ հասկանա:
ԱՌԱՋԻՆ ԲԱՐԵԿԱՄԻՍ
Ինչ որ գրում ես միշտ այն չէ կարծես,
Միշտ քիչ է անչափ սրտում եղածից
Հոգուդ կրակը հրկիզում է քեզ,
Երգի մեջ փոքրիկ կայծեր են հազիվ:
Նայում ես կյանքին, նայում ես երգին,
Ու երգը կյանքից այնքան է աղքատ.
Ամենահարուստ երգը պոետի
Իր հոգու համար թարգմանիչ է վատ:
Բայց դու, ընթերցող, խորն ու երգասեր,
Կհասկանաս և փոքր այս կրակից,
Թե ինչեր եմ ես ուզում քեզ ասել,
Թե ինչու այդքան հարազատ ես ինձ:
Չէ որ չեմ կարող չհաղորդել քեզ՝
Ցերեկն իմ դժվար, գիշերն իմ անքուն,
Թե բանաստեղծ եմ, թե երգիչ եմ ես,
Դու իմ առաջին ընկերն ես կյանքում:
Սարսափում ես երբեմն դու
Քո խոհերից.
Մտածում ես գուցե իզուր
Ջուր ես ծեծել.
Սահել ես դու գուցե այսպես
Կյանքի վերից,
Ու կարճատես քո աչքերի
Փոշին ես լոկ ոսկեզօծել:
Գուցե միայն ինքդ ես գոհ
Քո երգաշեն աշխատանքից,
Չի մնալու գուցե մի շող,
Ոչ քո երգից,
Ոչ քո կյանքից:
Որ քո իզուր վառած կյանքով,
Չի տաքացել ոչ մի էակ,
Եվ մարդաշատ այս աշխարհում
Քեզ լսողը դու ես միակ.
Վերջում պիտի գլխի ընկնես,
Որ թևերդ կապել ես դու,
Քամուն տված կայծերի պես
Ուժ ու կորով թափել ես դու.
Ու երբ կյանքից քո հողմահար
Ոչ մի փշուր էլ չի մնա,
Հանկարծ տեսնես
Որ ինքդ քեզ
Անխղճորեն խաբել ես դու:
Այս երկրի հոգնած, քարակոփ հողի
Ամեն փշուրը
Անառիկ բերդի մի սյուն է եղել.
Այս երկրի շիկնած լեռները ճեղքող
Մի կաթիլ ջուրը
Մի անտառապատ դաշտ է հեղեղել:
Այստեղ ամեն մի քար ու թփի տակ
Կա ընկած մի թագ,
Այստեղ ամեն մի աննշան բլուր
Պահում է ընկած արքայի մի սուր:
Ամեն խաչքարի մամռոտ կողերին
Պատմություններ կան
Ծվարած լռին
Թե մոխիրներից քանի բյուր անգամ
Ելել են խորհող գմբեթներ քարե,
Թե հայ բնավեր շինականը ծեր
Ինչպես է արնոտ
Հողը հարդարել,
Ինչպես է այրված անապատներում
Այգիներ շինել դրախտավայել,
Կերտել, կառուցել,
Ու դեռ չավարտած
Ավերման ահով աշխարհին նայել:
Արյամբ է գրված պատմությունը մեր,
Անունները մեր՝ զոհերի ցուցակ,
Եվ դու, միայն դու, պայծառ Հոկտեմբեր,
Վերջակետ դրիր այդ ցուցակի տակ:

