Եղանակներ
Դեղձենու թավիշ
Թերթեր են ընկած
Լճակի մթնած կանաչ կապույտին
Ինչո՞ւ է գույներն աշխարհը փոխում
Իրիկնամուտին,
Իրիկնամուտին:
Պատուհանից ներս եկած՝
Ժպտում է մի կանաչ ճյուղ,
Գլուխներն են օրորում
Կակաչները կարմրաթուխ:
Խորն է երկինքը այնպես,
Անհուն ու հստակ,
Ձյունի շերտ է մնացել
Կանաչ թփի տակ:
ԳԱՐՈՒՆ
Տերևները ծանրացել են
Կաթիլներից
Չեմ իմանում ծիծաղե՞մ ես,
Թե՞ լաց լինեմ,
Լցվել եմ ես կարոտներով,
Լցվել նորից,
Չեմ իմանում ծիծաղե՞մ ես,
Թե՞ լաց լինեմ:
Ջուրն եկել է ծառ ու ծաղիկ
Առել գետին,
Չեմ իմանում տունս փլված
Որտեղ շինեմ,
Ես այս ճամփին ընկած հեռու
Քարը ետին,
Չեմ իմանում ծիծաղե՞մ ես,
Թե՞ լաց լինեմ:
Այս գարունն այնպես դժվար է գալիս,
Դժվար է գնում
Այս գարունն այնպես
Ծաղկաթերթերիդ եղյամ է դնում
Ու հոգուդ վրա
Աննկատ ձյունում,
Դժվար է գնում
Այս գարունն այնպես:
Ինչ-որ մի անհայտ
Ցավ է որոնում,
Ինչ-որ մի դժվար
Դավ է հորինում:
Այս գարունն այնպես դժվար է գալիս,
Դժվար է գնում
Այս գարունն այնպես:
Ծիածաններ են,
Ծնունդ է, ծաղիկ.
Շաղվել է դեմքդ
Լույսերի խաղից...
Ինչպես հանկարծ
Ծառերը Մանրիկ տերևներ հագան,
Ինչպես մի օրում
Փթթեցին ամբողջ՝
Ճերմակ, վարդագույն Սադափների մեջ՝
Հազար ձևերով Եվ մեղուները
Հատորներն իրենց
Փակեցին արդար
Մեղրամոմերի
Կնիքով դեղին,
Թռան ընդառաջ ելնող արևին
Ոսկե թևերով։
Մեղուները, լուրջ ու խոհեմ՝
Կնիքներ են դնում մանրիկ,
Մեղրամոմե
Ծանր ու լեցուն հատորներին
Ու շաղում են
Անդորրությունն իրենց երգի...
Ոսկե դաշտեր փռած անծիր
Փոքրիկ-փոքրիկ
Փեթակներում,
Քաղցրությունն են սրբագրում Տիեզերքի...
Ծաղկատարազ հեռուների
Մոգությունն են սերտում անվերջ,
Ու բզզում են Անծայրածիր
Ու անվախճան բարի մի վեճ:
Ամպը մթագնեց երկնքի ծերին,
Հոգնեց բարությունն արեգական.
Քամին հառաչեց մերկ տանիքներին,
Եվ այգիները աշուն հագան:
Սառած արևի փշուրներ ընկան
Դաշտերին անծիր ու ճամփամիջին,
Քամին վեր առավ
Երամ առ երամ,
Պտույտներ արավ,
Առավ ու տարավ,
Ու չխառնվեց աշխարհում ոչ ոք
Խեղճ տերևների ու քամու վեճին:
Մի տխուր երգ է մորմոքում հեռուն,
Ու մի հեռավոր քայլում է մենակ.
Իսկ ո՞վ է նրան հիմա որոնում,
Իսկ ո՞վ է հիմա տուն կանչում նրան.
Այդ հեռուներում նա ի՞նչ է անում,
Եվ ինչի՞ համար, և ինչի՞ հանուն
Մենա՞կ է ուզում մնալ վշտի հետ,
Թե՞ երջանկություն ունի պահելու՝
Իր նմանների աչքերից կարոտ:
Ինչո՞վ է այրվում մարդը աշխարհում,
Ինչո՞վ է արդյոք մարդը բախտավոր...
Այնքան մի քիչ, այնքան մի քիչ,
Այնքան մի քիչ մնաց արդեն:
Մի կարոտի անհաս անհուն,
Օվկիանացող մի սեր անափ,
Երկինք լցված
Ու չգոցված
Մի անհատակ խոր հիացում,
Ու լեռնացած մի սուր ցասում,
Անվերադարձ մի սպասում,
Այնքան մի քիչ, այնքան մի քիչ,
Այնքան մի քիչ մնաց արդեն:
Ուղիղ ձմռան գիրկը վազող
Մի ցուրտ ամառ է մնացել,
Չեղած արդեն ու սուտ նազող
Մի ճյուղ ու մի տերև գարուն,
Մի կտոր թուղթ,
Մի կիսատ երգ,
Մի երկու բառ է մնացել:
Ամբողջ կյանքում վառածն արդեն
Ի՞նչ ես նստել նորից վառում,
Ի՞նչ ես այրվում տողերիդ հետ,
Ծիծաղելով մեջդ լալիս,
Վերջին չեղածն անգամ արդեն
Ի՞նչ ես նորից քամուն տալիս
Ժամանակի համար կյանքում
Չկա ոչ մի սահմանագիծ...
Մենք ինքներս ենք այդ հնարել,
Անհունների լայնքով շարել,
Թվեր, նիշեր, ձև ու չափեր,
Անսահմանին դրել սահման,
Անափներին դրել ափեր,
Գծագրել, հատել, զատել
Ու կտրատել...
Ու մեր մի բուռ կյանքն էլ իր հետ
Պաղ թվերի շարքով պատել,
Մինչդեռ աստված ստեղծեց մեզ
Լույսի համար ու դաշնության:
Ծանրաշարժ օրերն այս ատոմախիտ,
Եթե հալես դու տարածության մեջ
Ու ժամանակի,
Եվ եթե հաշվես դու մի հնարքով
Վատնումները քո անթիվ, անիմաստ,
Անխորհուրդ, անձև,
Ու կորուստներդ հեղեղի նման,
Կտեսնես քո այս շատ փոքրիկ
Կյանքով
Անթիվ, անհամար դարեր են անցել,
Եվ դժվար թե քեզ հաջողվի ճշտել
Տարիքդ հիմա:

