Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Մարո Մարգարյան

Աստվածները հիմա

Լեռան կապույտ-լեղակ գծագրի վրա
Անճառագայթ կարմիր արեգակը իջավ.
Ու լցվեցին ծաղկանց բաժակները գունեղ
Տխրությունով կապույտ
Ու կարմրավուն մութով:
Ու ծխացին խամրած սերերն անհիշատակ,
Ու լցվեցին տխուր հոգիները հոգնած
Աստվածների վաղուց կորած գութով:

Ադամանդե լեռներ՝
Երիզներով կապույտ.
Համբերություն անթեք ու ծիծաղներ արծաթ
Խոժոռ-խոժոռ կանգնած հավերժների հանդեպ,
Դարերի հետ բոլոր հին վեճերը հարթած:
Համբերություն քարե,
Անքնություն անթարթ,
Ե՜վ անհաղորդ խորհուրդ, և՛ սպասում բարի,
Ու քարացած հավետ
Ընդվզումի բառեր,
Ու տխրություն դատարկ ճանապարհի:

Աստվածները հիմա
Ընդհատակ են անցել,
Անդունդներն են իջել աստվածները.
Գույները անգույն,
Ձևերը անձև`
Ու մեռնելու չափ դատարկ է վերը:
Աստվածները հիմա
Անդունդներն են իջել,
Մետաղներին զիջել կապույտները
Եվ կապույտների
Ափերին բոլոր
Մեռնում է սերը:

Աստվածները միշտ էլ
Սառնասիրտ են եղել,
Կոշտ ու բիրտ են եղել
Աստվածները:
Ձյուն, կարկուտ են հեղել,
Ծաղիկները ջարդել,
Ու արտերը հարթել,
Կամուրջները փլել,
Ելք ու հնար խլել,
Ճամփաներն են շեղել
Աստվածները
Եվ աստղերը բոլոր
Շատ հեռվից են վառել,
Ու մեր շվար կյանքին
Կույր աչքերն են հառել,
Ու քանի որ նրանք
Շատ վերև են թառել,
Մեզ վերից են վառել
Աստվածները...

Ինչ գիտեմ, գուցե
Հենց սխալն է ճիշտ
Ու ճիշտն է սխալ:
Ինչպես իմանա
Մարդն այսքան շիկնած,
Շփոթված սրտով,
Ու մտքով շվար՝
Երբ իջնում է վար...
Երբ իջնում է վար...

Կապույտների ծիրում
Երազները մեռան.
Կայծակում են վերջին
Սերերն ահաբեկված
Ու հանգչում են ճերմակ
Կատարներին լեռան:
Մոգություններն ամեն
Ու հրաշքներն անցան,
Մեքենային շիկնած
Ու մետաղե լարին...
Ես ձեզ ինչո՞վ հիշեմ,
Ու համակեմ ինչո՞վ,
Աներազ է հոգիս,
Ու անսեր է տարին: