Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Երվանդ Նազարեթյան

Չքնաղ է այստեղ, և մարդիկ չկան

Չքնաղ է այստեղ, և մարդիկ չկան,

Վայելք է՝ սուզվել բնության գրկում,

Հրաշաակերտ է պատկերը այնքան,

Որ Աստծո փառքն է իր մեջ ընգրկում։

Իր սքանչությամբ խորն է ու պարզ,

Որ քամին ծառի վարսերն է շոյում,

Իբրև մի չքնաղ իրական երազ

Նուրբ գեղգեղանքը հոգի է թովում։

Եվ հավքը կտցին մի պուտ ջուր առած

Երկինք է նայում ու փառք է տալիս,

Զույգի հետ ճախրում երկքնի մեջ բաց

Հատու սլանում ու պար է գալիս։

Ահա կածանը նեղ ու ոլորուն

Ուղեկցում է ինձ լճի զով ափին,

Որտեղ ալիքը մեղմ ու շորորուն

Շոյում է ջրին նստած կարապին։

Այս սիմֆոնիայից առնում եմ թևեր՝

Հոգով ձայնառու ու հաղորդակից

Ուր չկան մարդիկ ու չկան ձևեր՝

Հեռու բոլորից ու ամեն ինչից։