Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Աննա Դավթյան

Կալյումե

Արմեն ջան, մեռնեմ քեզ, ծնունդդ շնորհավոր, ի՞նչ ասեմ, բալես, սրտիդ ուզածով, ելաք գնացիք, Բանգլադեշ ե՞ք, թե՞ իջաք քաղաք, Նշանն եկել ասում ա՝ չե՞նք գնում Արմենի ծնունդին, ասում եմ՝ էս անգամ ջահելներով տեղ են գնացել, հենա գոռում ա, Արմեն ջան, շնորհավոր ծնունդդ, խանութդ թող ծաղկի, բալես, մեր հարեւան Լիլյան կռանտ էր ուզում, ասի՝ Արմենիս մոտից կառնես, երեխեքիդ հետ, գլխներից անպակաս, ազիզ ջան, Վարդս լա՞վ է, Տիկոյին չթողնես շատ խմի, վաղը գործի է, Ավոն զանգել էր, Նատաշն էլ կողքից կպած շնորհավորում էին, բալես, տան մեկը ծախել են, մյուսը գրավի տակ է, Նատաշն ասում ա՝ հայկական տարազով հարսանիք եմ ուզում, ասում ա՝ մամա, պինդ մնացեք, կգամ, ձեզ կօգնեմ, ես եմ ձեզ պահելու, իմ տարիքին ա համարյա հարսս, հահահա, ի՞նչ անեմ, Արմեն ջան, էլի շնորհավոր, ցավդ տանեմ, մեկդ երկուս դառնա, վարկերից գոնե որ պրծնես, էլ ընդեղ բարդություն չկա, Արթիկի տունը ծախվեր, կծախվի, հա, մի մտածի, Ձկան պարտքը տվի՞ր, Նշանն ասում ա՝ վիլը դրել ա բկին, ասա՝ էդքան ունես, սպասի էլի մի քիչ, Տիկոյին ասել էր՝ էլ Արմենին ապրանք չեմ տա, անտեր մնաս, բախտ, փլավն ում ես տվել, ախորժակն՝ ում, դե ազիզ ջան, լավ կլնի, չմտածես, շնորհավոր նորից, ինչ դու քեզ ցանկանում ես, թող կատարվի, բարեւներ երեխեքին, նվերը Տիկոյի մոտ է, ասա, թող շատ չխմի, ի՞նչ, Նշան, հա, Արմեն ջան, Նշանն է, ասում է՝ մի լավ աղջիկ ճարեք Տիկոյին ըդտեղ, քառսուն տարեկան դառավ,- ղժում է Տերեւ մորքուրը հեռախոսի միջից:

Արմենը հեռախոսը դրել է բարձրախոսի վրա, ու Տերեւ մորքուրի ձայնը աղմուկի մեջ համառում է աննահանջ: Տիկոն, ամեն իր անունը լսելիս, տնկում է մատը ու գլանակից խորը կում է անում: Փայտե սեղանի եզրին՝ սպիտակ կպչուն ժապավենի վրա գրված է՝ Reserved, Dashinka, 9:00.

Երբ առաջարկում էր այս տեղը, վստահ չէր, որ զարմիկները կսիրեն, ու հիմա ներքին ջանք էր թափում, որ օրը ստացվի:

Չգիտեր ոնց, ով ստեղծեց, ինչ բանից հետո, բայց էծերի պես սիրում էին իրար՝ մեկը մեկի վրա բարդելով կատակները, իրար կյանքի մեջ խցկվելով, հոգատարության պոռթկումներով, նախորդ աշխարհի չափի զգացմամբ: Կարող է լինել, որ պարզապես լավն էին ու ժամանակների միջով անցկացրել էին սերը՝ ոչ մի հատուկ ջանք չդնելով, հավանաբար մնացուկ նախանձախնդիր ու դժվար տատից, որի առաջարկած սիրո պարտավորության ձեւը փոխել էին` առանց անդրադառնալու:

Սրանից յոթ տարի առաջ եթե առաջարկեր այս տեղը, կկմկմային, իրար կնայեին, չէին ուզի դուրս լինել սովոր սեղանից: Մի տեսակ ընդհանուր համաձայնություն կար, որ Դաշինկայի գնալիք տեղերը իրենց գնալիք տեղերը չէին, ներում էին նրան նաեւ խմբից դուրս ընկած լինելու համար:

Հիմա տեղի առաջարկն իրեն էին թողել, ու Դաշինկայի հոգսն էր լավ միջավայր ապահովել, որտեղ իրենց լավ կզգային: Այդ պատճառով Մարտինի պատվիրեց: Նենց՝ բոլորովին չէր խմում, նախ ալերգիա ուներ ալկոհոլից, երբ խմեր, քթից ու աչքերից սկսում էր չռռալ, հետո՝ ղեկին էր, ու միայն Մարտինին էր, որ չէր խանգարում երկուսին էլ:

Արմենը հաշվեց ութ հոգի ու միանգամից երեք շիշ գինի պատվիրեց: Ինքը, կինը՝ Վարդը, քույր Մանիկը, Տիկոն՝ Տերեւ մորքուրի տղան, Գեւը՝ քեռու տղան, մյուս մորքուրի տղան ու հարսը՝ Ապերն ու Գոհարը, ու մորքուրի աղջիկը՝ Դաշինկան, որի այս քաղցրիկ անունը Տիկոն էր դրել:

Ապերն ու Գոհարն ուշանում էին, Արմենը հեռախոսով բացատրեց տեղը: Ապերը կողմնորոշվեց Մարդու իրավունքների գրասենյակով. իրավաբան էր ու այդ կողմերում դրա հետ էր գործ ունեցել:

Երբ ուշացած մտան ու սկսեցին աչքերով փնտրել սեղանը, Գոհարի դեմքին արդեն ինչ-որ ստվեր հայտնվեց, փաթաթած ալիքավոր մազերը ասես միանգամից ծանրացան: Օնկոլոգիական հիվանդությունների իր բժշկական դասերից դուրս տարիներ հղկել էր միայն տուն գնալու ճանապարհը՝ Քանաքեռ-Կոմիտաս: Լավ աղջիկ էր եղել, տեղ գնալու իր թույլտվությունները պահել էր ապագա ամուսնու համար ու ոչ մի ծխակոլոլ որջ չէր այցելել: Ստվերը մազերի հետ գցեց մեջքի հետեւը, ոչինչ ցույց չտվեց, ուրախ մոտեցան սեղանին, Արմենը գոռոցներով Տիկոյին բշտեց ու նրանց համար տեղ բացեց:

Գինիներն ու պիցաները սկսեցին սպասարկվել, մի-մի կտոր պիցա վերցրին, անձեռոցիկների վրա պահած սկսեցին ուտել ու ծիծաղել: Բանջարեղենային պիցայից եփած սոխի անտանելի համ էր գալիս, Դաշինկան կիսատ թողեց ու կերավ Մարտինիի զեյթունները:

Տիկոն շուրջն էր նայում, մեջքի հետեւում կանգնած կարմիր պատն էր աչքի անցկացնում, որի վրա ծխամորճ ծխող հնդկացի էր պատկերված ու քառակուսի ճառագայթներով արեւ:

-Դաշ, ստեղ վաբշե փող ծախսած չի:

-Խի՞, Տիկ:

-Դե, ոչ կաֆել-մետլախ կա, ոչ բան, մենակ փչած ա:

-Դու ինչքանո՞վ ես խփում քառակուսին:

-Քո համար ձրի:

-Դե ի՞նչ պետք ա ստեղ կաֆել-մետլախ:

-Դե հա էլի, նոր եմ էդ զգացողությունն զգում:

-Մեջքդ չի խանգարո՞ւմ գործիդ:

-Նվվցնում ա, հա, չեմ կարում կռանամ:

Տարիներ առաջ Տիկոն շուռ էր տվել իր նոր մեքենան` գնելու հենց հաջորդ օրը: Գյուղամիջի երկճյուղ ճանապարհի վրա չկողմնորոշվելով, թե որ մեկը պետք է մտնել՝ թռել էր արանքի բոստանը՝ հնձելով նորաբողբոջ խնձորենիները: Մեքենան պեծեր ու ճռռոց թռցնելով կողաշրջված կանգնել էր ուղիղ դռան դիմաց, որից դուրս եկած տանտիրուհին արդեն լացում էր խնձորենիների համար: Մեքենայի մեջ Գեւը, որ հաջորդ օրը բանակ էր գնում, սալջարդ էր ստացել, իսկ Տիկոյին հասցրել էին Գյումրու հիվանդանոց՝ լխճված ձեռքն ու ողերը վրից կախ: Արմենն էր հասել առաջինը, երբ Գեւը հեռախոսով օգնություն էր խնդրել, մեքենայի վրայից հանել էր վիդեո տեսագրությունը՝ վախենալով, որ արագությունը բարձր է եղել: Ամբողջ բոլոլայի մեջ նաեւ հասցրել էր հանգստացնել տանտիրուհուն, ծառերի նոր տնկիներ էր խոստացել: Շտապօգնության մեջ բռնել էր Տիկոյից կախված մարմնամասերը: Վթարից հետո Ապերը կարգավորել էր իրավաբանական-դատական հարցերը, Գեւը սալջարդն առած գնացել էր բանակ՝ Ղարաբաղ, որտեղից ուղարկել էր խնձորենիների դալար շիվեր: Հիվանդանոցից հետո Տիկոն մնաց ողնաշարի ցավերով, իսկ կողերին ու աջ դաստակին հայտնվեցին խորը սպիներ՝ դաստակի սպին նման երկար հազարոտնուկի:

Փաբն արդեն լցվել էր, ու պուֆիկների վրա տարածվել էին աղջիկներ ու տղաներ՝ ձեռքներին հավերժական դեղին հեղուկներն ու գլանակները: Ընկողմանել էին ազատության բարձերի վրա, սուզվել էին հատուկ օդի մեջ, որ բաներ էր ներշնչում նրանց՝ խոսելով ականջներին: Կարծես ամեն ինչ նվաճված էր այլեւս, ու մնում էր վայելել իրենց անհատականության շունչն ու ոգին ու ցույց տալ աշխարհին իրենց հանգստավետ քուլաները:

Վարդի գլուխն անընդհատ թեքված էր դեպի նրանց՝ աչքերի մեջ սմայլիկներ: Վարդն ընդհանրապես չգիտեր վատ ձեւով նայել. աշխարհը նրա համար բացահայտումներով լի տետրակ էր, ու հիմա այս ամենին նայում էր նույն այն զմայլուն հայացքով, որով վերջերս սկսել էր խոսել յոգայի ու բուսակերության մասին: – Դաշ, գիտե՞ս, արեւածաղկի չբոված սերմեր եմ ուտում, ինտերնետում կարդացի, որ շատ օգտակար է, ինչ մաման Ռուսաստան է գնացել, մենք միայն բույսերով ենք սնվում: Երեկ սալոն մի կին էր եկել, եղունգներն էի սարքում, ասեց՝ Վարդուհի ջան, կարմիր բողկի տերեւները շատ օգտակար են, կարող ես աղ դնել ու աղցանների մեջ օգտագործել: Ես իմ համար բացահայտել եմ, որ ինչքան դրական նայես երեւույթներին, դրանք այնքան դրական կդառնան: Ամեն ինչ կախված է քո հայացքից: Երեկ արդուկելիս վառել եմ Արմենի տաբատը, բայց չեմ նեղվում, Արմենն էլ ոչ մի բան չասեց:

Ֆեյսբուքի իր դատարկ պատին Վարդը մի լուսանկար էր տեղադրել՝ վառվռուն ծաղկաթփերի տակ գեղեցիկ փայտյա սեղան՝ վրան գինու երկու բաժակ, որ նայում էին դիմացը ցոլացող ջրի մանրիկ ալիքներին: Счастье не имеет рецепта… Каждый готовит его с ароматом собственных ощущений, ասում էր լուսանկարի ենթագիրը:

– Վարդուկ, մարդուդ կենացը,- Դաշինկան նրա քթին դեմ տվեց Մարտինիի սուրսայր բաժակը, ու Վարդը երանավետ ժպիտների միջով վերադարձավ իր գինու բաժակին:

Բոլորով խմեցին Արմենի կենացը: Երբ Գեւը պարզեց իր բաժակը՝ խփելու օդում կախված բաժակների փնջին, նկատելի էին նրա եղունգների տակ մնացած սեւ ներկի հետքերը: Աշխատում էր ՄՌՈՒ-ում, մեքենաների համարանիշների գնման ու տպագրության բաժնում: Նույնական համարանիշների համար մարդիկ դեռ շարունակում էին գլուխ ջարդել ու մեծ թվեր վճարել, ու Գեւը պատմում էր այդ անտակ տենդը, որով բռնված վարորդները մեկ-մեկ փորձ էին անում անգամ իր գրպանը փող խոթել:

Հարեւան սեղանին էր հայտնվել խուճուճ Հովոն, ու դա աշխուժացրել էր ծնունդի մասնակիցներին, իրենց ճիշտ տեղ եկած էին զգում: Գինու երկու շիշն արդեն դատարկել էին, նաեւ մի քանի գարեջրեր, ու Դաշինկան հանեց հեռախոսը՝ լուսանկարների մեջ ցույց տալու Թումանյանի՝ առնանդամը բաց գեղանկարը, որը երկու օր առաջ էր գնել: Հեռախոսը ձեռքից ձեռք անցավ, ուրախացան, ծիծաղից թուլացան: Թումանյանը կանգնած էր իր ողջ հասակով՝ հագին վերարկու, որի տակից մի քիչ արդեն թոշնած մերկ մարմինն էր՝ վրան տնկված անդամը, որ կարծես նկարված լիներ երեխայի ձեռքով:

– Մարդս ասում ա՝ մարդ էլ մի հատ հլրի համար էդքան փող տա:

– Ինչի համա՞ր,- հարցրեց Արմենը՝ նորից լսելու ու ծիծաղը թնդացնելու:

– Հլրի,- ասաց Դաշինկան, ու խումբը պայթեց:

Հարցն այն չէր, որ տասը տարում էին ամուսնու հետ սովորել այդ բառերն իրար ասել, կարեւորը, որ կարողանում էր դրանք գործածել, երբ պետք էր, որպեսզի մթնոլորտը թեժանար: Բոլորն էին ծիծաղում, նույնիսկ նորահարս Գոհարը, որ դեռ սովորում էր տալի կատակներին, Արմենը ծիծաղում էր՝ բռնած փորը, Տիկոն ոգեւորությունից ճմռթում էր Դաշինկայի թեւերը, Մանիկի գինին թռել էր կատիկը:

Տարիներ իր պտղատու աշխատանքը դրել էր Վեստայի վրա Մանիկը, սովորական վաճառողից մենեջեր էր դառել, գործուղումների էր գնում: Կանխիկով, ապառիկով ու զեղչով տասնյակ հարյուրավոր սառնարաններ էր ծախել, լվացքի մեքենաներ, ետ ընդունել երաշխիքի մեջ եղողները, բանվորների ձեռքով սարքել ու նորից ետ հանձնել: Ինչ-որ իմաստով այդ ընկերության երկարակեցության խորհրդանիշն էր՝ անմասն մնալով պարգեւավճարներից, տղամարդկանց ռոմանտիկ սիրուց, բայց ոչ հարգանքից:

– Ելանք պարելու:

Մի քիչ երկմտելով վեր կացան, վստահ չէին, որ այստեղ կպարվի: Առաջնորդվեցին դեպի բարի մոտի փոքրիկ ազատ տարածքը, որ ոչ պաշտոնական պարահրապարակն էր: Սկսեցին փոքր-մոքր պարել, հետո աշխուժացան՝ տեսնելով, որ կարծես կանոններին չի հակասում:

Պարի ընթացքում խմբի փոքրիկ օղակի մեջ նետվեց մի շատ երիտասարդ աղջիկ՝ հուդիի գլխարկը քաշած գլխին, ու անկանոն զարկվեց պարողներին: Դաշինկան լայն ժպտաց՝ քաջալերելու մյուսներին, որ ամեն բան լավ է: Սկսեց պարել աղջկա հետ: Արմենը, որ տնազների վարպետ էր ու տնազ էր անում բոլոր անճարակ պահերին, սկսեց տարբեր ձեւեր անել՝ հարբած պարողների, հարսանիքների փորավոր տղամարդկանց: Պոլիտեխնիկ էր ավարտել, բայց փող չունեցած տարիներին որոշել էր սերիալների մեջ դերասանություն անել, որոնցից մեկի համար սերիալի ղեկավարությունը լուսանկարներ էր ուզել: Զանգել էր Դաշինկային, որ լուսանկարի, ու երկուսով թափառել էին Մոնումենտի նոր կառուցվող շենքերի ավազների մեջ: Լուսանկարել էր նրան ավազի բլուրի վրա կիսամերկ պառկած՝ կողքին սեւ գուլպաներն ու չստերը, դիմանակարն արել էր բերանն ամենակերի պես ծառի սերմեր լցրած, բայց լուսանկարների զավեշտալիությունը չգնահատվեց, ու Արմենին չհրավիրեցին նկարահանումների: Ժամանակ անց հաջողացրեց մի երեքվայրկյանանոց դեր ձեռք գցել «Կյանք ու կռիվ» ֆիլմում, որն ամբողջ մեծ ընտանիքով հետ էին տալիս անընդհատ ու նայում Արմենի կադրը՝ ձմեռային զինվորական շորերով, ավտոբուսի դռան դիմաց սեւ-սեւ կանգնած:

Դերասանական կարիերան ավարտվեց, ու Արմենը բարգավաճելու շատ տպավորիչ առաջարկ ստացավ QNet-ից: Սա մի ֆինանսական բուրգ էր, որի մեջ նոր մտնողները պետք է գնում անեին առաջարկվող տեսականուց, հետո իրենք մարդիկ հավաքագրեին` նոր գնումներ անելու, վերջիններս էլ իրենց հերթին այլ մարդկանց բերեին, որոնցից տոկոսներ կստանային: Դաշինկան այդ թաշխալայի մեջ մտնելու մասին իմացավ միայն այն ժամանակ, երբ Արմենն ու Գեւը պարտքով արդեն 600 դոլարանոց մեկական ժամացույց էին գնել ու QNet-ի գրասենյակ բացել Արթիկում: Դաշինկայի` ֆինանսական բուրգից դուրս գալու հորդորները տեւեցին այնքան, մինչեւ ժամացույցների կաշվե գոտիները քրքրվեցին, գրասենյակի շուրջը հավաքվածները փող չունեցան` գայթակղվելու այս հազվագյուտ առաջարկով, ու տղաներն հասկացան, թե ինչի մեջ են թաթախվել: Արմենը գրասենյակը փակեց ու տուն վերադարձավ QNet-ից մնացած մի գառշոկ լիմոնի ծառով:

Խումբն արդեն գրաված էր զգում պարահրապարակը, թեժ նայողներ կային, մեկ էլ, հագենալով պարային ձեւերից, Արմենն սկսեց հարբեցողի պես գոռալ՝ Տի՛-կո՛, Տի՛-կո՛: Խմբին զարկված աղջիկը գլխարկը հետ գցեց, նայեց ու միանգամից նետվեց Տիկոյի վրա: Տիկոն շանթահարված ընկրկեց, ամբողջովին կարմրեց, ականջների բլթակներից սկսեց արյուն կաթել կարմրությունից: Դաշինկան հասավ օգնության, ընկավ աղջկա ու Տիկոյի արանքը՝ փրկելու նրան իր համար անելանելի դրությունից: Տիկոն այնքան էր իրեն կորցրել, որ հրաժարվեց շարունակել պարել, պուֆիկների վրա գայթելով՝ հասավ ու ճանկեց սեղանին դրված գինու բաժակը:

Քանի որ զոհ կար արդեն, ու կարելի էր նրա վրա բացվել, խումբն ավելի թնդաց: Արմենն սկսեց փաբով մեկ գոռալ՝ Տիկոոոո՜, ու աղջիկը շարունակեց ձայնակցել նրան՝ Տիկո, մի ամաչի, արի՜:

Մի քանի պարողներ էլ ավելացան, որ ներս արած մշուշի մեջ տարուբերվում էին օդի վրա՝ օրորալով ու խնդալով: Մի տղա ջարդեց գարեջրի շիշը ու ձեռքին մնացած շշի վիզը դրեց բարի սեղանին՝ պահանջելով նորից լցնել: Բարի մոտ մեջքանց նստածները տնգտնգալով խմում էին ու նայում իրենց դիմաց, որտեղ խմիչքների ցուցադրական տեսականին էր: Երբեմն շրջվում էին, արտաքուստ ուրախությամբ ողջունում էին որեւէ նոր ներս մտածի, որը մխրճվում ու տեղավորվում էր բարի երկարոտն աթոռների արանքում:

Վարդը պարում էր ուրախ-ուրախ՝ չնեղվելով նոր միջավայրից, Մանիկը փորձում էր անկաշկանդ երեւալ, Գոհարը չէր հեռանում նոր ամուսնուց, պարում էր նրան կպած, հոգու մեջ թախիծ, բայց ժպիտով: Գեւն ու Ապերը դամ էին պահում Արմենին ու ծիծաղում:

Հոգնած ընկան սեղանի մոտ՝ անհագորեն ջուր պատվիրեցին: Արմենը մատուցողին սկսեց կանչել՝ հարս ջան: Պատին գրված մենյուի մեջ նկատեց գյուղական կարտոֆիլ ու երկու հատ պատվիրեց: Մատուցողը բերեց ջրերը: Գինին վերջացել էր, սեղանին մնացել էին գարեջրերի դատարկ շշերը:

Արմենը խորամանկ ժպիտով գրպանից հանեց տափաշիշը: Կոնյակ էր բերել: Լցրեց գինու բաժակների մեջ, տղաները մի կումով գցեցին գինուց կարմրած կոնյակը: Մանիկը Տիկոյին հիշեցրեց, որ Տերեւ մորքուրն ասում էր, որ քիչ խմի: Տիկոն արդեն հարբել էր ամոթի վրա կուլ տված կոնյակից: – Այ Ման, էս ի՞նչ մի նորություն ա իմ համար, Ռուսաստան որ գնում ես կլուբ, պարում ես, մեկ էլ մեկը գալիս ա, սկսում ա բերանդ պաչել:

Դաշինկան խորացել էր փայտի ու դրա գույնի բերած զգացողության մեջ: Հիշում էր ինչ-որ գրքից մի պատառիկ, որ կարդացել էր ու հիմա փորձում էր մտաբերել ու համադրել պատկերների բերած ներկայությունը: Պատառիկը աստիճաններ էին նկարագրվում, որի մատների վրա ծաղկաթաղարների մեջ կանգնած էին բեգոնիաները՝ թավշապատ-արծաթապատ տերեւներով, այնքան խիտ մարմնով, որ կարծես եբենոսից լինեին, հիբիսկուսները՝ իրենց գունավոր գլուխներով, էոնիումների ճարտարապետական կառույցները, նկարագրվում էր բազրիքի նախշը, ու փայտահոտ այդ աստիճանները ոչ թե ինչ-որ տեղ էին բարձրանում, այլ իրենք էին տեղը, որոնց գալարների վրա տեղի էր ունենում կյանքը:

Չգիտեր՝ ինչու էր հիշել այդ պատառիկը, որը լավ չէր համադրվում միջավայրին, բայց հաճելի էր այն բերել, տեղադրել երաժշտության ու թմբիրի մեջ առկախված այդ պաստառին ու ծխել:

Անակնկալի նման սեղանի վրա ընկավ նորից աղջիկը, նստեց, գրկեց Դաշինկային, ոտքերը դրեց նրա ոտքերին, Գեւին ասաց՝ նկարի: Հետո սիգարետ ուզեց, ապա՝ խմելու բան: Տիկոն սկսեց սեղանի մյուս ծայրից գոռալ՝ քանի՞ տարեկան ես: Գեւը սաստեց Տիկոյին: Տիկոն իրար վրա լցրեց խմիչքների մնացորդներն ու մեկնեց աղջկան: Ձեռքի մեջ երեւում էին գործից ահավոր ճաքճքած ափն ու հսկա կոշտուկները: Դաշինկան Տիկոյի ձեռքից վերցրեց բաժակն ու դրեց սեղանի հեռու ծայրին, աղջկան չտվեց: Ինչքան ուզում էր, որ մյուսները լավ վերաբերվեն աղջկան, նույնքան էլ ուզում էր, որ նա գնար, չճնշեր իր անհասկանալի ներկայությամբ:

Գոհարը պրկվել էր, ձեռքը դրել էր Վարդի ձեռքի մեջ ու չէր նայում աղջկան: Ուներ իր նորահայտ հարսնությունը, որ մինչեւ ծուծը սիրում էր ամուսնու նվիրած մուգ կարմիր վարդերը, երազանքից թռած դրանց անթերի թերթիկները, ու չէր ուզում մտնել այլ աշխարհ, որի համար սրտում տեղ չուներ պահած: Ապերը ձեռքը տարել էր նրա գոտկատեղին՝ պաշտպանելու նրան ու ցույց տալու իր համերաշխությունը՝ մեկ այլ տեսակի կնոջ հանդիման, որի ոչ անունն էր հայտնի, ոչ տարիքը:

Գեւը փորձում էր լռեցնել արդեն տաքացած Տիկոյին, որ մոռացել էր իր ամաչելը ու փորձում էր ջգրու գցել խմածությունից համարյա բացակա աղջկան: Արմենը շարունակում էր իր շուլուխները: Մանիկն ամբողջ ընթացքում լուսանկարում էր՝ բոլորին տալով իրենց համապատասխան ժպիտները:

Դաշինկան հիշեց նվերների մասին: Պայուսակից հանեց տոնական բացիկը, որի մեջ նվեր 10 000 դրամն էր: Տարիների մեջ չէր ֆիքսվել այն պահը, թե երբ ընտանեկան ծնունդների ժամանակ նվերի գինը 5 000-ից դարձավ 10 000, ով առաջինը հաշվի առավ գնաճը, բայց երկար ժամանակ նվերներ գնելուց հետո սկսեցին իրար պարզապես փող տալ: Ապերն էլ Արմենի գրպանը խոթեց իր 10 000-անոցը: Տիկոն տարված էր աղջկանով եւ իրադրությանը չէր մասնակցում: Գեւը գյուղից ինչ-որ նվեր էր բերել, որ մայրն էր դրել հետը:

Փաբն սկսեց դատարկվել: Արմենը դատարկությունից ոգեւորված մոտեցել ու խնդրել էր բարմենին երաժշտությունը բարձրացնել պարելու համար: Բարմենն ասել էր՝ չեմ գրնար, եղբայր, տասներկուսեն վերջ իրավունք չիկա ձայնը բարձր ընելու:

Մատուցողուհին իրար վրա դարսեց գետնի փոքրիկ սեղանները: Պուֆիկները մնացին այստեղ-այնտեղ անտերունչ ընկած:

Աղջիկը դեռ կա. օրորվում է, հայտնվում է սեղանի գլխին ու անհետանում: Տիկոն վեր է կացել, պառկել է պուֆիկների վրա, ծխում ու կլոր քուլաներով բաց է թողնում ծուխը, դանդաղ ինչ-որ բան է խոսում, երգում է երաժշտության հետ:

Նայել է պետք նրա մեկնված երկար հասակին, ուժեղ ոտքերին, որոնց վրա նշմարելի են ջինսի արդուկված ծալերը: Տերեւ մորքուրն է խնամքով արդուկել գծերը՝ անելով իր մայրական աշխատանքը՝ ի հեճուկս ժամանակների:

Տեղն այնքան է ծխով լցված, որ օդի մեջ տաշեղներ են թռչում: Ուզում են գնալ, հագնվում են, Տիկոն տեղից չի շարժվում: Երաժշտության հետ ինչ-որ ցնդող բանի է վերածվել ու երբեւէ խմած բոլոր հեղուկների մեջ տարրալուծվել:

Քարշ են տալիս հետեւներից՝ արի, գնում ենք: Արմենը մեքենայի վրայից վերցնում է տաքսու նշանը, դնում է բեռնախցիկի մեջ, ու Բանգլադեշ գնացողները լցվում են Տիկոյի Lexus GX-ը, որ սեւ կանգնած է մանր մաղող անձրեւի տակ: Տիկոն գլորվելով նստում է ղեկին, մյուսների ծիծաղների, բառերի ու գոլորշիների տակ իջեցնում է ապակին ու նայում պատի տակ փսխող աղջկան, որ կծկվել է թռչունի պես ու մարում է: