Մի՛ ուրացիր, քաղաք
Քո եղբայրն եմ ես, քաղա՛ք, իմ անունով կանչիր ինձ.
ժամանակ չգտա հենց սկզբում խոստովանել քեզ,
քանի որ մեր արյան ու երազի մնացորդից
գույներ էինք ընտրում վերջին հեղափոխության դրոշին
և զենք կիսում հացի փոխարեն,
երբ պատերազմ էր բոլոր խրամատներում:
Հետո տունդարձի ճանապարհն էինք անվերջ փնտրում,
ուր, կարծում էինք, ջերմություն կգտնենք և տաք կերակուր:
Իսկ վաղը, երբ իմ ամպած երկնքում սև տարածվի ագռավը,
քո մտահոգ ձեռքով կիջեցնես կոպերս վերջին անգամ
ու թևերիդ վրա համր կտանես մարմնիս ավերակը՝
ամփոփելու մոտիկ բլրալանջին` մյուս եղբայրներիդ կողքին:
Պարտքդ կատարած` կտրուկ կշրջվես սգո թափորին,
մեռա՛վ եղբայրս՝ կասես,
ու մատով ցույց կտաս նրանց մեջ մեկին,
հավաստելով՝ հիմա դու ես իմ եղբայրը,
ու կքայլես տուն՝ այնպես թեթև, անփույթ.
որ կյանքս` քեզ մոտ ու արյունակից, չէր էլ եղել կարծես:
Ես քո եղբայրն եմ, քաղաք, ինձ մի՛ ուրացիր: