Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Հովհաննիսյան

Քանի՜, քանի՜ կամեցել եմ․․․

Քանի՜, քանի՜ կամեցել եմ
Հանգիստ գտնել կյանքիս մեջ,
Եվ միշտ սիրտըս բորբոքել եմ
Երազներով ես անվերջ։

Ինձ աշխարհը չի կամի տալ
Անդորրությունն իմ խնդրած,
Դատարկ հուսով չուզե մընալ
Սիրտըս մաշված, խորտակված։

Եվ չեմ խնդրում անկարելին―
Մի սիրտ, մի սիրտ ըզգայուն,
Որ և սիրվեր, և սիրողին
Բերեր սիրո վառ գարուն․․․