Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վանո Սիրադեղյան

Ամուսնություն՝ Հայկական ձևով

Մի «դավաճանության» պատմություն

.

Ռուսաստանը երբեք չի երդվել, որ հավերժ կլինի Հայաստանի հետ, եւ, ուրեմն, երդմնազանց չի լինում՝ Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններ ստեղծելով:

Անշուշտ, երդումը քաղաքական կատեգորիա չէ, բայց բարոյական տեսակետից էլ Ռուսաստանը ազնիվ է, որովհետեւ այդ միայն Հայաստանն է, որ պատեհ-անպատեհ ու կամավոր հիմունքներով երդվում է հավերժորեն լինել Ռուսաստանի հետ: Իսկ Ռուսաստանը ընդամենը բարյացակամորեն (եթե պնդում եք, համարեք՝ բարեկամաբար) ընդունում է ի գիտություն կպչուն հավաստիացումները առ այն, որ առանց Ռուսաստանի Հայաստանի գոյությունը համարյա անիմաստ է: Իսկ մեծ երկրները չեն կարող յոլա գնալ մեկ դաշնակից ունենալով: Տրամաբանությունը կարծես թե հուշում է, որ փոքր երկրներին առավել եւս հակացուցված է ապավինել մեն միակ երկրի բարյացակամությանը, հատկապես, որ այդ ինքնակամ դատապարտվածությունը միշտ հղի է վտանգով, որ սեփական երկրի շահերը կփորձես նույնացնել այդ երկրի շահերի հետ միակողմանիորեն: Եւ ամեն անգամ, օ, սարսափ, կպարզվի, որ դաշնակիցը մտածում է այլ կերպ: Որ Ռուսաստանը, օրինակ, Հայաստանի ազգային շահերին զուգահեռ կամ Հայաստանի շահերից զատ, կամ հակառակ դրան՝ իր ազգային շահը ունի: Ճիշտ է, հայերը համոզված են, որ Ռուսաստանը իր ազգային շահը չի գիտակցում, չնայած այդպես «անգիտակից» քանի հարյուրամյակ գոյատեւում է եւ կարծես թե՝ ոչինչ: Բայց հայերը հույսները չեն կորցնում: Պարզապես Պուտինն էլ չգիտակցեց եւ «առաջին գիշերվա» նախապատվությունը տվեց անցած 100 տարում 2 անգամ հայերի ջարդ տեսած Բաքու քաղաքին:

Հայերը թունդ են նեղացել, բայց բանը չի հասնի հիասթափվելուն, որովհետեւ մեկից հիասթափվել կարելի է մեկ անգամ: Լավ՝ երկու անգամ: Բայց պատմական այնպիսի կարճ ժամանակահատվածում, ինչպիսին 150 տարին է, երբ հիասթափությանը մոտ ապրումներ ես ունենում մեկ տասնյակից ավելի անգամներ, դժվար թե տրամաբանական լինի դա կոչել հիասթափություն: Հիասթափվելու համար էլ, ի դեպ, արիություն է պետք: Արիություն նաեւ քո´ մեջ փնտրելու կրկնվող հույսերի կրկնվող կործանման պատճառը: Բայց մենք, ըստ երեւույթին, էլի պատրաստ չենք հիասթափվելու, եւ ընդամենը նեղացած ենք Ռուսաստանից որպես հարազատից: Մոտիկից: Միակից:

Այսպես, ճարահատյալ նեղանում է բազմազավակ կինը դավաճանությունից՝ ամուսնու կամ մեկի, ում ամուսին է համարում՝ քմահաճորեն: Եւ Հայաստանը նեղացած է Մոսկվայի նախընտրությունից: Այնինչ, մի քանի հազար տարի Արեւելքում գտնվելով, մի քանի հարյուր տարի կապված լինելով Ռուսաստանի հետ Հայաստանը պիտի որ հասկացած լիներ, որ հարեմում նեղանալ չկա նախապատվությունը տալուց, եւ որ տերը նախապատվության հարցում չի առաջնորդվում նվիրվածության չափով, որովհետեւ չի հասկանում ինչ բան է սեփականության նվիրվածություն: Սեփականության հատկանիշը չէ՞ որ պատկանելությունն է, ոչ թե զգացմունքն ու դատողությունը: Եւ առհասարակ սերը անցողիկ է լինում: Իսկ միակողմանի սերը լինում է ողբերգական:

.

25.01.2001