«Պարիտետի» ժամը
- Խառնակչություն՝Ջավախքի ուղղությամբ
Մարիուս Յուզբաշյանը սպանվեց՝ իր հետ գերեզման տանելով Ղարաբաղյան շարժման սկզբնավորման գաղտնիքը: Հետագայում Մոսկվայում երիտասարդ տարիքում կյանքից հեռացավ Ղարաբաղի ղեկավարի պաշտոնում Կեւորկովին փոխարինած Հենրիկ Պողոսյանը, որին վիճակվա՞ծ, թե՞ վերապահված էր գլխավորել խռովության օրենսդրական փուլը եւ որի օգնականն էր, ի դեպ, Սերժ Սարգսյանը: Վերջինս միաժամանակ լինելով Շարժման ակտիվիստ՝ նաեւ մարզի ղեկավարի կապն էր գործադուլային ղեկավար մարմնի՝ Դիրեկտորների խորհրդի հետ: Այս փաստը առավել չարագուշակ երանգ է ստանում, եթե հիշենք, որ նա նաեւ Ստեփանակերտի ռուսական կայազորի եւ հայկական կողմի միջեւ կապավորի դեր ուներ:
Չարագուշակ այն իմաստով, որ բոլոր նրանք, ովքեր պաշտոնի բերումով Ղարաբաղում եւ Հայաստանում պիտի որ առաջինը տեղյակ լինեին պատրաստվող ստորագրահավաքի մասին (Միացման մասին-խմբ.), այդ մարդիկ այսօր կենդանի չեն: 1988թ. Ղարաբաղի մարզկոմի քարտուղար Պողոսյանը, Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Դեմիրճյանը, հանրապետության անվտանգության նախարար Յուզբաշյանը եւ ներքին գործերի նախարար Շահինյանը: Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ միայն բացառիկ հիվանդ երեւակայություն ունեցողը կարող է այսպիսի պատկեր տեսնել, եւ առավել հակված եմ սա վերագրել հայ ավանդական փնթի ինքնահոշոտման կրքին, բայց փաստը մնում է փաստ: Եթե այս անուններին ավելացնենք Վազգեն Սարգսյանի եւ ժամանակի մարզխորհրդի նախագահ Լեոնարդ Պետրոսյանի անունները, ամբողջանում է այն մարդկանց շարքը, ում պիտի որ Ղարաբաղի անվտանգության երաշխիքներ տված լինեին սովետական հետախուզական ծառայությունները եւ ովքեր «իրավունք ունեին» այդ բանը ակնկալելու ներկայիս... բայց ումի՞ց: Ցուցակը ամբողջանում է այն պահին, երբ օրախնդիր է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցը:
Անհասկանալի է մնում Սերժ Սարգսյանի պարագան: Կամ նա հայտ չի ներկայացնում Ղարաբաղին տրված երաշխիքների «պահանջատերը» լինելու, կամ սկզբում հասարակ սադրիչի դեր է ունեցել, ինչ դեր ուներ Իգոր Մուրադյանը՝ Յուզբաշյանին կից, կամ դեռ անելիք ունի Հայաստանում՝ այս պատմության ավարտական փուլում: Թող որ մենք սխալված լինենք, բայց, կարծես թե, չունի: Քանի որ այդ դերը կապված է լինելու ոչ միայն նոր պատերազմի հանգամանքներին, այլեւ նոր խառնակչությանը՝ այս դեպքում Ջավախքի ուղղությամբ: Եւ ուրեմն, այդ դերի համար բոլորովին նոր մարդ է պետք՝ կազմակերպությամբ հանդերձ: Հասկանալի է, որ դա Դաշնակցությունը կլինի: Օգնականներ կգտնվեն «Ջավախք» հայրենակցական միությունում, Սիլվան դեռ կա, ախալքալաքցի Զորի Բալայանի հարցը ավելի հեշտ է: Բայց տանող ուժը կլինի Դաշնակցությունը: Ոչ միայն այն պատճառով, որ կոմպլեքսավորված է, որ առաջին անգամ իր պատմության մեջ բաց է թողել խառնակչության պահը, այլեւ սեփական քաղաքական համոզմունքից ելնելով եւ քաղաքական ծրագրին ի նպաստ: Ծրագիր, որի էությունն այն է, թե ինչքան խոր խրվի Հայաստանը տարածաշրջանային կոնֆլիկտների մեջ, այնքան կախված կլինի Ռուսաստանից, ինչքան կախված լինի Ռուսաստանից, այնքան ժամանակ թշնամի կլինի Թուրքիային, եւ որքան երկար ժամանակ Հայաստանը թշնամի մնա Թուրքիային, այնքան տեւական ժամանակ իրենք հնարավորություն կունենան դրսում զբաղվելու Հայ դատով: Արդյո՞ք Ղարաբաղի տարբերակը Վրաստանի դեմ կիրառելու անհրաժեշտություն կլինի, դժվար է ասել, բայց Հայաստանում դրան պատրաստ թե´ ուժեր կան, թե´ բախտախնդիր իշխանություն: Այդ ուժերը եղել են միշտ, բայց Հայաստանի նախկին իշխանությունները ժամանակին կարողացան զինաթափել ՀԱԲ-ը, գուցե կանխարգելիչ միջոցառում որպես՝ փակեցին Դաշնակցությունը, նաեւ Գամսախուրդիան ժամանակին պաշտոնազրկվեց: Վերջին հաշվով, գուցե շնորհիվ այն բանի, որ Հայաստանում չկարողացան իշխանության գալ Էլչիբեյի եւ Գամսախուրդիայի տիպի գործիչները:
Թերեւս, այս անգամ էլ խուսափենք երկրորդ ճակատից, բայց դա կախված կլինի միմիայն Վրաստանից: Իսկ Հայաստանում այդ ավանտյուրան նախապատրաստվում է դաշնակցականների պաշտոնեական առաջխաղացումով: Քոչարյանը ընդհանրապես պատրաստվում է պատերազմի եւ այդ վիճակին համապատասխան կոալիցիոն կառավարություն կազմելը, համենայն դեպս, սկսել է ծնունդով ջավախքեցի դաշնակցական Լոքյանով: Եթե ուժային կառույցներից մեկնումեկն էլ հանձնի դաշնակցությանը, կարելի կլինի գրեթե համոզված լինել, որ, դաս չքաղելով ոչ մի բանից, նշմար է տալիս ում որ հարկն է, որ պատրաստ է ծառայել Վրաստանի ուղղությամբ համը հանելու գործում: Սերժի «ռուսական կողմնորոշումը» չփրկեց, պետք է մի նոր դեմք, ում ռուսական գաղտնի ծառայությունները համարում են իրենցը: Արեւմուտքն էլ, գուցե, իրենցը համարի, բայց այդպես պատահում է հետախույզների առօրյայում:
Քոչարյանը կուզենար այդ մարդը ինքը լիներ: Այսինքն, այդ էլ ինքը լիներ: Մի կողմից՝ Ամերիկան չդադարեր փող տալ, մյուս կողմից՝ Ռուսաստանը նրան համարեր իրենը: Որովհետեւ ինքը ծնունդով, ավանդաբար, դաստիարակությամբ, ուղնուծուծով նրանցն է ու ասիացի, բայց ստիպված է խաղալ եվրոպամետ: Վիրավորական է՝ իր արդար հացը իրենից հանիրավի խլողներից վրեժխնդիր լինելու աստիճան: Բայց ո՞ր մեկի դեմն առնի: Բարեբախտաբար, դաշնակցականները նաեւ իրենն են եւ պետք են գալու պատերազմի ժամանակ: Ոչ թե կռվելու համար, այլ ռազմաճակատի գիծ գնացած երկրապահների ու զորքի հնարավոր նահանջը գնդացիրներով թիկունքից կանխելու համար: Նաեւ խոր թիկունքում՝ որպես ռազմական դրության ռեժիմը ապահովող զինված ուժ: Իսկ ամենամոտ ապագայում դաշնակցականի ղեկավարած պատժիչ ծառայությունը կապահովի, որ «27»-ի դատավարության ժամանակ Նաիրի Հունանյանը ավելորդ բաներ չասի: Գուցե եւ հարցը «արմատապես» լուծելու միջոցով: Սերժ Սարգսյանը խանդի տեսարաններ չի սարքի: Նրան կործանելու է ագահությունը: Վերջին ամսի վերջին միլիոնին հետամուտ՝ նա այս անգամ բաց է թողնելու դավաճանելու պահը: Եւ այդ կողմից Քոչարյանը ապահով է: Նա ապահով է զգում իրեն նաեւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի կողմից՝ Հայաստանի ներսում ուզած քաղաքական կոմբինացիաներ անելու տեսակետից: Նրան դեռ ամեն ինչ ներվելու է. անգամ ռուսական հեռուստաալիքների փակումը, մամուլի ոլորտում դեռ սպասվող սահմանափակումները, երկրապահական-զինվորական թեւի հանդեպ քրեական հետապնդումների փուլը, որը, թերեւս, կսկսվի «27»-ի դատավարությանը համընթաց: Ներվելու է, որովհետեւ Ստամբուլի դաշնագրի տառին հավատարիմ՝ Ղարաբաղի խնդիրը տանում է հանգուցալուծման, մեծ տերությունների կարծիքով՝ ստորագրության, իր հաշվարկով՝ պատերազմի միջոցով: Այս ճանապարհին նա ոչ Ղարաբաղում, ոչ Հայաստանում ոչ մի հենարան չունի, Դաշնակցությունից բացի: Բայց այստեղ էլ միակարծիք չեն: Դատելով այն բանից, թե Բազեյանի հրաժարականը ինչ աստիճան ջղագրգիռ է դարձրել դաշնակցական մամուլին, նրանք հասկանում են, որ պարտության պատասխանատվությունը կրելու են միայնակ եւ որ կապիտուլյացիան ստորագրելուց հետո զրկվում են ո´չ միայն իշխանությունից: Ի տարբերություն սկսնակ դաշնակցական Քոչարյանի, որը իր խելքից է ընկել «Մահ կամ ազատության» թակարդը, Դաշնակցությունը լավ բան չի սպասում առանց Ռուսաստանի զինակցության մղվելիք պատերազմից, առավել եւս՝ իշխանությունը պահելու ձեւ չի տեսնում այդ հանգամանքներում: Եւ զարմանալի չէ, որ վերջերս սկսել է իր բառապաշարին անհարիր բառեր արտաբերել (ճիշտ է՝ գերագույն ջանքով) հանդուրժողականության թեմայով՝ ելքը տեսնելով նրանում, որ պարտությունը լինի ազգովին, միասնաբար, համազգայնորեն, անզիջում ու չպարտվողաբար... Որովհետեւ չի կարելի արյունով նվաճած հողը ետ տալ, բայց ավելի մեծ արյունով՝ խնդրեմ:
- Դեգերումներռուսական տափաստաններում
Ճիշտն ասած, տպավորություն է ստեղծվում, որ արդեն Ռուսաստանն ու Արեւմուտքն էլ չեն հավատում Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Մինչ Բաքվի հանդիպումը Արեւմուտքը ամեն ինչ անում էր, որ Ռուսաստանը պատերազմը առիթ չդարձնի՝ Վրաստանից զորքերի դուրսբերումը կասեցնելու եւ Հայաստանում իր ռազմական ներկայությունը բազմապատկելու համար: Բաքվի (ռուս-ադրբեջանական-խմբ) համաձայնագրից հետո այդ վտանգը անցել է, թեեւ որոշ վտանգ դեռ կա՝ Ջավախքի ուղղությամբ հայկական ավանտյուրայի հետ կապված:
Բայց Արեւմուտքի մտավախությունը հիմնականում փարատված պիտի համարել, քանի որ Ռուսաստանի այսօրվա դիրքորոշումը ոչ միայն բացառում է այդ վտանգը, այլ նաեւ կանխում է Պարսկաստանի միջամտությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, ինչի հնարավորությունը որպես շանտաժ այնքա՜ ն դեռ պետք էր գալու հայ գործիչներին: Մանավանդ, հույս կար, որ օրերից մի օր շանտաժը կդառնա իրականություն եւ կստացվի, որ «իրականացավ ապուշիս երազանքը»: Բայց Սերգեեւը Թեհրանում հոգացած կլինի այս մասը: Ռուսաստանը չէր թողնի, որ հզոր բանակի տեր հոգեւորականները յուրովի մեկնաբանեն Ռուսաստանի նոր նկատառումները: Ռազմական հանգուցալուծմանը դեմ չի լինի նաեւ Ռուսաստանը: Աշնանը Մոսկվայում հայ-ռուսական հանդիպման ժամանակ Պուտինը հստակ արտահայտվեց, որ Ռուսաստանը չի առաջարկի մի տարբերակ, որից դժգոհ մնա մեկ կամ մյուս ժողովուրդը: Այսինքն, ինքը չգիտի որեւէ տարբերակ, որը կգոհացնի երկու կողմերին: Եւ փոխզիջման վերաբերյալ հերթապահ նախադասությունը արտաբերելով հանդերձ, զգուշացրեց, որ Ալիեւ-Քոչարյան հանդիպումների մեղրամիսին հատկացված ժամանակը սպառված է՝ հայտարարելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը խոչընդոտում է Ռուսաստանին՝ նորմալ հարաբերություններ հաստատել տարածաշրջանի երկրների հետ: Կարծես այդ ապտակը քիչ էր, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նույն օրը անձամբ հերքեց Ալիեւի մահվան մասին տարածված լուրը եւ հարկ համարեց ավելացնել, որ համաձայնագրերի վրա աշխատանքները շարունակվում են, ինքը զանգել է Ամերիկա, եւ որ Պուտինի այցը Բաքու կկայանա մոտ ժամանակներս:
Ընդհանրապես այդ պատմությունից (Հայաստանի պատվիրակության՝ Մոսկվայում գտնվելու օրը Ալիեւի մահվան մասին դեզինֆորմացիայից) վատ հոտ է գալիս: Կամ դա «Արմենիկումի» մակարդակի ժուլիկություն էր, որը չի ներվում, կամ ռուսական ծառայությունների հնարք, որ առիթ լինի կոպտորեն ասել այն, ինչը չեն հասկանում դիվանագիտության լեզվով: Եւ հայկական պատվիրակությունը բանակցությունները ավարտելուց հետո հայրենիք չվերադարձավ: Պաշտպանության նախարարը առանձին Սոչի գնաց՝ Սերգեեւին երեւի հարցնելու, որ եթե ռազմավարական դաշնակիցների բարձր հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը հանգստանում է իր համար, արդյո՞ք դա նշանակում է, որ... Իսկ Քոչարյանը երկու օր ուշքի էր գալիս Սարատովի տափաստաններում:
Այդպես մաս-մաս վերադարձան Հայաստան: Իսկ ռուսական կողմը շարունակեց պատրաստվել բուն՝ Կասպից ծովի ընդերքի ու մակերեւույթի շուրջ բանակցություններին: Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ ընդերքի, մակերեւույթի, նավթամուղի հարց չկար 88 թվականին: Այն, ինչ ձեռնարկում էր ԿԳԲ-ն մեծ երկրի ծայրամասերում՝ ազգամիջյան հրահրումների եւ քրեական հետապնդումների ասպարեզում, նպատակ ուներ չափի բերել միութենական հանրապետություններ կոչված կուսակցապետությունների խաների հղփացածությունը: Եւ այն մեծամիտ անփութությունը, որով դիպչում էին ամենանուրբ՝ ազգամիջյան հարաբերությունների լարերին, վկայում է այն մասին, որ երկրի անսասանությանը դույզն-ինչ չէին կասկածում, հետեւաբար ռեսուրսների պատկանելության հարց չկար: Պարզապես ուզում էին է´լ ավելի կենտրոնացնել, է´լ ավելի ինտերնացիոնացնել, է´լ ավելի գաղափարայնացնել ժողովուրդների անխախտ միությունը: Երկար տարիներ զտումներ չէին եղել, իսկ սիստեմը առանց զտումների չէր կարող գոյատեւել: Հիմա դժվար է ասել, թե հայ-ադրբեջանական առճակատումը ինչ աստիճան էր խորանալու, եթե ամեն ինչ ընթանար այդ կոնտեքստում: Համենայն դեպս, Մասիսում Սումգայիթին համարժեք ջարդ կազմակերպել չհաջողվեց: Գուցեեւ շնորհիվ այն բանի, որ Երեւանում հաջողվեց ժամանակին սահմանափակել Ադրբեջանական ՍՍՀ քաղաքացիների միահեծան ու հրահրիչ ազդեցությունը Հայաստանը ալեկոծող միտինգների վրա: Հետագայում նրանք առհասարակ մեկուսացվեցին, եւ «պարիտետի» հարցը մնաց բաց: Բայց Յուզբաշյանին փոխարինեց Բադամյանը, եւ նման բանի մի փորձ եղավ վերջինիս օրոք ստեղծված «ՀԱԲ»-ի ձեռքով՝ Ոսկեպարում: Ժամանակը կգա, մեզ դեռ կհիշեցնեն Ոսկեպարն ու Խոջալուն՝ ի հակակշիռ Սումգայիթի:
Բայց «պարիտետի» հարցը վերջին պլան մղվեց, երբ Ադրբեջանում իշխանության եկավ Ազգային ճակատը եւ բացեց պարսկական սահմանը: Այստեղ էր, որ առաջ եկավ նավթի եւ նավթամուղի հարցը, եւ Ռուսաստանը որդեգրեց անթաքույց հայաստանանպաստ քաղաքականություն: Պատերազմը պատերազմ էր, եւ Հայաստանը, հափշտակված անակնկալ զորակցությունով, այդ հնարավորությունը օգտագործեց առավելագույնս: Տարածքներ կորցրած Ադրբեջանում հեղաշրջում եղավ (ինչի եզրին էր Հայաստանը ընդամենը Արծվաշեն գյուղը կորցնելուց հետո), իշխանության եկավ Ալիեւը: Եւ երբ ժամանակ անց, ռուսական կողմը Ալիեւին հանձնեց՝ նրան իշխանության բերած եւ իբր նոր խռովության մասնակից դարձած հերոս ու վարչապետ, ռուսական զինվորականության բարեկամը լինելու հանգամանքով՝ Ռուսաստանում ապաստանած գնդապետ Հուսեյնովին, պարզ դարձավ, որ հայ-ռուսական զինակցությունը դեպի անկում է գնում: Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը ժամանակի հարց էր: Բայց մի՞թե դա հասկանալու համար հարկավոր էր 5-6 տարի: Մի՞թե թափանցիկ չէր հոկտեմբերի զոհերի հոգեհանգստին եկած ռուսական բարձր պատվիրակության գնահատականը, թե՝ Հայաստանում սպանվել են Ռուսաստանի բարեկամները: Արժե՞ր այդքան աղերսել Պուտինի հետ մի հանդիպում, որի ժամանակ փաստորեն պիտի թքեին երեսներին՝ պաշտպանության նախարարին նախապես արձակուրդ ուղարկելով, իսկ Հայաստանի նախագահին ուղարկելով «ինստանցիաներով» եւ միայն հաջորդ օրը բարեհաճելով ընդունել: Եւ այնպես ընդունել, որ այդ օրը չկարողանա գտնի տան ճամփան, այլ երկու օր դեգերի ռուսական տափաստաններում, որպես փորձի փոխանակման եկած արհկոմի նախագահ կամ որպես մի մարզպետ Մուկ: Իսկ ինչպե՞ս կհրամայեիք ընդունել մի երկրի ղեկավարի, որի պառլամենտական մեծամասնությունը գնդակահարվում է օրը ցերեկով: Չլինի՞ սպասում էր, որ ճակատը պիտի պաչեն Վազգենի ու Դեմիրճյանի համար: Հետո, հո´ նրա համար չէի՞ն համաձայնել հանդիպմանը, որ հերթապահ շաղակրատանք լսեն տնտեսական համագործակցության մասին: Տնտեսական համագործակցությո՞ւն ես ուզում, ասին, գնա քեզ թայ գտիր: Գնա համագործակցելու երկրի ութ տասնյակ գավառներից մեկնումեկի հետ:
... Թե չէ՝ ի՞նչ էր կորցրել ռուսական տափաստաններում, որ դժվարանում էր տուն վերադառնալ: Եթե հնարավոր լիներ, Հայաստան կմտներ Այրումով, որովհետեւ օդակայանում ինչ հարց էլ տալու լինեն նենգ լրագրողները, ենթատեքստում բուն հարցն է լինելու. «Կոպեկդ գտա՞ր, պարոն նախագահ»: Եւ ի՞նչ հետեւության պիտի գար այդ հոգեվիճակում գտնվող, իր ժողովրդի պատմությունից անտեղյակ, իր ժողովրդի գիրը չիմացող, հավատից հեռու եւ ճաշակից բոբիկ մի մարդ, եթե ոչ սփոփանք որպես՝ փնտրեր ու գտներ իր նման մեկին, շատ կարդացած-քիչ հասկացած Մազին (ապշել կարելի է, ո՜ նց մինչեւ հիմա չէին գտել իրար) ու իրենով, կաթողիկոսով, կույսերով-բանով համայն հայությանը ի տես բեմադրեր այդ «Տխուր մայմունների պարը»՝ դիվադադար անելով Լուսավորչի հոգին: Աշխարհի վերջը էլ ինչպե՞ս է լինում: Համենայն դեպս՝ իշխանության վերջը:
Հայաստանը կմիանա Բաքվի հռչակագրին
.
ինչի մասին էլ որ այն լինի
.
Հայաստանին պիտի անհանգստացնի (ոչ թե ուրախացնի) այն հանգամանքը, որ Բաքվում Ռուսաստանը եւ Ադրբեջանը ստորագրել են ընդամենը երկու փաստաթուղթ (ինչպես հայտարարվում է-խմբ.): Երկար տարիներ սպասված, երկար ժամանակ նախապատրաստվող հանդիպման արդյունքը այդպիսին չի լինում: Տասը նախապատրաստվող փաստաթղթերից երկուսի անպատրաստ լինելու դեպքում այդ մակարդակի բանակցությունները հետաձգվում են: Եթե չի հետաձգվել, ուրեմն գաղտնի համաձայնագրերը ավելի շատ են, քան հրապարակվածները: Կամ՝ ի սկզբանե պիտի ստորագրվեր երկու բան, պարզապես հրապակվում են այն մասերը, որ մասերը այս պահին հարկ են համարում:
Հայկական ցրված ուշադրությունը արժե հրավիրել այն հանգամանքի վրա, որ փաստաթղթերից մեկը կոչվում է Բաքվի դեկլարացիա, իսկ տեղանուններով կոչվում են հետպատերազմյան շրջանի սահմաններ որոշող եւ ազդեցության ոլորտներ ճշտող պայմանագրերը՝ Յալթայի, Բաթումի, Բրեստի, Լոզանի, Ալեքսանդրապոլի... Հիշո՞ւմ եք: Հետեւաբար, պատերազմը մեզ համար է շարունակվում, նրանց համար ոչ միայն ավարտվել է, այլեւ գիտեն թե ինչպես:
Բայց սա՝ հասկացողների համար: Իսկ ով ավանդաբար գլուխը մտցնելու է Արարատյան դաշտի աղուտների մեջ եւ բաց քամակով վայելելու է Ախալքալաքից Հայաստան քշված եւս մեկ տասնյակ ԲՏՌ-ի ներկայությունը, այդպիսիներին ոչինչ չի օգնի: Նրանցը միշտ էլ եղել է ետին թվով ազատագրական երգեր հորինելը... Հայրենիքի եւս մի կտորի կորստյան մասին: Այդ մեկ տասնյակ ԲՏՌ-ները կամ նման մի բան կհետեւի Բաքվի հռչակագրին, ինչպես դրան նախորդել էր ինչ-որ անմիտ թղթերի ստորագրումը Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների կողմից: Եւ այդ ակնհայտ չնչինությունը, որը սեմուշկա ծախող աղջկա կողքով անցնող սուպերմենի՝ «Ո՞նց ես, թութուշ» ռեպլիկի (ուշադրության) արժեքը ունի, կարող է դարձյալ մտքեր ծնել Թուրքիայի հարեւանության մտքից մթագնած ուղեղներում:
Բայց Ռուսաստանը կարող է սադիստաբար այդ ժեստն էլ չանել: Կարող է եւ անել, եթե որոշած լինի վերջնականապես հիմարացնել հայկական կողմին: Չքաշվեց, չէ՞, երկու պետությունների (ռուս-ադրբեջանական-խմբ.) հարաբերությունները նոր աստիճանի բերելու միտվող բանակցությունները պսակել Հռչակագրով, դրանով իսկ ավարտած համարելով հայ-ադրբեջանական պատերազմը եւ կանխորոշելով արդյունքը՝ ելակետ ունենալով Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը: Եթե հակառակը լիներ, Հռչակագիրը կկոչվեր Երեւանի հռչակագիր:
Հիմա Հայաստանի կառավարիչներին մի բան է մնում անել. հնարավորին չափ սահմանափակել ռուսական հեռուստաալիքների մուտքը Հայաստան, որպեսզի Հայաստանի եւ Ղարաբաղի հայությունը առավելագույնս ուշ իմանա (լավ կլինի՝ բոլորովին չիմանա), որ Հռչակագրի մեզ հայտնի բովանդակության համաձայն, Ադրբեջանը իր նավթի մի մասը արտահանում է Ռուսաստանի տարածքով, ռուսական գազը մտնում է Ադրբեջան (հետագայում էլ գուցե այդտեղով՝ Պարսկաստան), Ռուսաստանում ապրող ադրբեջանցիները գրանցում են ստանում, վիզային ռեժիմ չի մտցվում երկու երկրների միջեւ, ռուսական ռադիոլոկացիոն բազան մնում է Ռուսաստանին, ռուսական նավթ ու գազ արդյունահանող «Լուկօյլ» հանրահայտ ընկերությունը 250 միլիոն դոլար է ներդնում հին հանքահորերը (Բաքվի-խմբ.) համատեղ շահագործելու համար... Այս մեկը, գուցե, Կասպից ծովի ընդերքը բաժանելու մասին համաձայնագրի թղթապանակից է:
.
«Հայի բախտը» թեմայով միջանկյալ զեղումներ
.
... Հիմա հայ մարդը պիտի մորմոքվի. «Այ, եթե «Լուկօյլի» ղեկավար Ալեքպերովի նման մի հայ օլիգարխ ունենայինք Ռուսաստանում»... Причем Ալեքպերովը, երազողներս: Եւ ապա, որտեղի՞ց պիտի օլիգարխ առաջանար: Ի՞նչ հողի վրա: Ավելի ճիշտ՝ ինչ ընդերքի ու պաշարի հիմքի վրա: Մի կոնյակ ունենալով, այն էլ մի թիզ հողի վրա, այն էլ մի կլիմայի պայմաններում, երբ հասույթի մի մասը աշնանը թաղում են վազի հետ,-այդ գործից օլիգարխ կծընվի՞: Թե՞ վարդագույն տուֆից: Գուցե հանքային ջրից ու տոմատի՞ց: Բայց քարով չէ՞ որ կառուցում էին միջնադարում: Չէ՞ որ Բուլղարիան այնքան պոմիդոր է թափում, որքան աճեցնում է Հայաստանը, իսկ հանքային ջրերից գոյացած՝ Թուրքիայի ամենափոքր գետը Հրազդանի չափ է: Ճիշտ է, ավելի մեծ գետեր էլ ենք ունեցել: Շատ բան ենք ունեցել: Բայց դա պատմություն է, իսկ պատմությունը մեզ ապագա չէ:
Մերը Սերժ Ջիլավյանն է, որի հույսով ապրում էր ռուսահայ ու հայրենաբնակ մտավորականությունը 10 տարի: Եւ տասը տարվա մեջ հազիվ հասկացավ, որ ոչ միայն փող չունի, այլեւ վերջին քսան տարին կամ բանտերում է եղել, կամ պարտքատերերից փախած՝ միաժամանակ հաջողացնելով գլխավորել Հայկական կոնգրես կոչվող բանը, որի ղեկավար կազմի մնացած մասը ակադեմիկոսներ էին եւ այլ տիտղոսավոր հայեր: Բանը վերջացավ նրանով, որ համանախագահ ակադեմիկոսին դեկտեմբերին ձերբակալեցին՝ 5 հազար դոլար կաշառք վերցնելիս:
Հիշո՞ւմ եք դաշնակցության աֆորիզմներից մեկը. «Ամեն գրպանահատ կարող է դաշնակցական դառնալ, բայց դաշնակցականը չի կարող գրպանահատ դառնալ»: Կարելի է տեղերը փոխել եւ քաղաքական իմաստով ավելի համոզիչ կլինի, բայց զարգացնենք միտքը՝ ըստ վերոհիշյալ դեպքի. ակադեմիկոսը չի կարող գրպանահատ լինել, բայց ընկերություն անելով ջեբկիրի հետ՝ օրերից մի օր կնստի:
Դե, հրեական համայնքի հայտնի դեմքերին էլ հետապնդում են, կառարկի բանիմաց մեկը: Այո, հետապնդում են. բայց մեկին 800 միլիոն դոլար վարկ վերցնելու եւ մասամբ վերադարձնելու համար, երկրորդին՝ մի քանի միլիարդ դոլար աշխատելու: Եւ երկուսին միասին՝ իշխանությանը անհաշտ ընդդիմություն լինելու համար: Իսկ հայկական համայնքի ղեկավարներից մեկին ձերբակալում են մի քանի հազար կաշառքի համար, մյուսին ժամանակ առ ժամանակ միլիցիան բանտ է գցում՝ «քցված» պարտատերերից պաշտպանելու համար: Ընդ որում, ոչ միայն իշխանությանը չեն ընդդիմանում, այլեւ համագործակցում են: Ընդ որում՝ ամենաստորին օղակների հետ:
Չէ, մերի մակարդակը, իրոք, ուրիշ է: Եւ այլ մակարդակ չէր էլ կարող լինել, քան ապահովիչ արտադրողների դեմ գավառապետության մակարդակով ընդվզելը, ազգային վերածննդի ծրագիր ներկայացնող իշխանության մակարդակն է եւ ազգային անվտանգությունը «թուրքական կարմիր լոբուց» պաշտպանող «գործիչների» մահացած ուղեղը: Ներսը ինչ է, թե դուրսը ինչ լիներ:
Եւ ի՞նչն է հատկանշական. որ թե´ Ջիլավյանը, թե´ «լոբու» Գուրգենը «Վ.Հարությունյան եւ մյուսներ» գործով «անցնում են» որպես տուժող կողմ: Առավել հատկանշականն այն է, որ ով պիտանի է երկրին ու ժողովրդին, գնդակահարում են նույնիսկ Պառլամենտում՝ առանց վրիպելու, իսկ ովքեր անպիտան են ամեն առումով՝ կա´մ ոտքին է կպչում, կա´մ ենթարկվում են հեռակա մահափորձի: Այսինքն՝ պայմանական: Մի խոսքով՝ վիրտուալ: Այն դեպքում, երբ երկուսն էլ պատրաստի թիրախ են, մեկը՝ իր ծավալուն մարմնով ու այն կառավարելու անհամապատասխան ուղեղով, մյուսը՝ չնայած ճպուռի ծավալին, ավելի ցայտուն է եւ խոցելի, որովհետեւ սիրում է հագնվել նախշուն թիթեռի նման՝ թարմ խոտի կամ ալ դագաղի գույնի կոստյում, ծաղկազարդ վերնաշապիկներ եւ ճերմակ փողկապ:
Հավելում՝ «Հայի բախտը» թեմայով միջանկյալ զեղումներին
- Անուններիմիստիկան
Այո, ժողովուրդն էլ պիտի բախտ ունենա: Այլապես ո՞նց հասկանալ, որ Հայաստանի երկու բարեկամ երկրներից մեկում հայերի ազգային շահերի պաշտպանը Սերժ Ջիլավյանն է, մյուսում՝ Ժորժիկ Աբրահամյանը՝ նախաձեռնողը Իրանի մեջլիսում Ցեղասպանության հարցը օրակարգ մտցնելու: Եւ հրաշք պիտի լիներ, եթե այդ թեւերը մայր հայրենիքում ազգային անվտանգության հողի վրա ի մի բերողի անունը չլիներ Սերժիկ Սարգսյան: Կարելի է ասել նաեւ, որ հեղինակը մանրախնդրություն ու բառախաղ է անում զուգադիպության վրա: Չգիտեմ, Ժորժիկը զուգադիպություն է, թե ոչ, բայց ժամանակին, երբ Ս.Սարգսյանը պաշտպանության նախարար էր, Ստեփանավանի զինվորական օդակայանում էր իջնում՝ հայտնի չէ ում պատկանող, Ջիլավյանին սպասարկող օդանավը: Այդ ի՞նչ էին տանում-բերում 8 տեղանոց մարդատար ինքնաթիռով՝ շրջանցելով Հայաստանի մաքսատունը: Այդ ու՞մ էին տանում-բերում՝ օգտվելով բանակի արտոնյալ վիճակից ու շրջանցելով Հայաստանի իրավապահ մարմիններին՝ այն երկու դժնդակ տարիներին, երբ իրար ետեւից, առանց մի հետք թողնելու, սպանեցին Մարիուս Յուզբաշյանին, Վարդգես Պետրոսյանին, Համբարձում Գալստյանին, Աշոտ Սարգսյանին՝ երեքին արհեստավարժորեն գլխից կրակելով:
- Չլիներայդ նավթը (գովք հայվանության)
.
Հայ ժողովուրդը չունենա´ր այդպիսի լոբբի, որը իր համար զբաղմունք է սարքել Պանթուրքիզմի խրտվիլակով վախեցնելը Ռուսաստանի նման մի երկրի, որի քաղաքացիների 10-ից 3-ը թուրքալեզու է: Չունենա´ր այս իշխանությունը, որը ողջ հույսը դրել է հարեւանների կործանման վրա: Չունենա´ր այդ հարյուրամյա կուսակցությունները՝ իրենց հույսը սպասարկող մամուլով հանդերձ: Այն բանի համար, որ Ղարաբաղի փրկությունն ու Հայաստանի ապագան, նաեւ ժողովրդի մարտական ոգու պահպանման հույսը կապել են Կասպից ծովում նավթ չլինելու՝ իրենց անեծքի հետ: Անեծքի, որովհետեւ անօգնականորեն օրնիբուն կրկնելով, որ չկա, չկա, չկա,-դա արդեն թուղթուգիր անելու է նմանվում: Դա արդեն նույնիսկ ծիծաղելի չէ: Իսկ պետական հեռուստատիկնանց՝ ատելությունից ծամածռվող բերանից ամեն օր դուրս գալով՝ հնչում է սրտաճմլիկ՝ պետական-կուսակցական այրերի կատարմամբ «պաշտոնական թուղթուգիր անելու» այդ արարողությունը: Ողորմելի է՝ ազգովին գետինը մտնելու ցանկության աստիճան:
Երանի չէ՞ր ծախու լիներ այդ մամուլը, գոնե հույս կլիներ, որ ինչ-որ ժամանակ կծառայի բանական մարդու եւ բանական գաղափարի: Բայց հարյուր տարի ոչինչ չի փոխվել հայ մամուլի վարքի մեջ: Ինչպես տասնիններորդ դարի վերջերին ու քսանի սկզբին մանկամտորեն հավատում էր, որ ռուսական զենքը ազատագրելու է ու նվիրի հայերին Տաճկահայաստանը: Եւ ինչպիսի անպատասխանատվությամբ այդ նույն մամուլը, ռազմահայրենասիրական էքստազի մեջ ընկած, կամավորական ջոկատների նախատեսվող գործողությունների ուղղություններն էր քարտեզագրելով մատնում իր էջերում, նույն մանկամտությունն ու անպատասխանատվությունը հանդես բերեց արդեն անցած դարձած 20-րդ դարի վերջին տասնամյակի ողջ ընթացքում: Պատմությունը, այո, դաս չի լինում: Խելացի մարդիկ են ասել: Բայց նկատի են ունեցել, որ դաս չի լինում հիմարներին: Անցած տասնամյակի առաջին կեսին, երբ առանձնապես կշտամբելու բան չկար, թերուսների դասը կշտամբանքի ու թերահավատության առարկա էր սարքել առաջին նախագահի՝ լեզուների իմացությունն ու ակադեմիական կրթությունը: Ու քանի որ նոր հանրապետության ինքնահաստատումը առաջ էր գնում բավականաչափ հավասարակշիռ ու անխաթար, նորանոր խավեր սկսեցին կորցնել զգոնությունը, մտածելով, թե այդպես էլ պիտի լիներ: Եւ հիմա էլ իրենց հաշիվ չեն տալիս, որ եթե, օրինակ, Արամ Մանուկյանը նույնքան տգետ լիներ, ինչքան այսօրվա իշխողները, բոլորովին էլ միանշանակ չէ, որ Առաջին Հանրապետությունը կկայանար: Եւ թե այդ հիմքի վրա կկայանար Խորհրդային Հայաստանը: Ապա եւ՝ այսօրվա անկախ Հայաստանը: Չէ՞ որ Թիֆլիսում նստած Ազգային խորհուրդը չէր ուզում հռչակել անկախ պետություն, իսկ երբ ստիպված եղավ հռչակել՝ Ադրբեջանի ու Վրաստանի հռչակումից հետո, հիմա էլ դժվարանում էր տեղափոխվել Երեւան եւ կառավարել այդ պետությունը:
.
- Կերեք,խնդրեմ, ձեր եփած ճաշը
.
Դառնանք մեր կուսակցություններին ու ոչ բարով իշխանությանը հարցով. Ինչի՞ հասաք՝ այսքան տարիներ ժողովրդին ներշնչելով, թե մեր թշնամին նավթ չունի, եւ թե մեր քրիստոնյա լինելը բավարար պայման է, որպեսզի Ռուսաստանը մեր կողմից լինի միշտ: Հասաք նրան, որ Պուտինի՝ Բաքու այցելելու մի փաստով սառը ջուր մաղվեց հայության հույսին: Մարդիկ մեղավոր չեն: Հայ կորստաբեր քաղաքական մտքի ասպետների մի քանի սերունդ ջանք է թափել (նաեւ թափելով ժողովրդի արյունը), որպեսզի հայ մարդը առավելագույնս հիվանդագին ընկալի Ռուսաստանի ամեն մի քայլը տարածաշրջանում: Հիմա պատրաստ եղեք վայելելու դրա պտուղները: Հայ ժողովրդին կարելի է «կերցնել» ամեն ինչ, բայց ռուս-ադրբեջանական մերձեցումը նա ընկալում է իբրեւ իր գոյության հիմքերի խարխլում: Տաք եք, չեք զգում զանգվածային փսիխոզի խմորումը այդ հողի վրա: Խաթարված հոգեվիճակում չեն ներելու ոչ միայն զույգ իշխողներին: Եւ ոչ միայն քաղաքական հենարանին: Էլ ականջ չեն դնելու «մազութի», «թալանի» հեքիաթներին, չեն հավատալու, որ ցանկություն ունեիք «երկիրը դուրս բերել փոսից»: Տնտեսության եւ քաղաքականության մեջ անելիքները զուգարանի փոս փորողի բառապաշարով մատուցելու ընդունակ (փոսից հանել, փոսը լցնել, փոսը ծածկել) կուսակցություն, կուսակցական ու պատգամավոր պետք չի գալու այլեւս մարդկանց, որովհետեւ դուք ոչ միայն Ղարաբաղն եք ծախել ու դատապարտել հայաթափման, այլեւ անբանությամբ, վախկոտությամբ ու անխելքությամբ Ռուսաստանի համակրանքն եք ծախել Ադրբեջանին: Այսպիսին է լինելու ժողովրդի ընկալումը: Այսպիսի ընկալման համար դուք շա՜ տ եք ջանացել: Բարի եղեք ուտել ձեր եփած ճաշը:
Ստամբուլի եւ Բաքվի հռչակագրերի արանքում
.
Բաքվի հռչակագիրը Ստամբուլի վեհաժողովի տրամաբանական շարունակությունն է: Անելով առաջին քայլը Ստամբուլում՝ Հայաստանը կանի եւ երկրորդ քայլը՝կմիանա Բաքվի հռչակագրին, Ղարաբաղը վերադարձնելով Ադրբեջանին: Հանձնման արարողությունը փաստաթղթերում ներկայացված կլինի Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագայում որոշելու մասին հեղհեղուկ բառակույտով, իբր, օրինակ, ռեֆերենդում կանեն հետագայում եւ այլն: Բայց ռեֆերենդում կանեն Ղարաբաղի ադրբեջանցիները (եթե կարիքը ունենան), որովհետեւ դեպքերը կզարգանան սրընթաց. զորքերը ետ քաշելու մասին առաջին իսկ պաշտոնական լրատվությունից հետո, երբ էլ որ զորքի տեղաշարժը ծրագրված լինի, բնակչությունը կտեղահանվի զորքերից շատ առաջ: Ո՞ւմ պիտի հավատան, թե դեռ ժամանակ կա: Մանավանդ որ՝ ինչ հավատալու տեղ է:
Ղարաբաղի համար փաստական անկախություն եւ բնակչության անվտանգ գոյատեւման երաշխիքներ հնարավոր կլիներ ապահովել երեք-չորս տարի առաջ, գուցե ավելի վաղ, քանի դեռ Կասպիական նավթի արդյունահանման ու տեղափոխման միջազգային պրոյեկտները նախնական փուլում էին, եւ Ադրբեջանը սուր կարիք ուներ Արեւմտյան այն միլիարդավոր դոլարների, որ ներդրվեցին տնտեսության մեջ վերջին տարիներին: Ռուսաստանի նվազ միջազգային կշիռը, Չեչնիայում պարտված բանակի վհատությունը, Հայաստանի միջազգային հեղինակությունն ու Ադրբեջանի ռազմական անկարողությունը վճռորոշ երաշխիքներ էին, որպեսզի Արեւմուտքը ստիպեր Ադրբեջանին ընդունել այդպիսի կարգավիճակ: Ստիպեր հանուն ինչի՞: Հանուն Արեւմուտքի շահերի: Հիմա այդ միլիարդները ներդրված են, էներգակիրների նախագծերը՝ հաստատված, Ռուսաստանը ազատվել է Չեչնիայի կոմպլեքսից, նավթի գների աներեւակայելի թռիչքի շնորհիվ ռուսական կառավարությունը աշխատավարձ է տալիս ժողովրդին ու զորքին, եւ հնարավոր է դարձել դեր խաղալ Կովկասում: Հետեւաբար, Ադրբեջանը որեւէ զիջման գնալու անհրաժեշտություն այլեւս չունի: Կոմպլեմենտար, իսկ իրականում՝ հույսը ռուսական զենքի քրիստոնեական թրծվածության վրա դրած հայկական դիվանագիտությունը կամ դիվանագիտական եռամյա դատարկապորտությունը բերեց-հասցրեց այսօրվան: «Անզիջում» բախտախնդիրների բանակցությունների սաբոտաժը՝ սկսած 94 թվականից, դրան հաջորդած հեղաշրջումն ու վարած «ազգային քաղաքականությունը» այս տարիներին ծառայեցին բացառապես Ադրբեջանի եւ Ռուսաստանի ազգային շահերին:
Ի՞նչ գնահատական տալ այս ամենին: Դավաճանությո՞ւն, հայրենադավությո՞ւն, հանցագործությո՞ւն, ուրացողությո՞ւն... Ոչ մի բնորոշում եւ բոլորը միասին վերցրած չեն արտահայտում երեւույթի էությունը: Ավելին, այդ մեղքերի համար պատիժն ու հատուցումը, նույնիսկ գնդակահարությունը ոչինչ չի փոխում եւ ուրեմն՝ անիմաստ է: Ոչ մի դավաճանի գնդակահարություն չի կանխել նոր դավաճանությունը: Պետք է, որ մարդկային հարաբերություններո՞ւմ, թե՞ մարդու եւ հասարակության փոխհարաբերություններում , թե՞ հայրենիքի ընկալման մեջ, գուցե հայ ընտանիքի ներսում ինչ-որ բեկում մտնի, արժեքների այս համակարգին սթափության մի կայծակ զարկի, որից հետո ուշքի եկած մարդը անընդունակ լինի բարբառելու, թե՝ «Հանուն հայրենիքի պատրաստ է ծառայել անգամ սատանային»: Կարեւորը այստեղ այն չէ, թե որ կուսակցության ղեկավարն է ասույթի հեղինակը (դա ընդհանուր մտայնություն է հայոց մեջ): Մտքի ահավորությունը նրանում չէ անգամ, որ այդպես մտածում են (իսկ խոսքը օտար երկրների ծառայությունների լրտես լինելու մասին է), նույնիսկ էական չէ՝ անգիտանո՞ւմ են միտումնավո՞ր, թե՞ իրոք չեն հասկանում, որ դժվարը մեկ անգամ սատանային ծառայելն է, դրանից հետո կծառայես ընդմիշտ ու նաեւ հայրենիքի դեմ: Ահավորը այն չէ, որ հայ քաղաքական գործիչները ընդունակ են այդպես մտածելու (դա կարելի է բացատրել հազար մաղի հաց կերած գաղթական լինելու հանգամանքով), այլ այն, որ ապահովաբար համարձակվում են բարձրաձայն արտահայտվել, որովհետեւ պիղծ մտքի ու արարքի ընկալունակություն կա հասարակության մեջ: Հասարակության մեջ ու ընտանիքում տաբու չկա Հայրենիք եւ Սատանա բառերը իրար կողք դնելու: Քրիստոնեությունը առաջինը ընդունելով եւ շուտով զրկվելով պետականությունից, Աստվածաշունչը պիտի որ դառնար մեր անկառավարելի մնացած ժողովրդի Սահմանադրությունը, լինելով ոչ միայն մարդկային համակեցության բոլոր ոլորտները հանգամանալից կանոնակարգող ու հստակ ձեւակերպող օրենսգիրք, այլեւ մարդու առօրյայի ու կենցաղավարության համար բացառիկ պրակտիկ ձեռնարկ: Աստվածաշունչը այդ կիրառական՝ ընտանիք, հանրություն ու ազգ ձեւավորելու իր (թող թույլ տրվի ասել) գլխավոր նշանակությամբ մնացել է փակ ու համր հայ ժողովրդի համար: Մարդկության հազարամյակների կուտակած փորձը, խոսքն ու խրատը մեր կողքով են անցել, եւ մեր ժողովրդի քիմքին առել է միայն իմաստուն գրքի դիցաբանական համը՝ մարդկության մանկության շրջանի բնազդային ընկալումներով:
Չիմացությունը մարդուն ժամանակից դուրս է դնում:
Դա էլ իր քաղցրությունը ունի, բայց դա տեսիլքների աշխարհն է՝ օգտակար երեխաներին եւ բանաստեղծներին եւ հատուկ՝ սալդաֆոններին: Մեր նման տեսլականի պատանդ Հունաստանում հեղաշրջում կատարած տխրահռչակ «Սեւ գնդապետները» նույն նվերը մատուցեցին թշնամուն տարիներ առաջ, երբ հակաթուրքական հիստերիայով եւ Կիպրոսի հարցում «անզիջում» դիրք բռնելով՝ առիթ տվին թուրքերին բանակը մտցնել Կիպրոս եւ կղզին բաժանել երկու մասի: Ելնելով հայ-հունական «թուրքահուշտ» բնույթի նույնությունից՝ վստահաբար կարելի է ասել, որ գնդապետները իրենց «հակաթուրքական» դիրքորոշման մեջ ստացած կլինեին Սովետական կառավարության «դաբրոն»: Կհարցնեք՝ սովետականերին ի՞նչ էր պետք գզվռտոց ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջե՞ւ. մի բուռ աղ Կիպրոսի անդորրության երաշխավոր Անգլիայի դիվանագիտության ճաշի մեջ, նաեւ տասնամյակների հնարավորություն՝ սղոցելու թուրքիայի ականջը ամերիկյան բազաների համար... Գուցեեւ Բուլղարիայից թուրքազգի բնակչությունը քշելու՝ Ժիվկովի խնդիրը դյուրացնելու խնդիր կար: Ի դեպ, Բուլղարիայից վտարված տասնյակ հազարավոր թուրքեր բնակություն հաստատեցին Կիպրոսի թուրքական մասում, իսկ Կիպրոսի կրոնավոր պրեզիդենտ Կլիրիդիսը մեկ տասնամյակ չէր իջնում Սովետական «ԹՐպՎÿ» ծրագրի էկրանից: Ուղղափառ եղբայրների կողմից այս մնաց հույներին իրենց «կոպլեմենտար»՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ Սովետների հետ հակաթուրքական խաղեր տալու քաղաքականությունից:
Իսկ Թուրքիան Կիպրոսի հյուսիսը փաստորեն իրեն միացնելով՝ իր տերիտորիալ ջրերի սահմանը Միջերկրական ծովում ետ ձգեց 300 կիլոմետր: Այսպիսի խաղեր: Բաքվի հռչակագրին կմիանա ոչ միայն Հայաստանը: Իզուր չէ այն կոչվում Կովկասի անվտանգության եւ համագործակցության մասին: Դրան կմիանա նաեւ Վրաստանը՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու պայմանով: Կմիանան-կվավերացնեն փաստաթուղթը Թուրքիան եւ ԱՄՆ-ը: Գուցեեւ Իրանը, որը ստիպված կլինի միանալ նաեւ Բաքվում կնքված երկրորդ փաստաթղթին, որը Ռուսաստան-Ղազախստան համաձայնագրի հետ ոչ այլ ինչ է, եթե ոչ Կասպից ծովի միջազգային կարգավիճակի համաձայնագիրը, որը կարելի է արդեն եղած համարել, որովհետեւ ընդերքի ու ծովի մակերեւույթի երեք քառորդին տիրապետող երեք երկիր արդեն որոշում են ընդունել, մնացած երկուսի՝ Իրանի եւ Թուրքմենիայի ստորագրությունը որոշիչ չէ, այլ ընդամենը ցանկալի: Այսպիսով, Բաքվում ստորագրված երկու փաստաթղթերն էլ ստրատեգիական նշանակություն ունեն. մեկը Կովկասի տարածաշրջանում, մյուսը Կասպիական, եւ, ըստ էության, տարածաշրջանային զարգացման կամ ազդեցությունների գոտիների վերահաստատման միեւնույն համաձայնագրի երկու բաղկացուցիչ մասերն են: Եւ հույս ունենալ, որ նման համաձայնագրերի մայրաքաղաք դարձած Բաքուն նվազագույն իսկ զիջման կգնա, նշանակում է ոչ թե բան չհասկանալ քաղաքականությունից առհասարակ, այլ տարրական դատողունակությունից զրկված լինել իսպառ: Այն աստիճան, որ արդեն մնում է երազել, որ լինի սերունդներին պահապան միջազգային մի ատյան, որը լիազորված լինի այս կամ այն էթնոսին, գոնե որոշ ժամանակով, զրկել ծնողական իրավունքից: Եւ սկսել մեզնից, որովհետեւ այսպիսի մտավոր մթագնումով չի կարելի սերունդ դաստիարակել:
Վիճակի հեղինակը իր ժողովրդի զավակն է, եւ իր վայրիվերո երեւակայությունը համարժեք է այն անբանական համառությանը, որով այս չափահաս մարդկանց ընդհանրությունը սերնդե-սերունդ իր զավակներին ոչ թե դեպի կյանք է առաջնորդում, այլ քշում է դեպի ետ՝ մի տեղ, որտեղ ինքն էլ լուսավոր բան չի տեսել (եւ հատկապես այնտեղ, որտեղ լուսավոր բան չի տեսել): Եւ որպեսզի սերունդը ոչ մի հնարավորություն չունենա թպրտալու մի այլ բախտի համար, ձեռ ու ոտը կապում է պատճառաբանված ատելության (հանդեպ Թուրքիան) եւ նույնքան չպատճառաբանված սիրո (հանդեպ Ռուսաստանը) քառատման դժոխային սարքին: Անցյալը մոռանալ անհնար է, հետեւաբար, անցյալը չմոռանալու կոչն է շինծու: Անցյալը ինքնին, ինքնապահպանման բնազդով, մոռացվում է այնքանով, որքանով խանգարում է ապագային: Դրա համար էլ մեռնողին թաղում են: Ճիշտ է, միլիոնից մի դեպքում կորցնում են հրաժեշտի բնազդը, եւ այդ դեպքում մարդուն հանձնում են հոգեբույժի խնամքին: Պատմությանն ու պատմական անցյալին բնական եւ քրիստոնեաբար կլինի վերաբերվել այնպես, ինչպես մարդը վերաբերվում է գնացողի հիշատակի հետ, որի մեծարման աստվածահաճո ձեւը ծառայելն է նրա սերունդների բախտին: Հիշողությունը նրա համար է, որ անցյալի աճյունը ամփոփվի այնտեղ, այլ ոչ թե կռապաշտորեն ներքաշվի մեր առօրյայի մեջ, ինչը ոչ միայն հակառակ է քրիստոնեության կարգին, այլեւ հակընդդեմ է ժամանակի ընթացքին: Հիշողությունը այնքան ներանձնական բան է, որ չի կարող լինել հավաքական, առավել եւս՝ չի կարող լինել պատմական: Պատմությունը լինում է արյունահեղ՝ պակաս կամ ավելի, քիչ թե շատ լինում է հերոսական, պատմությունը կանխորոշում է յուրաքանչյուրի ճակատագիրը, բայց մարդկային հիշողությունը սահմանափակվում է իր սեփական կյանքի ժամանակի սահմաններում, ինչը ոչ միայն պակաս սքանչելիք չէ, այլեւ միակ հնարավորն է: Մի´ դրեք ձեր նախնիների աճյունասափորը ձեր երեխաների հացի սեղանին, Աստծուց վախեցեք:
Ռուսաստանը, այո, իսլամի խնդիր ունի: Ինչպես ընդունված է ասել՝ իսլամ ծայրահեղականության: Բայց Ռուսաստանի (ինչպես եւ Արեւմուտքի) թե խնդրի ըմբռնումն է տարբերվում մերինից եւ թե, բնականաբար, խնդրի լուծման եղանակը: Սա տեսության ոլորտի տարաձայնություն չէ: Մեր անհասկացողության (եթե կուզեք՝ անհամաձայնության) գինը վճարված է կորսված հայրենիքով ու միլիոնների կյանքով:
Իսկ Արեւմուտքի կամ քրիստոնյա աշխարհի՝ իսլամական ռադիկալիզմի ըմբռնման էությունը այն է, որ Արաբական ավազուտներում եւ Ասիայի անապատներում խորովվող ժողովուրդների հակառակությունը Ռուսաստանի, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի արգավանդ հողերը վայելող ժողովուրդների հանդեպ՝ սողացող սոցիալական ընդվզում է ավելի, քան կրոնական անհանդուրժողականության դրսեւորում: Նաեւ դեմոգրաֆիկ պայթյունի արդյունք (ինչպես եւ չինացիների, իբր, գաղափարաբանական հակառակությունը Արեւմուտքին), որը նույնպես սոցիալական խնդիր է: Չմոռանանք, որ իսլամի ծագումը նախորդեց դեպի Միջերկրական ծովի հյուսիսային ու արեւմտյան բարեխառն կլիմայով ափերն ու դեպի Կասպիան ավազանի ոռոգելի հողերը իսլամի դրոշի տակ միավորված արաբական ցեղերի արշավանքին: Արեւմուտքը սոցիալական այդ արհավիրքին դիմագրավում է ազատ հասարակությանը հատուկ միակ եղանակով՝ ինտեգրելով կամ ինտեգրվելով: Եւ որպեսզի այդ ընթացքը պայթյուններով չլինի, ապահովության գոտիներ է կարգում քաղաքակրթությունների միջեւ: Եւ ապահովության միջնաբերդերը ընտրվում են ոչ թե քրիստոնյա երկրների թվից, ինչպես հայերն են երազում, այլ նույն իսլամական, բայց բավարար չափով լուսավորյալ երկրների, որոնց համար նաեւ ոչինչ չի խնայվում, որ այդպիսին մնան: Նաեւ հարաբերական բարեկեցության օջախներ է ստեղծում այդ աշխարհի ներսում: Արեւմուտքը այդ քաղաքականությունը որդեգրել է ճարահատյալ, բայց գնալով դա դառնում է այդ երկրների համար օրգանական, որովհետեւ Արեւմուտքի ռասայական պատկերը փոխվում է: Արեւմուտքը դառնում է խառնածին:
Բացառված չէ, որ Արեւմուտքը ճակատագրական սխալ է անում, բայց նա այդ «սխալ» ճանապարհով գնում է առնվազն կես հազարամյակ եւ մեր ու հույների կարծիքի հետ ոչ միայն հաշվի չի նստում, այլեւ մեր ինքնամատույց զոհողությունը հանուն քրիստոնեությանը, նույնիսկ մեր եղեռնը ի չարս է գործադրում կամ ծառայեցնում է նույն փափուկ դիմագրավման քաղաքականությանը: Եւ «նեղացնում» է Թուրքիային, որովհետեւ Թուրքիան բուֆերի իր դերը ամբողջությամբ չկատարած, հախուռն մտնել է ուզում Եվրոպա: Արդարն ասած, ուզում է վերադառնալ Եվրոպա, բայց Եվրոպան անցյալ դարի Եվրոպան չէ, եւ դեռ տարիներ են պետք, որպեսզի Թուրքիայի ապրանքներն ու ծառայությունները բերվեն Եվրամիության ստանդարտի: Նաեւ այդպես մեկ էթնոսի խուռներամ ընդունելության Եվրոպան պատրաստ չէ: Դրա համար են Թուրքիային ժամանակ առ ժամանակ տեղը դնում, եւ ոչ թե այն պատճառով, որ քրդերին օր ու արեւ չեն տալիս, իսկ հայերին ժամանակին կոտորել են: Եւ Ֆրանսիան էլ թուրքերին կասեցնելու հարցում առաջ է ընկնում ոչ թե այն պատճառով, որ թիթիզ է, ինչպես հայերի մի մասն է կարծում, կամ մարդու իրավունքի մեռած են ու հայասեր, ինչպես մյուս մասն է մտածում, այլ որովհետեւ Ֆրանսիայում այդ բանը սրտանց է ստացվում նաեւ այն պատճառով, որ Ֆրանսիան աննկատ արաբանում է իր նախկին գաղութների հաշվին, իսկ արաբները Եվրոպայի այդ փափուկ կտորը համարում են իրենց բաժինը, ոչ թե թուրքերի կամ չինացիների:
Ֆրանսիան, անշուշտ, այդքան հեշտ հանձնվել չի ուզում: Այդ պատճառով էլ երկու հազարամյակի սահմանին Ֆրանսիայի պառլամենտը երկու՝ օրգանապես իրար հետ կապված արտահերթ հարց ուներ օրակարգում. Թուրքիայի Եվրոպա մտնելը դանդաղեցնելը ցեղասպանությունը դատապարտելու միջոցով եւ ռուս երիտասարդ կանանց մուտքը Ֆրանսիա դյուրացնելու գործը օրենսդրորեն կարգավորելու հարցը: Շեշտում են՝ արդեն մեկ անգամ ծննդաբերած կանանց: Այսինքն, ծննդաբերելու ընդունակ կամ (որ ավելի երաշխավորված է) երեխայի հետ: Երկրորդ հարցը քննարկվում է զգուշորեն, որովհետեւ շոշափում է չբեր ֆրանսուհիների զգացմունքները: Իսկ ցեղասպանության հարցում՝ ոչ մի նրբանկատություն:
... Ո՞վ կսպասեր, որ 130 տարի հետո Հայկական հարցը Եվրոպային պետք կգա երկրորդ անգամ: Եվ ի՞նչ երաշխիք կա, որ պետք չի գալու եւս մի 110 տարի հետո: Ռուսաստանի քաղաքականության մեջ չի կարող չարտացոլվել 25 միլիոն իսլամ դավանող բնակչության մտայնությունը: Ռուսաստանը չի կարող չպաշտպանել ու չգուրգուրել Տաջիկստանի նման բուֆերը, ինչպես պահպանում է Մոնղոլիան Չինաստանի ոչ իսլամ բնակչության դեմ: Ռուսաստանը դատապարտված էր Ադրբեջանին դաշնակից-բուֆեր ունենալ (կամ ինտեգրման խողովակ) Կասպից ծովի հարավային ափին: Եւ այս հարցում Արեւմուտքը նրա համախոհն է: Եւ առաջին հերթին այդպես պիտի աներ, ոչ թե Հայաստանին կամ Վրաստանին պատնեշ դներ հեղեղի դեմը: Արեց այնպես, ինչպես Արեւմուտքն է անում՝ Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Ալժիրի միջոցով, ոչ թե քրիստոնյա Հունաստանի, ինչի պատրանքն ունեն հույներն ու հայերը: Իհարկե, Ռուսաստանը կուզենա, համենայն դեպս, հայկական մի անկլավ ունենալ Ադրբեջանի կազմում, բայց կպնդի այն աստիճան, որքան Ադրբեջանը թույլ տա: Իսկ ընդհանրապես, աշխարհքաղաքական վերադասավորումների պատմական այս փուլում հայկական անկլավի ու Հայաստանի դերակատարումը կարելի է համարել ավարտված: Ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից առաջ եւ ընթացքում հայ կամավորական շարժումն ու արեւմտահայությունը կատարեցին իրենց դերն ու վերացան: Եւ այսպես կլինի միշտ, քանի դեռ մենք մեր երեւակայած աշխարհում Հայաստանը կարգված կհամարենք քրիստոնեական աշխարհի միջնաբերդ: Իսկ իրականում՝ նա վաղուց ապահովության այլ համակարգի անցած տիրույթներում անելիք ունենալու պատրանքով ծերացող, հավատարիմ ու ժամանակավրեպ շան է նման, որին ժամանակ առ ժամանակ մի կտոր տրանշ են նետում եւ թողնում, որ իր մահով մեռնի: Իսկ Բաքու Պուտինի այցից ուղիղ երկու օր հետո Մախաչկալա ռուսական նավատորմի ռազմակայան ժամանեց ռազմածովային ուժերի հրամանատար Կուրոեդովը, իբր, շքանշան հանձնելու «Կուրսկ» սուզանավի անձնակազմի հետ զոհված տեղացի ինժեների հարազատներին: Ասել է թե՝ շքանշանի հանձնումը վաղ աշնանից հետաձգվում էր մինչեւ նախագահի այցը Ադրբեջան, երբ արդեն հնարավոր կլինի ռուսական Կասպիական նավատորմը քշել մինչեւ Պարսկաստանի եւ Թուրքմենիայի ափերը՝ նաեւ այդ կողմից (հեռվից) հսկելով Տաջիկստանի սահմանը: Գուցեեւ չափավորելու համար չինական ազդեցությունը միջինասիական երիտասարդ պետությունների վրա: Ինչը պիտի որ ձեռնտու լինի նաեւ Արեւմուտքին:
Ադրբեջանը՝ չլինելով շրջափակման մեջ, չլինելով Հայաստանի նման իրեն միակողմանի կախման մեջ դրած, պաշարներով լինելով Հայաստանից հարյուրապատիկ հարուստ, հնարավորություն ունենալով իր նավթը արտահանելու նաեւ Իրանով, դրանով հանդերձ միայն Կասպիական համաձայնագրով այնպիսի գին է վճարել Ռուսաստանին, որը վճարում են միայն հողի դիմաց: Իսկ թե երկրորդ-երրորդ նավթամուղը Վրաստանով կանցնի թե Հայաստանով, Ադրբեջանի համար մեկ է: Իսկ Ռուսաստանը կուզի, որ Հայաստանով անցնի: Ոչ թե հանուն Հայաստանի, այլ որ չանցնի Վրաստանով: Եւ Վրաստանը կախված մնա Ռուսաստանի էներգոռեսուրսներից: Որքան էլ տարօրինակ է, դրանից կարող է շահել նաեւ Վրաստանը՝ նավթամուղից հրաժարվելու դիմաց վերականգնելով իր տարածքային ամբողջականությունը: Չէ՞ որ Աբխազիայի ու հարավային Օսեթիայի հարցը կախված է բացառապես Ռուսաստանից: Կգնա՞ Վրաստանը դրան, կհամոզի՞ Ռուսաստանը Կասպյան միջազգային ծրագրերի շահագրգիռ երկրներին, դժվար է հիմա ասել, բայց որ Հայաստանով տարբերակը 500 կիլոմետր կարճում է խողովակի ուղին եւ համապատասխանաբար էժանացնում նավթի ինքնարժեքը, լուրջ պատճառաբանություն է: Բայց շուտ են ուրախացել մեր պետական հեռուստատղերքը Վրացական նավթամուղի տապալման առիթով: Դա միայն այն է նշանակում, որ նավթամուղը կանցնի Պարսկաստանով կամ Հայաստանով, իսկ Հայաստանով կանցնի միայն մի դեպքում, եթե Ադրբեջանի կամքով լինի, իսկ Ադրբեջանի կամքն ու պայմանը էլի Ղարաբաղն է: Ասել է թե՝ վրացական տարբերակի տապալումը միայն արագացնում է Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականության վերականգնումը:
Ոնց որ թե ստացվում է հայ գյադաների՝ լամպը ռեկլամելու ուղիղ հակառակը: Այնպես որ, միշտ չէ, որ պետք է կամենալ հարեւանի վատը: Թուրքական բանակը, համենայն դեպս Իրաքի տարածքում, ուխտադրժորեն ջախջախում է քրդական ջոկատները: Հայ գրողների միության անդամ Օջալանի կոչով Թուրքիայի տարածքից քաշված ապստամբների դեմ, այն էլ այլ երկրի տարածքում, ծավալվող բանակային գործողությունները խիստ տարօրինակ են, եթե հաշվի չառնենք մեկ էական հանգամանք. այդ ջոկատների պարտիզանական գործողությունների հնարավոր վերականգնման շրջանը համընկնում է այն տարածքների հետ, որտեղով անցնում է Միջերկրականի թուրքական ծայր արեւելյան ափը (Ադանայի մոտ) Բաքվի հետ կապող ամենակարճ ուղին՝ լինի դա Պարսկաստանով, թե Մեղրիով: Չմոռանանք ասել, որ թուրքական բանակի գործողությունները սկսեցին Մինսկի խմբի համանախագահների՝ Անկարայից Երեւան եւ Բաքու ժամանելուց անմիջապես հետո: Երեւանում, ի դեպ, ակնարկեցին Թուրքիայի միջնորդ դերի մասին, որ վաղուց չէր եղել: Դրանից երկու շաբաթ հետո կնքվեց Բաքվի հռչակագիրը: Անմիջապես հետեւեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Երեւան ժամանելուց առաջ, թե ՆԱՏՕ-ի վրա հույս դնել չարժե: Ամենազվարճալին, սակայն, Թուրքիայի սփոփիչ ակնարկն էր այն մասին, թե իբր, պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել: Բայց Օսկանյանը դեռ չէր հասցրել իրենց «անկոտրում» պահվածքի արդյունքների մասին մանրամասնորեն զեկուցել ժողովրդին, թուրքերը «քաջերի» 24 ժամվա ուրախությունը շատ համարեցին եւ հասկացրին, որ հանաք են արել: Նման չէր, թե ձեռ են առնում, բայց ստացվեց այդպես: Հազիվ թե նախատեսված լիներ, որ զգացվի, թե թուրքերը առաջին հաղորդումը տվել են ուրիշի խնդրանքով, որպեսզի Պուտինի Բաքու գնալու օրը հայ կառավարիչները հնարավորություն ունենան «հաղթական» մի բան ասելու շփոթված հայ ժողովրդին: Հնարավոր է, որ դա Ալիեւի խնդրանքն էր, եւ Թուրքիան որոշեց կատարել կեսբերան: Հնարավոր է, որ ավելի ազդեցիկ խնդրանք էր, բայց քանի որ հայերը էլի չափը անցան Թուրքիային «ծնկի բերելու» հարցում, տեղնուտեղը սաստեցին եւ ստացվեց էլի ձեռ առնելու նման:
Մնում է ավելացնել, որ թվարկածս բոլոր անցքերը տեղի են ունեցել 25 օրվա մեջ: Մի ժամանակահատված, որի մասին կարելի է ասել, որ Ամերիկան զբաղված էր ընտրություններով, բայց կարելի է ասել նաեւ, որ դա մի ժամանակահատված էր, որի համար ԱՄՆ-ի թե´ նախկին, թե´ ներկա նախագահները չէին կարող պատասխանատվություն կրել: Ասենք Կալիֆոռնիայի հայ ընտրողների առաջ: Ընտրությունը ընտրություն, բայց հո չեն կարող տասը տարուց ավելի դայակություն անել թալիբների նման գործիչների ծնող քրիստոնյա ժողովրդին: Ի դեպ, թալիբների մասին: Հայկական Թալիբանը առանձին ուսումնասիրության նյութ է եւ, հավանաբար, կլինի հետեւյալ հոդվածաշարի թեման: Իսկ այս թեման հնարավոր չէ ավարտել, չվերադառնալով Մեղրու հարցին: Իսկ Մեղրու հարցը, դատելով վերջին մեկ ամսվա սրընթաց զարգացումներից, փակված չէ, եւ խոր կասկածներ կան, որ նավթամուղի առիթով Քոչարյանը, այնուամենայնիվ, ինչ-որ դավաճանություն է որոշում ռմբակոծություններից խաթարված իր մտքում՝ Մեղրիի հանդեպ: Որը նշանակում է. Ղարաբաղը Ադրբեջանի կազմում՝ «անկախությունից ցածր, ինքնավարությունից բարձր», Մեղրին՝ ոչ Հայաստանի կազմում, ոչ Ադրբեջանի, նավթի խողովակը՝ Մեղրիով Թուրքիա, իսկ Քոչարյանին՝ ունեցվածքի անձեռնմխելիություն եւ երաշխիք, որ իրեն Արեւմուտքը չի հանձնի Հայաստանի հաջորդ իշխանություններին, երբ նոր հանգամանքներ ի հայտ կգան հոկտեմբերի 27-ի նորոգված դատական պրոցեսում: Եւ, ըստ երեւույթին, նա կանգ չի առնելու այդ ճանապարհին, որովհետեւ իր ստեղծած փակուղուց ոչ մի ելք չունի, բացի այն միջոցը, ինչին դիմում է զորքն ու երկիրը կործանած հրամանատարը: Բայց, քանի որ այդ մասին խոսելը անիմաստ է եւ տեղ չի թողել նաեւ մարդավայել հրաժարականի, նաեւ՝ Ազգային ժողով չկա, որ դրությունը փրկի իմպիչմենտով, ամեն ինչ կվերջանա ավելի վատ՝ հոկտեմբերի 27-ի նման: