Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Դանիել Վարուժան

Աստուծո լացը

Գեղեցիկ բաները արցունքի մեջ կը ծնանին:
ՌԸՆԱՆ

Երբ միջոցին մեջ տեղի տըված չէր
Դեռ Ոչընչությունն այս Տիեզերքին`
Ես կարծեմ Աստված բան մը կ'որոներ`
Որ դարման ըլլա տաղտուկի վերքին:

Շըրջան ըրավ Ան միջոցը մեկեն,
Եվ հոն իրմե զատ բան մը չըգտավ.
Էություն մ'ուզեց իր Էութենեն.
Իր Էությունն իր արձագագն եղավ:

Հետո դառնալով, տըխուր և մորմոք,
Համըր լըռության և կույր Ոչինչին`
Ան իրենցմե ինչ մ'ուզեց և անոնք
Ինքզինքնին տըվին, կամ բան չըտըվին:

Երբ Անհունն այդպես դատարկ գտավ Ան,
Իր մեջ ըզգաց խոր, դառնակըսկիծ ցավ.
Եվ Լըռության վրա ու Ոչընչության
Հուսահատութենեն սըրտաբուղխ լացավ:

Վարն իր արցունքներն ուզածը տըվին`
Կազմելով մեյմեկ աստղեր երկընքին.
Եվ Բանաստեղծին նըման Աստված ալ
Որպեսզի ստեղծե` հարկ եղավ նախ լալ: