Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Սիփան Շիրազ

Աստղերը պակասեցին

Քամիների նման անցան,
Քամիների նման – երազային –
Անցան, որպես մտքերն այն ցիրուցան,
Անուրջները, որոնք մի օր կային:

Անցան օրերն ու ժամերը դատարկ,
Անցան մահեր ու ծնունդներ հասուն,
Եվ մի մատուռ մնաց մթնած երկնքի տակ.
Մի հիշատակ՝ անհիշատակ ու անխոստում:

Իսկ հուշերը դեռ ապրում են դատարկ փոսում,
Մանուկներ են թռչում երկինք՝ ոտներին թագ.
Ցուրտ, կատակ էր Տեր Աստըծո ամեն խոստում,
Եվ անխոստում խորհուրդ էր այն և անապատ:

Ու՝ մնաց մեծ, ու մնաց մեծ սառցե մի պատ,
Մանուկների ոտքերի տակ՝ սառցե գամեր,
Եվ մնացինք ճանապարհին մենք՝ հուսահատ,
Մեր կրծքի տակ՝ հանգած – հանգած արեգակներ:

Եվ հասկացանք. կյանքում մտքում, ինչ էլ որ տանք,
Զուր, իզուր է, և զուր, իզուր շունչ տվեցինք,
Եվ անիմաստ դարձան կյանքում սեր, կիրք ու կյանք,
Եվ աստղերը երկնքի մեջ պակասեցին։