Ջուրին վրա
Նըվագե՛ կիթառդ, ո՛վ իմ Մելինա,
Լուսինն է ցաթեր, վերքի պես լանջքիս.
Երգդ, իբրև ըսպունգ, կը ծըծե ահա
Աստղերն երկընքին, արցունքներն աչքիս:
Աշխարհը մոռնա՜նք. ջուրին վրա` լուսնին
Լուսասփյուռ ճամբա՛ն ըլլա մեր ճամբան…
Երբ պըսակեմ գլուխս ողկույզով, Մելի՛ն,
Սըրտիս արյուննե՛ն իսկ գինի կ'ըլլան:
Թող երգդ հըրճըվի՜. Ծովը լուսավետ
Անդունդին աղով կ'օծե գանգուրներդ`
Զոր խառնեց ահա սյուքը` լարերուդ:
Թող երգդ արփենա՜. լեցուցի գինին
Կիթառիդ տոսախ պորտին մեջ հըրուտ…
Աստղի՜կն է նըստեր մեր նավուն քիթին: