Պրոպոս
Իմ հերոսը մի մարդ էր, որ ապրում էր իր համար համեստորեն ու զգույշ, և հանկարծ մեռավ մի այնպիսի մահով, որ իրեն ճանաչողներին ու մոտիկներին թողեց մեծ վարանքի ու զարմանքի մեջ։
Ինձ հայտնի չէ՝ որտեղի՞ց էր ծագում նրա օտարոտի անունը. թերևս նրա ծնողներն այդ պեղել-հանել էին որևէ մի օրացույցից, կամ թե քրիստոնեական մի նշանավոր սրբի անուն էր դա, որը նահատակվել էր հավատի համար և ծնողները կամեցել էին, որ այդ սրբի շնորհն իջնի իրենց որդու վրա նրա անվան հետ միասին... համենայն դեպս, իմ հերոսն իր այդ անունը կրում էր սիրով ու արժանապատվությամբ, նույնիսկ նա իր անվանը տալիս էր այնպիսի բացատրություն, որը կարող էր գուցե հավանական համարվել, եթե չափազանցություն չլիներ։ Նա ասում էր, օրինակ, որ Պրոպոս անունով Հին Հունաստանում եղել է Արիստոտելից ոչ պակաս նշանավոր մի փիլիսոփա, որի գրվածքները թեև մեզ չեն հասել, սակայն ահագին ազդեցություն են ունեցել ժամանակակիցների վրա։ Այդպես էր երբեմն բացատրում իր պաշտոնակիցներին՝ բանկում, ուր ծառայում էր նա՝ չգիտեմ հաշվակալի թե տոմարակալի պաշտոնով։ Ի դեպ, բանկ մտնելու օրից՝ նա անփոփոխ մնացել էր նույն այդ համեստ պաշտոնում, նույն այդ սեղանի մոտ, շահախնդրություն չունենալով՝ նա բարձր պաշտոնների չէր ձգտում, գտնելով որ մեծ պաշտոններն իրենց հետ բերում են և մեծ հոգսեր ու մեծ գլխացավանքներ, բաներ, որոնցից նա խուսափում էր միանգամայն։
Ինչպես անփոփոխ էր մնացել իմ հերոսն իր պաշտոնում այդպես անփոփոխ էին մնում և նրա սովորույթները թե հիմնարկում, թե տանը։ Իսկ նրա սովորույթները, կարելի է ասել, հանրածանոթ էին այն շրջանում, ուր նրան գիտեին հիմնարկում և իր բնակարանի բակում։
Բայց նա ուներ սովորույթներ, որոնց մասին ոչ ոք չգիտեր։
Ամենից առաջ, ի պատիվ իմ հերոսի, պիտի ասեմ, որ նա շատ ճշտապահ և կանոնավոր կյանք վարող մարդ էր։ Դեռ չէր պատահել, որ մի օր ուշանար աշխատանքից կամ անկողին մտներ տասներկուսից ուշ։ Միայն չգիտեմ բժշկական գրքերի ընթերցանության ազդեցությա՞մբ (գրքեր, որ միշտ ահաբեկում են ընթերցողներին), թե՞ ընտանիքում տեղի ունեցած մի դժբախտ դեպքի հետևանքով Պրոպոսը սաստիկ վախենում էր վարակից, հիվանդություններից ու մահից։ Այդ պատճառով նա թե տանը, թե հիմնարկում ձեռք էր առնում բոլոր նախազգուշական միջոցները՝ վտանգավոր բաների չմոտենալու, չվարակվելու. ծանոթներին ու պաշտոնակիցներին, օրինակ, նա ձեռով չէր բարևում, այլ գլխով. իսկ եթե, անհրաժեշտության բերումով, ստիպված էր լինում բարևել մեկին նրան թվում էր այնուհետև, թե ձեռն այրվում է, ու մարմնի վրա զգում էր միայն ձեռը. և հանգստանում էր միայն ձեռն օդեկոլոնով լվալով, որի լիքը սրվակը պահում էր միշտ գրպանում։ Իսկ փողոցում աշխատում էր որքան հնարավոր է չդիպչել մարդկանց, ֆիզիկապես չշփվել նրանց հետ։ Ի՜նչ իմանաս՝ ինչ բացիլներ կլինեն վրաները կամ ինչ հիվանդություններ կան ընտանիքներում։ Չէր սիրում Պրոպոսը մանավանդ հորանջող և հազող մարդկանց լիներ հիմնարկում թե դուրսը. այդպիսի դեպքերում նա երեսն անմիջապես շրջում էր մի կողմ. և ատում էր առանձնապես այն մարդկանց, որոնք թքում էին փողոցում, մանավանդ նրանց, ովքեր թքում էին իր մոտ։ Նա երեսը շրջում էր ու հեռանում անմիջապես։ Չէր սիրում Պրոպոսը նաև հյուր գնալ, համարելով այդ «կամավոր բանտարկություն» կամ «կամովին ենթարկվել վտանգի», իսկ եթե հարկադրված գնում էր մեկի տուն դուռը բանում ու գնում էր՝ բռնելով այն տեղերից, որ իր ենթադրությամբ մարդու ձեռ չէր կարող դիպած լինել. կամ բանում էր արմունկով ու ծնկով հրելով, սակայն երբեք բռնակը բռնելով։ Իսկ ներս մտնելով՝ երբեք չէր նստի բազմոցի կամ գահավորակի, որոնք նրան թվում էին «բացիլների օջախներ», այլ ընտրում էր մերկ մի աթոռ և դրա վրա մնում մինչև հյուրասիրության վերջը։ Իսկ երբ մեկը գալիս էր իրեն հյուր կամ այցելում էր իր բնակարանը՝ նա, հյուրի գնալուց հետո, նրա աթոռն անմիջապես լվալ էր տալիս սպիրտով՝ վարակի ամեն բացիլ ոչնչացնելու։
Բայց նա առհասարակ հյուրեր չէր ընդունում և, ինքն էլ, ինչպես ասացինք, հյուր գնում էր հազվադեպ։
Սակայն ծանոթների կամ պաշտոնակիցների շրջանում էլ, երբ լսում էր մեկը հիվանդ է եղել կամ տանը հիվանդ ունի, նա իսկույն հեռանում էր աննկատելի, եթե հարմար էր լինում, իսկ եթե ոչ հեռանում էր մի պատրվակով.
Ներողություն, մոռացել էի որ...
Ու ամեն անգամ այդպիսի դեպքերում կամ փողոցից տուն գալիս, ընդհանրապես նա իսկույն բերանն ու պնչերը լվանում էր բրոմով, իսկ ձեռներն ու երեսը սապոնով։
Մի անգամ հիվանդ ծանոթներից մեկը ձեռքով բարևել էր նրան, առանց հայտնելու, թե հիվանդ է եղել, և Պրոպոսը մի քանի օր հուզված մտածում էր, որ հիվանդներն էգոիստ են, նրանք հաշվի չեն առնում ուրիշի առողջությունը և կարծում են, թե մահը ուրիշների համար է։ Ու հատկապես վրդովվում էր այդ ծանոթի վրա, որ չէր ասել, թհ ինքը հիվանդ է։
Ազնիվ մարդը պետք է ասեր, թե հիվանդ է և դրա համար չի ուզում ձեռ տալ, կամ ուղղակի՝ չպիտի մոտենար։
Պետք է ասել առհասարակ, որ զգուշությունը նրա կյանքի կանոնն էր։ Հացը տուն բերելիս՝ բռնում էր նավթավառի վրա՝ ախտահանելու. նույնպես վարվում էր և այն մթերքների հետ, որ եփել կամ լվալ չէր կարելի. իսկ շատ մրգեր նա եփում էր կամ լվանում եռման ջրով։ Նույնիսկ խաղողը նա լվանում էր՝ հատիկները պոկելով։ Նա մեծ մասամբ տանն էր ճաշում, և ճաշարան գնում էր սակավ. բայց երբ գնում էր՝ հետը տանում էր դանակ, պատառաքաղ և գդալ մի անձեռոցիկի մեջ փաթաթած։
Վարակվելու երկյուղից գիրք նույնպես կարդում էր սակավ. գերադասում էր միայն նոր գրքերը, որ թղթատած չէին լինում. իսկ եթե հետաքրքրությունը կամ այլ հանգամանք ստիպեր կարդալ գործածված գիրք, այդ ժամանակ գիրքը թերթում էր ոչ թե ներքևից, այլ վերևից. մի բան, որ իր կարծիքով, ուրիշի մտքով հազիվ անցած լիներ, թե թերթերը վերևից մաքուր կլինեն։ Բայց երբ մի անգամ ընկերներից մեկը նկատեց, թե գրքի վերին մասը նույնպես կասկածելի պետք է համարել մաքրության տեսակետից, որովհետև դարակում թե պահարանում փոշին նստում է միայն վերին կողմը՝ Պրոպոսն անմիջապես թողեց ընթերցանությունը, գրքերը համարելով ավելի վտանգավոր բաներ, քան կարծել էր։
Պատմում էին, որ այդ զգուշությունը նրան թույլ չէր տվել ամուսնանալու, և երբ որևէ մեկը հարցնում էր, թե ինչո՞ւ չի ամուսնանում, Պրոպոսը ժպտում էր ներողամիտ.
Իսկ ի՞նչ օգուտ ամուսնությունից։ Ո՞վ է շահվել դրանից...
Բայց իրոք նա այն կարծիքի էր, թե մարդկանց մեծ մասի մահվան պատճառը եղել է կինը։ Կանայք նրա աչքում նույնպես ախտավոր էին և ամեն տեսակ հիվանդության անոթ։ Ու նա կանանցից խորշում էր այնպես, ինչպես հիվանդությունից, ինչպես չարիքից։
Այս էլ պիտի ասել, որ Պրոպոսը, երբ որևէ տկարություն կամ թուլություն էր զգում, երբեք չէր դիմում բժիշկների, չգիտես խորշելով նրանց ընդունասրահներից, որ լցվում էին ամեն տեսակ հիվանդներով, թե ծածուկ մի երկյուղ ունենալով նրանցից, որ գործ էին ունենում միշտ հիվանդների ու մեռելների հետ, սակայն ամեն դեպքում առնում էր վաղուց ի վեր հայտնի դեղեր և գործադրում. օրինակ, մրսածության դեմ ասպիրին, հարբուխի դեմ մանանեխ և այլն։ Իսկ ընդհանրապես, կատարյալ զգուշության համար, նախքան կպառկեր քնելու, լվացվելուց զատ, քթի սահմանները, բերանի շուրջը և ականջների խոռոչը քսում էր մածուցիկ մի հեղուկ, ախտահանիչ մի դեղ, որ բացիլները դրան հանդիպելով՝ ներս չգնան... ապա մտնում էր անկողին՝ դուռն ու լուսամուտն ամուր փակած մարդու ապահովությամբ։
Այո, Պրոպոսը շատ զգույշ մարդ էր թե պաշտոնի մեջ և թե մանավանդ իր նկատմամբ։
Նրա այդ զգուշության առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ զգուշանում էր եղանակի փոփոխությունից, ավելի շուտ ցրտից. ձմեռները միշտ հագնում էր բրդե կամ բամբակած հագուստներ, խոր կրկնակոշիկներ, դնում էր գառան մորթուց կարած հայկական տաք գդակ, որի ներսը բնականաբար բամբակե աստառ էր ունենում։ Իսկ ամառները տնից դուրս գալուց առաջ, նա թաշկինակը հանում բռնում էր լուսամուաից դուրս՝ եղանակն ստուգելու, եթե քամին փչում էր հյուսիսից՝ հագնում էր մի բան ավելի, կամ վերցնում էր վերարկուն, եթե փչում էր հարավից վերցնում էր հովանոցը՝ արևից պաշտպանվելու։ Իսկ եթե ոչ մի կողմից քամի չէր լինում-ոչինչ էլ չէր վերցնում։ Բայց այդպիսի դեպքերում զղջում էր հաճախ, որ բան չէր վերցրել հետո, որովհետև անակնկալ անձրև էր գալիս, կամ քամի բարձրանում։
Այդ պատճառով էլ վերջին ժամանակները նա հովանոցը միշտ առնում էր հետը, իբրև ձեռնափայտ, որ հարկ եղած դեպքում պաշտպանվեր արևից կամ անձրևից։ Եվ հովանոցի մասին նա կյանքի վերջին օրերին այն կարծիքն էր կազմել, թե դա աշխարհի կարևոր գյուտերից մեկն է, որ մարդկանց փրկում է շատ վտանգներից։
Վարակից ու ցրտից հետո իմ հերոսի ամենամեծ վախը կրակն էր հրդեհը։ Երբ ընկեր-բարեկամ երբեմն առաջարկում էին՝ միասին գնալ թատրոն կամ կինո, նա, խուսափելու համար, հրաժարվում էր մի որևէ պատրվակով.
Զբաղված եմ... Կարևոր տեղ եմ գնալու։
Բայց, իսկապես, մտածում էր, թե գնա ու հանկարծ հրդեհ պատահի, հետո դե արի ու արդ ահագին բազմության միջից փողոց դուրս եկ։
Հրդեհի այդ երկյուղը նա ուներ և իր սեփական բնակարանի համար, որը գտնվում էր մի մեծ տան երկրորդ հարկում։ Այն օրվանից, երբ հարևան մի տուն հրդեհ ընկավ և, բնակիչները հազիվ կարողացան դուրս փախչել, իսկ մեկը, երկրորդ հարկի լուսամուտից թռչելով, ոտքը կոտրեց, այդ օրվանից Պրոպոսը շարունակ մտածում էր հրդեհի մասին. հանկարծ իր տանն էլ մի այդպիսի հրդեհ ծագի՜... ու հանկարծ, մինչև իր իմանալը, փայտե սանդուղը խորտակվի... Դրա համար նա գտել էր մի միջոց, իր սենյակում, բարձի տակ պահում էր մի թոկ, մի հաստ ու երկար պարան, որ, հրդեհի դեպքում, մի տեղից կապելով ու բռնելով իջնի պատշգամից կամ լուսամուտից։ Իսկ պարանը բարձի տակ պահում էր նրա համար, որ հրդեհը ծագելուն պես (չգիտես ինչո՛ւ նա ենթադրում էր, թե հրդեհը կծագի գիշերը), դեսուդեն չընկնի, ժամանակ չկորցնի... Բայց պետք է ասել, որ նա երբեք չէր կարծում, թե հրդեհի պատճառ կարող է լինել ինքը, որովհետև նավթավառի հետ վարվում էր շատ զգույշ և վառ լուցկին երբեք մոխրաման չէր գցում, այլ հանգցնում էր իսկույն։ Բացի դրանից՝ Պրոպոսն ինքը չէր ծխում. նրա երկյուղը հարևաններից էր, որոնց մի փոքրիկ անզգուշությունը կարող էր տունը հրդեհել, ահա ինչո՛ւ նա թոկը միշտ բարձի տակ էր պահում... Ի դեպ. դա բավական երկար մի թոկ էր. առել էր այն հաշվով, որ, հրդեհի դեպքում, երկու տակ պիտի կապվեր պատշգամի սյունից կամ լուսամուտի ներքևի մասի փայտից ու հասներ մինչև գետին։ Ուրեմն՝ ուներ մոտ հինգ-վեց սաժեն երկարություն։ Անկողին մտնելիս, երբ, ըստ սովորության, փակում էր լուսամուտի օդանցքը, որ ամառը մոծակներ ու այլ միջատներ չմտնեն ներս, իսկ ձմեռը՝ ցուրտ. բարձը միշտ դնում էր տափակ, որ հանկարծ շնչարգելություն չունենա կամ, մոր ասած, վիզը «մսահանգուստ» չլինի, ու թոկը դնում էր բարձի տակ պատրաստ, այսինքն՝ մի ծայրը միշտ դուրս թողած, որ ձեռը հասցնի իսկույն։
Ու քնելիս միշտ հրդեհի մասին էր մտածում, հաճախ էլ երազում հրդեհ էր տեսնում. պատճառը միայն հարևան տան հրդեհի տպավորությունը չէր, այլ և այն, որ անմիջապես նրա սենյակի տակ, ներքևի հարկում ապրող կոոպերատորի կինը նրան այնքան էլ զգույշ ու շրջահայաց չէր թվում. ավելի շուտ՝ Պրոպոսը նրան համարում էր թափթփված, փնթի արարած, որ երբեմն նավթավառը դնում էր պատշգամում՝ կերակուր եփելու ու ինքը գնում էր խանութները գնումներ անելու կամ հարևանուհիների հետ զրուցելու. նավթավառը երբեմն բոցը բարձրացնում էր, մուր արձակում, և այդ ավելի շատ հարևանուհիներն էին նկատում, քան թե այդ շփերթ կինը. ու կամ իրենք էին մեքենայի բոցը իջեցնում կամ նրան էին կանչում՝ կարգի բերելու։ Մյուս կողմից Պրոպոսը նկատել էր, թե այդ կնոջ ամուսինը՝ կոոպերատորը, որ նույնպես մի ցրված մարդ էր, գիշերները պառկած ծխում էր գլանակ-գլանակի ետևից. ո՞վ կարող էր երաշխավորել, թե մի կայծ չէր ընկնի հատակի փռվածքին կամ սավանին և չէր բռնկի աննկատելի, ու հրդեհ չէր սկսվի ամենքի խորը քնած միջոցին։ Չէ որ քնածն ու մեռածը մեկ է, ասում են։
Այդ էր պատճառը, որ նա գիշերները երբեմն վեր էր թռչում անկողնում՝ հավաստիանալու, թե հրդեհ չկա՞ արդյոք։ Տեսնելով ամեն ինչ հանգիստ է՝ նա մի վերջին անգամ օդը հոտոտում էր և, ծխի հոտ չառնելով, քուն էր մտնում նորից, մտածելով, որ կոոպերատորը, երևի, էլ չի ծխի, ուրեմն կարելի է ապահով լինել...
Այդ գիշերը։ Իսկ ցերեկը՝ բանկում, աշխատանքի ժամերին մեկ-երկու անգամ միտն էր ընկնում վարի հարկում ապրող հարևանուհու նավթավառը ու ամեն անգամ մտածում էր՝ տուն դառնալիս զգուշացնել նրան... Բայց, տուն գալով, միշտ էլ անհարմար էր համարում, մտածելով, թե զգուշացման իր խոսքը նա կարող է ընդունել իբրև նկատողություն և նեղանալ. մյուս կողմից վախենում էր այդ «բերան պատռած» կինը ծաղրի իրեն, հեգնի կամ անվայել բաներ ասի, ինչպես ասում էր հարևանուհիներին հաճախ, նրանց անմեղ խոսքերի համար։ Ու այդ պահերին հիմնարկում Պրոպոսը տունը պատկերացնում էր բոցերի մեջ. դեղին, հրեղեն լեզուները պատշգամի սյուները լիզելով՝ վարի հարկից մագլցում են վերի հարկը... Հարևանները, ամենից առաջ երեխաները, նկատում են հրդեհը և ճիչով, աղմուկով վազում դեպ իրենց տունը... Երբեմն այդ տեսիլն այնքան որոշ, պատահարն այնքան հավանական էր թվում, որ Պրոպոսը ցանկություն էր ունենում գնալ անմիջապես տուն և սեփական աչքերով տեսնել, թե չի՞ պատահել իսկապես ծանր մի աղետ...
Սակայն, լավ իմանալով, որ ցանկացած ժամին գործը թողնել, տուն գնալ չի կարող, նա իրեն մխիթարում էր նրանով, որ լավ է, եթե հրդեհը աշխատանքի ժամերին պատահի՝ ինքը գոնե տանը չի լինի։ Կարևորն այն է, որ հրդեհը գիշերը չպատահի, իր քնած ժամանակ... Թեև թոկը պատրաստ գրված էր բարձի տակ, բայց և այնպես կարող էր քնով անցնել և չկարողանալ ժամանակին զարթնել՝ թոկը կապել-իջնելու համար։
Պրոպոսը, ճիշտ է, երբեմն մտածում էր և այն մասին, թե լավ կլինի թերևս բնակարանը փոխի՝ կոոպերատորի կնոջ վտանգից ազատվելու համար. սակայն գտնում էր, թե ոչ մի երաշխիք չկա, որ այդ նոր տանը չեն լինի կոոպերատորի կնոջ նման մի կամ երկու կին. և նա, երկար խորհելուց հետո, գերադասում էր լինել «էլի ծանոթ սատանայի հետ, քան թե անփորձ քահանայի»։
Ու նորից մտածում էր և որոշում՝ ամենից առաջ «լեզու գտնել» հարևանների հետ։ Այո, գնալ ամեն մեկի տունն առանձին կամ, եթե դա հնարավոր չէ, հանդիպելիս՝ բացատրել յուրաքանչյուրին, թե որքա՜ն սարսափելի բան է հրդեհը և թե ի՜նչ աղետներ կբերի նա, եթե թեթև մի անզգուշություն թույլ տան իրենց... Պետք է զգուշացնել և վախեցնել... Բայց ամենից շուտ պետք էր խոսել կոոպերատորի կնոջ հետ, որ ամենից անզգույշն էր և անփույթը։ Այո, ամենից առաջ նրա հետ, մտածում էր Պրոպոսը, գտնելով, որ նրա հետ խոսելով միայն կարող է կանխել ծանր աղետը։
Բայց մինչ նա լեզու կգտներ հարևանների հետ կամ կխոսեր կոոպերատորի կնոջ հետ՝ պատահեց մի տխուր դեպք, որ բոլորովին ալեկոծեց Պրոպոսի կյանքն ու հանգիստը, մոռացնել տալով հրդեհը։
Մի անգամ, ամառային մի պայծառ օր նա բանկից տուն գալով՝ պառկեց բազմոցին ետճաշյա հանգիստը առնելու և, ըստ սովորության, օրվա թերթը «մի փոքր» կարդալու։ Եվ հազիվ պառկել էր, ձեռը տարավ դեպի կուրծքը՝ շապիկն ուղղելու... տարավ ձեռը և, զարմացած ասեմ թե վախեցած, ետ քաշեց. նրա մարմնով թեթև մի դող անցավ, իսկ դեմքով տխրության ստվեր... Բայց, չնայած դրան, նա ձեռը նորից տարավ դեպի կուրծքը. այս անգամ ուշադիր զննեըով այն տեղը, որ նրան տարօրինակ թվաց քիչ առաջ...
Եվ, իրոք, ոչ միայն տարօրինակ, այլև շատ զարմանալի էր, կրծքի վանդակի վրա գոյացել էր մի փոքրիկ, կաղինի չափ փոքրիկ խուլ. մի բան, որ նա երբեք չէր տեսել իր մարմնի վրա։ Ի՞նչ կարող էր լինել. և ինչո՞ւ մինչև հիմա այդ տեսակ բան իր վրա երբեք չէր եղել ու հանկարծ հայտնվել է, և այն էլ այդպիսի մի կարևոր տեղ, մարմնի մի այդպիսի կարևոր մասում։ Ի՞նչ կարող է լինել...
Եվ նա սկսեց մտածել, մտատանջվել ու ամեն տեսակ ենթադրություններ անել այդ խուլի մասին. ինչե՜ր ասեք չանցավնրա գլխով, ու մեկ էլ նրան շանթահարեց մի սարսափելի միտք՝ հանկարծ քաղցկեղ՝ ռակ լինի... մի հիվանդություն, որ առաջանում է, ասում են, քառսունն անց տարիք ունեցողների մոտ... Իսկ նա ինքն արդեն հիսուն է, անգամ մի քիչ ավելի... Ուրեմն դա՛ է։ Ա՛յ ինչպես է գալիս դժբախտությունը. ապրում ես քեզ համար՝ մեկ էլ տեսաք մի հասարակ բան, մի խուլ... և վերջ։
«Բայց կարող է պատահել ռակ չէ», մտածում էր Պրոպոսը, վախենալով ձեռք տալ խուլին. գուցե ուրիշ բան է... Սակայն ուրիշ ի՞նչ կարող է լինել. ի՞նչը կարող է հանկարծ այսպես գոյանալ մաշկի տակ...
Եվ Պրոպոսը չհամբերեց ու մատը նորից տարավ դեպի խուլը և զգուշությամբ շոշափեց այն, մի զգուշությամբ, որ մատը կարծես կարող էր վարակվել. մյուս կողմից նա զգուշությամբ էր անում այդ, վախենալով, թե խուլը կմեծանա հանկարծ։
Այո, այդ է, ուրիշ ոչինչ... միայն՝ ռակն է առաջանում այսպես անսպասելի։ Ահա ինչու այսօր կոլեգա Գարեգինը հարցրեց, թե ինչո՞ւ է նիհարել։ Ուրեմն՝ սա սկսել է արդեն իր ազդեցությունը օրգանիզմի վրա։ Միշտ այդպես է լինում, ասում են. նախ սկսում է նիհարեցնել, ախորժակը փակել... տրամադրությունը վատացնել, հյուծել և ապա... ապա լինում է այն, ինչ անխուսափելի է...
Հիշելով պաշտոնակիցների հայացքներն ու ակնարկները՝ հիմա Պրոպոսին թվում էր, թե նրանք, երևի, վաղուց են նկատել իր նիհարելը, բայց, հավանաբար, չեն ասել փափկանկատությամբ։ Նրան թվում էր նույնպես, թե իր ախորժակը փակվել է արդեն. էլ չի կարողանում ճաշել առաջվա նման... Դա էլ անշուշտ վատ նշաններից է։
Այստեղ Պրոպոսը ծանր հոգոց քաշելովի՝ վեր կացավ, նստեց բազմոցին ու տարվեց տխուր խոհերով. նա երբեք մտքով չէր անցրել, թե կարող է մի օր հիվանդանալ ռակով, երևակայել էր ամեն տեսակ բան, ամեն պատահար ու հիվանդություն, բայց երբեք ռակ... Լիներ ուրիշ մի հիվանդություն՝ դեռ կարելի էր բուժվել, ազատվել. հոժարությամբ կարելի էր պառկել գործողության սեղանին՝ բժշկի դանակի տակ։ Ամենածանր գործողության ժամանակ էլ հույս է լինում բուժվելու և ապրելու. բայց սրանից՝ երբե՛ք. դեռ չի պատահել մեկը դրանից բուժվի, ազատվի... Սա մի հիվանդություն է, որ մարդուց աստիճանաբար խլում է այն բոլոր լավն ու կարևորը (ախորժակ, լավ տրամադրություն ու հանգստություն), որոնք համ են տալիս կյանքին, և՝ տանջում, տանջում է անվերջ։
Եվ խեղճ Պրոպոսն իրեն պատկերացրեց պառկած, անկողին ընկած, ծանր տանջանքների մեջ... ապա երևակայեց, թե որքա՛ն պիտի փոխի այդ հիվանդությունն իր արտաքինը, որ միշտ լավ է եղել, և ազդեցիկ ու դուրեկան, ինչպես ասել էին իրեն շատ անգամ. հաճելի, ինչպես թվացել էր ընկերներին, բարեհամբույր, ինչպես կարծում էր ինքը... Բայց հիմա, այսուհետև, այդ բոլորն էլ չի լինելու. պիտի կորչի, չքանա, տեղի տալով մի տխուր, մաղձոտ ու դժգոհ արտահայտության, ինչ ունենում են այդ անպիտան ցավով տառապողները։
Մռայլ, անհրապույր հեռանկարը Պրոպոսի սիրտը լցրեց հուսահատությամբ և նա, շնչարգելության պես մի բան զգալով, ելավ բազմոցից ու սկսեց երթևեկել սենյակում։
Ահա քեզ սյուրպրի՜զ... Նա շարունակ զգուշանում էր վարակումներից, վարակիչ հիվանդություններից, երևակայում էր, թե տունը հրդեհ կընկնի և ինքը քնած ժամանակ չի զգա... բայց ահա մի հիվանդություն, որի մասին ոչ երևակայել էր, ոչ մտածել։
Այդ օրը Պրոպոսը չքնեց ճաշից հետո. իր տխուր, աշնան ճանճերի պես համառ մտքերով երկար շրջեց սենյակում, հետո գրադարակից վերցրեց «Բժշկարանն» ու հանրագիտարանի հատորներից մեկը և, ռակ բառը գտնելով, սկսեց կարդալ նախ ինքն իրեն, մտքի մեջ, ապա, կարծես չըմբռնելով, շարունակեց բարձրաձայն, որ ավելի լավ հասկանա։ Հիվանդության նշանների նկարագրությունը զարմացրին նրան. թվում էր, թե այն բոլորը, ինչ գրված-նկարագրված է, ինքն ունի, ուստի ամեն մի նշանի նկարագրության հանդիպելով՝ ասում էր մտքում.
«Իմն էլ ճիշտ այսպես է, ես էլ այսպես եմ զգում»...
Հիվանդության մանրամասն նկարագրությունը կարդաց մի քանի անգամ, ապա կանգ առավ և կրկնեց այն մասերը, որոնք իրենին ավելի նման էին թվում նրան։ Կարդաց, հանրագիտարանի հատորը դրեց ծնկներին ու նորից ծանր հոգոցներ արձակեց։
Ահա՛ քեզ անախորժ նորություն... Ահա քեզ զգուշություն... Որքան էլ զգուշանում է մարդ՝ այնուամենայնիվ, կան բաներ, որոնցից չես կարող ոչ զգուշանալ, ոչ պաշտպանվել։ Քաղցկե՜ղ... ռա՜կ... Անունն իրենից անախորժ է։
Միառժամ անշարժ նստելուց հետո՝ նա գիրքը, վերջապես, դրեց մի կողմ և սկսեց մտածել, թե ինչ պետք է անել հիմա. ընդունե՞լ որևէ դեղ, թ՛ե... Բայց ի՞նչ դեղ։ Հիվանդությունը պարզ է, և ամեն դեղ անզոր... Ոչ մի դեղ չի կարող օգնել։ Ոչ մի...
Ուշ երեկո էր, երբ Պրոպոսը հոգնած մտավ անկողին, մտածելով, որ այլևս փրկություն չկա իրեն, մնում է, որ գործերը, հաշիվները կարգադրի և այնպես պատրաստվի մահվան։
Եվ մյուս օրը նա պաշտոնատուն գնաց շատ ընկճված տրամադրությամբ, որոշելով առայժմ ոչ ոքի չհայտնել իր հիվանդությունը. դա որքան մեծ դժբախտություն, նույնքան և մեծ խայտառակություն էր թվում նրան. հայտնել, թե հիվանդ է այս ինչ բանով նախ լեզուն չէր զորի կարծես, երկրորդ թվում էր սնանկության պես մի բան, այսքան զգուշանալ ամեն բանից, վարակվելու վտանգից և հանկարծ հիվանդանալ անբուժելի մի հիվանդությամբ դա կատարյալ խայտառակություն չէ՞ր միթե, մտածում էր նա և գտնում էր, որ լսողները նախ պիտի չարախնդային իրենց մտքում, թե «ահա զգուշանում էր». պիտի ցավեին առերես, հետո ուրախանային, որ այդ հիվանդությունն իրենց չի պատահել, որ իր տեղը հիմնարկում կազատվի և ամեն մեկը կուզի իր բարեկամին բերել այդ պաշտոնին։ Չէ՛, նա ոչ մեկին ոչինչ չի հայտնի։ Ոչի՜նչ։
Բայց պաշտոնատուն գալով՝ Պրոպոսը մի անդիմադրելի ցանկություն ունեցավ խոսել, հարցուփորձել այդ հիվանդության մասին, թեև անվերապահ հավատում էր հանրագիտարանի հեղինակության, բայց նրան թվում էր այլ են կենդանի մարդիկ, որ երբեմն ավելի շատ բան են իմանում։ Սակայն ո՞ւմ հետ խոսել, ո՞ւմ հարցնել և ինչպե՞ս, նա կարծում էր, որ ամեն մարդու և ամեն պաշտոնակցի հետ չէր կարելի խոսել. ամեն մարդ տրամադրություն չէր ունենա խասելու և չէր հասկանա այդ հիվանդությունը։ Պաշտոնակիցների մեջ միակ մարդը, որի հետ կարող էր խոսել, նրան թվում էր դարձյալ իր դիմացն աշխատող հաշվապահ Գարեգինն էր, որի հետ խոսում էր երբեմն, և որը նրան թվում էր ուշադիր ու կարեկից մարդ։ Այնուամենայնիվ, նրան ևս բացարձակ վստահությամբ չէր վերաբերվում Պրոպոսը, ուստի և սկսեց շատ հեռվից.
Կոլեգա Գարեգին, ձեզ մի բան հարցնեմ։ Մեր բակում ապրում էր մի շատ առողջ մարդ. վերջերս հանկարծ հիվանդացել է ռակով։ Այդ ինչպե՞ս է պատահում, որ մարդիկ ռակ հիվանդություն են ստանում։
Կոլեգա Գարեգինը գլուխը բարձրացրեց իր հաշվեգրքից և իրեն հատուկ քաղաքավարությամբ, որով հայտնի էր հիմնարկում, պատասխանեց հանդարտ։
Բժիշկների ասելով՝ դրա պատճառները տարբեր են. վիշտ, հոգեկան ցնցում կամ ժառանգականություն։
«Այդ բաները ես չեմ ունեցել, մտածեց Պրոպոսը։ Ոչ էլ ծնողներս են մեռել այդ հիվանդությունից»։
Իսկ եթե մեկը չի՞ ունեցել այդ բաները կամ ծնողները չե՞ն մեռել ռակից։
Ժառանգականությունը միայն ծնողներով չի վերջանում, կոլեգա Պրոպոս, նկատեց կոլեգա Գարեգինը, որ ավելի տարիքով էր հարևանից։ Մենք ունենք բազմաթիվ պապեր ու տատեր, որոնցից յուրաքանչյուրն իր մի կաթիլ արյունով ապրեցնում կամ մեռցնում է մեզ։
Այդ ինչպե՞ս, կոլեգա Գարեգին։ Ես հասկանում եմ, որ հիվանդությունը մորից, հորից անցնի որդուն. նու, ասենք՝ պապից ու տատից. բայց կարո՞ղ է պատահել, որ հեռու պապերից ու տատերից էլ գա...
Ցավն էլ այն է, կոլեգա Պրոպոս, որ մեռելները երկար են ապրում մեր մեջ. գիտնականներն ասում են, թե այդ մեռելները ղեկավարում են մեր ճաշակը, մեր սերը, մեր քայլերն ու հակումները և... կարգադրում մեր առողջությունն ու մահը...
Պրոպոսն ուշադիր, բայց աչքերը թարթելով լսում էր պաշտոնակցին և վայրկյան առ վայրկյան զգում, որ ներսը սառչում է մի բան. իսկ կոլեգայի վերջին խոսքերի վրա՝ սպրդնեց պարզապես. ի՞նչ իմանաս իսկապես մի որևէ հեռավոր պապ կամ մի անպիտան տատ չի մեռել հենց ռակից և այդ ահավոր հիվանդությունը ժառանգել իրեն. չէ՞ որ ամբողջ խնդիրն արյան կաթիլի հարց է. հորը չի կարողացել բռնել, եկել իրեն է բռնել...
Եվ այդ հավանականությունը այնքան իրական թվաց Պրոպոսին, որ նա ակամա հոգոց արձակեց, առանց պաշտոնակցին նայելու, մյուս կողմից կոլեգայի խոսքը, որը ասաց նա համոզված ու գիտակ մարդու, համարյա բժշկի հեղինակությամբ այնպես ազդեցին խեղճ Պրոպոսի վրա, որ նա էլ խոսելու ցանկություն չունեցավ՝ ծանր մտքերի ետևից ընկած։ Կոլեգա Գարեգինն էլ, իր խոսքը վերջացրած համարելով, նորից կռացավ մատյանների վրա, աշխատելով գտնել հաշիվների, թվերի այն շղթան, որ թողել էր։ Ու այն է գտել էր հազիվ և ուզում էր շարունակել, Պրոպոսը նորից հարց տվեց.
Իսկ այդ հիվանդությունը, որքան գիտեմ, շատ էլ թեթև հիվանդություններից չէ, կոլեգա Գարեգին։ Այնպես չէ՞։
Կոլեգա Գարեգինը գլուխը բարձրացրեց։
- Ոչ միայն թեթևներից չէ, այլև շատ ծանր է։ Պատահում է՝ մի քանի օրվա մեջ հիվանդությունն այնպես է զարգանում, որ հիվանդն անկողին է ընկնում, հյուծվում, կմախքանում և անասելի տանջանքներով մեռնում։
Ու նա նորից, բժշկի նման հեղինակավոր տոնավ, բերեց մի քանի օրինակներ, թե ինչպես իր ծանոթներից ու բարեկամներից մի քանիսը մեռել են այդ ծանր ու դաժան հիվանդությունից։
Խեղճ Պրոպոսը լսում էր գունատված և նրան թվում էր, թե կրծքի ուռուցքը մեծանում է, ցավում. ու վախենում էր ձեռը տանել դեպի կուրծքը կամ դեմքը կնճռել ցավից, որովհետև նա, ինչպես ասինք, այդ հիվանդությունից ամաչում էր, ինչպես մեծ մի խայտառակությունից։
Լսում էր Պրոպտսը և ինքն իրեն մտածում, որ հիվանդությունը որոշ է արդեն և ամեն ինչ պարզ։
Կոլեգայի վերջին բացատրությունը Պրոպոսը լսեց անխոս և, երբ նա վերջացրեց, գլուխը կախեց իր մատյանների վրա. չուզեց այլևս հարցեր տալ. նրան թվում էր իր հարցասիրությամբ նույնպես կարող է մատնել իրեն. կոլեգան կարող էր հետաքրքրվել, թե չլինի՞ մի բան կա, կամ թե որևէ բան չի՞ պատահել նրան։ Մյուս կողմից՝ նրան զբաղեցնողն այդ ժամին իր հիվանդություն էր և այդ հիվանդության մասին կոլեգայի հայտնած մտքերը, որոնք ասես սարսափի անձրև եղան նրա համար։
«Ուրեմն մի քանի օրվա մեջ այդ անպիտան հիվանդությունն այնպես է զարգանում, որ մարդու անկողին է գցում, և այնուհետև սկսվում են տանջանքները»... Այդ մասին Պրոպտսը լսել էր և ուրիշ անգամներ, բայց այն ժամանակ առանձին կարևորություն չէր տվել. հիմա սակայն լսածը թվում էր ահավոր։ Հանրագիտարանում կարդացածը նրան այնպես սարսափելի չթվաց, ինչպես կենդանի խոսքով լսածը և օրինակները։ Ինչպե՞ս, ընկնել անկողին և տառապել ամիսներո՜վ... այն էլ սոսկալի տանջանքներով։ Ո՞վ է այդ ժամանակ խնամելու իրեն, ո՞վ կարող է պահել իրեն, թեկուզև լավ վճարես... Կարելի է տանջվել մի հիվանդության համար, եթե համոզված լինես, որ կազատվես, կարող ես ազատվել, ապաքինվել մի ամիս, երկու ամիս, ասենք, մի տարի հետո... Բայց երբ ոչ հույս կա, ոչ ազատում արժե՞ տանել, տառապել...
Ու քանի մտածում՝ Պրոպոսն այնքան դժբախտ և անհույս էր տեսնում իր վիճակը. ամեն ինչ համարում էր պարզ, անխուսափելի ու սարսափելի... նրան թվում էր, թե մի, երկու ամսից հետո ամեն ինչ պիտի վերջանար... Եվ ինչո՞ւ այսպես եղավ. ինչո՞ւ այս բանը պիտի պատահեր հենց իրեն, որ միշտ այնքան գզույշ է եղել, ամեն ինչից պատրաստ, մաքրակենցաղ, ուրիշների լավին-վատին չխառնվող...
Այդ օրր ծանր մտքերը չթողին նրան կենտրոնանար իր աշխատանքի վրա. թվերը կարծես փախչում, խուսափում էին նրանից, տողերը խաղում էին աչքերի առջև. երբեմն ուղղակի ոչինչ չէր տեսնում, որովհետև կուրծքը... նրան շարունակ թվում էր, թե կրծքի խուլը ուռչում. մեծանում է և ճանկերը տարածում ավելի... Եվ նա մտածում էր, թե երբ պիտի հասնի աշխատանքի վերջը, որ գնա տուն՝ կուրծքը բացի ու տեսնի, թե որքան մեծացած կլինի խուլը, այդ անպիտան խուլը, որը քանի գնա պիտի զարգանա անասելի, չտեսնված արագությամբ ու...
Եվ երբ աշխատանքը վերջացավ ու Պրոպոսը տուն վերադարձավ, նրա առաջին գործն եղավ կուրծքը բանալ և նայել ուռուցքը։
Զարմանալի բա՜ն. նրան այնպես թվաց, թե երեկվա կաղինի չափ ուռուցքը ավելի էր մեծացել ու տարածվել։ Թեև ոչ մի տարբերություն չկար երեկվա և այսօրվա ուռուցքների միջև, բայը Պրոպոսին այնպես էր թվում, թե ահագին մեծացել է այն և արդեն ցավում է մատ դիպցնելիս։
«Չէ, պա՛րզ է, պա՛րզ է։ Կոլեգա Գարեգինը ճիշտ է ասում, մտածեց Պրոպոսը հուսահատ։ Այս զզվելի հիվանդությունը զարգանում է զարմանալի արագությամբ»...
Եվ կասկածները, հուսահատ, ծանր կասկածներն ու մռայլ հեռանկարներն այնպես պաշարեցին նրան, որ Պրոպոսը, կուրծքը ծածկելով ու ժիլետի կոճակները գցելով, ընկավ իր երկարամյա, մեջտեղն արդեն փոս ընկած բազմոցի վրա ու երեսը ծածկեց ձեռներով։
Ու միառժամ այդպես նստելուց հետո նա վեր կացավ և գնաց դեպի անկողինը. ուզում էր հանվել ու պառկել, որովհետև իրեն արդեն շատ թուլացած էր զգում օրվա հուզումից հետո։ Բայց երբ բարձը վերցրեց շտկելու՝ նրա աչքովն ընկավ պարանը, որը պահում էր հրդեհից փրկվելու համար...
Այդ պարանն այժմ, չգիտես ինչու, նրան այնպես հետաքրքրեց, որ նա ուշադիր վերցրեց այն, բաց արավ նրա օղակները, ետ տվեց և, պարանը ձեռին, նորից տարվեց մտքերով։
Այժմ կասկածները նրան տանում էին ավելի հեռու, շա՛տ հեռու, ստեղծում էին մեկը մյուսից ծանր ու տխուր պատկերներ, տեսնում էր, թե ինչպես աստիճանաբար զարգանում է հիվանդությունը և ինքն անկողնում գամված գիշեր ու ցերեկ հալվում է մոմի պես, մեռնում է մաս-մաս աներևակայելի տանջանքների ու տառապանքների մեջ, բացարձակ մենակ ու անտեր...
Արժե՞ ապրել այդ կյանքի համար...
Երկար այդպես մնալուց հետո Պրոպոսը, վերջապես, թոկը դրավ ցած ու սկսեց երթևեկել ծանր, տրտում քայլերով։
Եվ շրջեց այդպես մինչև կեսգիշեր, ինչպես հետո պատմում էին ներքևում ապրող կոոպերատորն ու նրա կինը, ապա նրանք շատ ուշ զգացին աթոռի մի թխկոց էլ, աթոռի վայր ընկնելու թխկոց ու... ամեն ինչ լռեց...
Առավոտյան Պրոպոսին գտան պատի մեխից կախված (մի մեծ մեխից, որից մի ժամանակ նկար էր կախված) այն պարանով, որը նա բարձի տակ պահում էր հրդեհից փրկվելու։
Բժշկական քննությունը պարզեց, որ նա առանձինն հիվանդություն չի ունեցել. նրա մահը բացատրեցին մռայլ տրամադրությամբ, եղան մարդիկ էլ, որ ենթադրեցին, թե մեջտեղ թերևս մի վատնում կա, բայց դա հերքվեց բանկի ծառայողների կողմից, որ ներկա էին թաղմանը։
Ինչ վերաբերում է նրա կրծքի խուլին, կաղինաչափ փոքրիկ խուլին, բժիշկները դրան ուշադրություն անգամ չդարձրին, որովհետև դա մի սովորական ճարպախուլ էր։
Բայց նրա մահից հետո մնացին բազմազան դեղեր՝ շշերով ու տուփերով, որոնք լցնում էին նրա պահարանի մեծ մասը, դեղեր, որոնք գնել էր նա հիվանդություններից և մահից պաշտպանվելու։ Այդտեղ կային թե պիրամիդոն՝ գլխացավի դեմ, թե բորաթթու՝ բերան ու քիթ լվանալու համար, թե սալիցիլիում նատրի՝ հոդացավի դեմ, թե վալերյան կաթիլներ ու շատ այլ և այլ դեղեր՝ քինաքինա, ասպիրին, անգլիական աղ... ու ամեն մեկից այնքան շատ, որ բոլորը միասին կարող էր կազմել մի դպրոցական դեղատուն։
1916