Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Թումանյան

Գիշերային առաջին աստղի դիմաց

Արևը թռավ, երկինք ու երկիր
Առավ խավարը գիրկն համատարած.
Դուն, փայլուն աստղիկ, դարձյալ շողացիր
Արդյոք այս գիշեր ի՞նչ բերիր մարդկանց։

Դուն ավետեցիր ժամը տեսության
Այն սիրատենչիկ սիրահարներին.
Որ սրտատրոփ անհամբերությամբ
Սպասում էին խաղաղ գիշերին։

Դուն երևացիր խավար երկնքից...

Օ՜, նա սպասում էր քո երևալուն.
Ահա հուսահատ, զզված յուր կյանքից,
Խեղդվելու գնաց մարդկանցից թաքուն։

Դուն երևացիր և բազկատարած
Պատրաստվում է մեկն աղոթք անելու,

Այնինչ, մի ուրիշն յուր զենքերն առած
Գնում է անմեղ մարդ սպանելու։

Իսկ մեծատունը, խնջույքից հոգնած,
Հանգստանում է. ա՜խ, թե նա հիշեր,
Որ յուր պալատի պատի տակ կանգնած

Թշվառն օթևան չունի այս գիշեր...

Դուն, փայլուն աստղիկ, որ շողշողում ես,
Ինչպես սիրուհու թրթռուն տենչանք,
Ամեն գիշեր ինձ համար բերում ես
Կրքերի հուզմունք և հոգու տանջանք։

1890