Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Թումանյան

Ես նայում եմ. իմ առջև...

Ես նայում եմ. իմ առջև
Ահա տիրոջ աշխարքը.
Բերրի դաշտերը մինչև
Հեռու լերանց այն շարքը։

Լայնարձակ, դալարագեղ
Տարածվում են և կորչում
Մշուշի մեջ, իսկ այնտեղ
Ճոխ անտառն է կանաչում։

Ուր որ ազատ շրջելով

Ապրում են երե, գազան,
Եվ թռչունքը ճախրելով
Երգ են ասում գոհության։

Ահա, շքեղ դաշտի միջով
Գալարվում է և անցնում

Հանդարտ գետը մրմունջով
Հեռո՜ւ, հեռու է գնում։

Նրա դալար ափերում
Մինը հազար է բերում.
Սակայն ահա, մյուս կողմում

Կապույտ ծովն է մեղմ ծփում։

Ինչքա՜ն ճոխ է, հրաշալի,
Այս աշխարհը լայն, արձակ,
Ամեն մի շունչ աչքը լի
Կապրի այստեղ համարձակ։

Ես նայում եմ, և մի միտք
Հղանում է ինձանում.
Ինչո՞ւ համար են մարդիկ
Իրար զրկում, սպանում։

1889