Մութ ու խավար իմ հայրենիք...
Մութ ու խավար իմ հայրենիք,
Անլույս գիշեր, լուռ ու տրտում...
Միտքս այնտեղ, ինչպես չըղջիկ,
Պըտըտում է ու պըտըտում...
Պըտըտում է լուռ, անտերունչ,
Տխուր, մամռոտ շիրմաց վերա,
Ավեր, անտեր հյուղերի շուրջ,
Ուր լույս չկա, ուր ձայն չըկա...
Ու ետ դառնում կրկին մոլոր,
Հուսակտուր ու գլխակոր
Թաքչում դարձյալ սրտիս խորքում՝
Իր հին ծանոթ ավերակում։
1899