Ս. Նունեի պատկերի առաջ
Խունկի բուրյան մըշուշներում,
Մըրմունջներով պատած երգի՝
Կանգնած է նա կապույտ հեռվում՝
Վարդը կյանքի, հարսն երկընքի,
Եվ չըգիտեմ՝ աղո՞թք անեմ,
Թե՞ ըզմայլեմ իր գեղի դեմ։
Համակ շընորհք ու սըրբություն,
Նայում է լուռ՝ լուռ սըրտիս մեջ,
Լուս հայացքի խորքում անհուն
Վառված սիրո կըրակն անշեջ...
Եվ ո՞վ կասի՝ կըրա՞կն է շատ,
Թե՞ սըրբությունն իր անարատ։
Խաչ է բըռնած իր կույս ձեռին,
Որ նըման չի ոչ մի խաչի,
Ու որթն, ասես, աստվածային,
Պիտի շընչի ու կանաչի.
Մի նըշանում կապված հանդարտ՝
Տանջանքը վեհ, կյանքը զըվարթ.
Մութի թեթև քող է իջել
Պայծառությանն իր երկնային,
Վշտի ամպից լույս ճաճանչել,
Լույսն ըսքողվել վշտովն իր հին.
Ու չարիքն էլ, ասես, անկար,
Զարդ է դարձել իրեն համար։
Ա՜խ, առնեի եղբոր ձեռով
Բախտի ձըգած քողը տըրտում,
Որ նա հառներ իր ողջ գեղով,
Ապրեր անփույթ էն ճոխ հովտում,
Վերին Պոետն ուր որ նըրան
Կերտեց, դարձավ ապշեց վըրան։