նամակ Փիլիպոս Վարդազարյանին
1895 թ. սեպտեմբերի 27
Ինչ վերաբերում է նոր տպավորություններիս ու դիտողություններիս դրանք շատ են և նոր են, թեև առարկան հին է և միևնույնը։ Ֆիլիպ, մի շպար ունի մեր կյանքը, նրա ետևը սոսկալի է։ Մեր կյանքը շատ նման է իմ անցկացրած մի գիշերին։ Մեր գյուղից ոչ շատ հեոու մի գյուղում հյուր ընկա մի տուն։ Այդ տունը առատ, լիքն օջախի և անվան հռչակ ունի մեր գավառում։ Երեկոյան ինձ նստացրին սրահում, այդ չեմ նկարագրում իրանք ներսը, տան մեջ պատրաստություն էին տեսնում ինձ հյուրասիրելու։ Ես կիսաբաց դռան միջով լսում էի նրանց խոսակցությունը։ Ինձ համար ձվածեղ էին պատրաստում։ Երեխաները թրթռում էին, ըստ երեույթին ուզում էին կրակը թափել ձվածեղի հոտից, մայրը նրանց զսպում էր անիծելով ու ծեծելով, երեխաներից մեկը՝ ավելի չարաճճին ձեռքը կոխել էր թավի մեջ նա էլ սկսեց աղիողորմ ճչալ։ Այս ժամանակ տան մեծ աղջիկը իմ առաջով անցավ, յուր ցնցոտիների ետև պահած երկու հաց ներս տարավ։ Նոր աղմուկ բարձրացավ ներսը․ երեխաները լաց լինելով պահանջում էին նոր բերած հացից դու մի ասիլ իրանք գարեհաց են ուտում (սիպտակ, փափուկ․․․ ըստ Գ․ Քաթիպայի), ինձ համար գնացել ցորնի հաց են բերել։ Այս հացին կարոտ երեխաները ուզում էին խլել քրոջ ձեռքից, ուտել։ Վերջապես ձվածեղը դուրս բերին, հետն էլ ցորնի հացերը, որոնց չորս կողմից երեխաները ճանկռտել էին։ Եկան երեխաները հեռու կանգնած, ագահ աչքերով կլանում էին ձվածեղն ու հացը, նրանցից մեկի ձեռքն էլ փաթաթել էին․ այդ նա էր, որ ձեռքը կոխել էր ձվածեղ հափշտակելու։ Ես, իհարկե, չկարողացա ուտել, և այնպես վերադարձրի, պատճառաբանելով թե կուշտ եմ, նոր եմ հաց կերել, եկել։ Ներս տարան, երեխաները թմփթմփալով իրար ետևից վազեցին և լացով, ճիչով, աղմուկով իրարից խլեցին, կերան։ Մի՞թե այս է այն լիքը տունը, որի մասին այնքան լսել եմ ես․․․
Ես երկար մտածում էի սրա մասին, երբ ներս մտավ տան տղամարդը։ Բարևելուց, իմ յուր տունը գնալու համար յուր
Մի լավ ամենօրյա զվարճություն ունեմ– այդ որսորդությունն է իսկապես թափառելը անտառներում, սար ու ձորերում։ Մտնում եմ մենակ ամենավտանգավոր տեղեր, և այդ ինձ մի առանձին բավականություն է տալիս։ Մի տեղ էի գնացել․ երբոր իմացան տանըցիք ու գյուղացիք արգելեցին, որ մյուս անգամ մենակ չմտնեմ այնտեղ, որ հայտնի արջանոց է և կասկածավոր տեղ է։ Ես մյուս օրը թաքուն դարձյալ գնացի այնտեղ– թեև մի քիչ էլ մի բանից վախեցի։ Այստեղն ինձ համար մի սիրելի զբոսավայր է դարձել։
Լսեցի, որ իմ գրած վաճառականությունը չես ընդունել։ Ինձանից ավելի խելոք ես եղել։ Բայց եթե դու այստեղ ունենայիր մի այլ հավատարիմ, հմուտ ու փորձված մարդ, դարձյալ խորհուրդ կտայի, որ այստեղ մի գործ բռնեիր։ Այսպիսի դեպքեր քիչ կպատահեն։
Արդեն պատրաստվում ենք կամաց-կամաց, այսօրվանից մեր գալը հազիվ երկու շաբաթ տևի։ Ավելի շուտով էինք գալու, բայց մեր փոքրիկը (Արտավազդը) հիվանդացավ, սպասեցինք նրա աաւղջանալուն։
Տանըցիք արդեն վերադարձած կլինեն, ուստի բարևիր մեր կողմից մայրիկին, տիկին Շուշանիկին, օր․ Մարիամին, Ստեփան Խրիստաֆորիչին, Գրիգոր Խրիստաֆորիչին, Լևոն․․․ իչին ե Աքելին։ Բարևում ենք նույնպես տիկին Լիզային ու պ․ Սանդրոյին իրանց գերդաստանով։ Իսկ ինչ վերաբերում է քեռուն ես կգամ կբարևեմ։ Առաջնորդը մեր տանն էր․ մազալու բաներ կպատմեի, գրելու տեղ չկա։ «Հորիզոնն» ուզեց․ «Բորչալվում» հոդվածը կարդաց ու հիշատակարանում նկատողություններ արավ։
Ի վերջո համբույրս։