Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Հովհաննես Թումանյան

Թռչունի մտածմունքը

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած
Էլ չեմ հասկանում։

1908