Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ալեքսանդր Ծատուրյան

Առաքյալ

Խոսի՛ր, առաքյալ վեհ ճշմարտության,
Քանի չեն փակվել քո սուրբ շըրթունքներ.
Անարգի՛ր «եսը» գոռոզ մարդկության,
Հարվածի՛ր անխնա նորա չար գործքեր…

Թո՛ղ նա կատաղի, որպես փոթորիկ,
Կարկուտ ու հեղեղ թափե քո վերան,
Դու այդ համարիր մի անզոր ալիք,
Եվ ազատ քայլե՛ քո փշոտ ճամփան…

Մարտնչի՛ր անվախ, որպես քաջ զինվոր,
Անկաշառ խոսքի դրոշակը ձեռքում.
Եվ մի՛ վհատիր, թե դու էլ մի օր
Պիտ ընկնես կյանքի գոռ պատերազմում։

Այո՛, դու կընկնես և քո անշունչ դին
Մայր-երկրի կրծքում փոշի կըդառնա,
Բայց քո վեհ քարոզ, քո հպարտ հոգին
Հավիտյան կապրեն աշխարհիս վերա։

Եվ անվերջ դարեր քո հըզոր բարբառ
Կը հնչվի ազատ, ահեղ թնդյունով.
Նա կըխորտակե մահաշունչ խավար,
Մեզ անշեջ լուսո տաճար կանգնելով...

1889, 1 փետրվարի