Ալեկոծ ծով
Ասա՛ ինձ, ա՜յ ծով, ի՞նչ ես վրդովված,
Այդպես աղմկում դու օր և գիշեր.
Եվ խոր հատակից՝ մռայլ, պղտորած,
Եզերք թավալում գոռ-գոռ ալիքներ։
Արդյոք քո անբավ, անմեղ զոհերիդ
Դառն հիշատա՞կն է քո կուրծքը հուզում,
Թե՜ այդ մռնչյունն անկուշտ ջըրերդ
Կյանքից նորանոր զոհեր է ուզում...
Նստած եմ ափիդ ես տխուր, տրտում
Եվ բյո՜ւր հարցեր են ծնվում իմ սրտում.
Բայց դու հուզվում ես, հուզվում, կատաղում
Ե՛վ իմ հարցերն էլ քո կրծքում թաղում...
1896, օգոստոս
Գուրզուֆ