Կնախանձիմ երջանիկ
Կնախանձիմ երջանիկ
Զգեստներուդ, որ մոտեն
Իրենց ծալքին մեջ փափկիկ
Քու մարմինդ կգրկեն:
Կնախանձիմ քու ոտքիդ
Մանրիկ քնքուշ մուճակին
Ու մանյակիդ մարգրիտ,
Որ կը պարուրե վիզդ անգին.
Կնախանձիմ սյուքերուն,
Որ մազերդ կշոյեն,
Անբիծ աստղին իսկ սիրուն,
Որ կժպտի քեզ վերեն:
Կատեմ երկինքն, ուր աչքերդ
Հափշտակված կթաղվին,
Ու մատյանը հրաշակերտ
Ու կը սուզվիս հոգևին:
Խոհերն որ քեզ կպատեն
Ու երազներն անուշակ,
Որ միտքդ ինջմե կանջատեն,
Կատեմ հեռով մը վայրագ:
Հավտա՛, Աստված իսկ կ’ատեմ,
Խորհելով որ անոր, մերթ,
Աղոթքիդ մեջ երկնաճեմ,
Կուղղես քու սիրտդ ու աչքերդ: