Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ
Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ,
Իմ մեջ երկինքն է երգում.
Բռնկում է սիրո հրդեհն,
Վշտի հեղեղն աղմկում…
Եթե հոգուս ճոխ երգերից
Մի մեղմ հնչյուն, նազելի՛ս,
Քո ականջը միայն շոյե,-
Հիացքներով կըդյութվիս:
Եթե սիրուս վառ հրդեհից
Մի նսեմ կայծ, սևաչյա՛,
Վառ սրտումըդ միայն շողա,-
Բուռն հույզերով կայրվիս:
Եթե վշտիս ջերմ հեղեղից
Մի ջինջ կաթիլ, սիրելի՛ս,
Չքնաղ կրծքիդ միայն ծորե,-
Բյուր վշտերով կըլցվիս:
Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ,
Իմ մեջ երկինքն է երգում,
Բռնկում է սիրո հրդեհն,
Վշտի հեղեղն աղմկում…
1893
Վիննա