Ցաված սիրտըս երգեր հյուսեց
Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:
Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:
Անցան օրեր – եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:
Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին.-
Ա˜խ. Իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսած երգերս երգեցին…
1891
Ալեքսանդրապոլ