Ուր եք կորեր, գարնան օրե՛ր
Ո՞ւր եք կորեր, գարնան օրե՛ր,
Էն զով սարի հովն ո՞ւր է,
Կանչեմ, արի՛ք, նխշուն հավքե՛ր,
Ալ-շրթունքով վարդն ո՞ւր է:
Էս քարափեն աղբյուր կուգար,
Կաքավն էստեղ երգ կասեր.
Խոր ծմակեն մարալն կուգար,
- Սիրտս ուրախ կզարներ:
Հիմի ցուրտ է, ձյունն է եկեր,
Չորս դին ձմեռ ու սառույց.
Ա˜խ, է՛լ չկան արև-օրեր,
Սիրտս էլ սառեր է վաղո˜ւց…
1897
Ալեքսանդրապոլ