Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ավետիք Իսահակյան

Ուրտեղ սիրուն կին կտեսնեմ

Ուրտեղ սիրուն կին կտեսնեմ,
կնորանան դարդերըս.
Ու երբ անուշ երգ կլսեմ,
կըխորանան դարդերըս.
Սահման չունին, դարման չունին,
դադար չունին, չունին վերջ,
Ա˜խ, ծովեն` խոր, սարեն` ծանըր,
իմ դարդե˜րըս, դարդե˜րըս…

Զառ հույսերով, անմահ սիրով
ես քեզ խորունկ սիրեցի.
Աստղ ու երկինք – սերս ու սիրտըս,
ոտներիդ տակ փըռեցի.
Սեր չըտվիր, ու աշխարհեն
սիրտըս կըտրավ, Շուշա՛ն ջա՛ն,
Ա˜խ, զմրուխտե, ա˜խ, զմրուխտե
իմ հույսե˜րըս, իմ սերըս…

Կարոտ կեցա կնոջ սիրուն –
սրտի ոսկի արևին,
Պապակ կեցա մութ սարերին,
բաշը փըրփուր նըժույգին.
Կյանքըս անցավ թևերը թափ,
սիրտը կոտրած սազի պես,
Ա˜խ, մահվան պես, սև մահվան պես,
իմ դարդե˜րըս, դարդերըս…

1900