Մենակ մանկության օրերն են անո՛ւշ
Մենակ մանկության օրերն են անո՛ւշ,
Գողտրիկ ու բուրյան, չըքնա՛ղ ոսկեփայլ.
Եվ այնուհետև մեր կյանքը անհույս
Գահավիժում է անդունդը մըռայլ;
Ու մեկիկ – մեկիկ մեր կյանքի ծառից
Եվ վայր են ընկնում, քըշվում հողմավար
Մեր լավ տենչերը, սերը ծաղկալից,
Վառ համբույրների գարունը պայծառ:
Եվ ո՞վ սիրտ ունի մերկ ծառի նըման`
Կանգնել աշխարհի հողմերին պատվար –
Կյանքի ձանձրույթին, ծաղրանքին մարդկան,
Իշխող բըռունցքին` չոր հացի համար …
Ավա˜ղ, լուսնի տակ և վեհ բան չըկա,
Ամեն ինչ կոպիտ, բիրտ անասնական.
Աննյութ, անմարմին, անկիրք սեր չըկա,
Ա˜խ, մաքուր սերը երազ է միայն:
Ես շա˜տ եմ լացել սուրբ սիրու համար
Եվ ես լավ գիտեմ գինը ամենքի –
Սերն է անկումը մեր աստվածության,
Շըրջմոլիկ հուրը կրքերի ճահճի:
Եվ ո՞վ կարող է օտարին սիրել
Կամ մերձավորին` անհուն, անսահման.
Ուրիշին սիրել իրենից ավել.
Ընկերին սիրել – պատրանք է միայն:
Եվ ո՞վ կարող է ուրիշին ըզգալ,
Որպես իր եսը, հասկանալ նըրան.
Ա˜խ, մենք ապրում ենք անծանոթ իրար,
Օտա˜ր ու հեռո˜ւ` աստղերի նըման:
Բայց բյուր երանի, ով երազ ունի
Իր հոգու անհուն սրբության խորքում.-
Մի շըքեղ երազ, որով նա կապրի
Աշխարհից հեռո˜ւ, բյուրեղ բարձունքում:
1903
Ալեքսանդրապոլ