Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Պետրոս Դուրյան

Գարնանային կենացս մեջ

Գարնանային կենացս մեջ
Սիրո ծաղկունք մինչ փըթթեին՝
Սիրտըս վառված սիրովն անշեջ
Առաքինվույն և գեղեցկին,

Մահագուշակ խորշակն անդեն
Հասավ տիրեց սրտիս բոլոր,
Թառամեցան ծաղկունք ամեն
Ծըլած փթթած սրտիս մեջ նոր։

Այն, որ տըվավ երկրիս գարուն,
Ծաղկունք, մարգերն ալ զարդ նորին
Եվ մարդկային վեհ սրտերուն
Ուսույց սիրել գեղն ու բարին,

Ինչո՞ւ արդյոք խորշակահար
Կ՚ընե ծաղկունք դեռափըթիթ,
Ինչո՞ւ արդյոք Նա սիրահար
Սըրտերն զեղու արտասվոք միշտ։

Ահա կիջնեմ, ո՜հ, ես այժմեն
Առջևս բացված գերեզման խոր,
Բայց սա տըխուր տեսարանեն
Ի՜նչ կա արդյոք հաճույք մ՚Անոր։

1864