Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Պարույր Սևակ

Առանց խոսքերի

Ես գիտեմ, որ դու հաճախ ես հիմա
Մոտենում ձեր տան հայելուն շքեղ,
Անծանոթ, օտար մի կնոջ նման
Դիտում ես երկար, զննում ինքըդ քեզ:
Մազերդ ես շտկում, հանդուգըն մի փունջ
Ձեռքով մղելով ականջիդ ետև,
Մարմարե վիզըդ ափերով շփում
Ու ժպտում ես քեզ անփույթ ու թեթև:
Հարդարում ես դու հագուստըդ այրող,
Որ գրկում է քեզ սիրահարի պես:
Նայում ես մերթ մեղմ, մերթ՝ հրավիրող,
Մերթ՝ չարաճճի, մերթ՝ համեստ ու հեզ:
Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ,
Կրնկիդ վրա պտույտ ես տալիս
Ու նորից ժպտում, ժպտում ինքնագոհ,-
Ինքըդ չափազանց քեզ դուր ես գալիս:
Ինքըդ քո աչքում ուրիշ ես դարձել,
Այնպե՛ս չես քնում, վեր կենում, գնում...
Ինչ-որ բան հանկարծ փոխվել է կարծես,
Թե ի՞նչ է փոխվել, պարզ չես հասկանում:
Թե ի՞նչ է փոխվել, ես գիտեմ, անգի՛ն.
Մի՛շտ, ամե՜ն անգամ այդպես է լինում,
Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին
Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժ
Առանց խոսքերի իր սիրտն է բանում...

1946թ.