Դարակեսի երգը
I
Կիսվել է դարը:
Կիսվել է դարը
Ո՛չ նռան նման,
Որ քաղցրությունից, հյութից է ճաքում
Շոգ արևի տակ կիզող հարավի:
Կիսվել է դարը, ինչպես ծարավից
Հույն հերոսների շրթունքն է ճաքում
Անմարդաբնակ ինչ-որ կղզյակում...
Կիսվել է դարը Նազիմ Հիքմեթի
Մեծ սրտի նման,
Որի մի կեսը իր հայրենի տան
Իր նորածինի օրոցքի մոտ է
Թփրտում հիմա...
II
Կիսվել է դարը:
Ա՛յն դարն է կիսվել,
Որ կարողացավ ատո՛մը կիսել,
Որ կարողացավ աշխա՛րհը կիսել,
Ոչ միջօրեական-զուգահեռական
Գծերով, ինչպես քարտեզի վրա:
Կիսվել է դարը ըստ մի պայմանի -
Մերո՛նք
և
նրա՛նք:
III
Անմահ Լենինը սկսեց դարը -
Գրելով ծանոթ «Ինչից սկսելն» ու «Ինչ անելը»:
Կիսվել է դարը:
Տեսավ աշխարհը.
Մեր սկսելն ու մեր ինչ անելը:
Արդեն կեսն է դարի:
Հիմա աշխարհին
Ուրիշ մի հարց է լրջորեն հուզում.
Այդ ահեղ դարը ինչո՞վ ավարտել:
.......................................
IV
Կիսվում է դարը,
Իսկ մեր ուժերը
Ոչ թե կիսվում են, այլ բազմապատկվում:
Կիսվում է դարը,
Իսկ զոռով կիսված ժողովուրդները
Ձուլվում են նորից մի ընտանիքում:
Եվ այստեղ արդեն չեն կարող լինել
Մասնակի հերքում
Ո՛չ Կորեան, որ իր կիսված մարմնով
Իր հողն է ներկում,
Եվ ո՛չ Գերմանիան՝ մասերով երկու:
Եվ նրա՛նք, ովքեր մոլի նախանձով
Ուզում են կիսել, բաժանել նրանց,
Իբրև շահավետ մի կռվախնձոր,
Թող չմոռանա՛ն, թող հիշե՜ն, որ երբ
Սիրած սրտերն են բաժանում զոռով՝
Նրանց կապում են առավե՛լ սիրով:
V
Կիսվել է դարը:
Եվ դարամիջյան այս տարիներին
Ինչ քա՜ղցր է զգալ, գիտակցե՛լ հիմա,
Որ նա կիսվում է ո՛չ գրքի նման.
Ինչ քա՜ղցր է զգալ, որ այստեղ մենակ
Մենք ընթերցո՜ղ չենք,
այլև հեղինա՛կ,
Որ անգիր գիտի երկրորդ հատորի
Ընթացքն ու վերջը,
Եվ որ հատորն այդ մեր իսկ ձեռքերով
Լույս ընծայվելու ընթացքի մեջ է...
11.II.1952թ.
Մոսկվա