Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Պարույր Սևակ

Երջանկության դափնիները

Ավելի շուտ է ապագան գալիս,
Քան թե՝ չուզելով՝ մեկնում է ներկան:
Եկել ես... այդպես:
Ու ես՝
Շփոթված-շաղված ժպիտով
Ժպտում եմ անվերջ,
Շարունակ ժպտում՝
Բուդդայի նման...
Ու զարմանում եմ,
Զայրանում նաև,
Որ երջանկության մրցանակ չկա
Համայն աշխարհի ո՛չ մի անկյունում:
Իսկ եթե նման մրցանակ լիներ,
Հիմա դափնեկիր ե՛ս կդառնայի,
Եվ ողջ աշխարհը՝
Դարձած ցուցամատ,
Ի՛նձ պիտի նշեր բարի նախանձով,
Քիչ կակազելով բարի նախանձից.
«Տե՛...սե՛ք ա՛շ...խա՛ր...հի՛ երջանիկ մարդուն»:
Իսկ երբ աշխարհի երջանիկ մարդն է սկսում խոսել,
Լսում է նրան... տարե՜րքը նույնիսկ:
Եվ զուր մի՛ կարծիր,
Թե սովորական մի ձյուն է տեղում:
Չէ՜.
Ես պարզապես «սեր» բառն եմ հիմա հոլովում մտքով,
Եվ դա հնչում է իբրև հրաման,
Որ մեծափաթիլ ձյունն էլ հոլովվի պարզ ու վեհորեն,
Եվ նրա ճռինչն իմ ոտների տակ ինձ շփոթեցնի՝
Մի՛շտ հիշեցնելով մի բան,
Որ իսկույն չի մտաբերվում
Ու երկա՜ր-երկա՜ր մտածելուց վերջ
Գլխի ես ընկնում, հասկանում հանկարծ,
Որ խնդությունից
Սիրտը ճխում է հենց այս նո՛ւյն ձևով...
Եվ զուր մի՛ կարծիր,
Թե մառախուղն է ձորն ի վեր ելնում՝
Դեպի ետ հոսող ջրվեժի նման,
Դրա համար էլ դանդա՜ղ-ծանրորե՜ն:
Չէ.
Ե՛ս եմ կրկին շնչում ձորն ի վեր՝
Քնքշանքի խոսքեր արտաբերելով:
Եվ զո՜ւր ես կարծում,
Թե համն ես առնում նորելուկ գարնան,
Եվ որ հալոցքի օրերն են հասել,
Եվ որ ծառերը պիտի աննկատ պտկեն նորից-նոր:
Չէ՜.
Ե՛ս եմ դարձյալ վերամկրտում
Նորադարձ սերըս իմ տաք շնչի մեջ,
Եվ դրանից է
Կռապաշտ ձմեռն իր բեռը բարձած
Փախուստի դիմում ճամփով հալոցքի,
Եվ դրանից է ծառն էլ սկսում
Լնդերքը ճեղքել՝ երեխայի պես,
Եվ ատամ հանել՝ բողբոջի տեսքով:
Ավելի շուտ է գարունը գալիս,
Քան թե՝ չուզելով ձմեռն է մեկնում:
Դո՛ւ էլ, սիրելի՜ս, եկել ես այդպես,
Եվ եկել, կարծեմ, իմ հրավերով կամ հրամանով,
Որ ուրիշ բան չէ,
Քան «սիրել» բայի խոնարհումը լուռ...

15.III.1964թ.
Դիլիջան