Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Պարույր Սևակ

Ֆրանչեսկա Դա Ռիմինի

1

Ինչպե՞ս եղավ, որ (տե՜ր աստված) այսպես եղավ...
Ի՞մ միամիտ-անգետ ձեռքով,
Քո՞ կույր կամքով,
Թե՞ պարզապես բախտի բերմամբ
Անկարելին տնկվեց ձախում՝
Մեկ սյունի պես,
Անհնարինն աջում տնկվեց՝
Երկրորդ մի սյուն,
Սյուներն այդ զույգ միացվեցին
Անթուլատու հույսի լծով
Եվ ստացվեց...
Եվ չստացվե՞ց մի... կախաղան՝
Մի այնպիսի հանցավոր սեր,
Մի այնպիսի սեր ահռելի,
Որից հետո չի կարելի
Նախկին անվամբ ապրել կյանքում:
Եվ այսուհետ ես Պաոլո,
Դու այսուհետ՝ Ֆրանչեսկա...
Ինչպե՞ս եղավ, որ (տե՜ր աստված) այսպես եղավ...
Ինչպե՞ս եղավ,
Որ ողջ կյանքը թողած մի կողմ,
Ասես ուրիշ մի գործ չունենք,
Հիմա պիտի, Ֆրանչեսկա՛,
Տասը ծանոթ պատվիրանի անդաստանում
Քաղհան անենք,
Եվ ի՜նչ քաղհան տառապալից.
Բան չգտնենք քաղհանելու...
Միշտ զբաղված անկարելի այս քաղհանով,
Եվ խաշվելով մի քրտինքով շիկակրակ,
Որ չի պղտում դեմքի վրա,
Այլ պտկում է հեգ հոգու մեջ,
Հիմա պիտի ստվերաշատ այս աշխարհում
ստվեր փնտրենք ու չգտնենք
Եվ ստիպված տնկենք... ասե՛ղ,
Որ ասեղի՜ ստվերի տակ
Ոչ թե մի կերպ հանգստանանք,
Այլ թաքցնենք մեր գաղտնիքը...
Ֆրանչեսկա՛,
Այդ գաղտնիքը՝
Գաղտնիքներից զարհուրելին,
Հաստանալով հաստանում է,
Ինչպես շյուղը օտար աչքում:
Որտեղ որ է նա կդառնա գերան մի մեծ՝
Այլևըս մե՛ր աչքերի մեջ,
Եվ մարդկանցից ամենաբութն անգամ դարձյա՛լ կհասկանա,
Որ մեզ իրար շաղկապողին Սեր չեն կոչում,
Այլ անվանում Աններելի՜...
Ի՞նչ ես անում դու առանց ինձ,
Ֆրանչեսկա՛:
Ես առանց քեզ այդ գերանն եմ անվերջ տաշում.
Մեր գաղտնիքի ա՛յն գերանը,
Որ մեր աչքում հաստանալով հաստանում է:
Ու տաշում եմ` ամեն ձևով,
Մինչեւ անգամ եղունգներով իմ հնամաշ:
Ու տաշում եմ,
Ու քերծում եմ,
Ու ճանկռտում,
Որ բարակի՛,
Գեթ բարակի՜...
Դու առանց ինձ արդյոք ի՞նչ ես միշտ երազում:
Ես առանց քեզ երազում եմ,
Թե սա, իբըր, մի իսկական սեր չէ բնավ,
Իբըր, միայն փոխ է տրված,
Ու ես պիտի ժամանակին վերադարձնեմ իր տիրոջը:
Ֆրանչեսկա՛,
Ի սեր սիրո՝ իսկականի՜,
Ինձ այս սերը փոխ տվողին մի կերպ գտի՛ր,
Որ իր փոխը վերադարձնեմ,
Հետն էլ տամ շահ, բարձըր տոկոս...
Իսկ այդ սերը`
Աններելին,
Ինձ է ահա շրջափակել
Կայսերական մի անիրավ սահմանի պես...
Բայց դա քիչ է,
Ֆրանչեսկա՛,
Սահմանապահ զորամասերդ ավելացրու,
Սահմանախախտ ամեն հայացք
Եվ հետախույզ ամեն ակնարկ ձերբակալի՛ր,
Ֆրանչեսկա՛:
Կա և ուրիշ մի կայսրություն՝
Կույրերինը:
Եվ վարժվել եմ այնտեղ ապրել ու գործելուն.
Մթան մեջ էլ,
Փակ աչքով էլ ես գտնում եմ՝
Ողորկություն-կորությունները քո բոլոր,
Ակնկալված նորությունները քո բոլոր,
Որոնք -գուցե մինչև անգամ քեզնից թաքուն -
Որոնում են իմ շոյանքը,
Որոնում են՝
Աղվամազիդ յուրաքանչյուր շոշափուկով...
Ի սեր արյան և թանկարյուն եղբայրության,
Մի հրաշքով բաց անել տուր աչքերըս կույր,
Մի կերպ գտիր ամենաբուժ Հիսուս մի նոր,
Որ նայեմ քեզ նախկինի պես՝
Բա՛ց աչքերով՝
Ու նայելով բաց աչքերով՝
Չտեսնե՜մ քեզ այս տեսությամբ...
Բայց աշխարհում
Թե ամեն բան իր բույրն ունի և իր հոտը,
Մի՞թե դժբախտ երջանկությունն է, որ չունի:
Ա՜խ, չէ՜.
Նա էլ ի՛ր բույրն ունի՝
Քո արգելված մարմնի բույրը,
Որ միայն ինքն է չարգելված
Այն ամենից, ինչ ունես դու...
Տե՛ս,
Ծառերի արյան ճնշումն ահա կրկին
Բարձրանում է և բարձրանում այնքան գուցե,
Որ գնում է ուշքը նրանց.
Նրանք ճոճվում ուշակորույս, բայց չեն ընկնում:
Ես վաղուց եմ եղբայրացել նրանց բախտին`
Քո՛ պատճառով,
Ավելի ճիշտ` քո բուրմունքի՜,
Որ միայն ինքն է չարգելված
Այն ամենից,
Ինչ որ ունի քո արգելված այս մարմինը...
Դու չես կարող
Դառնալ անհոտ և անբուրմունք,
Բայց աղաչում-պաղատում եմ,
Վերստացի՜ր նախկին բույրըդ:
Իսկ նախապես դու ունեիր ցորենի՛ բույր,
Սուրբ ցորենի՜, ոչ թե սրճի,
Որ հանգստի ու քնի դեմ ունի հին ոխ
Եվ խռովքի աջակիցն է ավանդական...
Դու ազնիվ ես,
Ինչպես ինքը որթատունկը,
Շնորհալի ողկույզի պես,
Եվ այսքանը ավելի քան բավական էր.
Պետք չէր դառնալ նաև գինի
Եվ առավել պետք չէ հետո օղի՜ դառնալ...
Իսկ ես մարդ եմ, ոչ թե ջայլամ,
Որ ամեն ինչ կուլ տամ իսկույն:
Իսկ ես մարդ եմ, ոչ թե ստվեր,
Որ հեշտությամբ
Կտրեմ - անցնեմ ամեն արգելք ու խոչընդոտ:
Եթե անգամ ամե՜ն արգելք ու խոչընդոտ`
Ո՛չ այս մեկը,
Այս միա՜կը,
Ֆրանչեսկա՛...
Մենք առավել ենք մտերիմ,
Քան թե դաղձը և առվակը:
Մենք ավելի ենք մտերիմ,
Քան թե շունչը և կոկորդը:
Մենք առավել ենք մտերիմ,
Քան թե օղակն ու կոճակը:
Սակայն պիտի, Ֆրանչեսկա՛,
Հավիտենից հավիտյանըս մնանք կարոտ
Մտերմությանն այն հասարակ,
Որ սփռոցին է լուռ թառում`
Ցերեկային անքուն - անգույն բուի նման,
Իսկ երբ հոգնում է նստելուց`
Պտըտվում է լուսամփոփի ուղեծիրով:
Ու բերանըս,
Որ եղել է խոսքի փեթակ,
Նույն բերանըս վերածվել է արդեն բանտի.
Կալանքել եմ այնտեղ բառեր`
Սիրո՛,
Տենչի՛,
Ու ցանկությա՛ն բառեր անթիվ,
Ամեն մեկը` մի ավազակ,
Ամեն մեկը` մի հանցագործ,
Ես էլ` միակ պահակ բանտի...
Եվ նրանցից ո՞վ է արդյոք բանտարկյալը.
Բանտարկյա՞լը, թե՞ պահակը բանտարկյալի:
Եվ նրանցից ո՞վ ավելի է կաշկանդված.
Դռան հետև կալանվա՞ծը,
Թե՞ տնկվածը դռան առջև...
Ֆրանչեսկա՛,
Չէ՞ որ եթե մենք իրա՛ր չենք, ես քո՛նն եմ գեթ:
Գոնե խղճա իբրև քոնի՜դ,
Եվ արձակիր բոլոր նրանց,
Եվ ազատիր ինձ էլ մի կերպ
Անվանարկու և խոշտանգող
Այս պաշտոնից բանտապահի...
Ա՜խ, մի՛ լսիր, Ֆրանչեսկա՛,
Իսկ լսել ես եթե արդեն`
Մի՛ կատարիր իմ խնդիրքը,
Թե չէ հենց որ արձակեցիր փակ բերանըս`
Ես քեզ կասեմ...
... Զարհուրելի՜ խոսքեր կասեմ:
Կասեմ, որ դու միշտ ինձ հետ ես,
Միշտ ինձ հետ ես,
Ինչպես ծուխը ծխախոտի`
Բերնիս վրա,
Հագուստիս մեջ,
Իմ թոքերում...
Քո անունը, անու՜նը լոկ
Ինձ ձգում է,
Ինչպես աղբյուրն անապատում.
-Եվ գեղեցի՜կ-գեղեցի՜կ ես,
Ինչպես մեղքը...
-Իսկ բերանըդ հրաբխի խառնարան է...
-Իսկ քայլքիդ տակ
Ինքը հողն է հեռախոսում
Հրահեղուկ իր արգանդից...
-Իսկ աչքերըդ ապստամբած երկրներ են.
Նոր արքայի են սպասում...
-Կըշիկանան մատները... քեզ մերկացնողի
Ու շիկացած՝ կեռերի պես կըկորանան,
Իսկ քեզ այդպես` մերկ տեսնողը, անտարակույս,
Տեղն ու տեղը և մեկընդմիշտ կը... կուրանա...
Ֆրանչեսկա՜,
Ի սե՜ր աստծո,
Ըմբերանիր ինձ վերստին ու առհավետ:
Ըմբերանիր և դրանով օգնիր դու ինձ,
Որ ես դառնամ
Երազելի այն մարդն էլի,
Որ ստվերի՛ց, և ստվերի՜ց է ամաչում:
Թե չէ այսպես բարբաջելիս ինքըս հիմա
Զզվելու չափ շատ եմ նման
Մի երջանի՜կ դատավորի,
Որ իր անկուշտ վառարանը ձմեռային
Տաքացնում է օրենսգրքի այն էջերով,
Որոնցով նա ամբողջ կյանքում դատ է վարել...

2

Մեքենական դարում ապրել
Եվ խեղճորեն չկարենա՞լ փախչել հեռու:
Որոշել եմ, քանի՜ անգամ,
Նստել ինչ-որ մի մեքենա
Եվ... ազատել քեզ ինձանից-ինձ քեզանից:
Բայց մի՞թե դու չես նկատել,
Թե ինչպես են մեքենաներն ընկնում գործի.
Բանալիի փոքրիկ շարժում,
Վառելիքի չնչի՜ն հոսանք՝
Եվ մեքենան կենդանանալ է սկսում,
Սկսում է խայտալ, ինչպես...
Ինչպես... կինը անկողնու մեջ իր սիրածի...
Ինքդ ասա.
Ես ինչ տեսակ մեքենայով
Եվ ո՞ւր փախչեմ
Պատկերավոր այս աշխարհից...
Հազար տեսակ պատկերի հետ
Հազար տեսակ լռություններ կան աշխարհում:
Իմն ամենից ահավորն է,
Որովհետեւ լցված է նա միշտ քեզանով:
Ու ես ինքըս, որ մարդ էի,
Քո պատճառով կարծես հիմա
Նկարազարդ գիրք եմ դարձել.
Հուշ-հիշատակ-հիշողություն՝
Եղած-չեղած,
Մթահանգած-մտահանգված,
Գեղեցիկ ու զարհուրելի,
Ինչպես ինքըդ...
Եվ հոգուս մեջ
Շինություն է և ավերմունք:
Եվ գլխիս մեջ
Դատարան է ու դատաստան:
Եվ աչքիս դեմ,
Թռչունները, տե՛ս, երկինքն են նոտագըրում,
Եվ հնչում է ոչ թե նրանց երգը վճիտ ու պարզունակ,
Այլ քո քայլքի եղանակը
Վսեմ ու պիղծ...
Ժպիտներից լավագույնը
Փակ աչքովն է երևի:
Քոնն է հասցեն:
Եվ լավագույն երազանքը
Բաց աչքերովն է, անկասկած:
Նույնն է հասցեն:
Իսկ դու գիտե՞ս, թե մենք ո՞վ ենք:
Մենք նրանք ենք,
Ովքեր ինչքան խոսք են խոսել՝
Ողջը թերատ,
Ովքեր ինչքան խոհ են խորհել՝
Ողջը լրիվ:
Նայի՛ր,
Թլվատ ստվերները
Ինչ-որ մի բան են բարբաջում.
Թարգմանում են ինձ երևի:
Տե՛ս,
Ջրի մեջ շող-շառավիղն է կոնդացել.
Պատճենում է ի՛նձ երեւի:
Տե՛ս,
Երկնքից սահանքվում է լռությունը,
Բայց խրվելով խոտ ու թփի թավության մեջ,
Հոծ սաղարթում խիտ ծառերի,
Կասեցվում է ու... փշրվում,
Եվ ի վերջո դառնում խշշոց-շրշյուն-սոսափ:
Անիրավված այդ լռությանն ինչո՞ւ մարդիկ
Չեն անվանում հերոս և կամ գեթ նահատակ:
Եթե հերոս կամ նահատակ չեն անվանում,
Թող որ կորչեն կա՛մ իմ, կա՛մ քո անվամբ գոնե...
Համբերությունն այս քարեղեն
Կարող է և ճաքել մի օր՝ ժայռի նման,
Եվ այդ ճաքից բխելու է ոչ թե աղբյուր,
Ժայթքելու է սեր՝
Խառնըված ամոթի հետ,
Այսինքն՝ արյուն լերդակալած...
Արևը՝
Չար նկարչի պես,
Նկարչական իր գործիքի կիկլոպային միակ աչքով
Չորսբոլորքում՝ որոնում է իր - առարկա,
Մարդ-կենդանի,
Որ բոլորին այլանդակի՝
Ամեն մեկին ի՛ր ստվերով:
Փախչե՜նք սիրո կիկլոպային միակ աչքից.
Չայլանդակվենք...
Բայց միևնույն արեգակը
Նաև բարի վարսավիր է.
Զբաղված է ծառ ու ծաղկի,
Խոտ ու հասկի
Սանրվածքը հարդարելով:
Այնպե՛ս չանես,
Որ քո ծանոթ ու սիրելի սանրվածքը
Հանկարծ խախտվի ի՛մ մատներով:
Օ՜, դրանով մի սանրվածք չի ավերվի,
Այլ մի աշխարհ՝
Ամենասուրբն ամեն տեսակ աշխարհներից:
11.XI.1965թ.
Չանախչի