Հայ պանդուխտի Նոր Տարին
Շնորհավոր Նոր տարի,
Շնորհավոր և Նոր օր.
Տացե աստված միշտ բարի
Տեսնել այդպես տարիք նոր:
Ասաց ընկերս ցնծալով
Ներս մտնելով իմ սենյակ,
Երբ ես տխուր և լալով
Նստած էի միայնակ:
Ինձ համար չէ Նոր տարին
Ասացի, ես բարեկամ.
Միևնույն է թըշվառին
Թե անցյալը, թե ներկան:
Ինձ երեկը և այսօր
Նույն դժգույն է միշտ վիճակ,
Բախտիս անիվը անզոր
Չէ բերում դարձ հաջողակ:
Հեռու պանդուխտ երկրում,
Հեռու քաղցրիկ հայրենյաց
Վիշտ, տառապանք եմ կրում,
Մաշվում է ուժն իմ կենաց:
Իսկ իմ դստերք, ո՞վ գիտե,
Մորը հարցնում են այսօր,
«Մայրիկ և ա՞յդ Նոր տարի
Պիտի վարեմք առանց հոր:
Իսկ պանդուխտը տխրամիտ,
Զուրկ գգվանքեն ընտանյաց,
Նա չէ տեսնում ոչ ժպիտ
Եվ ոչ լաց իր զավակաց:
Կինս գրում է նամակ,
Մարդ, ինչո՞ւ դու ուշացար,
Չէ՞ մի տարի ժամանակ
Մեզ հազիվ դու խոստացար:
Դեռևս քանի՞ ամառ
Կը վարես օտար աշխարհում.
Քո զավակները թըշվառ
Այժմ էլ ո՞վ է պահում...
Իսկ պանդուխտը ի՞նչ սրտով
Դառնա դեպի իր ընտանին,
Երբ որ դատարկ մի սև փող
Չունի մեջ իր գրպանին: