Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Թոթովենց

Աղերսանք

Աճի՛ր, ո՛վ իմ տրտմությունս, ծով եղի՛ր իմ աչքերուս խորը։

Փթթի՛ր և աճի՛ր, վասնզի կուզեմ, որ աչքերս վերջալույս մը ըլլան իմ միջոցիս և իմ անհունությանս մեջ։ Բոլոր կարմրությունները ունեին անոնք, դուն՝ ո՜վ իմ մենավոր տրտմու­թյունս, եղի՛ր ստվերը, եղիր սյուքը և հողմը վերջացող սերերուն, եղի՛ր խորհուրդը թափանցիկ գիշերին։

Մայրս պիտի լա հոն, ուշ գիշերին, և պիտի թափե իր մարգարիտները, որոնք իմ երկինքս պիտի աստղալուսեն։

Մա՛յր, բա՛ց կուրծքդ հոն՝ իմ վերջալույսի բարձունքներուն վրա՝ իբրև լուսինկան իմ չարչարված, միսմինակ դաշտերուն ու ամայի տարածություններուն համար։

Ո՛չ մեկ Աստված թող հանդգնի թևել իմ դրությանս մեջեն։ Ես Տիեզերք մըն եմ, իմ վեհությունը Ես ի՛նքս եմ։

Ես բացարձակ եմ իմ անհունությանս մեջ։

Աճի՛ր, ո՜վ իմ մենավոր տրտմությունս, ծո՜վ եղիր աչքե­րուս խորը։