Զքեզ ըմպեմ, ով աղջիկ
Ով հայուհի,
Ո՜վ ալեկոծ մերկություն…
Դո՛ւրս եկ խուցեդ և միգամած խորհուրդեդ,
Երթա՜նք դաշտերը ազատ,
Եվ ծծենք սիրտը ծաղկին։
Եկու՛ր, երթանք դեպի պարտեզը ծաղկած՝
Մենք հոն ըմպենք ժպիտները գարունին։
Ո՜վ Զարուհի,
Արևուհիդ շողափառ,
Եվ տարփանքով խելահեղ,
Եկո՛ւր, երթան՜ք անձրևին տակ ամառվան,
Դուն հոն ըմպե՛
Կարմիր հոգիս քերթողի։
Արյունի քույրս անմահ,
Իմ կուրծքիս տակ արևորեն սարսռագի՜ն
Եկո՛ւր, երթա՜նք դեպի Երազը ոսկյա,
Անձրևին տակ շողերու և ցողերու
Եվ թույլ տուր ինձ, որ ըմպեմ
Կաթող մեղրը բերանիդ։
Ո՜վ կույս հայկյան, երկյուղալից և դողդոջ,
Արեգնավետ ալյակ դու,
Եկո՛ւր, երթա՜նք դեպի ծործորն երազին,
Թույլ տուր լողա՜մ
Էության մեջ փրփրուն։
Ո՜վ գեղուհի,
Եկո՛ւր, երթա՜նք դեպի բլրակն հրաշքին,
Ըմպե՜մ, ըմպե՜մ լիաշուրթն
Քու աչքերուդ ընդմեջեն
Զով սարսուռը բնության։
Ո՜վ արգավանդ կուսություն,
Եվ ճաճանչով ողողուն,
Թո՛ւյլ տուր գրկեմ իմ քնարի թևերով
Տրոփյունը քու լանջքին։
Ո՜վ հայուհի,
Հեծեծանքով ու տրտմությամբ դու սնած,
Եկո՛ւր, երթա՜նք վարդաստանը բուրավետ,
Դուն հոն փոխվե վարդերու զով հոգիին,
Թո՛ւյլ տուր ինծի, որ իբրև սյուք
Շրթունքներով քե՜զ հպիմ։
Եկո՛ւր, երթա՜նք դեպի Ակը արծաթյա՝
Ես հոն լեցնեմ իմ առնական ձեռքերով
Բաժակ մը ջուր լանջիդ վրա ջերմագին,
Եվ ներարկեմ իմ առնական ձեռքերով
Զովությունը անմահական ջուրերուն
Քու տարփանքի հուրքերուդ։
Եկո՛ւր, երթա՜նք դեպ իրիկնամուտը շառայլ,
Իմ թևերուս մեջ հեծեծող դու անուրջ,
Վերափոխվե՛, հոն ճաճանչե՛ բոցերու,
Եվ ծարավի, ես ցամաքած ու տոչոր՝
Զքեզ ըմպեմ… ո՜վ աղջիկ,
Իբրև վերջին փրփրոտ կոհակն արևին։